ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հայոց Հայրենիքից մնացած այս փոքրիկ հատվածն այն հենակետն է, որտեղից կրկին պետք է հառնի ՀԱՅՔԸ

Հայոց Հայրենիքից մնացած այս փոքրիկ հատվածն այն հենակետն է, որտեղից կրկին պետք է հառնի ՀԱՅՔԸ
27.04.2024 | 08:10

Պարբերաբար նշում եմ և հիշեցնում, որ, չնայած Երկրագնդի 8 միլիարդանոց ողջ մարդկությունը բաղկացած է շուրջ 150 ազգից, 400 ժողովրդից և 3000 ցեղից, բայց նրանցից միայն մոտավորապես 200-ն այս պահին ունեն իրենց պետությունը:

Մենք այն բացառիկ ազգերից ենք, որ ունենք մեր անկախ պետությունը: Կորցնելու դեպքում՝ այլևս դժվար կլինի այս գլոբալիզացիայի դարաշրջանում կրկին ձեռք բերել այն:
Հետևաբար, գլխավոր պատմական ձեռքբերումը, որ մեր սերունդը պարտավոր է սրբորեն պահել, գուգուրանքով փայփայել և փոխանցել հաջորդ սերունդներին, այն է, որ պատմական այս հանգրվանում հայ ազգը վերականգնեց իր անկախությունը և վերադարձրեց կորսված հայրենիքի արևելյան մի հատվածը:
Մենք լծվել էինք (ու ենք) Ազգային Միասնության ձևավորմանը և միասնական պայքարով՝ հայ ազգի տեղն արևի տակ ապահովելու գործին: Ձգտում էինք (ու ենք) ստեղծել ազգի բոլոր կարող և նվիրյալ ուժերի դաշինք: ՈՒնենալ ազգային-պետական մտածողություն՝ նշանակում է ստորադասել անձնական «ես»-ը ընդհանուր շահին: Հետևաբար, հավատարիմ մնալով մեր սկզբունքին, մշտապես պետք է պայքարել, առաջնորդել կամ համագործակցել Ազգի բոլոր այն նվիրյալ անհատների և կառույցների հետ, որոնք իրենց ուղու վերջնակետ են սահմանել Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի կերտումը՝ սոցիալական արդարության հաստատմամբ՝ համայն քաղաքակիրթ մարդկության ընտանիքի կազմում հայությանը լիիրավ անդամ դարձնելով:
Գաղափարաբանական երկու հայազգի տեսաբաններից մեկը՝ Գարեգին Նժդեհն ասում էր` «Հայն է Հայաստանի համար», մյուսը, Վահան Նավասարդյանը՝ «Հայաստանն է հայի համար»: Բայց մեր համար ճշմարտության իրական բանալին այլ բանաձևման մեջ է` «Առանց Հայաստան` չկա Հայություն, առանց Հայության` չկա Հայաստան»:
ՉԿԱ ՄԵԿՆ ԱՌԱՆՑ ՄՅՈՒՍԻ, սա է բացարձակ ճշմարտությունը:
Ինչի՞ են նման հիմա պատմական Հայաստանի այն հատվածները, որոնք հայաթափված են և որտեղից ջնջված է հայի արարած մշակույթը, նրա շունչը և ոգին:
Մի՞թե դա Հայաստան է: Մի՞թե Հայաստան են այսօր Կուրի գետամերձ գավառները, օրինակ Եվլախն ու Բարդան, Դաշքեսանն ու Շամլուխը: Մի՞թե հայկական էր, օրինակ, Արարատյան դաշտավայրը 15-րդ դարից մինչև 1828-29 թվականները (մասնավորապես ` մինչև 1918 թվականը), երբ այն 16-17-րդ դարերից հիմնականում հայաթափված և բացարձակապես բնակեցված էր թյուրքերով, պարսիկներով և քրդերով:
