Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Կենաց կանոնագիրք

Կենաց կանոնագիրք
18.05.2024 | 14:02

Պատրաստ եմ ընդունելու Աստծո ամենամեծ նվերը ՝ տերունական ազատությունը: Դրան արժանանալու համար պատրաստ եմ անցնե ազնվության ճանապարհը, Ճանաչել ինքս ինձ, շրջապատող աշխարհը, աստվածային օրենքներն ու օրինաչափությունները և բարձրանալ էության աստիճաններով՝ հասնել առաքելության արարչական գիտակցության ու կենաց լույսը վերածել կենսական մշակույթի:

ԿՅԱՆՔԸ ԻՆՔՆԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՆԸՆԴՀԱՏ ԸՆԹԱՑՔ Է

Հայ մարդու կառուցման հիմքում դրված է.

Ա. ընտանիքի, համայնքի, ժողովրդի, պետության արժանապատվությամբ ձևավորված սեփական արժանապատվությունը:

Բ. Անահատական շնորհների զարգացման վրա ձևավորված ազատությունը:

Իր առաքելության ճանաչում աստվածային օրենքների միջոցով:

Գ. Իր անձի դրական և բացասական հատկանիշների ճանաչման, իր տոհմածառի ճանաչման, իր ժողովրդի պատմական օրինաչափությունների ճանաչման, համաշխարհային օրինաչափությունների ճանաչման իմաստությունը:

Դ. Ազգային ավանդական հիմքի վրա ծիսական համակարգի տիրապետումը և գործադրումը:

Ե. Զինվորական համալիր պատրաստակամության անընդհատ ամրապնդումը:

Զ. Օրենքի ուժի և պետականության կամքի ամենօրյա հաստատումը:

Առանց հոգևոր ընդհանրության դաստիարակություն չի կայանա:

Դե, գոռա՛, բղավի՛ր երեխայի վրա, որ նա իր ականջներից հանի մատները, լսի քեզ, լսի քո խրատները:

Ոչինչ չի ստացվի. կապ չի լինի, որովհետև խառնել ենք հոգևոր ընդհանություն հաստատելու կարգը:

Ավտորիտար մանկավարժությունը մեր գիտակցության սահմանափակության ու աղքատության մանկավարժությունն է: Իսկ ինչպես ընդլայնել գիտակցությունը՝ այդ մասին մեզ միահամուռ ուղղորդում են համաշխարհային մանկավարժության դասականները. գիտակցությունն ընդարձակել հարկավոր է նյութականից մինչև հոգևորը՝ հասկանալով, որ ոգին է ամեն նյութականի սկիզբը:

Ոգեղենությունը կոչենք մեր գիտակցության բարձրագույն՝ չորրորդ չափումը:

Այո՛, գոյություն ունեն նյութապաշտական եռյակներ, ինչպես՝ ժամանակ, նյութ, տարածություն, կամ՝ երկարություն, լայնություն, բարձրություն, կամ՝ ուսուցիչ, աշակերտ, ծնող և այլն:

Բայց կան և իրողություններ, որոնք արտահայտվում են հասկացություններով՝ Հավերժություն, Անսահմանություն, Անմահություն, Ոգի, Ոգեղենություն, Աստված: Դրանք մատով ցույց չես տա, ոչ էլ կչափես։ Բայց դրանց մասին սիրտը գիտի, որն իր զգացաիմացությամբ ու ոգեղենի իմացությամբ կհուշի մեզ, որ մենք Հավերժության Ճամփորդներ ենք, և դա ավելի կարևոր է, քան Երկրի վրա անցորդ լինելը: Եվ գիտակցությունը նույնպես կհաստատի, որ «մեր հոգին երկնային ծագում ունի», և որ մարդկության կյանքի ամբողջ փորձը և գիտակցության զարգացումը կապված են ոչ միայն և ոչ այնքան գիտության հետ, որքան այն հավատի, որ հենց ճշմարտության կանխազգացումն է:

Այսպիսով՝ չորրորդ՝ հոգևոր չափում:

Ինչպիսի՞ վարկածներ է այն ներառում:

Դրանք երեքն են.

