Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

«Պայուսակներ ստացել են միայն հատուկ կարիքավոր ընտանիքների երեխաները»

«Պայուսակներ ստացել են միայն հատուկ կարիքավոր ընտանիքների երեխաները»
03.10.2012 | 14:02

Սեպտեմբերն արդեն կես եղավ, բայց նոր ուսումնական տարվա հետ կապված տարաբնույթ խնդիրների շուրջ ծնողների դժգոհությունները դեռ շարունակվում են: Խմբագրություն զանգահարած թիվ 181 դպրոցի առաջին դասարանցիների ծնողները պատմեցին, որ իրենց դպրոցում, ի տարբերություն մայրաքաղաքի մյուս բոլոր դպրոցների, առաջին դասարան հաճախող երեխաներին չեն հանձնել քաղաքապետարանի հատկացրած պայուսակներն ու գրենական պիտույքները: Նրանք կարծում էին, որ այս հարցում դպրոցի տնօրենության «մատն է խառը»: «Նույնիսկ հեռուստացույցով հաղորդեցին, որ պետք է պայուսակներ բաժանեն: Բացի այդ, մենք հետաքրքրվել և տեղեկացել ենք, որ ոչ միայն Երևանի դպրոցներն են ստացել, այլև մարզերի»,- վրդովվում էին ծնողները:

Խնդրի առնչությամբ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը: «Նման բան եղել է նախորդ տարիներին, երբ մանկապարտեզներին հրաժեշտ տվող ավագ խմբերի երեխաներին, թաղապետարանների նախաձեռնությամբ, պայուսակ և գրենական պիտույքներ էին նվիրում, ինչը դարձյալ չուներ պարտադիր բնույթ, այլ կախված էր կոնկրետ թաղապետարանի ցանկությունից: Նշեմ` այս տարի անվճար են եղել դպրոցների 1-4-րդ դասարանների դասագրքերը միայն»,- պատասխանեց վարչության պետ Արթուր Գևորգյանը:
Մեր համաքաղաքացիների կասկածը փարատելու համար պարզաբանում ստացանք նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթության բաժնից: «Պայուսակների նվիրատվություն մեր համայնքի դպրոցներում այս տարի չի եղել: Եղել է սոցիալական ծրագիր հատուկ կարիքավոր ընտանիքների երեխաների համար: Բյուջեով նախատեսված գումարով պայուսակներ են ստացել այն ընտանիքները, որոնք սոցիալապես անապահով են և ընտանիքում ունեն 2 և ավելի առաջին դասարան հաճախող երեխա: Նույնիսկ այս դեպքում պայուսակ ստացել են ոչ բոլորը, այլ ընտանիքից մեկը»,-հաստատեց կրթության բաժնի պետ Արևիկ Պետրոսյանը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Հ. Գ.- Թեև պատկան մարմինները հավաստիացնում են, թե դպրոցների տարրական դասարանների դասագրքերն անվճար են եղել այս տարի, սակայն մայրաքաղաքի գետնանցումներում, որտեղ գրքեր են վաճառում, մշտապես ծնողների կուտակումներ են լինում: Ի դեպ, նրանց մեջ փոքր մաս չեն նաև առաջին և երկրորդ դասարանի մայրենիի գրքեր հարցնողները: Ավելին, երեկ պարզեցինք, որ Էրեբունու թիվ 194 դպրոցի տարրական դասարանների երեխաների մեծ մասին գիրք չի հասել: Պատճառաբանվել է աշակերտների չնախատեսված քանակը: Ծնողներն էլ ստիպված բազմացրել են այդ գրքերը և բաժանել երեխաներին (բնականաբար, վճարելով սեփական գրպանից):
Մինչ համապատասխան մարմինները ամպագոռգոռ հայտարարություններ են անում անվճար նվիրատվությունների և այլնի մասին, դպրոց հաճախող երեխաների ծնողները քրտնաթոր և շնչասպառ վազվզում են մի գետնանցումից մյուսը, մի գրախանութից մյուսը (վերնիսաժում տիրող եռուզեռի մասին էլ չենք խոսում): Ահա այսպիսին է մերօրյա դպրոցականի և դպրոցականին դպրոց ուղարկողի իրական պատկերը:

Դիտվել է՝ 2373

Մեկնաբանություններ