Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

«Աստվա՛ծ, ողորմի՜ր ինձ՝ մեղավորիս»

«Աստվա՛ծ, ողորմի՜ր ինձ՝ մեղավորիս»
28.04.2024 | 23:01

Բնույթով մեր միտքը խավարած է եւ հեռացած Աստծո կյանքից՝ մեր մեջ եղած տգիտության պատճառով:
Մեր սիրտը կուրացած է:
Աստծո Հոգու բաները հիմարություն են մեր բնույթի համար:
Մենք չենք կարող դրանք հասկանալ, որովհետեւ դրանք հոգեւորապես են քննվում:
Մենք ոչ մի բան ճշգրիտ չգիտենք: Մենք քայլում ենք խավարի մեջ: Աստված խոսում է մեկ անգամ, երկու անգամ, սակայն մենք անընդունակ ենք հասկանալու, թե ինչ է Նա ասում: Մենք շարունակ լսում ենք, բայց չենք հասկանում:
Մենք ունենք մարմնավոր միտք, որը թշնամություն է դրսեւորում Աստծո հանդեպ: Այն չի ուզում եւ չի էլ կարող ապրել Աստծո օրենքին հնազանդ:
Մեր ապականված սիրտը շարունակ ասում է.
«Ամենակարողն ո՞վ է, որ Նրան ծառայենք»:
Մենք արհամարհում ենք Աստծո օրենքը: Մինչդեռ մենք պատրաստ ենք եւ աշխատում ենք կատարել այն ամենը, ինչ մեր միտքն է թելադրում, եւ մեր բերանն է հայտարարում: Մենք գնացել ենք մեր սրտի ցանկությունների հետեւից եւ արել ենք այն, ինչ հաճելի է եղել մեր աչքերին՝ շարունակ իրականացնելով մեր մարմնի ու ինքնահաճո մտքի ցանկությունները:
Մեր սրտի երեւակայության առաջին միտքը չարիք է, միայն չարիք, ամբողջ օրը: Այդ անպտուղ խորհուրդները մեր միտքը զբաղեցրել են երիտասարդությունից ի վեր: Որքա՜ն երկար են այդ դատարկ մտքերը բնակվում մեր մեջ: Մեր անմիտ մտքերը միախառնված են մեղքով: Քանի որ ներսից՝ սրտից են դուրս գալիս չար խորհուրդները:
Ո՛վ Աստված, Դու մեր բոլոր մտքերի կենտրոնում չես, ինչպես որ պետք է լինեիր:
Մենք լավ ենք, երբ Դու շարունակ մեր մտքում ես:
Դու՛ ես այն Ժայռը, որ մեզ ստեղծել ես, բայց մենք մոռացել ենք Քեզ՝ մեր Արարիչ Աստծուն:
Մենք Քեզ անթիվ օրեր ենք մոռացել:
Մեր սիրտը կենտրոնացել է ծայրահեղ փուչ ու անօգուտ բաների վրա:
Մեր հոգու խորքում մենք մտածում ենք, որ կյանքում մեր մեծագույն ձեռքբերումները, որ մեր տունն է, մեր ընտանիքը, այն ամենը, ինչ ինքներս ենք ձեռք բերել, կմնան հավիտյան: Հիմար հարուստի նման մենք մոռացել ենք, որ Դու հենց այս գիշեր կարող ես մահը բերել մեր դռան մոտ եւ մեզանից հաշիվ կպահանջվի:
Ի՜նչ հիմար ենք եղել մենք:
Մեր ցանկություններն ուղղված են եղել երկրավոր բաներին, մինչդեռ դրանք պետք է ուղղված լինեին երկնավոր բաներին:
Մենք պետք է գանձեր դիզեինք երկնքում, որոնք հավիտյան կմնային, որտեղ Քրիստոսն է նստում Քո աջ կողմում: Սակայն դրա փոխարեն մենք կենտրոնացել ենք երկրավոր գանձեր կուտակելու վրա, որոնք անխուսափելիորեն կորչելու են:
Այդ երկնային գանձերը փնտրելը չի եղել մեր ամենամեծ ցանկությունը: Մենք բռնված ենք եղել ունայն բաներով, որ խաբել են մեզ:
Մենք նույնիսկ թողել ենք Քո ողորմությունները, որ այնքան մեծահոգաբար տվել էիր մեզ:
Մենք ընկել ենք փողի` փոշու հետեւից եւ լցվել ենք հոգսերով, թե ինչ պիտի ուտենք, ինչ պիտի խմենք եւ ինչ պիտի հագնենք:
Փոխարենն առաջինն Աստծո թագավորությունը եւ Նրա արդարությունը փնտրելու՝ մենք մեր ողջ կյանքը կենտրոնացրել ենք այնպիսի բաների վրա, որոնց վրա անհավատ ու անաստված մարդիկ են կենտրոնանում:
Մենք մեր հոգու փափագն ուղղել ենք ունայնությունների եւ մեր աչքերն ուղղել ենք բաների, որ նույնիսկ իրական չեն: Մենք փափագել ենք տեսանելի բաներ, որոնք շատ կարճաժամկետ են: Իսկ այն բաներին, որ մնում են հավիտյան, չենք հավատացել, հետաձգել ենք ու մոռացել:
Մենք ամեն բան արել ենք մեր մարմնի անվերջանալի ցանկություններն իրականացնելու համար: Մենք առաջ ենք մղել մարմնի կրքերը, որոնք պատերազմում են հոգու դեմ:
Մենք ավելի հեշտասեր ենք եղել, քան աստվածասեր:
Երբ մենք կերել եւ խմել ենք, դա արել ենք մեր անձերը բավարարելու, ոչ թե Աստծուն փառավորելու համար:
Տե՛ր, ես Քեզ մոտ եմ գալիս ինքն իրեն մեղադրող մաքսավորի պես, որ Քո ներկայությունից հեռու էր կանգնել եւ նույնիսկ աչքերը երկինք չէր բարձրացնում, այլ աղոթելիս իր կուրծքն էր ծեծում: Ես էլ նրա նման աղոթում եմ.
«Աստվա՛ծ, ողորմի՜ր ինձ՝ մեղավորիս»:
Ես էլ նրա նման ինձ տեսնում եմ որպես աշխարհի ամենավատ մարդը:
Ամբողջովին լվա՛ ինձ իմ հանցանքներից եւ մաքրազատի՛ր ինձ իմ մեղքերից, որովհետեւ ես ընդունում եմ իմ հանցանքները, եւ իմ մեղքերը բացահայտ հայտնի են ինձ:
Մաքրի՛ր ինձ Զատկի օրը կատարած Քրիստոսի զոհի Սուրբ Արյունով։
Սուրբ Հոգովդ լցրու և օգնիր ապրենք Քեզ համար, Քեզանով, Քեզանից։
Հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու:
Ամե՜ն:

Հրայր ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2242

Մեկնաբանություններ