Իսպանական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) արմատական լուծում է տվել երկրում Իսպանիայի սուպերգավաթի պահանջված չլինելու հարցին ու պաշտոնապես հայտարարել, որ դրա առաջիկա խաղարկումն անցկացվելու է Սաուդյան Արաբիայում:
Ամռանն Իսպանիայում երկրի չեմպիոն «Բարսելոնի» ու Արքայական գավաթի հաղթող «Վալենսիայի» միջև այդպես էլ չանցկացվեց երկրի սուպերգավաթի մրցավեճը, դրա փոխարեն այն «Չորսի եզրափակիչ» ձևաչափով կանցկացվի հունվարի առաջին կեսին, անցած մրցաշրջանի առաջին քառյակը կազմած մադրիդյան երկու հանրահայտ ակումբների՝ «Ռեալի» ու «Աթլետիկոյի» մասնակցությամբ, որոնք, բնականաբար, կունենան հրավիրյալի կարգավիճակ:
Առաջիկա խաղարկության գլխավոր առանձնահատկությունն այն է լինելու, որ հանդիպումներն անցկացնելու համար ակումբները մեկնելու են Սաուդյան Արաբիա: AS-ի տվյալներով՝ եռամյա պայմանագրի համար ֆեդերացիան կստանա 120 միլիոն եվրո, ամեն տարի քսան միլիոն եվրոն կբաշխվի մասնակից թիմերի միջև, 20 միլիոն եվրո էլ բաժին կհասնի ֆեդերացիային:
Նկատենք, որ մրցաշարն անցկացնելու վայրի հարցում Սաուդյան Արաբիան միակ երկիրը չի եղել: Առաջարկներ եղել են նաև Հնդկաստանից, Չինաստանից, Կատարից: RFEF-ի գլխավոր Լուիս Ռուբիալեսը չի թաքցնում, որ ընտրության հարցում վճռական է եղել հարցի ֆինանսական կողմը, թեպետ չի կոնկրետացնում հատկացված գումարի ստույգ չափը:
Բնականաբար հարցի ֆինանսական կողմը շատ արագ վեճերի տեղիք տվեց: RFEF-ը նախապես ծրագրել էր միջոցները ոչ թե հավասարապես բաժանել, այլ համաձայն թիմերի ունեցած կարգավիճակի: AS-ի տվյալներով՝ «Բարսելոնին» ու «Ռեալին» բաժին է հասնելու ութական միլիոն եվրո, մնացածը համամասնությամբ տրվելու է «Վալենսիային» ու «Աթլետիկոյին»: Սույնի առնչությամբ «Վալենսիայի» նախագահն արդեն իսկ հայտնել է իր անհամաձայնությունն ու ասել, որ պայքարելու է հավասարաչափ բաշխման համար: «Աթլետիկոյի» բոսն անհամեմատ հանդուրժողաբար է տրամադրված՝ բավարարվել է ասելով, որ իրենք պատրաստ են Սաուդյան Արաբիայում հանդես գալուն:
Սուպերգավաթի խաղարկումը երկրի սահմաններից դուրս անցկացնելու հիմնախնդրի կողքին իսպանական ֆուտբոլում զուգահեռ մի այլ խնդիր էլ կա: Բանն այն է, որ արդեն տևական ժամանակ դիտարկվում է լա լիգայի դիմակայություններից մեկը Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացնելու հարցը: Լիգայի գլխավոր Խավիեր Տեբասը նախապես պատրաստվում էր Մայամիում անցկացնելու «Բարսելոնի» ու «Ժիրոնայի» դիմակայությունը, հետո մտքափոխ եղավ՝ կանգ առնելով «Վիլյառեալի» ու «Աթլետիկոյի» հանդիպման վրա, սակայն երկուսի դեպքում էլ հարցին դեմ է ֆեդերացիան: Բնականաբար RFEF-ի շեֆը ստիպված եղավ ապացուցել, որ եղածը կրկնակի ստանդարտների հետևանք չէ, որ սուպերգավաթի ու առաջնության խաղերը տարբեր բաներ են, որ ՈՒԵՖԱ-ն թույլ է տալիս երկրի սահմաններից դուրս հանել միայն սուպերգավաթի հանդիպումները:
Նրանք, ովքեր որոշմանը դեմ են, քննադատում են ոչ միայն սուպերգավաթի հանդիպման արտագնա լինելու կամ դառնալու իրողությունը, այլև անցկացման տեղի ընտրությունը՝ առաջին հերթին խոսելով Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների ոտնահարման մասին: Երկրի սպորտի նախարարությունը, որը քայլի համանախաձեռնողներից է, անմիջապես մեկնաբանել է խնդրահարույց հարցերը՝ նշելով, որ Սաուդյան Արաբիան ավելի ու ավելի ժամանակակից երկիր է դառնում, որ տուրիստական վիզաներ ստանալը կլինի հեշտ, որ կանայք առանց խոչընդոտների կարող են այցելել մարզադաշտ: Ի միջի այլոց նկատենք, որ Իսպանիան սուպերգավաթը Սաուդյան Արաբիա տանող առաջին երկիրը չի լինելու. 2019-ի հունվարին այստեղ իրենց հարաբերություններն են պարզել «Յուվենտուսն» ու «Միլանը», իսկ դեկտեմբերի 22-ին «ծեր սինյորան» կրկին կլինի այդ երկրում, քանի որ տիտղոսը «Լացիոյի» հետ պայքարում պաշտպանելու խնդիր ունի:
Իսպանական թիմերը հունվարի սկզբներին դրսում մինի մրցաշար անցկացնելու խնդիր չունեն, քանի որ այս ժամանակահատվածն իսպանական ֆուտբոլում առանձնապես ծանրաբեռնված չէ. ընթացիկ տարվա վերջին տուրն անցկացնելու են դեկտեմբերի 22-ին, այնուհետ լինելու է երկշաբաթյա ընդմիջում, ներքին առաջնությունը վերսկսվում է հունվարի 4-5-ին ու մինչև ամսի 18-ը, կապված սուպերգավաթի անցկացման հետ, նախատեսված է դադար: Ասել է թե` «Չորսի մրցաշարի» եզրափակչի մասնակիցներն ամսվա մեջ առավելագույնը կանցկացնեն հինգ խաղ:
Ամփոփենք: Արդեն իսկ հայտնի է «Չորսի մրցաշարի» ժամանակացույցը: Հունվարի 8-ին «Ռեալը» կխաղա «Վալենսիայի» հետ, հաջորդ օրը կմրցեն «Բարսելոնն» ու «Աթլետիկոն»: Հունվարի 12-ին, եզրափակչում, ուժերը կչափեն նշված դիմակայություններում հաղթածները: Մրցաշարի գլխավոր հանդիպումը տեղի կունենա իր մեծությամբ Սաուդյան Արաբիայի թիվ երկու քաղաքում՝ Ջիդայում (ունի 3,6 միլիոն բնակիչ, համարվում է երկրի տնտեսական մայրաքաղաքը) գտնվող արքայազն Աբդուլ ալ-Ֆայսալի անվան մարզադաշտում, որը կարող է տեղավորել 62 հազար հանդիսական:
Դե ինչ, արդեն իսկ նոր տարվա սկզբին ֆուտբոլասերը կունենա բարձր ֆուտբոլի հետ հաղորդակցվելու ևս մեկ հնարավորություն:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