Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

Ապաշխարության աղոթք Հայոց

Ապաշխարության աղոթք Հայոց
27.04.2024 | 15:10

ՔԵԶ, ՍՈՒՐԲ ՀԱՅՐ, ԱՐԱՐԻՉ երկնքի և երկրի, և ՔՈ Միածին ՈՐԴԻ մեր ՏԷՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ և Կենդանարար ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒԴ, և Աներևույթ ու Անբաժանելի ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆԴ Միությանը, ՔԵԶ ենք ճանաչում ԱՐԱՐԻՉ երկնքի ու երկրի, երևելի ու աներևույթ ամեն ինչի: ԴՈՒ ես Միակ ԱՍՏՎԱԾԸ, և ՔԵԶԱՆԻՑ բացի այլ աստված չկա: Մարդասիրությունիցդ դրդված, Արարչությանդ փրկության համար վերջին ժամանակներում ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆԻՑԴ ՄԵԿԻՆ ծնունդ տվեցիր Սուրբ Մարիամ Կույսից և բոլոր տանջանքները ՔՈ Մարմնով բարձրացնելով տարար և բևեռեցիր խաչափայտին: Նրա վրա հեղելով ՔՈ Սուրբ Արյունը՝ այս աշխարհն ազատեցիր մեղաց անեծքների ծառայությունից: Մեռար, թաղվեցիր ու հառնեցիր: Եվ երկինք վերանալով՝ տվիր ավետիս խոստման, որ տանես ՔԵԶ մոտ բոլորին, ովքեր ՔԵԶ են համարում Ճշմարիտ ԱՍՏՎԱԾ, Թագավոր թագավորաց և ՏԷՐ տերանց, մեր մեղքերի Քավիչ ԱՍՏՎԱԾ:
Օրհնյալ ես, ՏԷ՛Ր, մեր հայրերի՛ ԱՍՏՎԱԾ, հավիտյանս գովյալ և փառավորյալ է ՔՈ Անունը, որովհետև ԴՈՒ արդար ես այն ամենի մէջ, որ բերեցիր մեզ վրա, ՔՈ բոլոր գործերը ճշմարիտ են, ՔՈ ճանապարհները՝ ուղիղ, և ՔՈ բոլոր դատաստանները՝ արդար.
ԴՈՒ ըստ ամենայնի արդար ես այն ամենում, ինչ արեցիր մեր և մեր հայրերի սուրբ Հայրենիքի ու նրա Արցախ աշխարհի նկատմամբ, որովհետև ճշմարտությամբ և արդար կերպով արեցիր այս բոլորը մեր մեղքերի պատճառով, քանի որ ՔՈ դեմ ապստամբելով՝ մեղանչեցինք և անօրենություն գործեցինք. մենք առավել մեղանչեցինք նրանով, որ ՔՈ պատվիրանները չլսեցինք, չպահեցինք և այնպես չարեցինք, ինչպես պատվիրեցիր մեզ։ Այն ամենն ինչ բերեցիր մեր վրա և այն ամենը, ինչ արեցիր մեր նկատմամբ, արդա՛ր դատաստանով արեցիր։ Մեզ մատնեցիր մեր անօրեն, խիստ և ապստամբ թշնամիների, բոլոր երկրների ամենից ավելի անիրավ և չար իշխանի ձեռքը։ Իսկ այժմ չենք կարող բանալ մեր բերանները, որովհետև մենք՝ ՔՈ անարժան ծառաները, ամոթահար եղանք և նախատինք կրեցինք։
Մեղավոր ենք ՔՈ առաջ ՏԷՐ, մեր նախնիների ու մեր գործած բոլոր մեղքերի համար:
Մեղավոր ենք բոլոր ազգերից առավել, քանզի ամենքից առաջ մեզ ժառանգակից դարձրիր Շնորհիդ, մեր ուսերին գցեցիր ՔՈ Շքեղաշուք Պատմուճանը և մեր գլուխը զարդարեցիր Փրկչական թագով:
Մեղա՜ ՔՈ Առաքյալների՝ սուրբ Թադեոսի ու սուրբ Բարդուղիմեոսի սպանության համար, մեղա:
Մեղա՜ նրանց սուրբ աշակերտների նահատակության համար, մեղա՜:
Մեղա՜ քրիստոնեության արշալույսի հայտնի և անհայտ սրբերին հալածելու համար, մեղա՜:
Մեղա՜ սուրբ Հռիփսիմիանց ու սուրբ Գայանիանց կույսերին նահատակելու համար, մեղա՜:
Մեղա՜ մեր սուրբ Գրիգոր Լուսավորչին տանջելու և հալածելու համար, մեղա՜:
Մեղա՜ սուրբ Լուսավորչի սուրբ ժառանգներին և հետնորդներին՝ Արիստակեսին, Հուսիկին, Գրիգորիսին, Դանիել Ասորուն, Մեծն Ներսեսին սպանելու համար, մեղա՜:
Մեղա՜ մեր սուրբ Տրդատ արքային կյանքից զրկելու համար, մեղա՜:
Մեղա՜ սուրբ Սահակ Պարթև Հայրապետին և Արշակունի արքային գահընկեց անելու համար, մեղա՜:
Մեղա՜ թագավորների և հայրապետների սպանության, նրանց օրինական իշխանությունը վերացնելու համար, մեղա՜:
Մեղա՜ խորհրդային տարիներին ՔՈ Եկեղեցին հալածելու, նրա սպասավորներին մատնելու, Խորեն կաթողիկոսին խեղդամահ անելու, ԱՍՏԾՈ տաճարներն ավերելու, պղծելու և հոգևոր դասին հալածելու համար, մեղա՜:
Մեղա՜ սուրբ Վարդանանց ուխտը դրժելու և մեր ՏԻՐՈՋԸ դավաճանելու համար, մեղա՜:
Մեղա՜ բոլոր դարերում ՏԻՐՈՋ փոխարեն մարդկային զորություններին ու պետություններին ապավինելու, կողմնորոշումների համար, մեղա՜:
Մեղա՜ մարդկանցից մեզ կեղծ փրկիչ-կուռքեր կերտելու համար, մեղա՜։
Մեղա՜ արծաթպաշտության և ագահության մոլուցքի համար, մեղա՜:
Մեղա՜ գողության, կաշառակերության, մարդահաճության, չարահավանության, մերձավորին նախանձելու, օտարին ստորաքարշելու համար, մեղա՜:
Մեղա՜ պղծությունը խրախուսելու, դավաճանությունը հանդուրժելու և հանցանքն արդարացնելու կամ դրանց հանդեպ անտարբերության ու ներողամտության համար, մեղա՜:
Մեղա՜ մեղքն օրենքի պատվանդանին բարձրացնելու, պաշտոնապես այլասերություն սերմանելու, պոռնկությունը պետական հովանու տակ առնելու, մանկական հոգիներ առևանգելու համար, մեղա՜։
Մեղա՜ Մայր Եկեղեցուց օտարվելու, մեր հայրերի բյուրեղյա հավատքն աղանդների մեջ մսխելու և սատանայական ուսմունքներին հետևելու համար, մեղա՜:
Մեղա՜ անեծքի, լուտանքի, հատկապես ՏԻՐՈՋ Մորը հիշելով՝ հայհոյական խոսքեր ասելու համար, մեղա՜:
Մեղա՜ ընտրակաշառք տալու, առնելու, խիղճը վաճառելու և մեր որդիների ապագան խորտակելու համար, մեղա՜:
Մեղա՜ մեր մայրերի որովայններում բյուրավոր մանուկների սպանության համար, մեղա՜:
Մեղա՜ ոչ թե արդարության, այլ ուժի մեջ ԱՍՏԾՈՒՆ փնտրելու համար, մեղա՜:
Մեղա՜ Մայր եկեղեցու պառակտման, միաժամանակ մի քանի հայրապետական աթոռների ստեղծման համար, մեղա՜:
Մեղա՜ ՔՈ առջև արված ուխտերը դրժելու, ուխտազանց լինելու համար, մեղա՜։
Մեղա՜ համավարակի ժամանակ աղոթքը բազմապատկելու փոխարեն փակ դռներով եկեղեցիներում պատարագներ մատուցելու, ՏԷՐՈՒՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ու ԱՐՅԱՆԸ հաղորդվելուց զուրկ մնալու համար, մեղա՜:
