ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մեկդարյա ավանդույթի շարունակությունը

Մեկդարյա ավանդույթի շարունակությունը
28.08.2009 | 00:00

ՀԱՅԿԱԿԱՆ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ
«ՌոբՄար» պատկերասրահի մուտքը դեռևս քաղաքակրթման փորձեր կատարող հայկական արտ-շուկա շատերի տարակուսանքը հարուցեց։ Վերջին մեկ-երկու տարում շուրջ մեկ տասնյակ մասնավոր պատկերասրահներից մի քանիսը կա՛մ դադարեցրել են գործունեությունը, կա՛մ գործում են որոշակի պարբերականությամբ։ «ՌոբՄար» պատկերասրահի տնօրեն ՄԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ վաղվա օրվա հանդեպ տագնապ չունի։
-Տիկին Մարինե, տնտեսական ճգնաժամի պահին մի քիչ անսպասելի էր պատկերասրահի հիմնարկեքը։ Համաձա՞յն եք։
-Չեմ կարծում, որ «ՌոբՄարի» բացումն անակնկալ է, այն ավելի շատ վերադարձ է կարճատև դադարից հետո, քանի որ նույն անվանումով պատկերասրահ բացել էր հայրս` Ռոբերտ Հակոբյանը, դեռևս 1990-ին Մաշտոցի թիվ 48-հասցեում։
-Տիկին Մարինե, քանի որ հիշատակեցիք Ձեր հայրիկի` Ռոբերտ Հակոբյանի անունը, ապա ընթերցողին, թերևս, արժե հիշեցնել, որ հայկական մշակույթի ասպարեզում նա հանրաճանաչ անձնավորություն էր` կուլտուրայի վաստակավոր գործիչ, որի ներդրումը հայկական մշակույթում հիրավի աննախադեպ է։
-Թող անհամեստ չհնչի, բայց թույլ տվեք ասել, որ նա առաջին պրոֆեսիոնալ պրոդյուսերներից էր շոու-բիզնեսի և արվեստի բնագավառում։ 1960-ից ի վեր ղեկավարում էր Կոմպոզիտորների տունը, որտեղից և սկսվեցին մտերիմ հարաբերությունները արվեստի բազմաթիվ տաղանդավոր գործիչների հետ` Առնո Բաբաջանյան, Իոսիֆ Կոբզոն, Ալլա Պուգաչովա (որի համերգի նախաձեռնող-կազմակերպիչը Երևանում և մարզերում հայրս էր), Ռոստրոպովիչ և Գալինա Վիշնևսկայա, Էդվարդ Միրզոյան, Գ. Վիցին, Ա. Մորգունով, Ելենա Օբրազցովա և շատ այլ աստղեր, որոնց շրջապատում էլ մեծացել եմ ես։
1970-ին հայրս Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի համույթի տնօրենն էր։ Հյուրախաղերով մեկնում էին Ռուսաստան և արտերկրներ, իր հետ տանում էր նաև ինձ ու մայրիկիս` Էռնա Ղևոնդյանին։ Այդ արտիստական միջավայրում մեծացել եմ երեք տարեկանից (մեծ մասամբ հետնաբեմում), և ինձ շատ հրապուրում էր այդ մթնոլորտը։ Ինձ հատկապես հրապուրում էին բեմական շքեղ հագուստները։ Շատ ժամանակ էի անցկացնում հանդերձարաններում, կարող էի ժամերով հետևել` ինչպես են ձևավորում բեմը, ինչպես են աշխատում նկարիչները հետնաբեմում։ Շատ էին հետաքրքիր ու նաև զվարճալի դեպքերը։ Ինձ ամեն ինչ թույլատրվում էր։ Մի անգամ պարում էին «Կակաչներով պարը», հետնաբեմում գրազ եկա համույթի աշխատակիցներից մեկի տղայի հետ ու... պարի ժամանակ վազեցի բեմ և սկսեցի քաշել մենապարուհու զգեստից։
1970-ին հորս` Ռոբերտ Հակոբյանին, նշանակեցին Հայֆիլհարմոնիայի տնօրեն։ Նրա առանձնասենյակում էի անցկացնում դասերից ազատ ժամերս և հմայվում հայրիկիս կառավարման բացառիկ տաղանդով։ Գրեթե ամենուր` թե՛ գործնական, թե՛ ընկերական շրջապատում, միշտ նրա կողքին էի, քանի որ մեր միջև անբացատրելի սեր և կապվածություն կար, ու նա ինձ դաստիարակում էր որպես իր ժառանգորդի... միայն որպես տղայի, տանելով իր հետ որսի, ձուկ բռնելու։