Եվ ինչի՞ կնմանվի հայությունն առանց Հայաստանի:
Պատկերացրեք, որ այլևս իսպառ գոյություն չունի Հայաստանը, և հայության ինչ-որ բեկորներ բնակվում են, ասենք... Մադագասկարում: Ինչի՞ մասին պետք է բանահյուսի , նկարի կամ երգի հայն՝ առանց իր լեռների, լճերի, ծիրանենու, եղնիկի, սրբավայրերի և այլն:
Օվկիանոսի՞, արմավենիների՞, լեմուրների՞, թե՞ արմավենու տերևներով տանիք ունեցող բամբուկե խրճիթների: Այդ հայը չի լինի այն, ինչ կանք:
Եկեք անկեղծ լինենք` նույնիսկ մարդաբանության և գենետիկայի տեսակետից: Նայենք մեր հայրենակիցներին, որոնք արդեն մի քանի սերունդ ապրում են օտար եզերքներում: Սերունդ առ սերունդ նրանք սկսել են և՛ արտաքնապես և հոգեպես նմանվել այն երկրների բնակիչներին, որտեղ ապրում են: Պատճա՞ռը: Պատճառն այն է , որ ճակատագրի բերումով՝ չեն սնվում իրենց հողից, իրենց ջրից, իրենց արևից և այն բարիքներից, որոնք տալիս է Հայրենիքը: Ի՞նչ ենք մենք` ի սկզբանէ: Մենք, բեղմնավորման պահից սկսած, սկզբից մայրական արյան, այնուհետև` մայրական կաթի, իսկ հետագայում` սեփական քիմքի միջոցով վերցնում ենք այն, ինչ կա հայրենի հող ու ջրում: Հետևաբար, հայրենի հող ու ջրի հետ միասնաբար կազմում ենք մի ամբողջություն: Մեր նախնիները, ապրելով, արարելով, մաքառելով և մահանալով` վերադառնում են հայրենի հողին: Այդ հողից են սնվում բոլոր այն բույսերն ու կենդանիները, որոնք հետագայում սնունդ են դառնում մեզ համար և մեր մարմնին են փոխանցում մեր նախնիների հոգեմարմնական մասնիկները:
Հետևաբար, ՄԵՆՔ ՄԻ ԱՄԲՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՄԵՐ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՀԵՏ, ՈՐՈՆՔ ԱՅՍ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀՈՂԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԴԱՐՁՐԵՑԻՆ ՍՐԲԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔ ԵՎ ՈՐԸ ՄԵՆՔ ԷԼ ՊԵՏՔ Է ՓՈԽԱՆՑԵՆՔ ՄԵՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ... ինչպես դա տեղի է ունենում ջրի շրջապտույտի հետ (տեղումներ (ձյուն, անձրև), հոսք, ծովաջրի մասնիկ, գոլորշացում
և՞... կրկին նույնը` հավերժ):
Հազարամյակներով մենք նույնն ենք, մեկ ամբողջություն ` մեր պատմությամբ, հայրենիքով և ազգով: Խախտվե՞ց այս բնականոն շրջապտույտը՞, վա՜յ մեզ...