• Բարձրագույն Աշխարհը՝ Հոգևոր Աշխարհը՝ Աստծո Աշխարհը իրականությունն է:

• Մարդու հոգին անմահ է ու ձգտում է հավերժական կատարելության ու վերելքի:

• Երկրային կյանքը հավերժական հոգևոր վերելքի ՈՒղու մի հատվածն է:

Վարկածը հենց նրա համար էլ վարկած է կոչվում, որ ընդունվում է հավատի, այլ ոչ թե ապացույցների հիման վրա: Մենք չենք էլ կարող ապացուցել այդ վարկածները: Այնպիսի փաստ, տրամաբանություն կամ գիտություն չկա, որ ի վիճակի լինեն հայտարարելու այս վարկածները որպես ճշմարտություն, ինչպես նաև չկա փաստ, տրամաբանություն ու գիտություն, որ կարողանա հակառակն ապացուցել:

Մի բան է մնում. կամ ընդունել դրանք որպես մեր սեփական ճշմարտություն, այսինքն՝ հավատալ դրանց, այդ դեպքում գիտակցությունը պետք է սովորի մտածել այդ հիմքերի վրա, կամ էլ անձնապես հերքել դրանք, այսինքն՝ հավատալ հակառակին, և այդ դեպքում գիտակցությունը կփնտրի այլ վարկածներ, քանի որ առանց դրանց միտքը կլճանա, կյանքը կվերածվի ճահճի:

Բայց մեզ բոլորիս անհրաժեշտ է հետևել բարոյական կանոններին. նրանք, ովքեր հավատում են մեկին, թող չվիճեն ու չխանգարեն նրանց, ովքեր հավատում են մյուսին:

ՍԻՄՖՈՆԻԱ. ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Օ՜, Երեխա…

Եթե մեր գիտակցությունն ընդունի հավատը Արարչի նկատմամբ, ապա մեր մեջ կստեղծվի նոր պատկերացում մեր մասին, և այն կտանի մեզ դեպի նոր կրթական Մտատաճարի փնտրտուքին: Կրթությունն ու դաստիարակությունը կդառնան ոչ թե մեր զգացմունքների արտաքին դրսևորումն ու նյութականությամբ սահմանափակվող մեր գիտակցության արդյունքը, այլ մեր հոգու վիճակը, դրանք մեր կյանքը կդառնան:

Այսպիսով՝ ո՞վ ես դու մեզ համար, եթե մենք ընդունենք Արարչի, հոգու անմահության և վերելքի մասին միտքը:

Այդ ժամանակ մեր երևակայությունը մեզ կասի.

- Երեխան Երկրային Կյանքում հայտնություն է:

- Երեխան իր Առաքելության կրողն է:

- Երեխայի մեջ ամփոփված է Ոգու մեծագույն էներգիան:

Այս ամբողջը՝ իրար գումարած՝ կնշանակի. դու Հավերժության Ճամփորդն ես, մեր երկրային տան ցանկալի և երկար սպասված հյուրը:

Բայց դա քո մասին ասելով՝ նպատակ չունենք մեզ նվաստացնելու: Մենք էլ ենք երեխա եղել, հետո մեծացել ենք, ինչպես որ դու էլ կմեծանաս: Նշանակում է՝ մեզանից՝ մեծահասակներիցս, յուրաքանչյուրը նույնպես հայտնություն է, նույնպես իր Առաքելությունը կրողը ու նույնպես տիրապետում է Ոգու մեծագույն էներգիայի: Մեր միջև տարբերությունն այն է (իհարկե, արտաքին), որ մենք այս աշխարհ ենք եկել քեզանից առաջ և հասցրել ենք փորձ կուտակել, դրա համար էլ մենք մեծ ենք, իսկ դու նոր ես ժամանել ու դեռ փորձ չունես, դրա համար էլ փոքր ես: Այնպես է Երկիր մոլորակի վրա սահմանված, որ մեծահասակները հոգ են տանում փոքրերին:

Բայց ո՞վ ենք մենք քեզ համար:

Քիչ է ասել՝ ծնողներ կամ ուսուցիչներ կամ դաստիարակներ:

Եթե քո ծնունդը Աստծո կամոք է, ապա մենք, որ հանձն ենք առել քեզ խնամելը, Աստծո աշխատակիցներն ենք: Ահա, թե ովքեր ենք դառնում մենք քո գալուց անմիջապես հետո:

Դու քո Առաքելության, քո Կոչման կրողն ես: Իմաստուն գրքերում ասված է, որ հոգևոր աշխարհում երկրային կյանքի հանձնարարությունը կանխորոշված է, և որ այս աշխարհ եկած ամեն արարած իր լույսի կայծն ունի, երբ հասկանում է, թե հատկապես որ բեռն է ստիպում իրեն ընդունելու այս կամ այն փորձությունը:

Ոմանք այդ կայծը կոչում են ոգևորության վիճակ, մյուսները՝ սքանչացման, երրորդները՝ ճնշման, չորրորդները՝ քնի վիճակ: Բայց ասված է նաև, որ երկրային կյանքին տրվող մարդիկ մոռանում են կայծի մասին և անգամ չեն ընդունում, որ կարող է նման բան լինել: Դրա համար էլ այնպես կապրեն, որ անգամ չեն իմանա, թե ովքեր են իրենք, և իրենց մեջ ոչ մի կոչում չեն փնտրի: Գուցե նրանք բարի, դաստիարակված մարդիկ կդառնան, չեն վնասի ուրիշներին, կօգնեն և կկարեկցեն անգամ, բայց հոգևոր զարգացման մեջ հազիվ թե կարողանան առաջ գնալ։

Բայց, ցավոք, Երկրի վրա միլիոնավոր չար մարդիկ են ապրում: Հանցագործների, նախանձների, չարամիտների, ագահների, մարդասպանների, սրիկաների ու դավաճանների ամբողջ ցեղը սերում է նրանցից, ովքեր չեն հավատում և անգամ չեն էլ մտածում, որ իրենց մեջ բարձրագույն կոչում է ամփոփված: Իսկ կոչումը կարող է միայն լուսավոր, զարգացում ապահովող ու բարիք բերող լինել:

Օ՜, Երեխա…

Մենք չգիտենք՝ որն է քո Առաքելությունը, չգիտենք՝ հանուն ինչի ես դու ծնվել: Միայն դու կարող ես գիտակցել ու քո մեջ բացահայտել, թե դու ինչու ես եկել: Բայց մենք, հավատալով, որ դու Երկրի վրա քո բաժին հրաշքն իրականացնելու պարտավորությունն ունես, նրբանկատորեն ու զգուշությամբ կհիշեցնենք լույսի կայծի մասին, կօգնենք քեզ բացահայտելու ոչ միայն արտաքին, այլև քո ներքին աշխարհը, որտեղ դու կճանաչես քեզ:

Բայց դու էլ, այդ մասին անգամ չմտածելով, մեզ մեր լույսի կայծի մասին հիշեցնող խթան ես դառնում: Դու ապագայի մասին մեր հիշեցումն ես, ու ոչ միայն մենք ենք քո ծնողները, դաստիարակներն ու ուսուցիչները, այլև, խոստովանում ենք, դու ինքդ ես մեր Դաստիարակն ու Ուսուցիչը:

Մենք բազմաթիվ օրինակներ ունենք, թե ինչպես են մարդիկ բացահայտել իրենց մեջ սեփական Առաքելությունը, իրենց կոչումը, գտել իրենց ուղին:

Ահա Պյոտր Իլյիչ Չայկովսկու զարմանալի օրինակը, ում երաժշտությունը հարյուր տարուց ավելի է, ինչ ազնվացնում ու ոգեղեն է դարձնում Երկիր մոլորակը: Նա ավարտել է Սանկտ Պետերբուրգի իրավագիտության ուսումնարանը, և տասնինը տարեկանում աշխատանքի անցել արդարադատության նախարարությունում:

Դա կարող էր փայլուն կարիերայի սկիզբ նշանակել: Բայց երաժշտության հանդեպ սերը արդեն քսանմեկամյա երիտասարդին բերում է Ռուսական երաժշտության ընկերության երաժշտական դասարաններ: 1862 թվականին այդ դասարանները վերափոխվում են Պետերբուրգի կոնսերվատորիայի: Եվ ահա թե ինչ նամակ է գրում նա իր հարազատներին. «Ես ընդունվել եմ նորաբաց կոնսերվատորիան: Մի կարծեք, թե երևակայում եմ, թե մեծ արտիստ եմ դառնալու: Ես պարզապես ուզում եմ այնպես անել, ինչպես ինձ թելադրում է իմ կոչումը»:

Պյոտր Իլյիչ Չայկովսկին որսաց իր «Աստվածային կայծը», լույսի կայծը, և ամբողջ աշխարհը նրանից ստացավ նրա ոգու շնորհը՝ մեծագույն, նրբաճաշակ երաժշտություն: Բայց եթե նա բաց թողներ այդ կայծը՝ տարվելով չինովնիկական կյանքով, աշխարհը կկորցներ այդ շնորհը և չէր էլ իմանա, որ իր հոգևոր զարգացման համար մի շատ կարևոր բան չի ստացել: Արդյոք մենք գիտե՞նք, թե ինչ հարստությունից ենք զրկվում այն պատճառով, որ շատեը, շատ-շատերը հայացք չեն գցում իրենց հոգևոր աշխարհին: Արդյոք տխրու՞մ ենք, որ ո՛չ ծնողները, ո՛չ դաստիարակներն ու ո՛չ էլ ուսուցիչները հետաքրքրություն չեն արմատավորել նրանց մեջ իրենց իսկ նկատմամբ, այլ միայն փաթաթել են վզին իրենց կամքը:

Օ՜, Երեխա…

Մենք փորձում ենք ուղղել մեր մոլորությունները:

Մենք չենք փաթաթի մեր կամքը քո վզին, բայց կջանանք, որ դու ընդունես այն գաղափարը, որ դու երկրային կյանքի պատահականություն չես, դու կոչում ունես ու պիտի բացահայտես դա քո մեջ, որ կյանքդ ծառայություն դառնա, այլ ոչ թե պարզապես կեցություն փոխաբեռնման կայարանում: Մենք քեզ կասենք, որ ամեն մեկն իր ուղին ու Առաքելությունն ունի։ Առաքելությունն անկրկնելի է, ինչպես անկրկնելի է մատնադրոշմը, մաշկի բույրը, աչքերի գույնը, և բացի քեզնից Երկրի վրա ոչ ոք չի իրականացնի և չի կարող իրականացնել քո Առաքելությունը: Ամեն մարդ եզակիություն է, և ամեն ոք շատ անհրաժեշտ է աշխարհին: Բայց որն է մեր դժբախտությունը. մեր դաստիարակությունը հիվանդ է: Ծնողները, դաստիարակներն ու ուսուցիչները, ամբողջ հասարակությունը՝ իրենց պետություններով ասես իրար հետ համաձայնության են եկել, որ երեխաներին հեռացնեն իրենց ներքին աշխարհից, ներքին ձայնից, լույսի կայծից: Պետությունը հայտարարում է տաղանդավոր երեխաների հավաք, որպեսզի դաստիարակելով նրանց՝ հետո կապիտալ ստանա, բազմապատկի նյութական բարիքը: Բայց սա խնամք չէ կոչման հանդեպ, քանզի տաղանդը միշտ չէ, որ կոչման կազմում է, այլ միջոց է նրան հասնելու: Սակայն, ինչպե՞ս վարվել երեխաների հետ, որ միլիոնավոր են, և ամեն մեկն ունի իր առանձնահատուկ տաղանդը: Նրանք չեն կարող փայլել դրանով, այդ տաղանդը նրանց ներքին կոչն է, Առաքելությունն է. պետք է շատ կարևոր մի բան անել, թող որ անտեսանելի ուրիշների համար, հարկավոր է հավաքել փորձաքարերը, տգիտության քարերը, որպեսզի կյանքն առաջ ընթանա և մարդկության զարգացումը չսայթաքի նրանց պատճառով: Սահմանափակող մանկավարժական գիտակցությունը ձգտում է նյութականին՝ ի վնաս հոգևորի:

Բայց մենք կասենք քեզ ու կհիշեցնենք՝ երջանիկ է այն մարդը, ով բացահայտել է իր Առաքելությունն ու ծառայում է դրան:

