ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Թուրքին կրեցի ու հասա Երևան... (պատմում էր Վահագն Դավթյանը)

Թուրքին կրեցի ու հասա Երևան...  (պատմում էր Վահագն Դավթյանը)
09.05.2023 | 21:14

-Սմոլենսկի մոտ 3500 հոգանոց մեր դիվիզիան շրջափակման մեջ ընկավ: Հետս Դոնի Ռոստովից մի հայ տղա կար. հիշում եմ ՝ անունը Հարություն էր, ասաց, Վահագ արի մեր կոմերիտական տոմսերը հողի տակ թաղենք, գնանք հանձնվենք: Ասացի, երբե'ք: Մութն ընկավ, մի փոսի մեջ նստած՝ քնով էի անցել: Լուսադեմին արթնացա, տեսա Հարությունը չկար:

Հանձնվել էր գերմանացիներին:

...ՈՒզում եմ շրջափակումից դուրս գալ, չգիտեմ` ի՞նչ ճանապարհով, քարտեզ էլ չունեմ: Լավ է, մեր գնդից մի քանի ռուս զինվորների հանդիպեցի, մի խոսքով, հրաշքով դուրս պրծանք շրջափակումից: Հետո պարզվեց, որ մեր 3500 հոգանոց դիվիզիայից 127 զինվոր է է փրկվել: Տարիներ հետո, երբ թերթեցի Հայրենական պատերազմի քառահատոր պատմության գրքերը, այդ նույն տեղանքի քարտեզը նայեցի և համոզվեցի, որ մեզ փրկվելու, ազատվելու ընդամենը մի մազաչափ տեղ է եղել. այդտեղից էլ հրաշքով դուրս ենք պրծել: (Ի դեպ, իմ տարեթվի ծնվածների ընդամենը 3 տոկոսը ողջ մնացին ու վերադարձան պատերազմից, ես այդ փրկվածների մեջ եմ․․․)։

․․․Երկու անգամ վիրավորվեցի: Առաջին անգամ վերքս թեթև էր. քունքս պատռվեց, արյունը լցվեց աչքս, սպին մինչև հիմա կա:

Ցույց էր տալիս քունքի սպին։

Երկրորդ անգամ արկի պայթյունից կոշտ հողակտորը թռել էր, պատռել

բամբակե զինվորական շալվարս, հասել ոսկորիս: Երբ նայեցի, ինձ թվաց թե շալվարիս բամբակն է. հետո տեսա, որ երևացող սպիտակը՝ ծնկիս ոսկորն է: Տեղափոխեցին Մագնիտագորսկ, պառկեցրին զինվորական հոսպիտալում: Վեց ամիս բուժվեցի, բայց վերքս այդպես էլ չփակվեց: Արձակուրդ տվեցին:

Վերջին գիշերս էր հոսպիտալում:

Վիրավորների մեջ մի թուրք տղա կար. մտնում էր սպաների հիվանդասենյակները և փողով թուղթ (ղումար) էր խաղում: Սպաները փող շատ ունեին, երկու-երեք ամսվա աշխատավարձը միանգամից էին ստանում: Թուրքը բոլորի փողերը կրեց: Հիվանդանոցային խալաթի գրպանը լցրեց:

Հետո եկավ զինվորներիս հիվանդասենյակ: Ես ընդամենը 200 ռուբլի ունեի: Առաջարկեց խաղալ: «Աչկո» խաղալ չգիտեի, բայց ունեցածս փողը, որ այդ օրն էի ստացել, որպես գործուղման դրամ, որ տուն հասնեի, մի բան չէր՝ հազիվ 2 կգ հացի գումար։

Համաձայնեցի։ Ի դեպ, առաջին անգամ էի խաղում։ Հարցրի՝ ո՞նց են խաղում, բացատրեց իբր: Խաղացինք, մեկ էլ տեսնեմ թուրքի գրպանի փողերը կամաց-կամաց լցվում են գրպանս:

Այդպես է, առաջին անգամ խաղացողի բախտը միշտ բերում է: Գիշերվա 12-ին, երբ լույսերը հանգցրին, թուրքը համարյա բոլոր փողերը տանուլ էր տվել: Ասաց․

- Ոչինչ, առավոտյան կշարունակենք:

