Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Ապրիլի 9
Վեր կաց փայլիր, որովհետև լույսդ եկել է, և Աստծո Փառքը ծագել է քո վրա (Ես. Կ. 1.):
Այս կանչը, Իմ այս oրվա մեջ թող հասնի բոլոր նրանց, ովքեր սիրում են Ինձ, որպեսզի ոտքի ելնեն ու բարձրանան երկրավոր կապանքներից ու մեղքերից, ծուլությունից ու մռայլությունից, անվստահությունից ու վախից և բոլոր այն բաներից, որոնք արգելք են հանդիսանում Հարուցյալ Կյանքին: Հարկավոր է բարձրանալ գեղեցկության, սրբության, ուրախության, խաղաղության. սիրուց ու ուրախությունից մղումներ ստացող բանի ու գործի. մի խոսքով` բարձրանալ մահից կյանք:
Հիշեք, որ մահը վերջին թշնամին էր, որ Ես պարտության մատնեցի: Իմ մահով այդպես, հաղթանակը կատարյալ եղավ: Նշանակում է` վախենալու ոչ մի պատճառ չկա: Հաղթահարվել է նաև մեղքը, և թողություն է շնորհվել ձեզ և բոլոր նրանց, ովքեր ապրում, գործում և քայլում են Ինձ հետ: Այն բաները, որ վնասում կամ վախեցնում էին ձեզ, այլևս անզոր են ձեր դեմ: Ձեզ նեղություն պատճառողները սոսկ ուրվականներ են: Իրական ուժերին Ես հաղթել եմ Անապատում, Գեթսեմանիի պարտեզում, Խաչի վրա և Գերեզմանի մեջ:
Ձեր հարուցյալ կյանքին ոչ մի բան թող արգելք չհանդիսանա: Ոնց Պողոսը ասաց` Քրիստոսի հետ Հարություն առած Կյանքին: Ջանացեք ավելին իմանալ Հարուցյալ Կյանքի մասին: Այս կյանքի մասին էր, որ ճշմարտապես ասվեց. «Ապրում եմ Ես, բայց ոչ թե ես, այլ Քրիստոս է, որ ապրում է իմ մեջ»: Երկյուղը, հուսահատությունը և արցունքը գալիս են այն ժամանակ, երբ կանգնած եք մնում դատարկ գերեզմանի առջև:
«Որովհետև Իմ Տիրոջը գերեզմանոցից վերցրել են, և չգիտեմ` նրան ուր են դրել»: Ոտքի ելեք, ազատագրվեք ձեր վախից և դուրս եկեք արևի լույսին, Ինձ` ձեր Հարություն առած Տիրոջը հանդիպելու համար: Յուրաքանչյուր օր իր մեջ շատ բան է պարունակում, ինչին դուք պետք է կարողանաք դիմավորել կամ Հարության ոգով կամ` գերեզմանի: Գիտակցաբար ընտրեք մեկը և մերժեք մյուսը: