ՈՒղտի պարը կամրջի՞ն է բռնում
10.04.2020 | 12:40
Աստված հոգացել էր Ադամի բոլոր հոգսերը. դրախտում գեղեցկության նիրվանա էր։ Մենակ էր Ադամը։ Կողոսկրից Աստված ընկեր հանեց նրա համար, սակայն զգուշացրեց` չուտել չարի ծառից: Կերավ, թաքնվեց: Աստված նայեց, տեսավ` դրախտը դատարկ է։ Ձայն տվեց` ու՞ր ես, Ադա՛մ: Ադամը դուրս եկավ թաքստոցից, առաջ եկավ ու ասաց` ահա ես, Տեր: Բայց դա արդեն այլ Ադամ էր, որ պետք է վտարվեր դրախտից:
Մովսեսը բարձրացավ Սինա։ Այնտեղից պետք է իջեցներ Տասնաբանյան` ՈՒխտի տապանակը: Եգիպտոսից աստվածային հրաշքով դուրս եկած, Կարմիր ծովը կտրած-անցած, երկնային մանանա ճաշակած ժողովուրդը հոգնեց 40 օր Մովսեսին սպասելուց, հարցրեց Ահարոնին.
-ՈՒ՞ր է այն մարդը, որ մեզ հանեց Եգիպտոսից։ Նա չկա, մեզ առաջնորդ է պետք։
ՈՒ... գտավ իր առաջնորդին. ինչքան ոսկի ուներ, ձուլեց (իսկ ոսկին խորհրդապատկերն է ներսում եղած գանձի), ստացվեց հաստ մռութով ոսկե հորթ։ Իր ներսից ծնված էության առաջ Եգիպտոսից դուրս եկած ժողովուրդը խոնարհվեց, երկրպագեց ու օրգիա սկսեց նրա շուրջը:
Վասն որու՞ ենք այս ամենը պատմում: Վասն այն, որ Արմագեդոնից առաջ աշխարհն իր ներսից հանեց ոչ թե «ոսկե հորթ», այլ… փոքրի՜կ, անտեսանելի, անորսալի մի պստիկ վիրուս, որը շրջեց-շարժեց ողջ աշխարհը, բոլորին և դա այն ժամին, երբ գիտությունն ու մարդկային միտքը, ավելի ստույգ Աստծո արարածը բաբելոնյան աշտարակը շինել, հասել էր Աստծո դռանը` թակում էր այն, ուտում էր խնձորը, օրգիաներ անում բոլոր կարգի «ոսկե հորթերի» շուրջը. տղամարդուն կին սարքում, կնոջը` տղամարդ, և այդ ամենի վերջնական պատկերն ունեցավ վիրուսի տեսք, որի հախից աշխարհը չի կարողանում գալ, և որքան էլ պնդենք, թե դա համաշխարհային մեծ նախագիծ էր` ստեղծված աշխարհի տերերի կողմից` աշխարհն «ավելորդ»` ծեր, հիվանդ, խոցելի, բարոյական խմբերից բեռնաթափելու, խաղի տերը, ասել ենք, նրանք չեն, այլ մարդուն իր պատկերին վերադարձնող Արարիչը, որը «մեծ հավասարումով» հավասարեցրեց բոլորին, որովհետև «համաշխարհայինների» ստեղծած վիրուսը կարծես թե մուտացիա է ապրել և անկանխատեսելի վարքագիծ է դրսևորում, և ինչ-որ մի պահից դուրս է եկել «վերահսկողությունից»:
Բոլորն աշխարհում սպասում են. երբ է լինելու հիվանդության պիկը, որից հետո կլինի անկումը։ Նկատենք` մինչ Չինաստանը անկման փուլում է, Ռուսաստանում և ԱՄՆ-ում կորը նոր-նոր բարձրանում է, իսկ Իրանում որևէ կերպ կորը նվազում չի գրանցում (հասկանալի է, չէ՞, ինչու):
Դառնանք մեզ` ցավալի արձանագրմամբ. հայոց իշխանական մետրերն ինչպես սկսեցին, այնպես էլ ցանկանում են ավարտել: Թե որքան անպատասխանատու գտնվեցին մեզանում համավարակի դեմ պայքարի սկզբին, թե ինչպես մեծբերանությունը դարձ ուղիղ ճանապարհ արեց այս «հպարտ» իշխանության համար, թե ինչպես հանուն իր ամբիցիաների զոհ տվեց մի ողջ երկիր` հանրաքվեի քարոզարշավի գնալով, մեկուսացման գործընթացը շաբաթներով հետաձգելով, չենք անդրադառնա: Թե ինչու անցավ արտակարգ ռեժիմի, հետո նույնքան էլ արտակարգ ռեժիմով ձեռնամուխ եղավ մարդկանց տեղորոշման օրենքի հապշտապ ընդունմանը, անչափ տրիվիալ է. միակ ու գերնպատակը իրական վիճակը թաքցնելն էր, հիվանդների ու մահվան թվերը կոծկելը, իրենց պատկերով «հորթ ձուլելը», ժողովրդին ստիպելը, որ «պար գան» իրենց հորթի ու իշխանության շուրջ:
ՈՒ հիմա, երբ այդ գործընթացն իրենց ձեռքն են առել, փորձում են իրենց պատկերով երկրորդ «հորթը ձուլել». հիմա էլ թվերը կեղծում են, որպեսզի արտակարգ իրավիճակը շուտ ոչ ևս անեն, որովհետև տնտեսությունն ահավոր կոլապսի մեջ է, պետությունը չի կարողանում «հաց» ապահովել, «հորթի տեսարաններից» էլ հոգնած, սոված ժողովուրդը քիչ-քիչ սկսում է իրավիճակը հասկանալ, ուստի «հայրենի» իշխանությունները փորձում են ստեղծել պատկեր, թե իրավիճակը Հայաստանում քիչ-քիչ ստաբիլանում է, և դա այն դեպքում, երբ մասնագետները բարձրաձայնում են, որ Հայաստանում կորը պիկին կհասնի ապրիլի 20-ից մինչև 30-ը` լավագույն դեպքում:
Հաջորդ «տեսարանները» նույնպես պակաս աղետալի չեն. իշխանությունները, անգամ այս պայմաներում, չեն մոռացել Սահմանադրական դատարանի մասին, և նոր օրինագիծ են մշակում` վասն այդ: Ի դեպ. եթե այնպես ստացվի, որ արտակարգ ռեժիմը ամսի 14-ին վերացվի, «հայրենի» իշխանությունները պետք է կրկին սկսեն ՍԴ դատավորներին «նվիրված» հանրաքվեի գործընթացը, հետևաբար` «Այո»-ի քարոզարշավը…
Աբսու՞րդ է: Ամենևին ո՛չ: Օրինաչափություն է... իրենց համար, ինչպես օրինաչափություն է ապրիլյան հաղթանակած պատերազմի, իրենց խոսքով` քննիչ հանձնաժողով` Սերժ Սարգսյանի «հրավերքը»:
ՈՒղտի պարը կամրջի՞ն է բռնում: ՈՒղտինը չգիտենք, բայց սատանայինը` հաստատ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