ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Որ ազատ շուկա է, պիտի պորտապա՞ր պարեն, երգիչները մե՞րկ պետք է դուրս գան բեմ»

«Որ ազատ շուկա է, պիտի պորտապա՞ր պարեն, երգիչները մե՞րկ պետք է դուրս գան բեմ»
27.01.2009 | 00:00

«ՄԱՂԹՈՒՄ ԵՄ, ՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՍ ՍԵՎ, ՄՈՒԹ ԱՄՊԵՐԻ ՄԵՋ ԷԼ ԱՐԵՎ ՏԵՍՆԻ»
«Այս ի՜նչ կոլեկտիվ է, ապշելու բան է, ասես մի ողջ ազգ է պարում»,- տարիներ առաջ Նյու Յորքում ՎԱՆՈՒՇ ԽԱՆԱՄԻՐՅԱՆԻ ղեկավարած պարի պետական անսամբլի ելույթի առիթով ասել է հայտնի բալետմայստեր Ջորջ Բալանչինը։
Վանուշ Խանամիրյանը երկար տարիներ ղեկավարել է պարի պետական անսամբլը։ Նրա սաներից շատերը պարարվեստի վարպետներ են։ Ստեղծել է տասնյակ պարեր, որոնք շարունակում են ապրել այսօր էլ։ Նրա անունով կան պարային խմբեր։ Անկրկնելի են վարպետի ստեղծած կերպարները բալետային պարարվեստում` Սպարտակ, Լոռեցի Սաքո, Սասունցի Դավիթ, Դոն Կիխոտ...
Ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, ՀՊԳՄ նախագահ Վանուշ Խանամիրյանն այսօր էլ աշխատում է, արարում։

-Ի՞նչ է պարը, այդ ի՞նչ ուժ է, որ ստիպում է երաժշտությանը համահունչ շարժել մարմինը, ձեռքերը։ Ձեզ նայելիս ակամա մտածում եմ, որ պարն առողջ, երիտասարդ մարմին ու հոգի ունենալու գրավական է։
-Պարարվեստը, իսկապես, առեղծվածային է, զարմանալի, նաև` դժվար։ Մանավանդ բալետային արվեստը։ Պարը մարդուն երիտասարդ է պահում։ Չգիտեմ գաղտնիքը. պարը թափանցում է երաժշտության մեջ, երաժշտությունից` սրտի մեջ։ Այն, որ խնջույքների ժամանակ պարում են, ոչ մի կապ չունի պարային արվեստի հետ։ ՈՒղղակի ով ինչպես զգում է, այնպես էլ ձեռքերը, ոտքերը շարժում է։ Քչերն են հայկական պարում։ Հնում դաշտում հավաքվել, առավոտից երեկո շուրջպար են բռնել, միասին են պարել։ Չեն եղել այդ տաշի-տուշիները` ձեռքերը վեր պարզած։ Թեև, գիտեք, դա էլ երևի տիեզերքին հասնելու ձգտումն է։ Այդպիսի զգացում էլ կա։ Պարով կարող ես ճանաչել քո պատմությունը, քո ազգին, իմանալ` որ գավառում ինչ պարեր են պարել, ինչ տարազ են հագել, ինչ երաժշտություն են ունեցել։
Ես 82 տարեկան եմ և բեմ եմ բարձրանում։ Ճիշտ է, ոտքերս այն չեն, բայց երբ զուռնան, դհոլը լսում եմ, 18 տարեկան եմ դառնում։ Այն մարդիկ, ովքեր պարարվեստով են զբաղվում, միանգամից տարբերվում են` քայլվածքով, կեցվածքով, խոսելու ձևով անգամ։
-Պարը, փաստորեն, ազգի դիմագիծն է, ազգի պատմությունը։ Ի՞նչն է ավելի բնորոշ հայկական պարերին։
-Ազգագրական պարերը կապված են հատկապես հողի հետ։ Պարելով աղաչում են, որ արև լինի, որ անձրև լինի, որպեսզի բերքը լավ լինի, պարելով խոսել են երկնքի հետ։
-Ճի՞շտ է, որ մեր պարերը հիմնականում ունեն կրոնապաշտական բնույթ և գալիս են հեթանոսական շրջանից։
