ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Նիդերլանդներում Հայոց Ցեղասպանության ոգեկոչման 109-ամյակին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան

Նիդերլանդներում Հայոց Ցեղասպանության ոգեկոչման 109-ամյակին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան
25.04.2024 | 17:22

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան, Նիդերլանդներում գործող հայ համայնքները Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների շարքն սկսեցին ապրիլի 18-ին: Նախ FAON-ի ակտիվիստները Հաագայի միջազգային քրեական դատարանի մոտ միացան ԱՄՆ-ում գործող «Ճշմարտության և արդարության» կենտրոնի (Center for Truth and Justice, CFTJ) պատվիրակությանը: Այդ օրը միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ)հանձնվեց մերօրյա Ադրբեջանի ղեկավարների ցեղասպանական գործողությունների հայցը։ Սա հայկական կողմի Հաագայի տրիբունալին ուղղված առաջին հայցն էր` այս տարվա սկզբին Հայաստանի միջազգային քրեական դատարանին անդամակցությունից հետո:

Այնուհետև նույն օրը` երեկոյան, Հաագայի գերմանական ավետարանչական եկեղեցում, Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության բարձր հովանու ներքո տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն` «Արդարություն հաստատել` այն ժամանակ և այժմ» խորագրով: Ելույթներ ունեցան Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ն.Գ. պրն. Վիկտոր Բիյագովը, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ պրն.Դերկ Բոսվայքը, պրն. Իսա Քահրամանը (Նոր սոցիալական պայմանագիր) , պրն. Դոն Սեդերը (Քրիստոնեական միություն), Նախկին պատգամավոր պրն. Հարի Վան Բոմելը: Միջոցառմանը մասնակցում էր և ելույթ ունեցավ «Հանուն ճշմարտության և արդարության կենտրոնի (CFTJ, Կալիֆորնիա)» ղեկավար, դատավոր Գասիա Աբգարյանը, միջոցառմանը ներկա էր արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության տնօրեն Էրիկ Վեսթստրատեն: Նիդերլանդների տարբեր համայնքների ներկայացուցիչներ:

Երաժշտական ծրագիրը ևս հագեցված էր: Ելույթներ ունեցան «Աբովյան» միության երգչախումբը` Սվետլանա Աղաջանյանի ղեկավարությամբ, արցախցի երգչուհի, սոպրանո Միլենա Բեգլարյանը, դաշնակահար` Ալեքսանդր Զավիալովի նվագակցությամբ: Ներկաների վրա տպավորություն թողեց նիդերլանդացիներով համալրված Իվո Բոսվեյկի և Ռուզաննա Հակոբյանի ղեկավարած «Ծիրանի ծառ» երգչախմբը: համույթը բացառապես հնչեցրեց հայկական երգ-երաժշտություն:Միջոցառումից դրվագներ էր նկարահանում «Ավրորայի արևածագը» անիմացիոն ֆիլմի ռեժիսոր Իննա Սահակյանը, որի ցեղասպնության թեմայով ֆիլմն ուշադրության է արժանացել Եվրոպայի հանդիսատեսի կողմից: Երեկոյի հասույթը փոխանցվեց Արցախցի հայ երեխաների կարիքներին:

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման արարողության տրամաբանական շարունակությունը ապրիլի 21-ին` Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում էր: Միջոցառման հանձնառությունը ստանձնել էր «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամը և Ամստերդամի «Սուրբ Հոգի» Հայ Առաքելական Եկեղեցին: Եկեղեցու արտաքին պատին տեղակայված հուշարձան-խաչքարի մոտ 1915 թվականի սրբադասված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար հոծ բազմություն էր հավաքվել: Եկեղեցու հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր Տարոն Թադևոսյանի աղոթքից հետո միջոցառումը բացեց հիմնադրամի նախագահ Վահան Ավագյանը, այնուհետև ելույթներ ունեցան Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը, դեսպանն իր ելույթում կրկին վերհաստատեց Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման կարևորությունը՝ հիշատակելով Նիդերլանանդերի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման կարևորությունը։ Այնուհետև ելույթներ ունեցան Ամստերդամի քաղաքապետ Ֆեմեկե Հալսեման, խորհրդարանի պատգամավորներ Դոն Սեդերը (CU), Կարոլինա վան դեր Պլասը, եկեղեցական խորհրդի ատենապետ Նիշան Սարիսանը: Միջոցառմանը մասնակցում էին նիդերլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը, քարտուղար Ինգա Դրոստը, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ, երկրի հունական, ասորական, եզդիական համայնքների ներկայացուցիչներ, հյուրեր, հայ համայնքի անդամներ:

Ապրիլի 22-ին տպավորիչ պահ էր Ալմելոյում: Նոր վայրում իր վերջնական հանգրվանը գտավ Նոյան տապանը: Հսկայական կռունկը այն տեղադրեց հայաշատ Ալմելո քաղաքի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում: Տապանը կառուցվել էր 2022թ Դրենթեի նահանգային թանգարանի (Drents Museum) «Արարատի ստվերի ներքո» խորագրով Հին Հայաստանի գանձերը ցուցահանդեսի կապակցությամբ` Ռոմաշուկների ընտանիքի աջակցությամբ: Այն հասցրել են դիտել հազարավոր այցելուներ:

Հաջորդ օրը` ապրիլի 23-ին, տեղի ունեցավ ամենամյա ջահերով երթը, որը կազմակերպել էր Հ.Յ.Դ. Գարեգին Նժդեհ երիտասարդական միությունը:

Ապրիլի 23-ին, Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON-ը) խնդրագիր է ներկայացրել Նիդերլանդների խորհրդարան՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը և Հայաստանում առկա իրավիճակին: Խնդրագիրը փոխանցվել է Հոլանդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռայմոնդ դե Ռոնին (PVV): Խնդրագրի Ներկայացմանը ներկա էին պատգամավորներ Դոն Սեդերը (ChristenUnie), Ռուբեն Բրեկելմանսը (VVD), Իսա Քահրամանը (NSC) և Գեյս Թոյնմանը (BBB): Պատգամավորներին այս տարի էլ է հանձնվել է «Անմոռուկ» կրծքանշաններ: Ինչպես անցյալ տարի, այնպես էլ այս տարի նրանք այն կրել են ապրիլի 24-ին: Դա անգամ տեսանելի էր հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ Քարոլայն վան Պլասի մոտ:

Ապրիլ 24-ին` միջոցառման բուն օրը, Ծիծեռնակաբերդում 1915թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղկեպսակներ են դրվել նիդերլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON)-ի և Հայաստան Համահայկական հիմնադրամի Հոլանդիայի մասնաճյուղի անունից:

Այդ օրը Մաստրիխտի խաչքարի մոտ կատարվել է մոմավառություն և բարեխոսական արարողակարգ ի ՝ հիշատակ սրբոց նահատակաց:

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը Հաագայում գտնվող Հայաստանի իրավաբանական թիմը` Եղիշե Կիրակոսյանի և դեսպան Վիկտոր Բիյագովի մասնակցությամբ այցելել ու լուսանկարվել են Արդարադատության միջազգային դատարանի առջև տեղադրված խաչքարի մոտ:

Նիդերլանդների հայաշատ քաղաքներում, մասնավորապես Ասենի Դե Բոսկամպ գերեզմանատան առաջին խաչքար-հուշարձանի մոտ և Ալմելոյի ամենամեծ հուշ համալիր են այցելել հայ, հոլանդացի ու տարբեր ազգությունների քաղաքական, հասարակական գործիչներ, հայկական կազմակերպությունների, հայ հասարկության անդամներ, տարբեր համայնքների ներկայացուցիչներ` ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրել անմեղ զոհերի հիշատակին:

Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներ են տեղի ունեցել Նայմեխենում, Դոտրեխտում, Խրոնինգենում, Նիդերլանդների հայ համայնք ունեցող մյուս քաղաքներում, որտեղ կազմակերպչական ակտիվ աշխատանք են կատարել հայ «Գլաձոր» ուսանողական միության անդամները:

Միջոցառումները պարբերաբար լուսաբանվել են «Նիդերլանդկան օրագիր» էլ.թերթի էջերում, նիդերլանդական մամուլում:

Hay Azian

«Նիդերլանդկան օրագիր» էլ.թերթի խմբագիր





Դիտվել է՝ 6615

Մեկնաբանություններ