Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

ՈՒրիշի մշակույթը չպաշտպանողը կկորցնի նաև իր մշակույթը

ՈՒրիշի մշակույթը չպաշտպանողը կկորցնի նաև իր մշակույթը
02.03.2015 | 14:25

Աշխարը, առավել ևս քրիստոնյա աշխարհը, դեռ շատ կզղջա, որ վերջին հինգ-վեց դարերի ընթացքում թուրքական մարտնչող իսլամին չհակադրվեց իր ողջ կարողությամբ: Խոսքս մահմեդական կրոնին և նրա հավատացյալներին չի վերաբերում. կրոնը ներպետական ուղղորդող ուժ է՝ ժողովրդին կառավարելու համար: Այն սկզբունքորեն և հիմնովին տարբերվում է որևէ ուսմունքի սկզբնական՝ մաքուր հավատքային դրսևորումից և ժողովրդի կողմից որպես այդպիսին ընկալվելուց:
Կրոնը երկրի ներսում դառնում է սեփական ժողովրդին շահագործելու գործիք, իսկ հակադիր կրոն դավանող ժողովուրդների դեմ՝ արտաքին հարաբերություններում, քաղաքական, հաճախ ռազմական խնդիրներ լուծելու միջոց: Դրա ապացույցն են Արաբական խալիֆայությունը, եվրոպական երկրներում ինկվիզիցիան, խաչակրաց արշավանքները, յոթհարյուրամյա Օսմանյան կայսրությունը՝ իր խալիֆայական, այսինքն՝ նաև կրոնական գերիշխանությամբ՝ իր կայսրության հպատակության տակ եղած ամբողջ մահմեդական աշխարհում, ջիհադը՝ սրբազան պատերազմը քրիստոնյաների դեմ, որն ի սկզբանե եղել է այն արաբների դեմ, ովքեր դեռ Մուհամմեդի ուսմունքը չէին ընդունել: Հետագայում, երբ արաբական աշխարհին հարևան ազգերն ընդունեցին իսլամ, քաղաքական հետագա զարգացումները փոխեցին ջիհադի վեկտորը՝այն ուղղելով քրիստոնեության դեմ:
Քաղաքականության պատմաբանները, կարծում եմ, պետք է որ հետևեին այդ կերպափոխմանը և բացահայտեին, թե ե՞րբ, ո՞վ կամ քաղաքական ո՞ր դավադիր ուժերը և ի՞նչ նպատակով ջիհադի սլաքն ուղղեցին քրիստոնեության դեմ, գլխավորապես՝ Օսմանյան կայսրությունում ապրող քրիստոնյաների, մասնավորապես հայերի դեմ:
Ինչո՞ւ եմ հետահայաց անդրադարձ կատարում մարտնչող իսլամի և հատկապես ջիհադի՝ հայերի հանդեպ դրսևորած դաժան, բայց հիմնականում անպատիժ գործունեությանը, որովհետև այդ ջիհադը բացահայտ շարունակվում է և այսօր: Հայերին իրենց բնօրրանից և կայսրության այլ տարածքներից բռնի վտարելուց և ցեղասպանության ենթարկելուց հետո, նրանց մշակութային ու կրոնական հուշարձանները՝ եկեղեցիները, հարյուր տարվա ընթացքում ավերել են քրիստոնյա Եվրոպայի ու Ամերիկայի և ՄԱԿ-ի՝ Համաշխարհային հոգևոր ու մշակութային համամարդկային արժեք ունեցող հուշարձանները պահպանող ու պաշտպանող կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՈՅ-ի աչքի առաջ և անպատաիժ մնացել: Խորհրդային ժամանակաշրջանում՝ կրոնական համեմատաբար հանդուրժողական տարիներին՝ 60-70 ականներին, Ադրբեջանում հիմնահատակ քանդում էին հայերի կրոնական և մշակութային նշանակության ճարտարապետական հուշարձանները և դարձյալ մնում անպատիժ: Ադրբեջանը
բարբարոսաբար աշխարհի անտարբեր աչքի առաջ ավերեց Ջուղայի հայկական գերեզմանոցի հազարամյա խաչքարերը, որոնցից յուրաքանչյուրը մի- մի թանգարանային նմուշ էր և պատիվ կբերեր եվրոպական բոլոր ազգերին միասին վերցրած: Ադրբեջանի մահմեդական ջիհադը՝ ուղղված հայերի ու նրանց մշակութային ժառանգության դեմ, դարձյալ մնաց անպատիժ:
Այսօր էլ շարունակվում է մշակութային արժեքների ոչնչացումը: Մարտնչող իսլամի դեմ իզուր է աշխարհը կեղծ անհանգստություն դրսևորում և դատապարտում լոկ խոսքերով: Ինքնահռչակ Իսլամական պետություն կոչվող բարբարոսների՝ սիրիական հնամենի հուշարձանների ոչնչացումը այն անտարբերության հետևանքն է, որ աշխարհը, մասնավորապես քաղաքակիրթ համարվող Արևմուտքը դարերով անտարբեր է եղել հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման հանդեպ: Անտարբեր եղավ աշխարը նաև Իրաքում հազարամյա վաղեմություն ու արժեք ունեցող նախաիսլամական հուշարձանների ոնչացման ժամանակ. լրագրողները պարզապես հայեցողաբար տեսագրում էին ու վավերացնում ոչնչացման բարբարոսական փաստը:
Իսկապե՞ս աշխարհը, այն աշխարհը, որը ցանկացած երկրում, ցանկացած ժամանակ կարողացել է ռազմական, լավագույն դեպքում քաղաքական միջամտություն անել՝ իրեն շահավետ քաղաքական ելքն ապահովելու նպատակով, անկարող է կանխել այդ քաղաքակրթական բարբարոսությունը՝ անպատիժ թողնելով Իսլամական պետությանը և նրա քաղաքական ու ռազմական կնքահայրերին՝ Թուրքիային ու Ադրբեջանին:
Եվրոպան ու Ամերիկան հաջորդ զոհն են լինելու, բայց ափսոս, որ այնտեղ էլ մենք՝ հայերս, մշակութային ժառանգություն ունենք, որովհետև մենք մշակույթ արտահանող ժողովուրդ ենք:


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 1824

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