1980-ին նա առաջինը կազմակերպեց «Ոսկե աշուն» փառատոնը, որն անցնում էր մեծ շուքով և գեղարվեստա-թատերական բարձր մակարդակով։ Արտիստները պրոֆեսիոնալ էին, ինչը բացարձակ բացակայում է վերջին տարիների փառատոներում, վերջին փառատոները չունեն ո՛չ հայրենիքին բնորոշ կոլորիտ, ո՛չ էլ պրոֆեսիոնալ մոտեցում, ընդամենը ծիծաղելի կրկնությունն են արտասահմանյան շոուների։
1982-ին հայրիկս նշանակվեց «Հայատրակցիոնի» գխավոր տնօրեն։ Նա առաջինը հրավիրեց հյուրախաղերի չեխական «Լունապարկին»։ Ի դեպ, նշեմ, ողջ կյանքի ընթացքում նա մեծ սիրով էր վերաբերվում երեխաներին։ Հիշում եմ, մեր բակի երեխաներին հավաքում, անվճար համերգի տոմսեր էր բաժանում։
-Տիկին Հակոբյան, հանրածանոթ է Ռոբերտ Հակոբյանի «Նոր դար» աննախադեպ մշակութային կենտրոնը։ Այդ մասին մի քանի խոսք, խնդրում եմ։
-Նույն թվերին նա հիմնադրեց «Նոր դար» մշակութային կենտրոնը (ԱՄՆ-ի իր գործընկերոջ հետ), որն անշահախնդիր աջակցում էր մշակույթի և կերպարվեստի զարգացմանը Հայաստանում և արտասահմանում։ Դա հոգու պահանջ էր։
«Նոր դարը», բազմիցս ներկայացնելով հայ նկարիչներին, ինչպես ճանաչված, այնպես էլ անհայտ ու դեռ երիտասարդ, սակայն, անշուշտ, տաղանդավոր, ֆինանսապես և հոգեպես աջակցում էր նրանց։ Վերջնարդյունքում նկարիչները երկրպագուներ էին ձեռք բերում ԱՄՆ-ում, Լոնդոնում, Ավստրիայում, Գերմանիայում, Մոսկվայում, նաև Փարիզում, որտեղ հայ համույթը և հայ արվեստը բարձր մակարդակով ներկայացնելու համար Ռոբերտ Հակոբյանը վաստակեց պատվավոր քաղաքացու կոչումը։ «Նոր դարը» տպագրում և արտերկրում տարածում էր բուկլետներ` սկսած հայ մանրանկարիչներից մինչև Հովնաթանյան, Այվազովսկի, Սարյան, Մինաս, Վաղարշակ Էլիբեկյան և ուրիշներ։ Այդ բուկլետները կարելի է տեսնել վաճառքում, մինչ օրս հրատարակվում են Ֆինլանդիայում։ Հրատարակվեց նաև գունազարդ այբբենարան, որն անվճար բաժանվում էր մանկապարտեզներում և դպրոցներում։ ՈՒ կարելի է ասել, որ հայրս` Ռոբերտ Հակոբյանը, խորհրդային տարիներին զբաղվում էր պրոդյուսերական ու PR գործունեությամբ և բարեգործությամբ, ինչը, ինչպես հայտնի է, այն տարիներին ուղղակի ընդունված չէր։
«Նոր դարը» հրատարակում էր հանրահայտ «Արվեստ» ամսագիրը, որի գլխավոր խմբագիրն էր նախկինում մշակույթի նախարար Գուրգեն Առաքելյանը։ Նրա հետ բախտ ունեցա աշխատելու Մաշտոցի թիվ 48 հասցեում, ուր և բացվեց «ՌոբՄար» պատկերասրահը, որտեղ անցկացվում էին լավագույն նկարիչների ցուցահանդեսներ, ինչպես դասական, այնպես էլ արտ-մոդեռն ոճի։
