ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Վրեժը

Վրեժը
23.04.2023 | 09:20

Խոստացել էի, որ չպատմեմ, բայց պատմում եմ:
Դարավերջի մեր ազատատամարտին Ֆրանսիայից մի երիտասարդ էր եկել մասնակցելու, որ Արցախի տեղը վատ գիտեր, հայերեն ընդհանրապես չգիտեր: Ջինսի նորաոճ վերնաշապիկով, նույն կերպասից անդրավարտիքով դիցուք՝ Ժանին, հարցնում եմ, թե ի՞նչ պիտի անի Արցախում, ասում է՝ պապիս վրեժը պիտի լուծեմ:
-Ի՞նչ վրեժ,- զարմանում եմ:
-Պատմելու բան չի, որ պատմեմ,- անճրկում է:
-Անողն անելիս չի ամաչել, դու պատմելու համա՞ր ես ամաչում:
Խոսք-խոսքի պարզվում է, որ նրանց մեծանուն, մեծահարուստ գերդաստանին Խարբերդի Վարդաթիլ գյուղից Ծովք լիճն են բռնահանել, հրոսապետը ամբողջ գերդաստանը կեռ դանակով կառափնատել, իսկ չորս տարեկան պապի լեզուն կտրել է, որ մնացած կյանքում մղկտա, բայց տեսածը պատմել չկարողանա: Բայց իր կտրած լեզվով, ահից շսղված աչքերով պապը պատմել, մինչև մահը ամեն օր, ամեն ժամ է պատմել: Պապը վաղուց մեռել է, ու Արցախի տեղը վատ իմացող, հայերեն ընդհանրապես չիմացող դիցուք՝ Ժանը, պատերազմի է եկել:
Քանի՞ տարի է անցել հայոց ցեղասպանությունից…
Տուն վերադառնալիս ֆրանսահայ ազատամարտիկի ջինսի նորաոճ վերնաշապիկը ծվատվել, նույն կերպասից անդրավարտիքը քրքրվել էր: Երեք անգամ վիրավորվել, բայց մինչև նպատակին չէր հասել, մարտադաշտը չէր թողել:
-Հիմա գոնե ասա իսկական անունդ,- թախանձեցի:
-Ուրեմն չիմացա՞ր,- գոհունակ ժպտաց,- Վրեժ էր: Եկա, վրեժս լուծեցի, գնում եմ:
Ու լավ է, որ հայոց ցեղասպանությունից արդեն հարյուրհինգ տարի է անցել:
Մենք մեր հույսն այլևս Աստծո ողորմածության վրա չենք դնում:
Մեր վրեժը մենք ենք լուծում:
Զենքո՛վ:

Գրիգոր Ջանիկյան
20 ապրիլի 2020 թ.

Դիտվել է՝ 3243

Մեկնաբանություններ