ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Քաղաքական ամառն իր հիմնական պատկերի մեջ

Քաղաքական ամառն իր հիմնական պատկերի մեջ
24.07.2012 | 03:56

2012-ի հուլիսի վերջ, Հայաստան: Երկրի գոյության մյուս բոլոր հայտանիշները առայժմ քննարկման հարթություն չբերելով` վերստին անդրադառնանք քաղաքական դաշտին հետխորհրդարանական և նախանախագահական ընտրությունների կտրվածքով:

Ընդդիմադիր դաշտում են ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը»:
Իշխանական դաշտում են ՀՀԿ-ն` իր բացարձակ մեծամասնությամբ, ՕԵԿ-ը և ԲՀԿ-ն` իր պարտիզանական կեցվածքով:
Սեփական դաշտում է ժողովուրդը, որ արտաքին ինչ դրսևորումներ էլ ունենա իր բուն վերաբերմունքի համար, ներքուստ մնում է այն լավան, որը դեռ ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը չեն կարողացել իրենց ցանկացած հունով նպատակաուղղել կամ մագմատիկ վիճակից դուրս բերել: Եվ գուցե 2012-ի աշնանային քաղաքական դաշտի հարցը լինելու է հենց ժողովուրդը` ո՞վ է լինելու նրա հետ ու նրա կողքին, ո՞ւմ է ժողովուրդն ընտրելու իրեն առաջնորդ դեյուրե և դեֆակտո:
Տարբերակները երեքն են` կամ գործող կուսակցությունները բողոքական ընտրազանգվածը տարաբաժանում են և սեփականում, կամ իշխող կուսակցությունն է սոցիալական, տնտեսական, իրավական, մշակութային ոլորտներում բարեփոխումներով բողոքականից նրանց այլ հարթություն տեղափոխում, կամ` «Սուրբ տեղը թափուր չի մնում» սկզբունքով իր անլուծելի խնդիրների հետ մենակ մնացած մարդկանց կողքին հայտնվում է քաղաքական նոր ուժ, որ կարող է լինել հայտնի ուժերից մեկը, կամ առայժմ անհայտ ուժ:
Այս երեք խնդիրներն էլ ավելի շատ վերաբերում են մինչև 2018 թվականը մեր ապրելիք կյանքին, որովհետև 2013 թվականին ամեն ինչ դեռ հին իներցիայով է գործելու:
Եվ այնուամենայնիվ, ամենադժվար ու ամենածանր ընտրությունը թե՛ նախանախագահական, թե՛ հետնախագահական ընտրությունների ժամանակ մնում է ՀՀԿ-ինը և Սերժ Սարգսյանինը: Ավելի ճիշտ` Սերժ Սարգսյանինը:
Նախ` պատասխանատվության պատճառով: Բոլորն իրավունք ու հնարավորություն ունեն խոսելու ու սխալվելու, նա չունի: Նրա սխալը ճակատագրական է լինելու և՛ իր, և՛ պետության համար: Նա չի կարող անվտանգ սխալվել, ինչպես մյուսները: Սերժ Սարգսյանի պարագան բարդանում է այն փաստով, որ նա պատասխանատու է նաև ուրիշների սխալների համար: Պատմությունը նրան շանս է տալիս` ընտրել շատ դժվարի, բայց անհրաժեշտի և շատ դժվարի, բայց պարտադրվածի միջև: Նա կարող է դառնալ այն նախագահը, ում եզակի հնարավորություն է ընձեռված ժողովրդի հետ լինելու և ժողովրդի ընտրությանն արժանանալու, ընտրություն, որ իր նախորդը գործնականում չուներ և չի ունենա երբեք: Սերժ Սարգսյանը դեռ կարող է իրեն հենարան ընտրել ժողովրդին, եթե քաղաքական, մարդկային, բարոյական-հոգեբանական խիզախություն ունենա դուրս գալու իր նախորդների բերմուդյան եռանկյունուց և խաղի նոր կանոններ սահմանի: Քաղաքական, որովհետև այդ քայլը, որ ժամանակի մեջ բերելու է Հայաստանի իսկապես անկախացում ու տարածաշրջանում նոր իրավիճակ, կարող է անպատիժ չմնալ: Մարդկային, որովհետև հանգամանքների բերումով նրա հենարանը մինչև այժմ եղել են օլիգարխները, և նա հարկադրված է լինելու արմատական փոփոխություններ կատարել իր մերձավոր շրջապատում, իսկ դա ոչ միայն ցավոտ է, այլև վտանգավոր: Բարոյահոգեբանական, որովհետև ոչ ամեն ոք նման քայլի իրավունք ունի, ոչ ամեն ոք նման քայլի հնարավորություն ունի` հետևանքների հաղթահարման առումով:

Նա կարող է իրեն թույլ տալ ընտրվելու շքեղությունը, եթե ցանկանա, եթե խիզախի ցավոտ բարեփոխումները սկսել սեփական շրջապատից ու հետևողականորեն հասցնել տրամաբանական ավարտին, երբ փոփոխությունները կլինեն ոչ այնքան ձևական ու անվանական, որքան բովանդակային ու զգալի հասարակության բոլոր շերտերում: Իհարկե, ռիսկը մեծ է, իհարկե, խանգարելու են ոչ միայն ներսում, այլև դրսից, բայց դա իսկապես իրավիճակ փոխելու պատմական շանս է բոլորիս համար:
Շանս, որ չի օգտագործվի, թե կօգտագործվի, միայն ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի, միայն քաղաքական դաշտի խնդիրը չէ: 2013 թ. վերընտրությունը Հայաստանում ընդունված կարգով նրան բերելու է հերթական հինգ տարին, երբ երկրի դրսում մնալու են ուժեր, ովքեր կարող են Հայաստանում գտնել իշխանական ու ընդդիմադիր ուժեր` իրենց քաղաքականությունը վարելու և Հայաստանի իշխանությանը պարտադրելու համար, ժամանակ, որ չի դառնալու Հայաստանում իրական փոփոխությունների հնարավորություն, ժամանակ, երբ արտագաղթն ու սոցիալական օրավուր դժվար լուծելի դարձող խնդիրները թուլացնելու են երկիրն ու նվազեցնելու դիմադրողականությունը արտաքին մարտահրավերներին: Վիճակ, երբ այդ դիմադրողականության աստիճանը և նպատակը կարող են բոլորովին էլ Հայաստանին չվերաբերել: Դեգրադացիան նման է ժանգի, որ նախ վատորակ ոսկու պես ծաղկում է թանկարժեք մետաղի դեմքին, հետո քայքայում նրա ներսը: Սակայն դեգրադացիան նաև անհրաժեշտություն է, որն օրակարգում է պահում դիմադրունակ լինելու ու զգոն մնալու խնդիրը: Դեգրադացիայի և առաջընթացի ոսկե միջինը չկա, կա հավասարակշռության անխուսափելիությունը, եթե ընտրվում է կյանքը:
Պատմությունն ու ժամանակը դադարներ չեն ունենում: Ընդհանրապես: Իրադարձությունների բացակայությունն էլ իրադարձություն է, որ դառնում է շարունակություն ու պատմություն:
Հայաստանում ճգնաժամային կշիռ ձեռք բերող ընտրազանգվածը երկար չի կարող մնալ ինքն իր հույսին: Քաղաքական դաշտում գոյացած բացահայտ վակուումը լցնելու հավակնություններ են վերագրում ԲՀԿ-ին: Բայց խորապես սխալվում են բոլոր նրանք, ովքեր ամենատարբեր ակնկալիքներով ԲՀԿ-ն ուզում են ընդդիմություն համարել: ԲՀԿ-ն երբեք չի եղել ու չի լինելու ընդդիմություն, նույնիսկ իր շարքերում ընդդիմադիրներ կամ ընդդիմադիր մղումներ արտահայտողներ ունենալու պարագայում: Մինչև նախագահական ընտրություններ ԲՀԿ-ն պահելու է ընդդիմադիրոտ կեցվածքը, հնարավորինս երկար շարունակելու է իր էության ու բովանդակության բացահայտման ինտրիգը ձգձգելը, որը բոլոր առումներով շահեկան է: Սա ԲՀԿ-ի աստեղային ժամն է: ԲՀԿ-ի առեղծվածային պահը: Երբ բոլորը, կարծես թե, ունեն իր կարիքը: Երբ նույնիսկ ինքն ունի իր կարիքը: Մինչև նախագահական ընտրություններ ԲՀԿ-ն անակնկալ ու կանխատեսված բոլոր հարցերում ունենալու է անորոշ կեցվածք` «այո» ասելով` «ոչ» անելու, «ոչ» ասելով` «այո» անելու, որովհետև ԲՀԿ-ն կորցնելիք ունի, որովհետև ԲՀԿ-ն ձեռք բերելու հավակնություններ ունի: Որովհետև ԲՀԿ-ն իր որոշումներն ինքնուրույն չի կայացնում: ԲՀԿ-ի համար գլխավոր հարցը նույնիսկ այն չէ` կպաշտպանի՞ գործող նախագահի թեկնածությունը, թե՞ սեփական թեկնածուն կունենա` Ռոբերտ Քոչարյան, Վարդան Օսկանյան, Գագիկ Ծառուկյան, միստր X տարբերակով: ԲՀԿ-ի գլխավոր խնդիրը քաղաքական կյանքը և նախագահական ընտրությունների ընթացքը վերահսկողության տակ պահելն է, վերահսկողություն, որ երկրի շահերից չի բխում, ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության: Իշխանության` որովհետև գործնականում օգտագործվում է իբրև դագանակ իր դեմ: Ընդդիմության` որովհետև իրականում վարկաբեկում է ընդդիմության գաղափարը և փոշիացնում ընտրազանգվածը: Իհարկե, այս