Մեր ընտանիքի մտերիմներից էին Բաբկեն Քոլոզյանը, որը բարի հիշողություններով է մնացել իմ հոգում, հանրաճանաչ Ռոբերտ Էլիբեկյանը, որը հաճախ էր առաջարկում ինձ նկարվել հայ Մադոննայի կերպարով։ Սակայն մայրս չէր համաձայնում` հիշելով Սերովի «Դեղձերով աղջիկը» նկարը, որից հետո վախճանվեց նկարչի դուստրը։ Մենք Մոսկվայում հաճախ էինք լինում նկարիչների արվեստանոցներում, լավ ծանոթ էինք Իլյա Գլազունովին, Ռուդոլֆ Խաչատրյանին և այլոց։ Չեմ կարող չնշել վաղուց մեզ մտերիմ, նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանին, որը, տաղանդավոր և յուրօրինակ նկարիչ լինելուց զատ, նաև հրաշալի ղեկավար է, և ում շնորհիվ փլուզումից փրկվեց նկարիչների միությունը։ Եվ սա թող բնավ չհնչի իբրև հաճոյախոսություն, քանզի ես որևէ մեկից կախման մեջ չեմ։
-Ինչո՞ւ հիմնադրվեցիք հենց նկարիչների միությունում։
-Որովհետև նկարիչների միությունը հրաշալի կենտրոն է, ուր հավաքվում են նկարիչները և արվեստասերները, ուր կենդանի շփում կա նկարիչների հետ։ Եվ քանի որ ինձ քաջ հայտնի է նրանց ծանր նյութական վիճակը, փորձելու ենք հնարավորինս սատարել։ Միաժամանակ չեմ կարող չհիշել ՀՆՄ-ի 17-րդ համագումարը, որին հետևում էի մեծ ուշադրությամբ, որտեղ անհիմն բամբասանքներով, փողոցային պահվածքով հանդես եկան որոշ նկարիչներ։ Մի բան, ինչը լիովին բացահայտում է մեր այսօրվա իրականությունը։ Դա արվեստի մարդուն վայել չէր։ Նկարիչները պիտի զբաղվեն նկարելով, ոչ թե փուչ և նախանձոտ, թշնամական հայտարարություններով ու պիտի օրինակ հանդիսանան հասարակության մյուս շերտերի համար։ Այսքանից հետո արդյոք իրավունք ունե՞նք քննադատելու Ազգային ժողովի պատգամավորներին։ Մեզ մոտ այսօր, ցավոք, չկա մտավորականների և արվեստագետների այն էլիտար շերտը, որն իր էթիկայի և կուլտուրայի մակարդակով օրինակ ծառայի և իր հետևից տանի երիտասարդությանը։
Ես շատ լավ ծանոթ էի և եմ մեր նախարարների ներքին կուլտուրային` սկսած Գուրգեն Առաքելյանից, Մարատ Խարազյանից և Ռուսաստանի մշակույթի նախարարներից, և ինձ իրավունք եմ վերապահում ստեղծված ներկա իրավիճակի մեղավորը համարել մշակույթի նախարարին։ Նա, ըստ իս, մշակույթի հետ որևէ կապ չունի, շատ ծանրաբեռնված է տարբեր գործերով։ Նրա ելույթները հեռուստատեսությամբ միայն վանում են, քանի որ ելույթներում և ոչ մի խելացի միտք չի արտահայտում։ Բացի այդ, մշակույթի նախարարն ուղղակի իրավունք չունի ներկայանալու հասարակությանը թափթփված տեսքով և չհարդարված մազերով։ Միաժամանակ հագնվում է իր դիրքին անհամապատասխան ոճով։
Ես արտահայտվում եմ, քանզի չնայած ռուսական հայտնի ասացվածքին` «ԹրՑՐպփՈ՚Ց տՏ ՏՊպՋՍպ, տՐՏՉՏՋՈ՚Ց տՏ ցՎց», հագուստը ևս արտացոլում է մարդու ներաշխարհը և նրա վերաբերմունքը շրջապատի հանդեպ։ Այս առիթով չեմ կարող չնշել մեր առաջին տիկին Ռիտա Սարգսյանին։ Հագնում է շատ էլեգանտ և նորաձև, ինչը համապատասխանում է իր խառնվածքին։ Իսկ նրա մեծ հմայքը և բարեհամբույր ժպիտը հիանալի են ներկայացնում Հայաստանն ամենաբարձր մակարդակի հանդիպումներում։ Այս ամենն ասում եմ, որովհետև ես մանկուց երազում էի դառնալ դիզայներ-նկարիչ և ունեմ Աստծու շնորհած տաղանդն ու ճաշակը, ինչն ապացուցված է իմ միջավայրի գնահատականներով։ Թերևս բերեմ Դոստոևսկու հանրահայտ արտահայտությունը. «ԽՐՈրՏՑՈ րտՈրպՑ ՎՌՐ», սրա հետևորդը ես եմ և առհասարակ Հակոբյան տոհմի ներկայացուցիչները։
-Բավականին ճանաչված է Ձեր հորեղբայրը` հանրահայտ Ժակ Նիկոլայիչը։