-Հեթանոսական շրջանից շատ բան է եկել, բայց դժվար է որոշակի բան ասելը։ «Քոչարին», օրինակ, կապում են շորերի պաշտամունքի հետ։ Ես ուրիշ կերպ եմ ընկալում, մեկ ուրիշ մասնագետ այլ կերպ է մեկնաբանում։ Ասում են` «Քոչարին» չպետք է կինը պարի։ Իսկ իմ կարծիքով, «Քոչարին» հաղթական պար է, ու եթե տղամարդիկ դաշտից գալիս են ու «Քոչարի» են պարում, կանայք ձեռքերը չեն ծալի ու կանգնի, իրենք էլ մասնակցում են պարին։ «Քոչարին» շատ տեսակներ ունի, տարբեր գավառներում տարբեր կերպ են պարում, բայց բոլորը պահպանում են «երկու գնա, մեկ արի» ռիթմը։
Կամ մեր «Ծափպարը», երբ տղաներն առանձին են ծափ զարկում-պարում, աղջիկներն առանձին, ու ասես ուժ են հավաքում մարտի գնալուց առաջ։
Մենապարեր քիչ ենք ունեցել, հիմնականում շուրջպարեր են եղել` ձեռք ձեռքի բռնած, ճկույթ ճկույթի։ Ես կարծում եմ, որ այսկերպ, երբ մեկը տխուր է լինում կամ ուրախ, այդ ամենը փոխանցվում է մյուսներին։
Այսօր պարային ռիթմից հետ ենք ընկել։ Ինչքան էլ նորություններ լինեն, ինքներս մեզնից չպետք է հեռանանք։ Ազգային հիմքի վրա պետք է կառուցվի այդ նորը։
-Իհարկե, դեմ չեք, որ պետք է իմանալ ու պարել ուրիշ ազգերի պարեր։
-Երբեք դեմ չեմ եղել։ 24 տարի ղեկավարել եմ պարի պետական անսամբլը։ Մեր պարացանկում կար և՛ ռուսական պար, և՛ ուկրաինական, և՛ վրացական... Պարզապես, եթե պարում ես ուկրաինական պար, պետք է շատ լավ պարես, որ ուկրաինացին նայի, չասի` էս ո՞նց ես պարում։ Բայց մեկ է, էլի ամեն ազգ իր պարն է շատ լավ պարում։
-Ի՞նչ կասեք այսօր մեծ ժողովրդականություն վայելող լատինաամերիկյան պարերի մասին։
-Շատ եմ սիրում։ Դա բարձր արվեստ է։ Մեզ մոտ փչացրել են այդ պարը, դարձրել են մերկ պար։ Մինչդեռ այն ունի իր օրենքները, իր տարազները պետք է հագնես։ Չեմ հասկանում` հայերն ինչո՞ւ են սկսել այդքան շատ սիրել մերկությունը։ Ես չեմ կարողանում նայել։ Այնպիսի՜ կրքոտ շարժումներ են անում... բայց այդպես չէ։ Դա արվեստ է, կիրթ պար է, և ամեն շարժում իր միտքն ունի։
-Իսկ դասական պարարվեստի մասին ի՞նչ կասեք։
-Բոլոր նրանք, ովքեր զբաղվում են պարարվեստով, դասականը պետք է իմանան։ Թե ինչպես պետք է լինի մարմնի դիրքը, ձեռքերի, գլխի, այդ բոլորը գալիս են դասական արվեստից։ Ես 27 տարի բալետի դերասան եմ եղել, չկա մի հայտնի դեր, որ պարած-խաղացած չլինեմ։ Ոմանք ասում էին` Վանուշ Խանամիրյանը պարի պետական անսամբլը կդարձնի բալետ։ Ոչ, ես բալետ չդարձրի։ Ես հայկական պարերը գեղեցկացրի, տեսք տվեցի։
-Կան մարդիկ, որ ինքնուս լավ պարում են, սա խոսում է բնատուր տաղանդի՞ մասին, որ զարգացնելու դեպքում կարող է պարողին աստղ դարձնել։
-Որքան էլ սիրուն պարեն, կարևոր է համապատասխան տվյալներ ունենալը։
-Որո՞նք են այդ տվյալները։
-Եթե աղջիկ է, պետք է բարակ մեջք ունենա, ոտքերը պետք է բարակ լինեն, ուղիղ, գլուխը` փոքր, ձեռքերը երկար ու բարակ, և, գումարած իր ներքին աշխարհը, պարային շնորհքը։
-Դուք ինչպե՞ս ընտրեցիք պարը։
-Ես չեմ ընտրել։ Ծնվել եմ, կարելի է ասել, օպերայի բակում։ Ս. Շահումյանի անվան դպրոցում եմ սովորել։ Մի օր էլ պարային դպրոցից եկան ու ընտրեցին ինձ։ Բախտս բերեց, կազմվածքս էր հետաքրքիր։
-ՈՒրիշ նախասիրություններ ունե՞ք։
-Սիրում եմ նկարել, հատկապես իմ Արարատը շատ հետաքրքիր ու տարբեր է։ Սիրում եմ նաև խոհանոց։ Այնպիսի՜ քյուֆթա եմ պատրաստում...