հարցում մեղավորը ԲՀԿ-ն չէ միայն: ՀԱԿ-ի անվերապահ ու անսահման սերը առ Հայաստանի բարգավաճ տարբերակը մնալու է անպատասխան: Ֆլիրտ լինելու է, իհարկե, փոխադարձ սիրալիրություններ` ևս, գուցե նաև լոկալ դեպքեր բուռն փոխադարձության, որ կարող է արտահայտվել գաղափարականից նյութական սահմաններում: ՈՒ` վերջ: Բայց` կառավարվող նույն կենտրոնից, որ Հայաստանից դուրս է, որ հետապնդում է իր շահերի պաշտպանությունը և հայկական քաղաքական ուժերն օգտագործում է իբրև միջոց` իր նպատակներն առավելագույնս քաղաքակիրթ կենսագործելու համար:
Նախագահական ընտրություններից հետո, ակնկալված, թե անակնկալ ընթացք կունենան ընտրությունները, ԲՀԿ-ի պահանջարկը կտրուկ նվազելու է` խաղավարտից հետո խաղացողների գինն ընկնում է, հատկապես այն խաղացողների, ովքեր իրենց չեն արդարացրել և հաջողության չեն հասել: Սեփական թեկնածուով հաջողության հասնելու և լեգիտիմ նախագահ ունենալու հեռանկարը ԲՀԿ-ին չի սպառնում առաջիկա նվազագույնը 10 տարում. դա գիտեն թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս: Այս երկու պատճառի գոյությունը լիովին բավարար է, որ ԲՀԿ-ն քաղաքական դաշտում անցնի պահեստային դիրքեր և հոգա ինքնապահպանման մասին, որովհետև լինելը շատ ավելի կարևոր է, քան ունենալը: ԲՀԿ-ն ավելին չի կարող անել, քան անում է: Քաղաքական օրեցօր հալվող կապիտալը բարեգործությամբ լրացնելու քաղաքականությանը կարող են չհերիքել ոչ միայն ֆինանսները, այլև բարի կամքը: Իշխանության:
Ամենահավանական տարբերակը մնում է նոր ուժի ի հայտ գալը կամ գոյություն ունեցող քաղաքական կուսակցության դերակատարության փոփոխությունը: Հինգ տարին մեկ պարբերականությամբ տուն գործուղվող ժողովրդին պետք են վստահելի առաջնորդներ, որ ի զորու են չենթարկվելու դրսի ճնշումներին և ներսի գայթակղություններին: Պետք են իրենց վստահելիությունն արդեն ապացուցած առաջնորդներ, որոնց հնարավոր չէ կաշկանդել քաղաքական դաշտում ընդունված միջոցներով` սկսած շանտաժից մինչև կոռուպցիա և զրպարտություն: Պարզապես մարդ, որ սիրում է երկիրը ու չի հաշվարկում այդ սիրո փոխադարձության որակ-մակարդակները իրենց իրավակարգ պատվարժանությամբ: Պարզապես մարդ, որ չի առաջնորդվում ընդդեմ բոլորի, հանուն ինքն իրեն ու իր մտադրությունների ամեն ինչ ու ամենքին զոհաբերելու մղումներով, որոնք ավարտվում են մարտի 1-ով, բայց տառապում են վերադարձի սինդրոմով: ՈՒ հենց դա է լինելու երրորդ արարը, որին չեն մասնակցելու Հայաստանի երեք նախագահները, բայց որը գործողության մեջ է մտցնելու նոր նախագահ:
Երրորդ արարը գրելու ենք բոլորս: Ե՞րբ: Այսօրվանից մինչև 2018 թվական և հետո, որովհետև հայրենիք ունենալը նաև պարտականություն է, որ ամեն անգամ 5-10 հազար դրամով հնարավոր չէ վաճառել, որովհետև բումերանգը կարող է վերադառնալ պատերազմի տեսքով, որովհետև տիեզերական համակեցության օրենքում պարտադիր լինում են աստեղային ժամեր: Որովհետև Արքիմեդի ժամանակներից ճակատամարտերն ու պատերազմները շահում են նրանք, ովքեր հենման կետը գտնում են իրենց հայրենիքում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ .Գ.- Դուք, այնուամենայնիվ, սպասո՞ւմ եք երրորդ արարին: Իզուր: Աստված, իհարկե, երրորդության մեջ է հավերժական, բայց այս եռանկյունու մեջ դուք մենակ եք` Աստծո, հայրենիքի ու ձեր ընտրության հետ, երբ ոչ միայն ժամանակը, այլև պարտականությունն է հայրենիք: Ձեր պապերի ու ձեր հայրերի նման հարցեր մի ժառանգեք ձեր զավակներին, պատասխանների խիզախությունն է այն բանալին, որ բացելու է եռանկյունին, և այլևս շագրենի կաշվի պես ձեր գոյության տարածքը չի կրճատվելու ձեր ցանկությունների չափ:

Դիտվել է՝ 6088

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