-Շատ ինքնատիպ, յուրահատուկ հումորով օժտված մարդ է փոքր հորեղբայրս` Ժակ Հակոբյանը, որը, ընդօրինակելով ավագ եղբորը, գործունեությունը սկսել է արվեստի բնագավառում։ Ժամանակին աշխատելով թատերական ինստիտուտում` օգնել է բազմաթիվ երիտասարդ նկարիչների և դերասանների։ Եղել է Մշակույթի հայկական ֆոնդի փոխնախագահ, և այսօր էլ, շարունակելով ընտանեկան ավանդույթները, նախագահում է «Առնո Բաբաջանյանի» հիմնադրամը, որը 1995-ին ստեղծել էր հայրս` ի հիշատակ իր լավագույն ընկերոջ` Առնո Բաբաջանյանի։ Նա հիմնադրամի առաջին և պատվավոր նախագահն էր մինչև իր մահը` 2007-ը։
Երեք եղբայրներից միայն ավագը` Էդուարդ Հակոբյանը, չէր աշխատում մշակույթի ոլորտում։ Բայց նա էլ իր վառ հետքը թողեց առողջապահության բնագավառում` վերանորոգելով Երևանի 2-րդ հիվանդանոցը, հանրապետական հիվանդանոցը, այնուհետև աշխատելով առողջապահության նախարարությունում և ռազմական բժշկության ինստիտուտում` արժանանալով բազմաթիվ պետական պարգևների։
Մյուս հորեղբայրս հանրաճանաչ Լավրենտի Բարսեղյանն է, ում աննախադեպ նվիրվածության շնորհիվ կառուցվեցին Սարդարապատի և Ցեղասպանության թանգարանները, ում համարձակ և հիմնավոր ելույթներն էապես նպաստեցին ցեղասպանության լայն ճանաչմանն աշխարհում։
Ինչու եմ թերթի սուղ էջերում ներկայացնում հորս գործունեությունը, մեր ընտանեկան ավանդույթները։ Պարզ մի պատճառով. հանրությունը պետք է համոզվի, որ «ՌոբՄարը» խոր ավանդույթներ ունի։ Ինքս մասնագիտությամբ բժիշկ-կոսմետոլոգ եմ, աշխատել եմ Երևանի կոսմետոլոգիայի և էսթետիկ վիրաբուժության կենտրոնում։ Բայց այդ ուշագրավ բնագավառում անգամ «ինձ չգտա»։
-Դժվար է բժշկությունից «փախչելը»։ ՈՒրեմն չափազանց հզոր են եղել ներքին ազդակները։
-Մայրս` Էռնա Ղևոնդյանն ինձ յուրովի է կրթել։ Երբ նա Էրմիտաժ էր այցելում, նրա հետ էի, ակամա դառնում էի համաշխարհային գլուխգործոցների դիտորդը։ Իսկ Ռիգայում ինձ տանում էր հռչակավոր Դոմյան տաճար, երգեհոնային երաժշտություն լսելու... Իհարկե, բողոքում էի, ըմբոստանում, հաճախ կտրվելով մանկական զվարճանքներից։ Հետո հասկացա, որ նա իմ ներաշխարհը պարուրում էր արվեստով։
-«ՌոբՄարը» բավականին ինքնատիպ կարգախոս է ընդունել. «Մեկդարյա ավանդույթի շարունակությունը»։
-Մայրական տոհմս իշխանական ծագում ուներ։ Բավական է ասել, որ մորս պապը` Բեգլար Տեր-Ղևոնդյանը, Թիֆլիսի խոշոր սեփականատերերից էր, ուսանել էր Անգլիայում և եվրոպական կերպարվեստի ընտիր նմուշները Թիֆլիս էր հասցրել, ստեղծել իր հանրահայտ հավաքածուն։ Ի դեպ, Տեր-Ղևոնդյանների առանձնատունը բոլշևիկյան հեղափոխությունից հետո դարձավ Թբիլիսիի քաղաքային Սպայի տունը։ Այսինքն, մեկդարյա ավանդույթը, իսկապես, պահպանել և շարունակել էր պետք, և ես ձեռնամուխ եղա այդ գործին։
-Ձեր պրոֆեսիոնալ հայացքով` ինչպիսի՞ն է հայ նկարչի դրությունն անկախացումից հետո։