Երջանիկ է նաև նա, որ փնտրում է դա իր մեջ: Ծառայության սկիզբը հենց այն հարցի պատասխանն է, որ մենք ուզում ենք, որ ծնվի քո մեջ. ինչո՞ւ եմ ես ապրում, ինչո՞ւ ենք մենք ապրում, ինչի՞ն ենք նվիրում մեր կյանքը: Քանզի ապրում են նրանք, ովքեր իրենց կյանքը նվիրում են ինչ-որ գեղեցիկ բանի:

Մենք կառաջարկենք քեզ Ճամփորդի ցուպն ու կասենք՝ փնտրի՛ր, դու պետք ես աշխարհին, նրան հարկավոր են քո շնորհները, և թող քեզ չշփոթեցնի այն, որ դրանք այնպիսին չեն, ինչպիսին Պուշկինինը, Չայկովսկունը, Տրետյակովինն ու Վերնադսկունը: Միգուցե քո աննկատ ներկայությունը մեկի կյանքում հենց քո Առաքելությունն է։ Գուցե քո կոչումն այն է, որ դու ցույց տաս կարևոր բանբերին՝ ինչպես անցնի անծայրածիր դաշտը: Միգուցե քո Առաքելությունն ապագայի համար մի մագաղաթ պահպանելն է:

Կարևորն այն է, որ դու հասկանաս քո անհրաժեշտությունն աշխարհի համար:

Առաջին խնդիրը.

Սովորել նպատակի ձևավորում: Նապատակին հասնելու խնդիրների հստակեցում և դրանք հաղթահարելու ծրագրերի ձևավորում: Ժամանակի կառավարումը և երկարատև կյանքի ձևավորումը սկսել առողջության օրենքների տիրապետումից:

Ամեն գործի մեջ հանդես բերել սեր ակտիվություն, խոհեմություն, ինչպես Ելենա Ռերիխն է նշում` աշխատիր ինքդ քո իմաստուն քանդակագործը լինել և ուրշների հետ աշխատելիս զգուշացիր վատ ընկերության ձեռքերում փխրուն կավ լինելուց: Ինքնաճանաչողության ընթացքը երբեք չի լինում առանց հակամարտության

Ցանկությունները փայփայել ու պահուստավորել կյանքի մատյանում, քանի որ այն զորավոր ազդակ է երկարատև կյանքի ստեղծագործության համար:

Ընտրել լավ բարեկամներ և՝ լավ գրքեր կարդալ, քննարկել, կենսական հետևություններ անել, հիշել և գործի դնել և նրանց հետ բարի որակները բազմապատկել:

Աստիճանաբար ձևավորել նպատակները և իրագործման ծրագրերը հետևողական խելացի աշխատանքով շրջապատող ամեն ինչի նկատմամբ ներդաշնակությամբ լի կյանքի արարման համար:

Ինքնակատարելագործման ճանապարհին ընտրված նպատակներն ու ծրագրերը բարոյական զարգացման շարժիչներ են: Առանց մեծ սիրո և հզոր կամքի հնարավոր չէ հաղթահարել իրավիճակների առաջացրած դժվարություններն ու խնդիրները:

Խուսափել ամեն վատ մտքից խոսքից ու արարքից, որպեսզի պահպանես կանոնավոր ներդաշնակությունը դեպի քեզ եկող շրջապատի պարգևների առջև:

Ամեն աշխատանքի վերաբերվել խելացի, զգուշորեն, սիրով և համբերատարությամբ հաղթահարել ամեն ձանձրույթ, քանի որ որպես բանական մարդ քեզ առաջնորդում է նպատակի իրագործումը:

Սիրելու ունակությունը, մասնավորապես, տեսնելու, գիտակցելու և ընդունելու կարողությունն է և՛ իրեն, և՛ ընտրյալին։

Խոսքը ներկայացնել պարզ, հստակ, ճշմարիտ և կարճ:

Հեռացիր դատարկախոսության և սուտի միջավայրից:

Որտեղ ատելություն ու չարիք կա այնտեղ գործում է երկպառակությունը, վնասակար զվարճանքները, գայթակղությունը և անտրամաբանությունը:

Ազնվությունը միակ հիմքն է մարդկանց հետ շփվելու և բոլոր դժվարությունները ժամանակի մեջ հաղթահարելու համար:

Լինել հավասարակշռված և ինքնակառավրելի հաճույքի և տառապանքի մեջ, ուրախության և տխրության մեջ:

Սիրո միջոցով ատելությունը հաղթահարելով նոր ճանապարհներ ես բացում նպատակների իրագործման ճանապարհին:

Սերը աշխարհը կառավարող ուժն է: Հանուն սիրո ամեն ինչում հնարավոր է հաղթահարել չարին և կյանքը դարձնել ուրախության ճառագայթ շրջապատի համար:

Յուրաքանչյուր միտք փայփայել, խնամել երեխայի պես ու արթուն պահել նրա մեջ բարեկամական ստեղծարար ուժը: Թույլ չտալ, որպեսզի ոչ կարևոր բաները թուլացնեն քո համառությունը նպատակի ճանապարհին:

Գիտելիքներով չհպարտանալ, այլ ամեն հնարավորության պարագայում կիսվել ու հզորացնել շրջապատին:

Դատարկ րոպեները ծուլության բույն են հյուսում, իսկ խելամիտ անցկացրած րոպեները գեղեցկացնում են հոգու իսկական գործվածքը:

Միշտ պետք է մտածել այն մասին թե ինչպես մարդկանց կյանքը բարելավել և տառապանքները թեթևացնել:

Փորձություններն ու անհաջողությունները հաղթահարել խոհեմությամբ դիմացկունությամբ և հավատով ինքդ քո նկատմամբ և ձեռք կբերես նոր որակներ, որպեսզի լինես կատարելապես զինված հետագա պայքարի համար:

Ինձ շրջապատող մարդիկ՝ իմ հայելիներն են։ Նրանք արտացոլում են, հաճախ իմ կողմից չգիտակցված, սեփական կյանքի ասպեկտները։ Օրինակ, եթե ինչ-որ մեկը ինձ վիրավորում է, նշանակում է, ես ինքս, հոգուս խորքում պատրաստ եմ նրան վիրավորել։ Այնպես որ պետք չէ ոչ մեկից նեղանալ։

Ես հասկանում և գիտակցում եմ, որ ինչ կատարվում է իմ կյանքում՝ իմ զգացմունքների և տպավորությունների հիման վրա կազմված սեփական ընտրության արդյունքն է։ Այնպես որ չկա մեկը, որին կարելի է մեղադրել։ Իմ ճակատագրի հեղինակը՝ ես ինքս եմ։

Կարելի է ամեն ինչում մեղադրել ուրիշներին և հուսահատվել, իսկ կարելի է նաև ամեն օր վաղ արթնանալ և ձգտել հասնել հաջողությունների։ Ապագան երբեք հենց այնպես չի կատարվում։ Այն ստեղծվում է։ Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել իմ ընտրության համար։

Ես գիտակցում եմ իմ կարծիքների և դատողությունների սխալի հավանականությունը։ Սեփական ճշմարտացիության զգացողության հետ կապվածությունը վաղ թե ուշ բերում է անձնական աղետի։ Ով սրբորեն հավատում է աշխարհի իր սեփական պատկերացումների հիման վրա ստեղծված պատկերին, նա չի տեսնում աշխարհը։

Ես ունեմ ուղիղ այնքան և այն, ինչին ես եմ համապատասխանում։ Ոչ ավելի և ոչ էլ պակաս։ Վերաբերվի դա հարաբերություններին, պաշտոնին, թե փողերին։ Այնպես որ, բոլոր իմ հավակնություններն անիմաստ են։ Լինել դժբախտ՝ սովորություն է։ Լինել երջանիկ՝ նույնպես սովորություն է։ Իսկ թե ինչին սովորել՝ ընտրում ենք ինքներս։

Անցյալ գոյություն չունի, որովհետև այն այլևս չկա։ Ապագա չկա, որովհետև այն դեռևս չկա։ Անցյալից կախվածությունը բերում է դեպրեսիաների, ապագայի մտավախությունը ծնում է տագնապներ։ Քանի ես կենդանի եմ՝ ես անմահ եմ։ ՈՒրախանալու առիթ կա։

Սուրեն ԳՐԻԳՈՐ

Դիտվել է՝ 581

Մեկնաբանություններ