Հայաստանում հուլիսի 10-28-ն անցկացված «Music 20» առցանց միջազգային փառատոնին աշխարհի տարբեր ծայրերից հետևել է 44.760 մարդ՝ երաժշտասերներ Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Մալթայից, Անգլիայից և բազմաթիվ այլ երկրներից։ Նշենք, որ փառատոնի ներկայացման համար ստեղծվել է music20.am կայքը, որի միջոցով էլ հեռարձակվել են համերգները։
Երաժշտական այս տոնին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել մեծահամբավ երաժիշտներ՝ թավջութակահարներ Ալեքսանդր Ռամը‚ Բորիս Անդրիանովը‚ ջութակահարներ Անդրեյ Բարանովը‚ Ֆրանչեսկա Դեգոն‚ Հայկ Կազազյանը, դիրիժորներ Մարիուս Ստրավինսկին‚ Ռուստեմ Աբյազովը, Ալան Չիրկոփը, Ջանլուկա Մարչիանոն, դաշնակահարներ Նիկիտա Մնդոյանցը‚ Ալեքսանդր Գինդինը, Գլորիա Կամպաները, կլարնետահար Իգոր Ֆյոդորովը և այլք։ Մասնակցել են նաև հայաստանցի երաժիշտներ։
Փառատոնը կազմակերպվել էր Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի և Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ջանքերով։ Պաշտոնական նվագախումբն էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
Ինչպես նշում են Հայաստան հրավիրված երաժիշտները, կորոնավիրուսային համավարակի պայմաններում «Music 20»-ը նման էր թարմ օդի, որ իրենց պարգևեցին կազմակերպիչները՝ հազարավոր ունկնդիրների հնարավորություն տալով հաղորդակցվել բարձրարժեք երաժշտության հետ։
Կազանի La Primavera կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռուստեմ Աբյազովը խոստովանում է, որ մինչև վերջ էլ չէր հավատում, թե «Music 20»-ն իրականություն կդառնա։ «Ես, իհարկե, գիտեի, որ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի ղեկավար Կոնստանտին Իշխանովը միշտ հասնում է իր նպատակներին, սակայն Հայաստան էի գալիս որոշակի անհանգստությամբ՝ արդյոք հնարավո՞ր է ներկա պայմաններում նման բան կազմակերպել։ Երևանում ականատես եղա հետաքրքիր ձևաչափով փառատոնի։ Այսօր աշխարհում շատ նվագախմբեր են իրենց համերգներն առցանց հեռարձակում։ Եվ շատ ուրախ եմ, որ Հայաստանն աշխարհում այս առումով առաջատարն է»,- ասում է Ռուստեմ Աբյազովը։ Ջութակահար Հայկ Կազազյանն էլ շեշտում է, որ այս օրերին նման ծավալի փառատոն ամբողջ աշխարհում չկա. սա խոսում է Հայաստանում դասական երաժշտության նկատմամբ ունեցած մեծ սիրո մասին։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ամփոփելով «Music 20»-ը, նշում է, որ այսօր աշխարհի ամենապահանջված արտիստները խոստովանում են, որ Հայաստանը երաժշտական այս նախաձեռնությամբ երկրորդ շունչ հաղորդեց իրենց։ «Ինձ համար հատկանշական է, որ մենք ցույց տվեցինք, որ դասական երաժշտությունը Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի։ Ունեցանք փայլուն համերգներ։ Սիմֆոնիկ նվագախումբը հաղթահարեց շատ բարդ ծրագրեր՝ հանդես գալով մեգաարտիստների հետ։ Ուշագրավ է, որ ամբողջ աշխարհը տեղեկացված է այն ամենի մասին, ինչ այս օրերին տեղի էր ունենում հայաստանյան մշակութային կյանքում։ Մոտ 45 հազար դիտումները փաստում են, որ մեր առաջարկը մշակութային կյանքում գերմրցունակ է. այսինքն՝ մշակութային դադարում գտնվող աշխարհը տեսնում է, որ Հայաստանում դասական երաժշտության բնագավառում ստեղծվում է մի բան, որն իներցիային դեմ է և գործում է արդյունավետ»,- ասում է Սերգեյ Սմբատյանը։
Փառատոնի ամբողջ ընթացքում պահպանվել են հակահամաճարակային բոլոր սահմանված կանոնները:
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանն ընդգծում է, որ այս դժվարին պայմաններում, պահպանելով անվտանգության բոլոր միջոցառումները, կարողացանք հաջողությամբ անցկացնել «Music 20» փառատոնը։ «Ունեցանք մեծաթիվ դիտումներ, և ամենակարևորը՝ կորոնավիրուսի ոչ մի դեպք փառատոնի անցկացման ընթացքում չարձանագրվեց։ Դա ցույց է տալիս, որ ճիշտ կազմակերպելու և ճիշտ աշխատելու դեպքում հնարավոր է անցկացնել միջոցառումներ, որոնք անվտանգ կլինեն առողջության համար»,- նշեց պարոն Ղազարյանը։
Հավելենք, որ 19 սիմֆոնիկ, կամերային համերգների և մենահամերգների ընթացքում ներկայացված երկացանկը բազմազան էր. «Music 20»-ի շրջանակում հնչել են Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի‚ Լյուդվիգ վան Բեթհովենի‚ Դմիտրի Շոստակովիչի‚ Պյոտր Չայկովսկու‚ Ալեքսանդր Սկրյաբինի‚ Ֆելիքս Մենդելսոնի‚ Ֆրեդերիկ Շոպենի‚ Էդվարդ Գրիգի‚ Ալեքսեյ Շորի‚ Արամ Խաչատրյանի‚ Ղազարոս Սարյանի‚ Ալեքսանդր Հարությունյանի‚ Էդվարդ Միրզոյանի‚ Ջոն Տեր-Թադևոսյանի‚ Ստեփան Շաքարյանի‚ Տիգրան Մանսուրյանի‚ Էդուարդ Հայրապետյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։