Հայաստանի ցանկացած ղեկավար պիտի բանակում ծառայած լինի, պիտի վառոդի հոտը զգացած լինի։ Պատերազմող երկրի (որը շրջապատված է մշտական թշնամիներով) ղեկավարն իրավունք չունի չհասկանալու տարրական բաներ, էլ չենք խոսում ռազմական որոշակի գիտելիքների մասին։ Այն պարզ պատճառով, որ գոնե ռազմական ղեկավարության զեկույցներից բան հասկանա, հասկանա, թե ինչ փուլում են ռազմական գործողությունները, ու մեկ օր հետո ինչ կարող է լինել։ Էլ չենք խոսում ռազմական ու պետական գաղտնիք համարվող տեղեկություններն աջ ու ձախ շաղ չտալու մասին։
Երբ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ եթե չստորագրեր եռակողմ այս խայտառակ համաձայնագիրը, կկորցնեինք նաև Ստեփանակերտը, կարող է այդ անհեթեթությունը հրամցնել իր «ֆեյքերին», բայց ոչ գիտակից մարդկանց։ Զինվորական ղեկավարության զեկույցները համադրելով, Փաշինյանը միայն վերջին մեկ ժամվա ընթացքու՞մ հասկացավ, որ գոնե Ստեփանակերտը պիտի փրկել, չկա՞ր գոնե առաջիկա օրերի տեսլական, իմա՝ ինչ կլինի, եթե այդ տեմպերով ռազմական գործողությունները շարունակվեն։ Ռազմական գործը խիստ հավասարակշռություն և խորիմացություն է պահանջում. պետության ղեկավարը կարող է բուն գործողությունների մասին մեծ պատկերացումներ չունենալ, բայց պիտի հասկանա գոնե այնքան, որ կարողանա դրանց հիման վրա կառուցել դիվանագիտական այն քայլերը, որոնք իր պետության շահերից են բխում, որոնք մանևրելու հնարավորություն կտան, իսկ երկիրը հնարավորինս քիչ կորուստներով դուրս կգա ծանր իրավիճակից։ Բայց մեր բախտն այս հարցում էլ չի բերել։ Պետության ղեկավարը ռազմական գործից հասկանում է այնքան, որքան դիվանագիտությունից։
Այլ բան է, որ Փաշինյանին ոչ թե ոչինչ չեն հուշել զինվորականների զեկույցները, այլ ի սկզբանե դրանք ընդհանրապես չեն հետաքրքրել նրան, որովհետև մտքում այլ ծրագրեր է ունեցել։ Նա գիտակցաբար պատերազմը հասցրել է մի կետի, երբ Շուշիի բանալիները կտրվեն թշնամուն, հետո միայն կստորագրվի կապիտուլյացիայի փաստաթուղթը։ Իսկ սա մեկ բառով նշանակում է՝ դավաճանություն։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