Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Զուռնի-տրնգի (թեթևսոլիկ պամֆլետ)

Զուռնի-տրնգի (թեթևսոլիկ պամֆլետ)
02.11.2012 | 12:39

«Առաջնորդին ժողովուրդն է առաջնորդում... իսկ եթե նա չի հասկանում այդ, ժողովուրդը նրան կործանում է»։
Երվանդ ՔՈՉԱՐ, «Ես և դուք»


ԱՌԱՎՈՏ ԼՈՒՍՈ
(ջրային շփումներ)
Այո՜, համաշխարհային կերպարվեստի դղրդուն դասական Երվանդ Քոչարն այսպես ասաց ժողովրդի ու նրա առաջնորդների մասին։
Մենք, էսօր էլ, «փոքր ածու», սակայն առաջնորդների օվկիանոս ենք։ Եվ եղանակի ցրտելուն զուգընթաց գալիք «նախագահականի» թմբկահարները հանդա՜րտ դիրքավորվում են։ Ժամանակն է։ Հապաղումը հոգեբանական ճողվածք կառաջացնի մեր տանջահար հոգում։ Պատկերացնենք, որ մինչև ընտրարշավի մեկնարկը մատենադարանային լռություն է։ ՈՒ մեկ էլ վրա են պրծնում փրկչական մուղամներն ու ազատագրական բայաթիները։ Տղամարդ ես` դիմացիր։ Սակայն սուտը բարեգութ է գտնվել, և մեր քաղշեփորներն արդեն իսկ զուռնեն փչում են, թմբուկ զարկում, խուտուտ տալիս և «բլդուղ անում»։ (Առհասարակ, նախընտրական քարոզարշավի օրերը դեղնականաչ են, զարդարուն ալ կարմիր վարդերով, դրոշակներով և պոմիդորներով)։
Գործի ենք անցնում ու փորձում ըմբռնել, թե ինչ են մեզ տվել մեր «վոժդիկները», որը չեն կարողանում հետ վերցնել։ ՈՒ խոստանում են դա անել նախագահ ընտրվելու հենց առաջին գիշերը։ Այո՜։

ՇՈԳԵՔԱՐՇՆ ՈՒ ՊԱՏՎԱՆԴԱՆԸ
(կեսարյան առաջին հատում)
Հավակնորդը պիտի՞ լինի հավակնոտ։ Հարկավ։ Վասնզի սա է մղիչ ուժը դեպի գահ ու աթոռ։ Եվ քանզի «հավակնոտ» ասվածը հաճախ գլխիվայր է մեկնաբանվում, դիմենք բառարանի օգնությանը։ «Հավակնոտ` հավակնություն ունեցող, հանդուգն, համարձակ, մեծամիտ, անտեղի պահանջկոտ»։ Այո՜։
«Նախագահական մարաթոնը ստեղծագործական գործընթաց է, որտեղ մասնակիցները պետք է ցույց տան իրենց ողջ կարողությունը»։ Ըստ ձեզ, ո՞վ է սա ասել։ Չե Գևարա՞ն։ Ամենևի՛ն։ Գուցե թե կրեմլյան մուտանտ-մեկնաբան Լեոնտևը։ Չգուշակեցիք։ Սույնը շեփորեց արգո մարքսիստ Հակոբյանը` Դավիթ։ Մենք էլ, վաղեմի սովորության համաձայն, եկեք քիչ ու միչ երազենք։ Ահա նախընտրական մարաթոնում քաղաքական երգահաններն են` Դավիթը Հակոբյան, Կարապետիչը` ԱԼՄ-ազուրկ, և Վահան-ընկերը։ Կարապետիչը «Շոգեքարշը» տեղակայում է Հանրապետության հրապարակում, ինքը դառնում է կայարանապետ։ Դավիթ մարքսիստ Հակոբյանը գրավում է կառավարական տան ժամացույցը և փոխարինում է զանգին։ Վահան-ընկերը զբաղեցնում է ՈՒլյանով-Լենինի թափուր պատվանդանը (չնայած այն վաղուց է անհետացել)։ «Արմենիա-Մարիոթի» տանիքին թառել են CNN-ի, BBC-ի և HTB-ի լուսարձակները (նաև հանրածանոթ «գմփռտիկ» հեռուստաքիլլերը)։
Հաշվիչ հանձնաժողովը ձևավորված է հետևյալ խաղաղարար սկզբունքով. երկուական անդամ արտոնագրված յուրաքանչյուր աղանդից, մեկական ներկայացուցիչ` սեռական փոքրամասնություններից, երեքական պատվիրակ արտախորհրդարանական ընդդիմությունից։ Մնացածն էլ հայ ժողովրդից։
Կարապետիչը քոքում է շոգեքարշը։ Եվ առաջին հարցն ուղղում է Դավիթին. «Ասացեք խնդրեմ, ո՞վ էր, «վՈ րՈՎՏՎ Պպսպ», Նադեժդա Կրուպսկայայի սիրեկանը Կրեմլում»։ Երկրորդ հարցը ճախրում է դեպ Վահան-ընկերը. «Իսկույն պարզաբանեք, թե որո՛նք են հայկական եռագույնի գույները։ Թվարկեք, «ՎպՋՊց տՐՏփՌՎ», ներքևից վերև»։ Այո՜, նախագահ է ընտրվում նա, ով հստակ պատասխանում է Կարապետիչի 3 հարցերից գոնե մեկին։

