ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Պատվիրանագիտության ևս մեկ բանալի

Պատվիրանագիտության ևս մեկ բանալի
07.08.2009 | 00:00

ԿՐԿԻՆ ԴԵՊԻ ԱՐԵՎԵԼՔ ԱՂՈԹԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
ՆՐԱ ԳԱԼՈՒՍՏԸ ՊԻՏԻ ԱՐԵՎԵԼՔԻՑ ԼԻՆԻ
Ոմանք ասում են, թե դեպի արևելք աղոթելը, որ առաքելական եկեղեցում է ավանդված, իբր քաղդեական երևույթ է: Ասել կուզեն, որ Աստծուն աղոթելու համար արևելք, արևմուտք, հյուսիս և հարավ կարևոր չէ, եթե ոչ` իբր աստղագուշակի նման մի բան կստացվեր: Ամենակարևորը, բնականաբար, կարգին մարդ լինելն է և չմերժելն այն, ինչ գիտությամբ առավել օգտակար և կատարյալ կարող է դարձնել մարդուն: Քրիստոնեությունը հովվական վարդապետություն է, այսինքն` սովորական հավատացյալը կարող է շատ բաների մասին գիտելիք չունենալ կամ սակավ ունենալ, բայց կամա, թե ակամա ինչ պահանջվում է վարդապետությամբ, հավատով կատարել` լսելով քահանաներին: Այսօր մեր եկեղեցու շատ հավատացյալներ նույնպես սակավ գիտեն կամ չգիտեն դեպի արևելք աղոթքի կանգնելու կարգի մասին, սակայն սուրբ հայրերը իմաստությամբ են այդ հարցը լուծել` եկեղեցիների բեմերը դեպի արևելք կառուցելով, որ կարգը իմանաս, թե չիմանաս, կամա-ակամա` քո անձի համար ճիշտն ու առավել օգտակարն անես:
Դեպի արևելք աղոթքի կանգնելու մասին կանոն ունի նաև մեր Թադեոս առաքյալը, որ Հիսուսի հետ քայլեց:
Եվ Հայ առաքելական գրեթե բոլոր եկեղեցիները, առաջին դարից, սուրբ Թադեոսից սկսած` բեմերն արևելյան կողմ են կառուցում, որպեսզի ներս մտնողն ինքնաբերաբար դեմքով արևելքի կողմ գտնվի և աղոթելիս նույնպես: Ինչպես գիտենք, մեր եկեղեցին մահացած հայ քրիստոնյաներին ևս դեմքով դեպի արևելք է թաղում, որպես մկրտված քրիստոնյայի` Տիրոջ Երկրորդ Գալուստին սպասող, քանի որ, ըստ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքի, Նրա գալուստը պիտի արևելքից լինի: Մեջբերենք. «Ապա եթէ ձեզ ասեն՝ ահա՛ անապատի մէջ է, չելնէք, կամ թէ՝ ահա՛ մառանում է, չհաւատաք. որովհետև ինչպէս փայլակը, որ ելնում է արևելքից և երևում է մինչև արևմուտք, մարդու Որդու գալուստը այնպէս կը լինի» (Մատթէոսի Ավետարան):
Իսկ առաքելական կանոնը դեպի արևելք աղոթելու մասին պատճառաբանվում է, թե Փրկիչը արևելքից պիտի գա, որովհետև արևելքում է: Մեջբերենք. «Որովհետև Արդարության Արեգակը՝ Քրիստոսը, արևելքից է ծագում և փրկություն կատարում աշխարհի մեջ, ուստի և հարկ է միայն դեպի արևելք կանգնել աղոթքի, և երկրպագել աստվածությանը» (Առաքելական կանոններ):
ԱՐԵՎԵԼՔ ԱՂՈԹՔԻ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀՈՒՇՈՒՄՆԵՐՈՎ Է ՀԻՄՆԱՎՈՐՎՈՒՄ
ա) Աստված դրախտը (այգին) հիմնեց Եդեմի արևելյան կողմում:
բ) Կյանքի (կենաց) ծառի ճամփան փակելու համար՝ Աստված Եդեմի արևելյան կողմում բոցեղեն սրերով քերովբեներ կարգեց: Այսինքն թե՝ դրախտից վռնդվածները այդ կողմից էին ձգտելու հետ դառնալ:
գ) Աբրահամը` հավատի այս հայրը, ելավ գնաց Բեթելի արևելյան լեռը և այնտեղ վրան հիմնելով` կանչեց իր Աստծուն:
դ) Ըստ Աստվածաշնչյան օրենքի, քահանան մեղքի քավությունն իրականացնելիս զոհի արյունից մատով ցանում էր արևելյան կողմից: Ինչպես գիտենք՝ Հինը Նորի ստվերն է և նույնի նման եկեղեցում քահանան, այժմ արդեն Փրկչի քավչարար մարմնի և արյան հաղորդությունը քրիստոնյային տալիս է արևելյան կողմից, և եկեղեցիների բեմերը արևելյան կողմում են:
ե) Երեք մոգերը Փրկչի ծննդյան աստղը տեսան արևելքում: Եվ իրենք էլ արևելքից եկան:
զ) Փրկիչն իր երկրորդ Գալստյան մասին ասաց, թե արևելքից պիտի գա և ինչպես կայծակ ճեղքելով հասնի մինչև արևմուտք: Այսինքն թե՝ արևելքում է, այդ բանի համար պիտի արևելքից գա:
է) Հայտնության Գրքում Հովհաննես առաքյալն ասում է, թե ընտրյալների վրա փրկության կնիք դնող հրեշտակը դուրս ելավ (երկնքի) արևելքից: Նրան Քրիստոս ուղարկեց, որ վերստին նշանակում է, թե Տերը երկնքի արևելքում է գտնվում:
ը) Նույն Գրքում Հովհաննես առաքյալը Փրկչին անվանում է Արևելքի թագավոր, այլ խոսքով` Եդեմի և դրախտի և կենաց ծառի, կյանքի Տեր, Լույսի և ջերմության աղբյուր:
թ) Իսկ փրկչի առաքյալները, որպեսզի երկրագնդի բոլոր եկեղեցիները միանման լինեն, առաքելության մեկնելուց առաջ, վերնատան ժողովում, սահմանեցին կարգեր ու կանոններ, որ ամեն առաքյալ ոչ թե տարբեր, այլ նույն կարգերը հաստատեր իր քարոզած աշխարհներում: Եվ դեպի արևելք աղոթելու մասին, Փրկչի խոսքը որպես հիմք բերելով, ասացին նաև հավելյալ ոսկե մի բանալի. «Որովհետև Արդարության Արեգակը՝ Քրիստոսը, արևելքից է ծագում և փրկություն կատարում աշխարհի մեջ, ուստի և հարկ է միայն դեպի արևելք կանգնել աղոթքի, և երկրպագել աստվածությանը» (Առաքելական կանոններ):
Այսինքն` մեզ տեսանելի նյութական արեգակը գործում է Անտես Արեգակի՝ Քրիստոսի նմանությամբ՝ ծագելով արևելքից: Որ Քրիստոսը Հոգևոր Արեգակն է, Հովհաննեսն էլ է Հայտնության մեջ ասում Երկնային Երուսաղեմի մասին խոսելիս, թե այնտեղ նյութական արեգակ չկար, այլ Գառն Ինքն էր լուսավորում: Այսինքն` կա հոգևոր արեգակ և մարմնավոր արեգակ, և հոգևոր արեգակը Քրիստոսն է:
Հայտնի է, որ աղոթքը զրույց է Աստծո հետ, ուստի և, երբ մեկի հետ զրուցելիս պատշաճ չէ մեջքով կանգնել նրա առաջ ու զրուցել կամ կողքի նայելով զրուցել, ապա, եթե պատշաճ չէ մարդու հետ այդպես զրուցելը, առավել ևս պատշաճ չէ սուրբ եկեղեցում, ուր Աստծո հետ ենք զրուցում, մեջքով կանգնելով կամ կողքի նայելով նրան դիմելը: Կամ հաճախ է պատահում, որ ոչ թե եկեղեցում, ուր կամա, թե ակամա, որպես ապահով մանուկներ, ըստ եկեղեցու դիրքի ճիշտ ենք կանգնում աղոթքի, այլ տանը, լեռան վրա կամ դաշտում աղոթքի կարիք ունենալով, գիտության ոսկյա այս բանալին անհրաժեշտ է դառնում, որով կարող ենք ըստ ճիշտ կանոնական ցուցումի կանգնել աղոթքի:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2147

Մեկնաբանություններ