Ով է պատասխատանու Ազգային գրադարանի «կորած» շտեմարանների համար
15.05.2020 | 00:24
Այս օրերին, երբ մարդկանց մեկուսացնում են, հորդորում տանը մնալ ու գիրք կարդալ, իշխանությունը, ի մասնավորի` պատկան գերատեսչությունը գոնե տեղյա՞կ են, որ Հայաստանի թիվ մեկ գրապահոցը՝ Ազգային գրադարանը, քաղաքացիներին անհասանելի է։ Գրադարանի կայքի աշխատանքը մեկ շաբաթից ավելի է, ինչ խափանված է ու պատճառի մասին մի հոդաբաշխ բացատրություն չի տրվում։ Մինչ «պաշտոնական» պարզաբանմանն անդրադառնալը, նախ հասկանանք, թե իրականում ինչ է տեղի ունեցել։
Ազգային գրադարանի կայքը արժեքավոր տեղեկությունների շտեմարան է, մեր ազգային ինքնությունը լավագույնս ներկայացնող փաստագրական պահոց։ Վիրտուալ հարթակում աշխարհի ամեն անկյունից ընթերցողներն այս կայքի միջոցով կարող են ծանոթանալ հազարավոր թվայնացված շտեմարանների։ Օրական նվազագույնը 3-4 հազար ընթերցող է ունենում կայքը, իսկ կարանտինային շրջանում թիվն ավելի է մեծացել։ Անցած տարիների ընթացում պետբյուջեից գումարներ են հատկացվել թվայնացման հսկայական աշխատանքներ իրականացնելու համար։ Աշխարհում ամենամեծ պահանջարկ ունեցող Ազգային գրադարանի կայքում եղել են շուրջ 6100 մատենագիտական գրառում, 4 մլն 600 հազար թվայնացված մամուլի էջ, 20 հազար թվայնացված, եզակի, արժեքավոր գրքեր, հսկայածավալ այլ տեղեկություններ։ Ազգային գրադարանի թվային շտեմարանը գլխադասային է, մյուս գրադարաններն օգտվում են հենց այս աղբյուրից։
Հիմա այս ողջ տեղեկությունը մարդկանց հասանելի չէ, իսկ ընթերցողների ահազանգին ընդամենը հակադարձում են, թե տեխնիկական պատճառներ կան։ Որքան կշարունակվի այս իրավիճակը, բնականաբար, չեն ասում։ Այս ամենը ոչ մեկի սեփականությունը չէ, որ վերցնեն ու մի կողմ նետեն, դրա համար պետական միջոցներ են ծախսվել, մարդիկ են տարիներ շարունակ տիտանական աշխատանք կատարել, ի վերջո, ազգային, հոգևոր հարստությունը չի կարող մեկ օրում հօդս ցնդել։
Գրադարանի ղեկավարության լռությունն իրականում բավական տխուր փաստի վկայություն է։ Մեր տեղեկություններով, մայիսի 8-ի երեկոյան ջեռուցման խողովակների ջուրը թափվել է այն սենյակ, որտեղ տեղակայված են թվայնացման համար նախատեսված սարքավորումները, այսպես ասած, հիմնական հանգույցը։ Առաջացել է հրդեհ, որի պատճառով գրեթե կորել է թվայնացված աշխատանքների ողջ բազան։ Դժվար է ասել, թե դրա քանի տոկոսը հնարավոր կլինի վերականգնել, որովհետև Ազգային գրադարանից խելքը գլխին ոչ մի արձագանք չկա։ «Իրատեսը» փորձեց Ազգային գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանից անձամբ պարզել եղելությունը, բայց նրա պահվածքն առավել քան խոսուն էր։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը (ի դեպ, հայտարարված մրցույթին նա մասնակցել ու չի անցել, այսօր էլ շարունակում է մնալ ԺՊ), հարցն անգամ չլսելով, նախ նեղսրտեց, թե հեռախոսով հարցազրույց չի տալիս, մեր հստակեցմանն էլ, թե հարցազրույց չենք խնդրում, մի հարցի շուրջ պարզաբանում ենք ցանկանում լսել, նյարդային հակադարձեց. «Գիտեմ, թե ինչ հարցի շուրջ եք ուզում, հիմա չեմ կարող այդ հարցի շուրջ պարզաբանում տալ մինչև ինչ-որ բաներ ինձ համար էլ չպարզեմ»։ «Դուք չգիտե՞ք, թե ինչ է կատարվում Ձեր ղեկավարած կառույցում»,- հարցրինք` հարուցելով պարոնի զայրույթը։ «Ո՞նց կարող է Ազգային գրադարանի տնօրենը չիմանա»,- ասաց ու անջատեց հեռախոսը։ Հիմա, հարգելի ընթերցասեր հանրություն, գլուխկոտրուկ. Ազգային գրադարանի տնօրենը, ի վերջո, գիտի՞, թե՞ չգիտի ինչ է կատարվում գրադարանի կայքի հետ ու ինչու՞ էր նա, առանց հարցն անգամ լսելու, հունից դուրս գալիս։ Ժողովուրդը լավ խոսք ունի` թե սոխ չես կերել, բերանդ ինչու՞ է մրմռում։ Խոսքը շուրջ 25 տարվա հսկայածավալ աշխատանքը ջուրը գցելու մասին է, եթե իսկապես լուրջ ու էական խնդիր չկա, ինչու՞ եք հունից դուրս գալիս։ Պետական միջոցներ են տրամադրվել այս ամենին, միլիոնավոր դրամների հասնող գույք է ձեռք բերվել թվայնացումն իրականացնելու համար, ու դեռ Դու՞ք եք գոռում։ Ձեզանից ընդամենը պահանջվում է ստույգ տեղեկություն տալ հանրությանը, թե ինչ է եղել այդ պահոցների հետ, ինչու նորից չի գործարկվում կայքը, ինչ տեխնիկական խնդիրների մասին է խոսքը։ Երբ պատահական մարդիկ հայտնվում են խիստ կարևոր, երկրի հոգևոր ու մշակութային պահոցի գլխին, հենց այսպիսի թշվառ իրականություն ենք ունենում` հսկայական արժեքավոր նյութերի ոչնչացում, ինչը նաև քրեական պատասխանատվություն է ենթադրում։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