ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Հանգչեք, իմ որբեր

Հանգչեք, իմ որբեր
24.09.2013 | 00:43

Մաքսային միությանն անդամակցությունը, ինչպես ասում են, պատռեց ընդդիմության «վարագույրը» վերից վար: Քաղաքական դաշտը ապատիկ վիճակում է ու դեռ երկար դուրս չի գա «այնտեղից»: Ոչ այն պատճառով, որ դեմ է Մաքսային միությանը, այլ որ այդ անդամակցությունը եղավ շատ անսպասելի` պարապուրդի մատնելով առանց այն էլ ոչ մի բանով չզբաղված, լուսանցքային գոյություն քարշ տվող ընդդիմությանը:
Քաղդաշտի այնքան փոքր սպեկտրն է դեմ այդ անդամակցութանը, որ կարծել, թե նրանց կհաջողվի բուռն հասարակական դիմակայության ֆոն ապահովել, անհնար է: Մնացած ընդդիմադիրներն էլ իրենց ուղնուծուծով այնքան ռուսամետ են, որ անգամ ամենաթեժ ատելությունն իշխանության ու Սերժ Սարգսյանի նկատմամբ չի կարող վերածվել իրական գաղափարական պայքարի:
Հանուն «արդարության» էլ ասենք, որ ինչպես նախագահական ընտրություններում, այնպես էլ Մաքսայինի հարցում, իշխանությունը գնաց գամբիտի, որևէ անելիք չթողնելով որևէ մեկին: ՈՒ եթե նախագահական ընտրությունները դարձան ընդդիմության «գերեզմանափորը», հիմա, կարծում ենք, արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ թե Ռուսաստանի և Սերժ Սարգսյանի, թե Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև այն ժամանակ կային խորքային, անտեսանելի պայմանավորվածություններ այս հարցում: Իսկ ակտիվություն դրսևորող հայտնի ընդդիմադիր ուժերն այն օրերին այդպես էլ չըմբոստացան առ այն, թե ինչու իրենց Գագիկ Ծառուկյանը չառաջադրվեց: Պատճառները խիստ հասկանալի էին:
Այո, Սերժ Սարգսյանը լավ գիտեր ոչ միայն յուր, այլև Գագիկ Ծառուկյանի «հաճախորդներին», ու թույլ տալով, որ ընդդիմություն կոչվող այդ զանգվածը սրբորեն կլլի այդ «հարվածը», մեկընդմիշտ նրան տարավ դեպ անհայտություն:
Քաղասպարեզը մնաց շատ դեպքերում անչափ հետաքրքիր դրսևորումներով հանդես եկող քաղաքացիական շարժմանը: Սակայն, որքան էլ պարադոքսալ, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունն էլ վերջինիս համար կդառնա գերեզմանափոս. զի այս դեպքում ևս գիտենք` ովքեր են տերերը, և ում են ծառայում շարժման հայրերը։ Անուններ չտանք:
Մի շտապեք առարկել` ի՜նչ եք ասում: Քաղաքացիական շարժման ողջ ներքին, անտեսանելի տրամաբանությունը կառուցված էր մեկ հենքի վրա. բան է, եթե հայաստանյան իշխանությունները մի գեղեցիկ օր իսկապես փորձեն ամբողջովին տրվել Արևմուտքին` չցանկանալով նրա գրկից պոկվել, «քաղաքացիականները» կալեբախեին Հայաստանն ու նրա իշխանություններին` «մի ուրիշ ձևով»:
Իշխանությունները սա նույնպես շատ լավ գիտեին: ՈՒ նախօրոք մտածված վերջնախաղով, որի հենքը անսպասելիությունն էր, որպես քաղտեխնոլոգիա, անչափ «գեղեցիկ» վաբանկ: Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությամբ հիմա էլ նոր ընդդիմախոսներին թողեցին ձեռնունայն:
Հիմա արդեն իշխանությունների ձեռները լրիվ ազատ են` բարձրացնելու տրանսպորտի սակագինը, կատարելու կադրային այնպիսի տեղաշարժեր, որոնցից միայն իրենք հաճույք ու «կուսություն» կզգան (դրա վառ ապացույցը Պուտինի «հազարամյա» մոտ ընկեր Չայկայի` գառնիկիչյան դատախազական բաստիլի «գրավումն» էր, կարծում ենք` նման գրավումներ դեռ շատ կլինեն իշխանությունների կողմից), և վերջապես, ինչո՞ւ ոչ, սահմանադրական փոփոխությունները, որոնցով երկիրը կարող է Վրաստանի նման անցնել խորհրդարանական կառավարման: Չնայած այն հանգամանքին, որ նույն իշխանությունները սևով սպիտակի վրա ու անչափ հատու պնդում են` կառավարման համակարգը չի փոխվելու մեզանում:
Ի՞նչ իմանաս:
Այսպիսի ընդդիմության պայմաններում ինչ ուզես, կանես:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1927

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