ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կյանքը շարունակվում է երեկ կիսատ թողած տեղից

Կյանքը շարունակվում է երեկ կիսատ թողած տեղից
29.09.2023 | 23:06

Եթե առավոտը ժամը վեցի կողմերը բաց պատուհանից լսում ես կանգառին մոտեցող առաջին ավտոբուսի ձայնը, նշանակում է՝ գիշերը չես մեռել։ Առավոտ-շուտ ուղեղը մաքուր է, եթե, իհարկե, գիշերը քնել ես։ Դու քեզնից մի քիչ շուտ ես արթնանում՝ արթնացել ես, բայց երեկվա դու-ն դեռ չի արթնացել՝ իր հոգսերով, վախերով, վշտերով, ու թվում է, թե նոր ես ծնվել։

Հետո՝ առաջին ծխախոտը վառելիս, աչքդ ընկնում է լիքը մոխրամանին, ու հիշում ես, որ դժվար ես քնել։ Դրանից ուղեղդ թեթևակի ցնցում է ապրում ու սկսում է լիցքավորվել քո անխուսափելի պարունակությամբ՝ անուն-ազգանուն, տարիք, քաշ․․․ Հետո ուղեղիդ մութ ծերպերից դուրս են սողոսկում հոգսերը, վիրավորանքները, հուսահատությունները, ու դու դառնում ես երեկվա շարունակությունը։

Ու հասկանում ես՝ էն, որ քիչ առաջ քեզ թվում էր, թե կյանքը սկսվում է, խաբկանք էր, ոչ մի բան էլ չի սկսվում, կյանքը շարունակվում է երեկ կիսատ թողած տեղից։

Կյանքը հնարավոր չի մաքրել, ինչպես խցանված խողովակն են մաքրում։ Տարիների ընթացքում վերքերից ու կոշտուկներից գոյացած կարծր նստվածքը հաստ շերտով նստում է կյանքի պատերին, ու գալիս է ժամանակ, երբ դու մի կերպ սողոսկում ես համարյա խցանված խողովակի նեղ անցքով․․․ դեպի ու՞ր՝ ինքդ էլ չգիտես։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 2853

Մեկնաբանություններ