ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Համառոտ անդրադարձ պատմությունը կեղծելու մասին պնդումներին

Համառոտ անդրադարձ պատմությունը կեղծելու մասին պնդումներին
20.04.2023 | 22:43

Ֆեյսբուքյան իմ ընկերները խնդրել են անդրադառնալ, թե Լենինի կողմից հայկական հողերը թուրքերին վաճառելու մասին ԶԼՄ-ներում արտահայտված պնդումը որքանով է համապատասխանում իրականությանը։

Այս հարցին պատասխանելու համար կպահանջվեն բազմաթիվ էջեր։

Քանի որ դրա հնարավորությունը չկա, փորձեմ այդ հարցին պատասխանել շատ համառոտ։

ԼԵՆԻՆԻ ՀԱՅ ԸՆԿԵՐՆԵՐՆ ՈՒ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ

Լենինի առաջին հայ ծանոթը եղել է 1895 թվականին նրա կողմից ստեղծված «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» անդամ Իսահակ Լալայանցը։

Հեղափոխական գործունեության համար Լալայանցը արտաքսվել է Պետերբուրգից, հետո մեկնել է Եվրոպա։ Ժնևում մասնակցել է Լենինի ստեղծած «Իսկրա» թերթի հրապարակմանը։

Հետագայում աքսորվել է Սիբիր։ 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո վերադարձել է աքսորից և Լենինի երաշխավորությամբ պատասխանատու աշխատանքի է նշանակվել Սովետական Ռուսաստանի լուսավորության ժողկոմում։

Բոգդան Կնունյանցը ծնվել է Շուշիում։ Պետերբուրգում սովորելու ժամանակ դարձել է Լենինի ստեղծած «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» անդամ։

Արտաքսվել է Անդրկովկաս։ 1903 թվականին մասնակցել է բոլշևիկյան կուսակցության երկրորդ համագումարին և եղել է Լենինի կողմնակիցը։ 1908 թվականին դատապարտվել է հեղափոխական գործունեության համար։ Մահացել է 1911 թվականին։

Լևոն Կարախանը (Կարախանյան) հեղափոխական աշխատանք տանելու համար աքսորվել է Սիբիր։ 1917 թվականի փետրվարին վերադարձել է աքսորից։ 1917 թվականի հոկտեմբերին Լենինի երաշխավորությամբ նշանակվել է Պետրոգրադի ռազմահեղափոխական կոմիտեի անդամ։ Հետագայում վարել է դիվանագիտական աշխատանք, Լենինի երաշխավորությամբ դարձել է Սովետական Ռուսաստանի արտաքին գործերի ժողովրդկան կոմիսար Չիչերի տեղակալը։

Վառլամ Ավանեսովը (Սուրեն Կարապետի Մարտիրոսյան) հեղափոխական աշխատանքի համար մի քանի անգամ ձերբակալվել է։ 1907-1913 թվականներին եղել է Շվեյցարիայում,որտեղ ծանոթացել է Լենինի հետ։ 1913 թվականի վերջին Լենինի հանձնարարությամբ վերադարձել է Ռուսաստան և շարունակել է հեղափոխական աշխատանքը։ 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Լենինի առաջարկությամբ ընտրվել է կենտրոնական գործադիր կոմիտեի քարտուղար։

Վլադիսլավ Կասպարովը բոլշևիկյան կուսակցության անդամ է եղել 1903 թվականից։ Սովորել է Շուշիի ռեալական ուսումնարանում, հետո՝ Պետերբուրգում։ Հեղափոխական աշխատանք է տարել Բաքվում, Պետերբուրգում։ Որպես վտարանդի՝ 1913-1917 թթ․ գտնվել է Շվեյցարիայում, որտեղ մշտապես հանդիպել է Լենին, նրա հետ քննարկել հեղափոխական աշխատանքի հարցեր։ Մահացել է 1917 թ․Շվեյցարիայում։

Պերճ Պռոշյանի որդի Պռոշ Պռոշյանը 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո վերադարձել է Պետերբուրգ, որտեղ ծանոթացել է Լենինի հետ։ Պռոշ Պռոշյանը ձախ էսեռ էր, բայց Լենինը նրան վստահում էր։ Հենց նրա առաջարկությամբ էլ Պռոշ Պռոշյանը նշանակվել է Կենտգործկոմի ազգությունների գործերով բաժնի վարիչ, իսկ հետո՝ փոստհեռագրի ժողովրդական կոմիսար։ Ըստ որոշ տեղեկությունների, Լենինը մտադրություն է ունեցել Պռոշ Պռոշյանին նշանակել Ստալինի փոխարեն ազգությունների գործերով ժողովրդական կոմիսար։ Պռոշ Պռոշյանը կարևոր մասնակցություն է ունեցել «Թուրքահայաստանի մասին» ժողկոմսովետի դեկրետի մշակմանն ու ընդունմանը։ Մահացել է 1918 թվականի դեկտեմբերին։

Նրա հիշատակին նվիրված Լենինը գրել է մահախոսական։

Լենինի ընտանիքի հետ մտերիմ կապեր է ունեցել Փարիզում գտնվող հայ վիպասան Մուրացանի կին Ոսկի Տեր-Հովհաննիսյանը։ Վերջինս Լենինին հայտնել է Սուրեն Սպանդարյանի հայր, «Նոր դար» պարբերականի խմբագիր Սպանդար Սպանդարյանի ծանր վիճակի մասին, որին Լենինը ցույց է տվել մեծ օգնություն։

Լենինը ջերմ հարաբերություններ է պահպանել՝ Ստեփան Շահումյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի,Սիմոն Տեր-Պետրոսյանի (Կամո), բանաստեղծ Վահան Տերյանի և շատ ուրիշների հայ գործիչների հետ։

Ինչպես երևում է, վերոհիշյալ հայ գործիչների հետ ունեցած մտերիմ կապերի միջոցով Լենինը անպայման տեղյակ է եղել Հայաստանին, հայ ժողովրդին վերաբերող կարևոր խնդիրների մասին։

(շարունակելի)

Վլադիմիր ՊԵՏՐՈՍՅԱՆ

Պատմաբան,

պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր

Դիտվել է՝ 2810

Մեկնաբանություններ