Ելնելով այս ամենից` մենք կարևորում ենք աշխարհասփյուռ հայության` Հայաստանի քաղաքացի լինելը:
Այսօր մենք կրկին (դեռևս) ունենք մեր պետականությունը:
Եվ ժամանակի հրամայականն է շտկել առկա բոլոր թերացումներն ու բացթողումները, քանզի քաղաքացու, ազգի ներկայացուցչի անհատական վերաբերմունքով է պայմանավորվում պետության ճակատագիրը:
Ի՞նչ վտանգներ է ծնում պետության ղեկավարումը ստանձնած, իր ժողովրդի ազգային շահից կտրված, նրա առօրյա և հավիտենական հոգսով չապրող իշխանությունը:
- Անհատն օտարանում է իր պետությանից և իր գործողություններով՝ անօգուտ կամ ի վնաս նրա է աշխատում:
- Նման անհատների տեսակարար կշիռը մեծանալու դեպքում ժողովուրդը խորթանում է իր պետությունից՝ անտարբեր դառնալով նրա ճակատագրի հանդեպ, որի արդյունքում վերջինս դառնում է թույլ և դյուրակործան: ԱՊԱԳԱ ՉՈՒՆԻ ԱՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԻ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՉԵՆ ԿԱՄ ՆՐԱՆՑ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՀԻՄՔՈՒՄ ԵՍԱՍԻՐԱԿԱՆ Է, ՆՅՈՒԹԱՊԱՇՏ ՈՒ ՀԱՇՎԵՆԿԱՏ:
Հետևաբար, այսօր, առավել քան երբևէ, պահանջվում է անկեղծ ու սթափ գնահատել և արժևորել մինչև հիմա մեր ձեռքբերումները, սրբագրել մեր սխալներն ու բացթողումները, չընկրկել առկա վտանգների ու սպառնալիքների հանդեպ և վերահաստատելով համազգային մեր ուխտը՝ շարժվել առաջ: Նախորդ տասնամյակներն ուսուցանեցին մեզ ապրել հպարտորեն գլուխը վեր պարզած և հաղթանակած վճռական մենակի հոգեբանությամբ, սակայն, ցավոք, ցույց տվեցին նաև, թե ինչպես չպե՛տք է ապրել:
Քաղաքացի լինելու, քաղաքացի դաստիարակելու խնդիր ունենք, քանզի ազատ ու գիտելիքահենք քաղաքացին է պետականության նեցուկն ու հենարանը։ Մեր պարագայում առավել ևս այդպես է. ժամանակակից աշխարհում մեր կարևորագույն մրցակցային առավելությունը մարդն է, մեր մարդկային ներուժը։ Երբ քաղաքացին սիրում է իր պետությունը, ապա այդ դեպքում նա անձնվիրաբար է գործում, տառապում է նրա ամեն մի ցավի համար, պատրաստ է ինքնազոհաբերման, սեփական շահի ստորադասման, որով` նպաստում նրա հզորացմանն ու պաշտպանությանը:
Մարդը չի պայքարում այն բանի համար, ինչն իրավական և բարոյական տեսակետից իրենը չի համարում: Արդար կառավարման դեպքում իշխանություններն անհատին պետք է դնեն այնպիսի ընկերային իրավիճակի մեջ, որ նա հավատարմանա ու ներդաշնակվի իր պետության հետ` սեփական ճակատագիրը չզատելով նրա ճակատագրից:
Վերլուծելով և դասեր քաղելով անցած ուղուց՝ հայոց առջև ծառացած օրվա հրամայականները կարելի է ամփոփել հետևյալ և ժամ առաջ լուծում պահանջող անելիքների շուրջ.
1. ՈՒնենալ ազգային համաձայնության իշխանություն, կերտե՛լ արդար հասարակություն, որի պայմաններում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է կարողանա սեփական վաստակով արժանապատվորեն ապրել հայոց պետականության ներքո:
2. Վե՛րջ դնել մենաշնորհային տնտեսությանը և օլիգարխիկ համակարգին՝ ապահովելով գործարարության համար հավասար հնարավորություններ՝ սանձելով երկրում առկա սոցիալական բևեռացվածությունը:
3. Հետամու՛տ լինել Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը և միավորմանը՝ այն դարձնելով միջազգայնորեն ճանաչելի:
