ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Հավասար է Զորգեին, Աբելին, Ֆիլբիին, հնարավոր է, որ առաջինն է»

«Հավասար է Զորգեին, Աբելին, Ֆիլբիին, հնարավոր է, որ առաջինն է»
17.02.2024 | 10:02
Գևորգ և Գոհար Վարդանյանների գործընկերների գնահատմամբ «Վարդանյան երկյակի կողմից իրականացվածն այնքան բազմաբնույթ է ու համընդգրկուն, որ երբեք չի գաղտնազերծվի»: Իսկ ահա թե իր ինքնակենսագրական «Անլեգալ հետախուզության պետի գրառումները» գրքում գեներալ Յուրի Դրոզդովն ինչ տողեր է ձոնել ՊԱԿ-ի գնդապետ Գևորգ Վարդանյանին. «Հավասար է Զորգեին, Աբելին, Ֆիլբիին... Հնարավոր է, որ առաջինն է...»:
Եվ այսպես`ո՞վ է, ո՞վ էր այդ լեգենդար մարդը, կյանքի ի՞նչ ուղի է անցել, ինչո՞վ է դարձել երևելի դեմք ԽՍՀՄ հետախուզության ու առհասարակ համաշխարհային հետախուզության պատմության մեջ:
Ծնվել է 1924թ. փետրվարի 17-ին Ռոստով քաղաքում, Անդրեյ Վասիլևիչ ու Մարիա Սավելևնա Վարդանյանների ընտանիքում: Վեց տարեկան էր, երբ մշտական բնակության մեկնեցին Իրան: Բնակավայրի փոփոխությունը պայմանավորված էր խորհրդային արտաքին հետախուզության հանձնարարականով: Եվս վեց տարի ու Թավրիզից տեղափոխվում են Թեհրան: Բարեբախտաբար ընտանիքի գոյությունն ապահովելու խնդիր չկար: Ավելին` այն ինքն էր նյութապես օգնում խորհրդային ռեզիդենտուրային, հոգում առանձին ծախսեր` զգալապես թեթևացնելով Կենտրոնի հոգսը: Հայտնի իրողություն է, որ պատերազմական տարիներին ավագ Վարդանյանը զգալի գումար է ուղղորդել Կենտրոն` բանակի կարիքները թեթևացնելու նպատակով տանկ գնելու համար:
Ա. Վարդանյանը խոշոր գործարար էր, ողջ Պարսկաստանում հայտնի քաղցրավենիքի ֆաբրիկայի տնօրեն: Սա միանգամայն շահեկան ծխածածկույթ էր երկրով մեկ հետախուզական գործունեություն ծավալելու համար: Երբ նա 1953 թվականին Իրանից վերադարձավ Երևան, թիկունքում հետախուզական աշխատանքի 23 տարվա ստաժ ուներ ու հայրենիքին նվիրաբերած որդի, ում վիճակված էր դառնալու հետախուզության լեգենդների լեգենդ:
1940թ. փետրվարին, ի դեմս Իվան Աղայանցի` համաշխարհային հետախուզության մեկ այլ գերազանց դեմքի, պատանի Գևորգը փաստացի կապ է հաստատում Թեհրանում Խորհրդային Միության ռեզիդենտուրայի հետ` դնելով իր ավելի քան 40-ամյա հետախուզական անբասիր գործունեության սկիզբը: Ամիր ծածկանունով գործող պատանին կարողանում է հավաքագրել համախոհների: Խումբը գերտերությունների Մեծ եռյակի թեհրանյան կոնֆերանսին (1943) ընդառաջ ու ընթացքում հայտնի դարձավ «թեթև հեծելազոր» անվամբ` կատարելով բացառիկ ծավալի հետախուզական աշխատանք, իր ծանրակշիռ ներդրումը բերելով գերմանական հետախուզական ցանցի վնասազերծման գործին: Գ. Վարդանյանի խումբը, որի կազմում էր և Գոհար Վարդանյանը` նրա ապագա կինը (օրիորդական ազգանվամբ` Փահլևանյան), իրանցիների մեջ այդ ընթացքում բացահայտել է հօգուտ գերմանացիների աշխատող շուրջ 400 գործակալի:
Անվիճելի է, որ Գ. Վարդանյանի խումբը հսկայական ծառայություն ունեցավ գերմանական դիվերսիայի բացահայտման գործում, որի թիրախում Մեծ եռյակի առևանգումն էր, ֆիզիկական ոչնչացումը: Գերմանական հետախուզության այդ գաղտնի օպերացիան, որ կրում էր «Երկար ցատկ» անունը, մշակվել էր հատուկ հանձնարարությունների գծով Ադոլֆ Հիտլերի հատուկ գործակալ, կայսերական Գերմանիայի գաղտնի ծառայության առանցքային դեմքերից մեկի`Օտտո Սկորցենիի կողմից, ով հայտնի էր դիվերսիոն հանդուգն գործողությունների ծրագրմամբ ու իրականացմամբ:
