Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Ջերմուկը դարձել է մարկեսյան քաղաք

Ջերմուկը դարձել է  մարկեսյան քաղաք
10.09.2013 | 00:47

Ջերմուկ երբեմնի ծաղկուն քաղաքն իսկ և իսկ դարձել է մարկեսյան: Այնտեղ կյանքը «հետ է գնում», ու չկա մեկը, որ գոնե քաղաքի հիշողությունը պահպանի:
Տարօրինակ է, որ ջրի համաշխարհային դեֆիցիտի, հայաստանյան ռեսուրսների բացակայության պայմաններում շռայլորեն մեռնում է մի քաղաք, որը ժամանակին պետք է ողջ Հայաստանը պահեր յուր «Ջերմուկով»:
Ջերմուկն իր էկոլոգիայով ու հանքային ջրով ուղղակի բժշկական «դանակ» է, և ճիշտ մարկետինգի, գրագետ մոտեցումների դեպքում կարող էր վերածվել «ոսկե հորթի»` բավականին մեծ ներդրումներ ապահովելով Հայաստանի համար, բայց քանի որ մեզանում ավելի նպատակահարմար է դիտվում բիոզուգարաններով տնտեսության զարգացման մոդելը, բնական է, որ Ջերմուկ այցելողին կարող է թվալ, թե ինքը հայտնվել է սովետական օրերում, որովհետև Ջերմուկում շատ բան չի փոխվել, եթե չասենք` վերապրոֆիլավորվել են սեփականաշնորհված երբեմնի առողջարանները` ենթարկվելով «պլաստիկ» վերանորոգումների:
Հայաստանյան իշխանությունները նախընտրել ու շարունակում են նախընտրել Ծաղկաձորը: Ներդրումներ են կատարում այնտեղ, տներ, ամառանոցներ, հյուրանոցներ կառուցում։ Ծաղկաձորում արդեն օդ էլ չկա շնչելու, զի ամեն մետրը հույժ զբաղված է: Եվ դա այն դեպքում, որ ոչ էկոլոգիապես, ոչ էներգետիկ առումով (Ջերմուկի էներգետիկան անչափ հզոր է, և չափազանցություն թող չթվա, եթե ասենք, որ իր հերթին Ջերմուկը նաև «էներգետիկ դանակ» է` աուրայի տեսանկյունից) Ջերմուկը դանդաղ քարանում-համրանում է` տարեցտարի պակասող հանգստացողների պատճառով:
Հանգստացողների մի մասը սոցիալական փաթեթով եկածներն են, մյուս մասը` հիվանդ մարդիկ, որոնց համար Ջերմուկում բուժվելը ծայրահեղ անհրաժեշտություն է:
Այլք գրեթե չկան:
Երբեմնի «աշխարհի կենտրոն» Ջերմուկը աշխուժանալու նշաններ ցույց տվեց, երբ նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը: Ոնց երևում էր, նա, ի տարբերություն Ծաղկաձորը սիրող Քոչարյանի, ավելի բարձր էներգետիկա էր նախընտրում ու իր սերը գցել էր Ջերմուկի վրա՝ առաջին տարիներին բացառապես այնտեղ էր հանգստանում՝ ջերմուկցիներին հույս ներշնչելով, որ վերջապես իրենց չքնաղ քաղաքը կզարթնի:
Սերժ Սարգսյանի «նախաձեռնությամբ» սկսվեց թամանյանական նախագիծ` իսկապես չքնաղ ու գեղեցիկ հյուրանոցի շինարարություն, որը պետք է ավարտվեր 2010 թ., սակայն մինչ օրս, Սերժ Սարգսյանի երկրորդ պաշտոնավարումից հետո անգամ, դեռ կառուցվում ու կառուցվում է:
Խոսակցություններ էին շրջում, թե արտասահմանյան մի ընկերություն շատ մեծ ներդրումային ծրագիր է իրականացնելու Ջերմուկում, այդ պատճառով դադարեցվեց նախկին օդանավակայանի տարածքի սեփականաշնորհումը, ու որոշակի աշխուժություն առաջացավ. շախմատի մեծ մրցաշարերը սկսեցին «ժամանել» Ջերմուկ` իրենց հետևից ուղղաթիռով այնտեղ հասցնելով Սերժ Սարգսյանին, նրա հետևից՝ քաղաքական էլիտային (այսօր Ջերմուկում հայոց բազմավաստակ ու բազմաչարչար էլիտայից մարդ չես գտնի, պատգամավորներն անգամ լայեղ չեն համարում այնտեղ հանգստանալ), Ջերմուկում սկսեցին անցկացվել հայոց փառապանծ «բազեների» հավաքները` աշխուժացնելով, մեծ շարժ առաջացնելով Ջերմուկում, Շարմազանովի ասած` «մի ուրիշ ձև»: Սակայն արդեն երեք տարի է՝ «էլիտար» «բազեները» նույնպես չվել են Ծաղկաձոր։
ՈՒ Ջերմուկը, ամառային երկու ամսում կիսով չափ զարթնելուց հետո, կրկին ցավով քուն է մտնում. ճոպանուղու աշխատակիցը խոր ցավով արձանագրեց. ձմռանը սահքուղիներն այնպես էինք հարթեցրել, այնպես էինք պատրաստել, մարդ չեկավ:
Ասում են` Ջերմուկը հեռու է, Ծաղկաձորը մոտ է, պատճառը դա է: Բայց, դե՜, ընդամենը երեք ժամում կարող ես հասնել այդ դրախտավայր:
Ասում են` թանկ է: Բայց հաստատ` ոչ Ծաղկաձորի չափ, ուր հանքային ջուր չկա, ուր երբեք չեն իջնում… թռչող ափսեները, ճերմակ ձյուների վրա չեն քայլում ջրահարսերը:
-Ջերմուկն էկոլոգիապես մաքուր է այնքան, որ այլմոլորակայինները նախընտրում են այստեղի սարերը,- տխուր կատակում են տեղացիները,- բայց երևի մի քանի տարի հետո նրանք նույնպես չեն գա:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1311

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