-Ծանր։ Խորհրդային տարիներին յուրաքանչյուր նկարիչ օգտվում էր պետպատվերի իր իրավունքից, սրանով էլ նա որոշակիորեն ապահովված էր, այսինքն` հանապազօրյա հացը վաստակում էր իր արվեստով։ Նա միաժամանակ հասարակական դիրք և հեղինակություն ուներ։ Անկախացմամբ այս ամենը վերացավ։ Այսօր վաստակավոր նկարիչը, ում արվեստանոցը լեփ-լեցուն է հրաշալի աշխատանքներով, հաճախ գտնվում է հանապազօրյա հացի փնտրտուքներում։ Ամոթ է։ Ես, միանշանակ, փորձելու եմ նրանց լավագույն ստեղծագործությունները ներկայացնել արվեստասեր հանրությանը, ձևավորել գործուն շուկա, դասական կերպարվեստի հարևանությամբ ներկայացնել այն նկարիչներին, ովքեր հոյակապ գործեր ունեն, սակայն դրանք անհայտ են առայժմ։ Այսինքն` զբաղվելու ենք նրանց և հատկապես երիտասարդ տաղանդների բացահայտմամբ, նրանց արվեստի աստիճանական հանրահռչակմամբ։
-Չափազանց կարևոր խնդիր եք առաջ քաշում։ Նույն խորհրդային ժամանակաշրջանում էր, որ, ըստ իս, ձևավորվեց արատավոր մի համակարգ. քարոզվում, աստղային շորշոփով էին պատվում առանձին, իսկապես տաղանդավոր նկարիչներ, սակայն նրանցից ոչ պակաս փայլուն շատ վարպետներ ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում ստվերում էին։ Հիշենք թեկուզ Հրաչյա Հակոբյանի` Սիրուն Հրաչի պատմությունը։
-Լիովին համամիտ եմ, և հենց սա է մեր գործունեության հայեցակարգային առանցքներից մեկը։ Իսկապես, մեր հավաքածուում կան տաղանդավոր արվեստագետների աշխատանքներ, և այդ քանակն ավելանալու է։
-Տիկին Մարինե, ազգային կերպարվեստի առջև ծառացած մյուս, գրեթե անլուծելի խնդիրը նրա ճանաչումն է աշխարհում։
-Ես հիանալի ծանոթ եմ համաշխարհային շուկայի պահանջներին ու օրինաչափություններին և անպատճառ հայկական կերպարվեստը բարձրացնելու եմ որակական նոր աստիճանի։ Ի դեպ, այս գործում ինձ արդեն սատարում են տղաս` Ռոբերտը, որը, իրավաբանական կրթություն ունենալով, այնուամենայնիվ, արվեստի սիրահար է և պատրաստվում է մասնագիտանալ արվեստաբանության ոլորտում` ուսանելով գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստաբանական բաժնում։ Միևնույն ուղին է ընտրել դուստրս` Նիկոլը, որն առաջին քայլերն է կատարում կերպարվեստում, սովորում է իրավաբանական ֆակուլտետում, զբաղվում է քաղաքականությամբ` հանդիսանալով ՄԻԱԿ երիտասարդական կուսակցության խորհրդի անդամ։
Ամփոփելով խոսքս` իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում պարոն Անդրանիկ Մանուկյանին, մի մարդու, որը հորս մահից հետո մեր կողքին է և սատարում է մեզ։ Շնորհիվ նրա բանիմաց խորհուրդների հասա այս ամենին։ Առհասարակ ինձ միշտ է զարմացրել նրա խորիմացությունը մշակույթի և արվեստի նրբություններին։
Շնորհակալ եմ իմ Աստծուն, որ իր ողորմածությունն է շնորհել մեր ընտանիքին։
Եզրափակում եմ խոսքս` դարձյալ հիշելով հորս, որը դեռևս նախորդ դարի 60-ականներից լուրջ ներդրում ունենալով հայ ազգային կերպարվեստի զարգացման և միջազգայնացման գործում, այս ամենն ավանդել է մեզ։
Իմ ցանկությունն է, որ տեսանելի ապագայում մենք միմյանց բարձրաճաշակ կտավներ ու քանդակներ նվիրենք։
Զրուցեց և տպագրության պատրաստեց Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2177

Մեկնաբանություններ