4. 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո առաջացած վիճակից ելնելով, օր առաջ արդիականացնել հայոց բանակն ու ռազմական ողջ սպառազինությունը, վերջնականապես ձևավորել ԱԶԳ -ԲԱՆԱԿ համակարգը, ստեղծել պահեստազորային արդյունավետ ստորաբաժանումներ և ըստ անհրաժեշտության, հակառակորդին միասնաբար և գրագետ հակահարված տալու համար:
5. Արդիական պահանջների մակարդակի բարձրացնել ազգային կրթության ոլորտը, այն դարձնելով նոր մտքի կերտման դպրոց և ազգային, որով էլ` համամարդկային արժեքների հղկման ժամանակակից դարբնոց:
6. Բարձրացնելով՝ նոր որակ հաղորդել Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ արժանապատվորեն, սեփական շահերի հստակ գիտակցումով և կամային նոր դրսևորումներով հանդես գալով միջազգային հարթակում՝ ազգային անվտանգության ապահովման համար վարելով հավասարակշռված, բայց սկզբունքային քաղաքականություն:
7. Փոխե՛լ Հայաստանի ժողովրդագրական առկա պատկերը՝ կասեցնելով արտագաղթը, խրախուսելով ներգաղթն ու ծնելիությունը, վերաբնակեցնել հայրենի նոսր բնակեցված տարածքները:
8. Վերականգնե՛լ Հայաստան-Սփյուռք ներդաշնակումը՝ Սփյուռքը դիտելով հայոց պետականության հիմնական խարիսխներից մեկը:
Ժամանակակից գլոբալացվող աշխարհում, ունենալով համեմատական մրցակցային առավելություններ, լիարժեք օգտագործելով համազգային ներուժը, հայության առջև ծառացած մարտահրավերներին դիմակայել համահայկական միասնական օրակարգերով, գործելով համախմբված և միասնաբար։
9. Շարունակե՛լ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Հայ Դատի արդարացի լուծման պայքարը։

Նման ներկայի և ապագայի հեռանկարով բոլորս պետք է լծվենք Ընդհանուր Գործին, և Ազգի ողջ կարողականության օգտագործմամբ՝ ստանձնել երկրի կառավարման և համակարգային փոփոխությունների պատասխանատվության՝ յուրաքանչյուրս մեր բաժինը։
Ամեն մի րոպե հապաղելն արդեն ի նպաստ մեզ չէ:
Եվ այս միտումով՝ Հայրենի պետության մեջ պետք է սկսել լրջագույն փոփոխություններ, որոնք հասցնելով դրական հանգրվանի, կստեղծենք որակական նոր բնույթի պետություն, պետություն, որն աշխարհասփյուռ ողջ հայությունը իրավացիորեն կհամարի իրենը և որով կհպարտանանք բոլորս:
Անցած տարիներն անկասկած փաստում են, որ մեր սերունդների արժանապատիվ կյանքն ապահովելու, մեր ազգային նպատակներից չշեղվելու գլխավոր պայմանը` «Զարգանալ` չզիջելով» կարգախոսով առաջնորդվելը պետք է լիներ։ Սա է դժվարին, բայց պատվաբեր ճանապարհը: Հակառակը հեշտ է, բայց կործանարար: Քանզի, եթե շարունակաբար զիջենք մեր շահերը, էլ շահ չի մնա ոչ միայն զարգանալու, այլ որևէ այլ բանի համար: Հետևաբար, առաջնորդվել «Զարգանալ ՝ չզիջելով» կարգախոսով, նշանակում է մասնավորապես ամրապնդել այն գաղափարը, որ հայրենի տարածքները ոչ թե բեռ են, որից պետք է օր առաջ ազատվել, այլ զարգացման մեծագույն հնարավորություն: Ավելին, սա նշանակում է կառուցել մեր տնտեսական քաղաքականությունը այնպես, որ համապատասխանի շրջափակված և պատերազմի մեջ գտնվող երկրի կարգավիճակին ու պայմաններին: Պետք է ունենալ կայուն այն մշտական համոզումը, որ ավելի լավ է լինել շրջափակված, բայց պահպանել ներկա բոլոր տարածքները հայկական, քան ունենալ բաց սահմաններ, բայց զրկվել կենսական նշանակության մեր տարածքներից:
Հայոց Հայրենիքից մնացած այս փոքրիկ հատվածն այն հենակետն է, որտեղից կրկին պետք է հառնի ՀԱՅՔԸ։ Եվ թող բոլորիս ջանքերը կրկին մեկտեղվեն՝ կերտելու մե՛ր երազած Երկիրը։

Արթուր ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2545

Մեկնաբանություններ