Հայ քանոնահարուհի ՄԱՐԻԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, որը բազմաթիվ հանրապետական ու միջազգային մրցույթ-փառատոների առաջին կարգի դափնեկիր ու ոսկե մեդալակիր է, համաշխարհային World Folk Vision մրցույթ-փառատոնում արժանացավ Գլխավոր մրցանակի, «Գրանդ Պրիի»՝ «Աշխարհի ժողովուրդների երաժշտություն» անվանակարգում և, հուրախություն Հայաստանի, գլխավորեց մրցույթի մասնակից 100 երաժիշտների ցանկը: Մարիաննա Գևորգյանի ներկայացրած բարձր արվեստը գնահատվեց ըստ արժանվույն, և մեր Եռագույնը ծածանվեց իր ողջ վեհությամբ: Աշխարհը լսեց մեր ազգային նվագարանի մաքրամաքուր, զուլալ ձայնը, վայելեց Սայաթ-Նովայի փառահեղ «Էշխեմեդը»: Այսպիսի հայուհիներն են մեր ճակատը պարզ պահում աշխարհում:
Քանոնը արևելյան նվագարան է, մեզ է հասել 5-րդ դարից, և Մարիաննա Գևորգյանը, ներկայացրեց համաշխարհային հարթակում, որպես հայ ազգային նվագարան: Մրցույթի մասնակից երկրներում էին մեր հարևան պետությունները, որոնք նույնպես ունեն երաժշտական այս գործիքը, բայց անհերքելի է, որ աշխարհը ճանաչեց հայ քանոնը հայուհու նվագով: Սա մշակութային հարթակում մեծ ձեռքբերում է և հաղթանակ: Մրցույթի կազմակերպիչները բազմաթիվ շնորհակալական նամակներով հայտնել են իրենց հիացմունքը հայաստանցի երաժշտի բացառիկ տաղանդի առնչությամբ: Մրցույթը միայն այս տարի է ընթացել օնլայն ձևաչափով` թագավարակի պատճառով: Մասնակիցները կիսաեզրափակիչ փուլ են անցել ժյուրիի ընտրությամբ, իսկ կիսաեզրափակիչ ու եզրափակիչ փուլերն ընթացել են 50/50 տարբերակով՝ անվճար օնլայն քվեարկությամբ ու ժյուրիի որոշմամբ: Կիսաեզրափակիչ փուլում եղել են 115 երկրի 3950 մասնակից, եզրափակիչ փուլ է անցել 60 երկրի 100 մասնակից: Ռեկորդային թվով քվեարկություն է եղել (26 միլիոն ձայն) աշխարհի բոլոր երկրներից: Քանոնահարուհուն սատարել ու ոգևորել են աշխարհի բոլոր երկրներից՝ թե՛ հայ, թե՛ օտարազգի արվեստասեր հանրությունը: Սա պատմական իրադարձություն է՝ քանոն նվագարանը աշխարհում վավերացվեց որպես հայկական նվագարան՝ տաղանդաշատ քանոնահարուհու բացառիկ կատարման շնորհիվ։ Որքան էներգիա և ուժ կա այս փխրուն էակի մեջ, որ նվաճեց հզոր գերտերությունների հանդիսատեսի և ժյուրիի սերն ու հարգանքը՝ արժանանալով Գլխավոր մրցանակի: Աստվածային շնորհով օժտված հայ աղջիկ, որ արեց անհնարինը այս թագավարակի օրերին:
Աշխարհն այս դժնդակ օրերին նվագեց հայերեն՝ շրջագայելով համացանցային երաժշտական տիրույթում։ Օտարազգի երաժիշտները սովորեցին ու նվագեցին Կոմիտաս, Սայաթ-Նովա, հայկական ժողովրդական երաժշտություն՝ ծանոթանալով հայ մշակույթին, գեղատեսիլ վայրերին, պատմամշակութային արժեքներին ու Հայաստան աշխարհին: Մարիաննա Գևորգյան քանոնահարուհուն բացահայտեցին նաև Հնդկաստանի ու Հունաստանի փառատոների կազմակերպիչները. նրանց հրավերով մեր հայրենակցուհին ազգային երաժշտությամբ փայլեց Հնդկաստանի հեռուստաեթերում: Հունաստանյան փառատոնը նաև հեռարձակվելու է Բրյուսելի կինոթատրոններում, և հանգանակությունները փոխանցվելու են բարեգործական նպատակով` թագավարակով հիվանդներին:
Լիլիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