Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

ՀԵԹԱՆՈՍ, ԹԵ ՔՐԻՍՏՈՆՅԱ` ՀԱՅԸ ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ ԽԱՐՈՒՅԿ Է ՎԱՌԵԼ

ՀԵԹԱՆՈՍ, ԹԵ ՔՐԻՍՏՈՆՅԱ` ՀԱՅԸ ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ ԽԱՐՈՒՅԿ Է ՎԱՌԵԼ
09.02.2010 | 00:00

Հին ժամանակներում մեր նախնիները պաշտել են կրակը և երկրպագել կրակի աստծուն` Միհր-Միթրային: Վերջինիս պաշտամունքն աղերսվել է արևի ու կրակի վաղնջական պաշտամունքների հետ: Արամազդի որդի Տրդատը հենց այդ պաշտամունքների մարմնավորումն էր, և նրա կառուցած Գառնու հեթանոսական տաճարը համարվում է միհրական մեհյան:
Կրակի մաքրագործող զորության հանդեպ ունեցած հավատի հետ է առնչվում Միհր-Միթրայի տոնը, որը նշվել է փետրվարի 14-ին, այդ պատճառով էլ այս ամիսը մեհեկան է կոչվել:
Տոնական հանդիսության ժամանակ վառվող կրակը գարնան ավետաբերի խորհրդանշական դերն է կատարում` խորհրդանշելով բարեխառն եղանակ, հունձքի առատություն, արտերի բերրիություն և ամուսինների օրհնություն: Այս նույն խորհուրդն ունեին նաև տոնական արարողությունները:
Մի կողմ թողնելով մեր հեթանոս նախնյաց` կրակին ու արևին նվիրված տոնակատարությունները, ներկայացնենք մեզանում տոնվող քրիստոնեական Տյառնընդառաջի իսկական խորհուրդը:
Տոնի պաշտոնական` Տյառնընդառաջ անվան հիմքում Քրիստոսի կենսագրությունն է, որով և տոնը սուրբ է համարվում: Այս սուրբ տոնն իր մեջ մեծ խորհուրդ ունի, և այդ խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալն է, երբ Սուրբ հոգին Սիմեոն ծերունուն հայտնում է, որ նա չպիտի մահանա, մինչև Տիրոջն օծված չտեսնի:
Սիմեոն ծերունին, 300-ից ավելի երկար ու ձիգ տարիներ ապրելով, սպասում է Փրկչի ծնունդին, և նրա սպասումները զուր չեն անցնում: Հասնում է այդ երանելի պահը: Աստծո որդու` երկրային աշխարհ գալուց 40 օր հետո Մարիամ Աստվածածինը նրան գրկած մտնում է Աստծո տաճար, որտեղ էլ Տիրոջն ընդառաջ է ելնում Սիմեոն ծերունին, գրկում մանկանը, օրհնում և Փրկչից խնդրում արձակել իրեն, որովհետև կատարել էր իր առաքելությունը: Ահա թե ինչու է Տյառնընդառաջը տոնվում Սուրբ ծննդից 40 օր հետո:
Հայ ժողովուրդն այս կրոնական տոնը մեծ շուքով է նշում, այդ թվում` Գեղարքունիքի մարզի բնակչությունը։ Երեկոյան ժամերգությունից հետո եկեղեցուց զգուշությամբ և հանդիսավորությամբ վառվող մոմ են բերում և այդ մոմով վառում իրենց Տրնդեզը (մի խուրձ խոտ): Կրակն անհրաժեշտ է վառել հատկապես նշանված կամ այդ տարի պսակված հարսնացուի կամ հարսի բակում, որոնց սկեսուրները նրանց պետք է «կրակին ցույց տան»: Եթե հարսնացուն դեռևս հոր տանն է, սկեսուրը Տյառնընդառաջի առավոտյան նրան «փայ» է ուղարկում, ինչը սովորաբար բաղկացած է լինում աղանձից, զանազան ընկույզներից, չամիչից, շաքարից և որևէ զարդից: Երեկոյան, կրակը եկեղեցուց բերելուց հետո, սկեսուրն իր ազգական կանանց հետ այցելում է հարսնացուի տուն և ուղեկցում հարսնացուին` կրակի շուրջ պտտվելու: Նորահարս ունեցողները հրավիրում են հարսի ընկերուհիներին, իսկ մյուս տների բակերում սովորաբար հավաքվում են գերդաստանի անդամները: Խարույկի շուրջ նախ պտտվում են նորապսակ զույգերը, ապա կրակի վրայով թռչում են նաև ամուլ կանայք, նոր ծննդաբերած կանայք. առաջինները` որ երեխա ունենան, երկրորդները, կրակի վրայով թռչելով, համարվում են «քառասունքից» դուրս եկած:
Կրակի մոտ են բերում նաև հիվանդներին, որպեսզի սրանք էլ բժշկվեն կրակի մաքրագործող, հզոր ուժով:
Անցյալում նորահարսները ճյուղերի վրա տարբեր գույնի լաթեր էին կապում, որևէ իղձ պահում մտքում և այդ ճյուղը գցում եկեղեցու բակում վառվող խարույկի մեջ: Քանի դեռ կրակը վառվում էր, կանայք մի սկուտեղի վրա լցրած փոխինդը, աղանձը, չամիչը, ընկույզը, կարմրացրած եգիպտացորենը ձեռքներին պտտվում էին կրակի շուրջը, մի մասը` բաժանում երեխաներին, մյուս մասը` ներս տանում, ինչն էլ համարվում էր տոնական երեկոյի լավագույն ուտելիքը:
Խարույկը մարելու հետ նորապսակներ ունեցող ընտանիքների բակերում սկսվում էին պարերը, ու մինչ երիտասարդները զուռնա-դհոլի նվագակցությամբ պարում էին, մյուսները բակի խարույկից մի ամանով կրակ էին վերցնում և վառում տան ճրագը, օջախը:
Տյառնընդառաջը եղել և այսօր էլ մնում է մեր ժողովրդի սիրելի տոներից մեկը, և շատ կարևոր է, որ մենք էլ մեր հերթին գեղեցիկ ավանդություններն անաղարտ պահենք ու փոխանցենք սերնդեսերունդ:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1946

Մեկնաբանություններ