Արդեն մի քանի տարի է, որ ընթերցում եմ «Իրատեսի» բոլոր համարները։ Պետք է ասեմ, որ համարյա բոլոր հոդվածները բարձրացնում են մեր ազգին հուզող բովանդակային հարցեր։
Հեղինակների մտահոգությունը Հայաստանում անցյալում տեղի ունեցած և ներկայումս տեղի ունեցող իրադարձություններն են՝ սկսած Հայաստանի առաջին նախագահից, վերջացրած ներկայիս վարչապետով ու նրա մանկլավիկներով։
Թերթը ուշադրության կենտրոնում է պահում կառավարությունն ու նրա ենթականերին, որոնք, ինքնուրույն աշխատելու ոչ ձգտում, ոչ էլ ցանկություն ունեն։
Ժողովուրդը հիմնականում աչքաթող է արված։ Կատարվել են ու կատարվում են վերադասի անձնական կարգադրություններն ու ցանկությունները։ Այստեղ է ասված՝ ինչպես ղեկավարն է, այնպես էլ ժողովուրդը։ «Նմանը զնմանին գտանե»։
«Իրատեսի» շատ համարներում իմ ուշադրությունից չեն վրիպել գիտությանն ու գյուղատնտեսությանը վերաբերող հոդվածները, և ինձ մտահոգում է այն, թե ինչու են անուշադրության արժանանում այնտեղ արծարծված խնդիրները։
ՈՒզում եմ առանձնացնել ճանաչված, հեղինակավոր գիտնական Վահան Համազասպյանի բազմաթիվ հոդվածներ և առաջարկություններ, որոնք անպատասխան են մնացել «մեր շատ խելոք» իշխանավորների կողմից։ Դեռ հիշում եմ աշխարհահռչակ գիտնական Պարիս Հերունու առաջարկությունները՝ արևային էներգիան օգտագործելու, նոր կայաններ ստեղծելու մտահղացմամբ։ Դրանք Հայաստանի առաջ կբացեին նոր ճանապարհներ, կունենայինք այլընտրանքային էներգիայի բնական պաշարներ, ԱԷԿ-ը չէր դառնա թիրախավորման օբյեկտ։
Սկսած առաջին նախագահից՝ ում դիմել է անվանի գիտնականն ու արժանապատիվ մարդը, միշտ անուշադրության է մատնվել, ֆինանսական չնչին օգնության պահանջն այդպես էլ չի բավարարվել։ Նույնն էլ այսօր է։
Ինչու՞, չէ՞ որ արևային էներգիան օգտագործելով կարելի է զարգացնել ռազմական արդյունաբերությունը, նորովի, ինքնաբավ ձևով, միայն թե պետական մոտեցում է պետք։
Իսկ ես հավատում եմ դրան։ Արևային էներգիայով կարելի է ստեղծել հատուկ սարքեր՝ թռչող անօդաչու սարքերը հենց օդում շարքից հանելու համար։
Կարելի է շատ ու շատ նորարարություններ անել, մեր մտքի զորությանն ու կարողությանը ես հավատում եմ։ Շատ բան կարելի է անել, եթե ուզում ենք հպարտ ապրել, աշխատել ու գոյատևել։ Մենք դատապարտված ենք ապրելու եկվոր հարևանների կողքին, նրանց գայլային հայացքների ներքո, ուստի պարտավոր ենք առավելագույնս պաշտպանված լինել։
«Իրատեսի» թիվ 82-ում տպագրված «Հավանական կանգառը դժոխքն է» հրապարակման առաջ քաշած մտքերի ու գաղափարների հետ լիովին համաձայն եմ։ Հեղինակի նախորդ հոդվածներում էլ անդրադարձ է եղել մեր հայրենիքին ու նրա ապագային, հողակլիմայական, անասնապահության զարգացման ու բազմաթիվ հարցերի։
Ես չեմ ուզում և նույնիսկ անհնար է անդրադառնալ մեր երկրում առկա բոլոր բացթողումներին, որոնք կատարվել են անցած երեսուն տարում, և շարժ էլ չկա դեպի առաջ։ Մոտ 3 միլիոն բնակչություն, մի փոքրիկ երկիր «խելացի» գլուխները չեն կարող ղեկավարել, կարգի բերել։ Թող գնան ու սովորեն ուրիշ երկրներից, որոնց մեկ քաղաքի բնակչությունը հասնում է 25-35 միլիոնի։
Ես միայն կպատասխանեմ հեղինակի հարցադրմանը՝ «Ի՞նչ անել»։
Առաջինը՝ խստացնել օրենքները այն ղեկավար անձանց նկատմամբ, որոնց ապաշնորհ կառավարման պատճառով ձախողվում է պետության առաջընթացը։ Նույնիսկ պատիժ սահմանվի նրանց և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ՝ թալանված փողերի օգտագործամ համար։
Անտեսվում են օգտակար շատ առաջարկություններ, որոնք մեծ օգուտ կբերեին պետությանը։
Հայաստանը ոչ թե ոտքի տակ պետք է նայի, այլ ապագային, ուստի հորդորում եմ գալիք նոր ղեկավարությանը լինել առաքինի, լուրջ ուշադրություն դարձնել սերունդների ապագային, որը կախված է բոլորիս առողջ մտածելակերպից, գիտատեխնիկական առաջընթացից։
Մինաս ՄԻՆԱՍՅԱՆ
ք. Գյումրի