Մեղա՜ ՏԻՐՈՋԻՑ մեզ շնորհված հայրենիքն ապականելու, հերոսների թափած արյունը մսխելու, ձեռքբերումներին տիրություն չանելու համար, մեղա՜:
Մեղա՜ մեր անհավատության հետևանքով, արժանապատվության փոխարեն հպարտությամբ համակված, ՔՈ շնորհած հաղթանակներն ինքներս մեզ վերագրելու համար, մեղա՜:
Մեղա՜ նախանձի թույնով լցված, միմյանց չարիք կամենալու և թշնամություն անելու համար, մեղա՜:
Մեղա՜ մեր ժողովրդի տարբեր աշխարհեցիների միջև ստեղծված՝ հատկապես հայաստանցի-արցախցի շինծու հակառակության համար, մեղա՜:
Մեղա՜ մեր տներից, շեներից, դպրոցներից, հիվանդանոցներից, պետական ատյաններից, պատերազմի դաշտից ՔԵԶ հեռացնելու և օրհասական ժամին «ո՞ւր ես ԱՍՏՎԱԾ» պիղծ բացականչությունների համար, մեղա՜:
Մեղա՜ միմյանց դատելու, դատապարտելու համար, մեղա՜:
Մեղա՜ նյութապաշտությունից, թերահավատությունից սնվող մեր վախերի ու վախկոտության համար, մեղա՜:
Մեղա՜ մարդկանցից տված փառքն ԱՍՏԾՈՒ տված Փառքից ավելի սիրելու և մարդկանցից ստացած շնորհն ԱՍՏՎԱԾԱՅԻՆ Շնորհից գերադասելու համար, մեղա՜։
Մեղա՜ բոլոր մահացու մեղքերով մեղանչելու համար, մեղա՜:
Մենք՝ ուրացած-զղջացածներս, մեղանչած և ՔՈ Ողորմությանն ապավինածներս, գլորված-կանգնածներս աղաղակ ենք հղում ՔԵԶ, ընդունի՛ր մեզ, որպես ուրացող որդու, որ ծախվելով աղտոտեցինք սուրբ մկրտության այն հանդերձը, որ ԴՈՒ էիր հագցրել ավազանի լվացմամբ, անառակ անօրենությամբ թավալվեցինք ուրացության տիղմի մեջ որպես խոզերի վտառ:
Արդ, ՏԷ՛Ր, բոլոր ազգերից ավելի տկարացանք մենք և այսօր տառապում ենք ամբողջ աշխարհում մեր մեղքերի պատճառով։
Այս դժնդակ ժամանակներում չունենք հավատարիմ առաջնորդներ, բայց ՔԵԶ ունենք, ԱՐԱՐԻ՛Չ երկրի ու երկնքի, Հաստատիչ և Կործանիչ բոլոր առաջնորդների, Պահապան և Պատժիչ բոլոր ժողովուրդների: ՈՒրեմն թող կոտրված սրտով ու տառապած հոգով ընդունելի լինենք այսօր ՔՈ առաջ և կատարյալ լինենք դրանից հետո, որովհետև ՔԵԶ վրա հույս դնողներն ամոթով չեն մնա։
Եվ վերստին դիմելով ճշմարիտ ՀՈՐԴ Երկնավոր՝, աղաղակում ենք ասելով. Մեղանչեցինք Երկնքի ու ՔՈ դեմ, ՏԷ՜Ր և արդ, Սրբազնասուրբ Մորդ և լուսավորիչ առաքյալների բարեխոսությամբ ու նրանց նմանի և գործակցի՝ սուրբ նահատակ Գրիգորի տանջանքներով՝ թողություն շնորհիր մեր մեղքերին, հագցրու մեզ առաջին պատմուճանը և մեր ոտքերը մաքրիր չարյաց խոչ ու խութերից, որոնցով ծակոտելով՝ մեզ թուլացրեց թշնամին: Եվ հագցրու պահպանության կոշիկները սուրբ Ավետարանի, մեր աջ ձեռքի մատին հագցրու ՔՈ Խաչի Նշանը կրող մատանին, որպեսզի նրանով կնքենք անդամները մեր բոլոր, և նրանից սարսափահար սատանան մեզնից փախչի:
Եվ ԴՈՒ, հանուն ՔՈ Անվան, մեզ իսպառ մի՛ լքիր, մի՛ ցրիր ՔՈ ՈՒխտը և մի՛ հեռացրու ՔՈ Ողորմությունը մեզանից հանուն ՔՈ սիրելի Թադեոսի և Բարդուղիմեոսի, Հանուն ՔՈ Գրիգոր Լուսավորիչ ծառայի եւ հանուն ՔՈ բոլոր սրբերի, որոնց ասացիր, թե մեզանից պետք է ընտրես ՔԵԶ սեփական ժողովուրդ, որը կկարողանա հասկանալ ՔՈ Ավետարանը, որ պիտի նայես մեզ ու ողորմես։
Արդ, գալիս ենք դեպի ՔԵԶ մեր ամբողջ սրտով, երկյուղում ենք ՔԵԶԱՆԻՑ, ՔՈ Բարեհաճությունն ենք խնդրում։
Ամոթով մի՛ թող մեզ, այլ մեզ հետ վարվիր ըստ ՔՈ Հեզության, ըստ ՔՈ Մեծ Ողորմության, ՏԷ՛Ր, փրկի՛ր մեզ ըստ ՔՈ Հրաշալի Գործերի, ՏԷՐ՛, թող մեր վրա, մեր մեջ ու մեր միջոցով ի հայտ գա ՔՈ ողջ Զորությունը և փա՛ռք բեր ՔՈ Անվանը։
Սովորեցրու մեզ հավատալ, հավատալ միայն ՔՈ Ամենասուրբ Հարությանը։
Սովորեցրու մեզ հուսալ, հուսալ միայն ՔՈ Ամենասուրբ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ Զորությանը։
Սովորեցրու մեզ սիրել, սիրել այնպես, ինչպես ԴՈՒ ես սիրում։
Սովորեցրու մեզ համբերել, համբերել այնպես, ինչպես ԴՈՒ ես համբերել բոլոր հալածանքներին։
Սովորեցրու մեզ ներել, ներել այնպես, ինչպես ԴՈՒ ես ներել բոլոր ՔԵԶ հալածողներին։
Սովորեցրու մեզ աղոթել, աղոթել այնպես, ինչպես այրի կինն էր աղոթում, դարձրու մեզ ՔՈ տունն աղոթքի։
Սովորեցրու մեզ ՔՈ Արդարության, Ճշմարտության ու Սիրո ճանապարհով գնալ և ՔՈ Կամքին համահունչ քայլել։
Մեզ մի՛ դատիր ՏԷՐ, ըստ մեր զազրագործությունների, այլ ՔՈ Անսահման Ողորմությամբ ների՛ր մեզ: Մեր արած գործերին մի՛ նայիր ՏԷՐ, չենք ակնկալում, որ մեր թերի զղջմամբ և տգետ ապաշխարությամբ ներես մեզ, այլ ՔՈ Անհուն Գթառատությամբ և Մարդասիրությամբ ողորմի՛ր, ՏԷ՜Ր:
Աղաչում ենք՝ արդար մի՛ եղիր մեր հանդեպ ՏԷՐ, քանզի, եթե մի ակնթարթ անգամ գործադրես ՔՈ Արդարությունը, կպատառոտվի մեր երկիրը և այլևս չեն կարկատվի նրա սահմաններն ու գեհենի կրակն էլ կլինի մեր հավերժ ժառանգությունը:
Աղերսում ենք ՔԷԶ` ՏԷ՛Ր մեր ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ, լսի՛ր մեր աղաղակը, ապրի՛ր մեր մեջ, աղոթի՛ր մեր մեջ, գործի՛ր մեր մեջ, գործի՛ր մեզանով ու թույլ տուր, որ մենք էլ ապրե՛նք ՔՈ մեջ, աղոթե՛նք ՔՈ մեջ, գործե՛նք ՔՈ մեջ, գործե՛նք ՔԵԶԱՆՈՎ և միայն, միայն հանուն ՔԵԶ։
Ամոթով մի՛ թող նոր ՈՒխտիդ առաջնեկ ազգին, թույլ մի՛ տուր ՏԷՐ, որ ամբարիշտ բերանները գոչեն՝ ու՞ր է հայերի ԱՍՏՎԱԾԸ, այլ թող պապանձվեն Բելիարի սերունդները, ամոթով մնան բոլոր նրանք, ովքեր չարիք են պատճառում ՔՈ ծառաներին, թո՛ղ ամաչեն իրենց բոլոր բռնություններից, նրանց զորությունը թո՛ղ խորտակվի, և թո՛ղ ճանաչեն, որ ԴՈՒ ես միակ ՏԷՐ ԱՍՏՎԱԾԸ և Փառավորյալը ողջ տիեզերքում և ՔԵԶ, ՔՈ ԱՄԵՆԱՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆԸ հավերժ Փառք, Օրհնություն և Երկրպարգություն, Հավիտյանս Հավիտենից, ամեն:

«Միաբանություն վասն ապաշխարության»

Դիտվել է՝ 1376

Մեկնաբանություններ