Մտքումս ասի, եթե ինձ գտնես՝ կշարունակես, բա չե՞ս շարունակի: Չգիտեր, որ առավոտ շուտ, ինձ այլևս չի գտնելու, արձակուրդ էին ուղարկում վիրավոր ոտքիս պատճառով:

Մայիս ամիսն էր: Ստալինգրադը դեռ ազատագրված չէր: Գնացքով Ստալինգրադից պիտի նախ գնայի Բաքու, Թիֆլիս, հետո Երևան: Մեզ քարտեր էին տվել, որ կայարաններում իջնենք, մթերք ստանանք: Բայց այնպիսի հերթ էր գոյանում, եթե կանգնեիր, տասը օրից չէր հասնի հերթդ: Հետո էլ գնացքում նստելու տեղ չէիր գտնի: Հաշվեցի, տեսնեմ 8000 ռուբլի ունեմ: Կիսակայարաններում իջնում էի, թուրքից կրած փողով ուտելիք գնում, ուտում, մի բան էլ բաժին հանում մյուսներին:

Գնացքն այնքան լիքն էր, որ շատերը գնացքի վագոնների վրա նստած կամ պառկած էին ճամփորդում։ Փող տվեցի, գնացքի ուղեկցորդը կողքին տեղ տվեց: Մեկ ամիս տևեց: Առոք-փառոք Թիֆլիս հասա, հաշվեցի, կրածս 8000 -ից՝ 400 ռուբլի էլ գրպանումս էր մնացել: Մտածեցի, այ մարդ, եթե թուրքին կրած չլինեի, իրենց տված 200 ռուբլով ո՞նց էի գոյատևելու, հաստատ սովահար կլինեի:

1942-ի հունիսի 22 ին հասա Երևան: Տրամվայ կար, բայց այնքան էի կարոտել Երևանին, որ որոշեցի ոտքով հասնել Արաբկիր: Տրամվայում արաբկիրցի մի կին ինձ տեսնում, գնում մորս ասում է, թե տղադ գալիս է: Հասա Արաբկիր, մեր հարևանը բռնեց, տարավ իր տուն մտցրեց, պահեց: Մորս հոգու հետ է երևի ուզեցել խաղալ:

Խեղճ մայրս լացելով, հորեղբորս աղջկան շալակին, խելագարի պես այս կողմ , այն կողմ է վազել, ինձ փնտրել: Վերջապես հանդիպեցինք...

Մայրս այդ գիշեր աչք չփակեց: Պատմում էր, որ երազ էր տեսել ու երազի մեջ մի բարի մարդ իրեն ասել էր․

- Պատերազմը, որ օրը որ սկսվել է, մեկ տարի հետո նույն օրն ավարտվելու է քեզ համար:

Այդպես էլ եղավ. 1942-ի հունիսի 22-ին ես տանն էի. մորս համար ավարտվեց պատերազմը, որդին տանն էր:

Սիլվա ՅՈՒԶԲԱՇՅԱՆ



***

Նա այդ գիշեր մինչև լույս խոնարհված էր սնարիս...

Դեռ ինձանից հողմի հոտ ու ծխի հոտ էր գալիս,

Վառոդի հոտ էր գալիս սպիներից իմ ցավոտ,

Իսկ իմ բարձից` մանկության ու մայրական ձեռքի հոտ:

Նա այդ գիշեր մինչև լույս խոնարհված էր սնարիս...

Լսում էի կիսարթուն` Աստծո անունն էր տալիս,

Հավատում էր, թե իրոք նա պահպանել իր որդուն

ՈՒ փրկել է հրաշքով ու բերել է ահա տուն:

Նա այդ գիշեր մինչև լույս խոնարհված էր սնարիս...

Զարթնում էի... Շշուկով դեռ աղոթում, դեռ լալիս,

Դեռ սպիներս էր շոյում, թեքվում, ծածկում էր վրաս,

Չէր հավատում դեռ կարգին` իրական է, թե երազ:

Նա այդ գիշեր մինչև լույս խոնարհված էր սնարիս...

ՈՒ չկա մայրս հիմա... Նա երազիս է գալիս,

Թեքվում, ծածկում է վրաս, Աստծո անունն է տալիս,

Նոր սպիներս է շոյում, աղոթում է ու լալիս...

ՈՒ թվում է հավիտյան խոնարհված է սնարիս...

Վ․ ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 7279

Մեկնաբանություններ