ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Անվերջանալի թուրք ժանտախտը

Անվերջանալի թուրք ժանտախտը
22.03.2023 | 22:27

Պատերազմի նախօրեին՝ 2020 թ. սեպտեմբերի 26-ին, կինոօպերատոր Գեորգի Ղազարյանի հետ նկարահանումներ էինք կատարում Շուշիում:

Ծրագրել էինք վավերագրական ֆիլմ պատրաստել ռուս ականավոր բանաստեղծ Օսիպ Մանդելշտամի՝ հայոց բերդաքաղաք այցելության մասին:

Խաղաղ, արևաշող ու առինքնող օր էր: Աշխատում էինք ներքին լարումով, բայց և՝ ստեղծագործական բավականությամբ:

Մեզ հետաքրքրող կադրերի պակասություն չկար. մանդելշտամյան գրավոր պատկերները, իրականում վերարտադրվելով, դեռևս զգալիորեն ներկա էին տարաբախտ քաղաքում: Մտադիր էինք հաջորդ օրը շարունակել նկարահանումները, բայց բռնկվեց պատերազմը…

Հայտնի տեղեկությունների հետ նորահայտ որոշ փաստեր ևս պիտի ներառվեն նախատեսվող ֆիլմում: Առանձնակի տեղ է գրավելու բանաստեղծի նշանավոր «Фаэтонщик»-ը՝ նոր թարգմանությամբ:

Մանդելշտամը միակ այդ բանաստեղծությամբ է ամփոփել իր մռայլագին տպավորությունները Շուշիից, որտեղ, նրա այցելությունից մոտ տասը տարի առաջ, տեղի էր ունեցել հայկական կոտորածը: Այցին արժեքավոր հուշագրությամբ անդրադարձել է կինը՝ Նադեժդա Մանդելշտամը, ով ուղեկցում էր բանաստեղծին:

Մի օր ավարտին կհասցնենք մեր վավեր կինոպատումը՝ ի հարգանս Մանդելշտամ ազնվական մտավորականների, ովքեր գորշ ու բռնացող ժամանակներում իրենց մեջ հոգևոր ուժ և քաղաքացիական արիություն գտան՝ լինելու հայոց այդ դրամատիկ քաղաքում, որտեղ բնավորվել էր թուրք ժանտախտը…

Այս ամենը վերհիշեցի ողբերգական տարելիցի առիթով. Շուշիում, ուղիղ 103 տարի առաջ՝ 1920 թ. մարտի 22-ի գիշերը սկսվել էին հայկական ջարդերը:

«Фаэтонщик»-ը անողոք փոխաբերությամբ արտացոլում է կատարվածն իր բնաջինջ բնույթով ու հետևանքներով:

Իսկ ինչպե՞ս կարձագանքեր Մանդելշտամը, եթե հիմա այցելեր Շուշի. երևակայում եմ՝ նա դարձյալ կգրեր նույն ոգով ու պատկերավորմամբ բանաստեղծություն, միայն թե կառապանի կերպարում, հավանաբար, կներկայացներ սև «Ջիպ» քշող, միաչքանի, միրուքավոր, կիսալուսնի նշան կրող համազգեստով զինյալի: Քանզի քաղաքը դեռ չի ախտահանվել ժանտախտի բացիլներից…

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ԿԱՌԱՊԱՆԸ

Լեռնանցքում այն բարձրադիր,

Մուսուլմանական թաղում

Մենք մահվան հետ քեֆ արինք՝

Հանց ահավոր երազում:

Մի կառապան հանդիպեց՝

Չամչի նման տապկահար,

Ասես չարքի վարձկան եղծ՝

Կարճաթոթով ու մթար:

Մերթ խռպոտ ճիչ արաբի,

Մերթ անիմաստ «ծո» գոչյուն -

Ինչպես վարդ կամ դոդոշ մի՝

Իր երեսն է պարտակում.

Սև դիմակի տակ զարհուր

Դիմագծերը կիտած,

Կառքն է քշում նա անլուր՝

Մինչ խռպոտում վերջնական:

Ցնցումներ ու թափավազք,-

Եվ դա էջք չէր սարից՝ ցած,-

Պտտվեցին կառք ու աչք,

Իջևաննե՜րը լքված…

Կա՛նգ առ, ընկեր, հիշեցի,-

Դու՛ գրողի տարած խև,-

Նախագա՛հն է ժանտախտի

Ձիերի հետ մոլորվել:

Անքիթ դևն այդ մտրակով

Կառքն է վարում ցնծալի,

Որ կարուսել հանց թափով՝

Թթվաշ հողը պտտվի…

Ղարաբաղում Լեռնային,

Գազան քաղաք Շուշիում

Ես սարսափներ ապրեցի՝

Հոգուս համակ համահունչ:

Աստ՝ քառասուն հազար կույր

Լուսամուտներ կան չորսդին,

Եվ տքնանքի կոկոնն է խուլ

Թաղված լեռան չոր լանջին:

Եվ անզգա բոսորվում են

Տուն ու տաճար մերկանդամ,

Իսկ երկինքը լուռ մաղում է

Նրանց վրա սև ժանտախտ:

Օսիպ ՄԱՆԴԵԼՇՏԱՄ

12 հունիսի 1931թ.

Թարգմանությունը՝ Հ.Ալեքսանյանի

Դիտվել է՝ 3195

Մեկնաբանություններ