ՄԱՐՔՍԻՍՏՆ ՈՒ ԷՊՈՍԱԳԵՏԸ
(կեսարյան երկրորդ հատում)
Ընտրարշավում գայթակղության քարն է պնդանում։ Անկախ էպոսագետը քայլում է դեպի նախագահական նստավայր։ Քայլում-ճախրում է։ Հայոց տասնհազարամյա դյուցազներգության հերոսները, պարզվում է, նրա վստահված անձինք են։ Էպոսագետը սույն ընտրարշավի «ինտրիգի» կրիչն է։ Եվ երկնային ուժերի երկրային հովանին գլխին (ի՜նչ արժե միայն նրա կարգախոսը. «Վերևում Աստված կա») ձեռնոց է նետում գործող նախագահին, մյուս հնարավոր թեկնածուներին, իշխանություններին և ընդդիմությանը, աղանդավորներին ու սեռական փոքրամասնություններին, գործազուրկներին և բաժնետերերին, առհասարակ հայ ժողովրդին։ Ձեռնոց է նետում ու հոխորտում` ընտրել միմիայն իրեն, զի «իմ ընտրությունը «Սասնա ծռերով» է կանխորոշված»։ Այո՜։ Բայց պատվելիս, չէ՞ որ էպոսում, Դավթից ու Քուռկիկ Ջալալուց զատ, կա նաև Ցռան Վերգո։ Այո՜։

ԿՌԱՊԱՇՏՆԵՐԻ ԵՐԹԸ
(կեսարյան երրորդ հատում)
Մարդը վաղուց է լքել «ազգի փրկչի» յուր փառակալած պատվանդանը։ Պատվանդան, ուր նրան մղեցին «ավազակապետությունից» հուսալքված բողոքավորները, բորբոքվածները, ազատամիտները։ Նաև քաղաքացիները, լայնասիրտ, ազատատենչ, նկարագիր ունեցող։ (Նրանց թիվն աճում-բարգավաճում էր բորբոքվածության ալեբախությամբ)։ Եվ ջոկատը դարձավ գունդ, գունդը վերաճեց բանակի։ Եվ բանակը` յուր շարժմանը զուգընթաց, բողոքեց ու բորբոքվեց և, լայնասիրտ ու ազատատենչ, ազատվեց յուր 1700-ամյա սրբազնագույն պատմուճանից և ուսին առավ հեթանոսության յափնջին, զի կռապաշտ էր, նորահայտ մի կուռք էր կոփել ու արշավում էր նրա հետևից։ Այնինչ, կուռքը վաղուց լքել էր «ազգի փրկչի և պետության պատվարի» յուր փառազուրկ պատվանդանը, զի հեռատես էր ու խորագետ։ Կուռքը խորաթափանցորեն խորամանկ էր և տեղյակ, որ միևնույն գետը երկու անգամ չեն մտնում, միևնույն ժողովրդին երկրորդ անգամ փորձության չեն տանում, վտանգավոր է։
Սակայն բորբոքված բողոքավորները կուռքին ասպարեզ էին հանել ու մղում էին դեպի կազմաքանդում, ճանապարհ բանալով սեփական առողջ ու վատառողջ, նվիրական և նախանձոտ, առաջադիմական և դիմազուրկ մղումների առջև։

«1962-ին Մարոկկոյում մորեխը հինգ օրում ոչնչացրեց յոթ հազար տոննա նարինջ, դա Ֆրանսիայի չափ մի երկրի տարեկան սպառումն է։ Մորեխն ապրում է երկու` մենակեցային և նախրային կենսաձևերի մեջ, և այդ կենսաձևերն արտաքինով, ներքին կառուցվածքով ու բազմացման կերպերով բոլորովին նման չեն միմյանց։ Ձեր աչքի առջև մենակեցային վիճակի մորեխը վերաճում է նախրայինի։ Ցեղային, տեղային և անհատական երանգները վերանում են, մորեխը մգանում, նարնջասև գույն է առնում, ծոծրակի մոտ մեջքը կորվում է, թևերը երկարում են, մուգ գույնի շնորհիվ ջերմությունը հինգ-ութ աստիճանով բարձրանում է, և այդ ժամանակ նախիրը պատրաստ է պոկվելու։ Մորեխը երկինք է բարձրանում քամու հակառակ ուղղությամբ և երբ արդեն վեց հարյուր-հազար մետր բարձրության է` իրեն տալիս է քամուն»։ Սա մի դրվագ է անմահ Հրանտ Մաթևոսյանի «Կենդանին և մեռյալը» վիպակից։
Առակս ինչ կցուցանե, դատեք ու բաղդատեք ինքներդ։


ԻՐԻԿՆԱՀԱՑԸ ԷՍ Ի՜ՆՉ ԱՆՈՒՇ Է
(վերջաբան)
Դիցուք, տիար Ծառուկյանն առաջադրվում է և հաղթում։ ՈՒ քանի որ Վրաստանի փաստացի ղեկապետն էլ Իվանիշվիլի Բիձինան է (համա՜ թե վրացական համուհոտ ունեցող անուն-ազգանուն է), և քանի որ պակաս միլիարդատեր չէ Իլհամը, Կովկասում առաջ են գալիս խիստ ուշագրավ սուլթանապետություններ։ Եվ հնարավոր է նրանց միաձուլումը կովկասյան ինքնիշխան պետության կազմում, ուր հավասար մասնաբաժիններ կունենան Ազերբայջյանը, Վրաստանն ու Հայաստանը։ Անշուշտ, կովկասյան կռվախնձոր Արցախը լայն ինքնավարությամբ կդառնա ՌԴ կովկասյան «պոլիգոնը»։ Անշուշտ, Հայաստանը պետք է լուրջ ճիգեր գործադրի։ Զի տարածքային և մարդկային ռեսուրսներով նկատելի զիջում է սուլթանապետության համազոր անդամներին։ Ինչ կարող ենք մենք առաջարկել ազերբայջանական նավթի (ու ոսկե ատամների) և վրացական բորժոմալիմոնային օժիտի դեմ։ Անշուշտ, մեր ինտելեկտը։ Նաև մեր շախմատի հավաքականը։ Էլ ի՞նչ։ Հա, հյուրանոցները, «Տաթևերը», հինգհազարամյա չարոխն ու ծիրանը։ Սուլթանապետությունում Ազերբայջյանը հանդես կգա որպես տնտեսական լոկոմոտիվ, Վրաստանը որպես մրգահյութային և ծովափնյադելֆինային քարշակ, Հայաստանն էլ, բնականաբար, ինտելեկտուալ բարձր մակարդակով ապահովված զվարճանքների հանգրվան։ Զավե՛շտ է։ Անշուշտ։ Սակայն ավելի զավեշտալի չէ, քան տիար Ծառուկյանի փքուն հավակնությունը` դառնալու երկրի նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար, Անվտանգության խորհրդի նախագահ և այլն և, այլն։ Սակայն տիար Գագոն շեղվել է ճշմարիտ կառուցողական ճանապարհից։ Ես, վստահաբար, նրան կընտրեի, եթե նա միլիարդավոր իր կարողությունը, իրոք, ծառայեցներ երկրին։ Ասենք` ապահովեր հանրապետության հացահատիկային անվտանգությունը։ Այսինքն, այնքան ցորեն ցաներ ու քաղեր, որ մենք դառնայինք հաց արտահանող։ Նաև գործարկեր Սպիտակի շաքարի գործարանը և երկիրն ազատեր լֆիկյան բռնաշնորհներից։ Մի խոսքով, մինչ Բաղրամյան-26-ում հանգրվանելը, անհրաժեշտ է լուծել հանրապետական-կենսական մի շարք խնդիրներ։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3125

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