Մեծ եռյակի թեհրանյան կոնֆերանսի շրջանակներում խորհրդային հետախուզության ու նրա կազմում Գ. Վարդանյանի գործունեության մասին հրապարակում առկա են բազմաթիվ հրապարակումներ, հաղորդումներ, գրքեր, փաստավավերագրական ֆիլմեր (զորօրինակ 2011թ. նկարահանված «Իրական պատմություններ. Թեհրան-43»-ը), գեղարվեստական կինոնկար (տես մասնավորապես 1979 թվականին նկարահանված խորհրդային-ֆրանսիական համատեղ «Թեհրան-43» կինոնկարը): Միաժամանակ Գ. Վարդանյանի հետախուզական կյանքի թեհրանյան շրջանն անվանի հետախույզի կյանքի բացահայտված, հանրությանը հասանելի դարձված միակ փուլն է: Մնացածը գերգաղտնիության յոթ կնիքով է կաղապարված, ու խոշոր հարց է` երբևիցե դրանք կգաղտնազերծվե՞ն...
1946 թվականին Գ. Վարդանյանն ամուսնանում է իր մարտական ընկերոջ` Գոհարի հետ: Նրանց իրանյան կյանքի փուլը շարունակվում է մինչև 1951 թվականը: Երիտասարդ զույգի խնդրանքով Կենտրոնը բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն է տալիս: Ընտրությունը կանգնում Է Երևանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի վրա: Ուսումնառությունից հետո, որը զուգորդվում է հատուկ պատրաստվածություն անցնելու հետ, սկսվում են Վարդանյան զույգի դեգերումներն աշխարհի շուրջ 100-ի հասնող երկրներով, տարբեր ազգանունների, տարբեր ոլորտի ներկայացուցիչների անվան տակ:
Այդ դեգերումները փաստացի արտասահմանյան գործուղումներ էին ավելի քան 30 տարով: Դրանք օգտակար կապերի հաստատում էին այնպիսի դեմքերի հետ, որոնցից շատերն առանցքային ֆիգուրներ էին իրենց երկրի քաղաքական կյանքում, կառավարման ոլորտում, ռազմական, ֆինանսական, գործարարության բնագավառներում: Անշուշտ դրանցում իր ակտիվ դերակատարումն է ունեցել Վարդանյան ամուսնական զույգի լեզուների իմացությունը: Հայտնի է, որ Գ. Վարդանյանն ազատ տիրապետել է հինգ և բացատրվել ևս երեք լեզվով:
Գ. Վարդանյանի ծառայությունների մասին խոսելիս հարկավ պիտի չմոռանալ, թե ինչպես նրան հաջողվեց Հայաստանի Հանրապետության այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին համոզել երկրի համար արտաքին հետախուզություն ունենալու կարևորության հանգամանքն ու կառույցը փրկել ծրագրված ոչնչացումից:
Գ. Վարդանյանը մահկանացուն կնքել է 2012 թվականին, 88 տարեկան հասակում: Հուղարկավորված է Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանոցում: Նրա թաղմանը ներկա է եղել Վլադիմիր Պուտինը` Ռուսաստանի կառավարության այն ժամանակվա վարչապետը, ներկայիս նախագահը, ով անձամբ է ճանաչել նրան:
Վարդանյանը Խորհրդային Միության հերոսի ոսկե աստղին արժանացած թվով երրորդ հետախույզն է Ռիխարդ Զորգեից ու Նիկոլայ Կուզնեցովից հետո, իսկ եթե հաշվի առնենք, որ Զորգեն աշխատել է ռազմական հետախուզությունում, այս դեպքում թվով երկրորդն է: Սակայն այստեղ էլ մի բայց կա: Բանն այն է, որ նա Հայրենական երկրորդ պատերազմից հետո, կենդանության օրոք, Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացած առաջին ու միակ հետախույզն է:
Ականավոր հետախույզի հիշատակը հավերժացված է մի շարք հուշարձաններով, տարբեր քաղաքներում փողոցների անվանակոչումներով (Դոնի Ռոստովի Բրատսկի պողոտայի 81 հասցեում մինչև այսօր պահպանված է երկհարկանի աղյուսե տունը, որտեղ ապրել են Վարդանյանները) ու պատվավոր քաղաքացու կոչման շնորհումով: 2015 թվականից Գ. Վարդանյանի անունն է կրում Երևանի թիվ 192 դպրոցը: Նրա դիմապատկերով Հայփոստը թողարկել է նամականիշ, ՀՀ պաշտպանության նախարարությունը սահմանել է գերատեսչական «Գևորգ Վարդանյան» մեդալ:
Վերջում նորից դառնանք ականավոր հետախույզի հուղարկավորությանը: Չնայած իրեն առաջարկված աթոռին` Վլադիմիր Պուտինը` Ռուսաստանի Դաշնության նախագահն ու Գերագույն գլխավոր հրամանատարը, ի նշան Գևորգ Վարդանյանի անառարկելի մեծության, նրա այրու` նույնպես մեծանուն հետախույզ Գոհար Լևոնովնայի առաջ ծնկած մնաց: Այդպես մարդիկ իրեն խոնարհումն են բերում Տերության դրոշին: Այո, Գևորգ Անդրեյի Վարդանյանը պարզապես մարդ չէր: Նա մի ամբողջ ինստիտուտ էր` պետականություն:

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

Դիտվել է՝ 3189

Մեկնաբանություններ