Բայց ժամանակ չունեմ, քաղաքից քաղաք եմ գնում, խմբերին եմ նայում (պարարվեստի միությունում 108 պարային խումբ կա)։ Գիտելիք ունեմ, ուզում եմ հասցնել ու բոլորին օգնել, մի հատված կամ նրբագիծ էլ փոխես, պարը սիրունանում է։
-Շա՞տ են փոխվել ժամանակները։
-Շա՜տ։ Խորհրդային շրջանում կինոն, թատրոնը, պարարվեստը, գրականությունը, բոլոր ասպարեզները շատ զորավոր էին։ Ի՜նչ անվանի մարդիկ է տվել Հայաստանը։ Չկարծեք, թե գովաբանում եմ կոմունիստական հասարակարգը։ Երբեք չեմ մոռանա, որ հորս առանց պատճառի Սիբիր տարան, գնդակահարեցին, տարիներ անց արդարացրին։ Անկախությունից լավ բան չկա։ Այն ժամանակ շատ բան արգելված էր, ամեն պար չէիր կարող բեմադրել։
-Հիմա ազատ ենք, բայց, կարծես թե, այնքան էլ վերելք չեն ապրում արվեստը, մշակույթը։
-Դեռ մանուկ է անկախ Հայաստանը։ Սկսել են հետաքրքիր գործեր անել։ Պարարվեստը զարգանում է, առաջ է գնում, նորանոր խմբեր են բացվում։ Բայց, մյուս կողմից, ազատությունը պետք է գնահատես։ Չի կարելի ասել` ազատ շուկա է, ինչ ուզեմ` կանեմ։
Որ ազատ շուկա է, պիտի պորտապա՞ր պարեն, երգիչները մե՞րկ պետք է դուրս գան բեմ։ Վերահսկողություն չկա։ Երբ որևէ պարային խումբ գնում է արտասահման, ինչո՞ւ չհարցնեն` վարպետ, նայիր, արժե՞, որ ուղարկենք։ Ես վնաս չեմ տա, օգուտ կտամ, ուղղություն կտամ։ Վախենում են, ամա՜ն, գիտակ մարդ է, կասի` խայտառակություն է, սուսուփուս վերկենում-գնում են։
-Հեռուստատեսային նախագծեր կան, երբ պարում են «աստղերը»։ Ո՞նց եք վերաբերվում։
-Շատ վատ։ Չեմ կարողանում նայել։ Երևի մեծացել եմ, հին մարդ եմ։ Սիրտս վատանում է։ Անմիջապես ալիքը փոխում եմ, սպորտ եմ ման գալիս։
-Պարարվեստն այսօր ըստ արժանվույն գնահատվո՞ւմ է։
-Պետական խմբերը հովանավորում է նախարարությունը, ոմանք գոհ են, ոմանք` դժգոհ։ Ոչ լավ է, ոչ վատ։ Երգիչների նկատմամբ ցուցաբերվող հոգածությունը մի քիչ շատ է։ Կամ չափազանց շատ է։ Իրենք էլ սկսել են մեծամտանալ։ Աստղ են դարձել։ Մեկը չկա, որ արև, լուսին լինի։ Գուցե ինձ համար արևն առավել է, քան աստղե՞րը։ Պարարվեստին էլ ուրիշ աչքով են նայում։ Ոչ թե պետությունը, այլ միջոցառումների կազմակերպիչները։ Մինչդեռ պարարվեստում հիանալի արտիստներ ունենք։ Անցյալ տարի միջազգային փառատոնում հինգ ոսկե մեդալ շահեցին։ Իսկական աստղերը նրանք են։ Եվ հիմա էլ սփռված են աշխարհով մեկ։ Մեկը Գերմանիայում է, մեկը` Ամերիկայում...
-Ինչո՞ւ են թողել հայրենիքը։
-Պայմաններից է։ Այստեղ հնարավորությունները քիչ են։ Առաջատար պարողներ են, կարևորը, որ հայ են մնում, հայկական դրոշն են բարձրացնում։
-Ի՞նչ կմաղթեիք մեր ժողովրդին։
-Համբերություն, միասնություն, սեր ու ներողամտություն միմյանց հանդեպ։ Ես 82 տարեկան եմ։ Այս քաղաքն էլ իմը չէ, իրենցն է։ Թող սիրեն քաղաքը, սիրեն օրենքը, ղեկավարներին։ Մաղթում եմ, որ ժողովուրդս սև, մութ ամպերի մեջ էլ արև տեսնի...
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 6902

Մեկնաբանություններ