Դա կարևորագույն բանաձևերից մեկն է, որ մշակվել է վերջին 100 տարում՝ ամբողջ աշխարհի տնտեսագետները այս պահին կախված են նրանից՝ կկարողանա՞ պատվաստանյութը կանխել հետագա սահմանափակումները՝ գրում է Մայա Խոկը Bild-ում: Այդ պատճառով էլ լավագույն հաքերները այսօր տեխնոլոգիական սուպերմարտի են դուրս եկել՝ թիրախում ցանկացած տեղեկատվությունն է ոսկե բանաձևի մասին: Mandiant Threat Intelligence ընկերության, որ ծառայություններ է մատուցում տեղեկատվական անվտանգության ոլորտում և մասն է FireEye ընկերության, փորձագետ Բենջամեն Ռիդի կարծիքով՝ հաքերները փորձում են հաղթահարել դեղագործական ընկերությունների և կլինիկաների անվտանգության համակարգերը: Կորոնավարակի պանդեմիայի սկզբից համարյա օր չի եղել, երբ նրանք հարձակումներ չեն գործել: Հաքերների նպատակը Covid-19-ի դեմ պայքարի ռազմավարությունների և բուժման մասին որևէտեղեկատվություն ստանալն է, նախևառաջ՝ պատվաստանյութի:
«Մեր հաճախորդների մեջ են տուժած բուժհաստատություններ, որոնց մենք ապահովում ենք պաշտպանական ծրագրերով: Մենք պարզել ենք, որ նրանք կասկածելի էլեկտրոնային նամակներ են ստանում, որոնց արգելակում են մեր ֆիլտրերը: Այդ նամակները լրտեսական ծրագրեր են պարունակում,-բացատրում է Բենջամեն Ռիդը: -Covid-19-ը առաջինն է հաքերների թիրախների ցանկում»: Մարդկության բարեկեցության մասին տեղեկատվությամբ գումար վաստակել սև շուկայում չափազանց ռիսկային է: Այդ պատճառով՝ փորձագետների կարծիքով՝ հաքերների թիկունքում պետական լրտեսությունն է, ոչ թե մասնավոր անձինք: Հարձակումների տեսակով Ռիդը նույնականացրել է հաքերների խմբերին, որոնց հետևուն է մի քանի տարի: Հատկապես ճարպիկ գրոհները, նրա խոսքով, իրականացվել են Ռուսաստանից: Հունվարին հաճախացել են հարձակումները Վիետնամից: IT Daily ամսագրի տվյալներով՝ վիետնամական APT32 հաքերային խումբը չորս ամիս լրտեսական հարձակումներ է գործել՝ ուղարկելով ֆիշինգային հաղորդագրություններ չինական Ուհան նահանգից, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսը:
«Մենք ենթադրում ենք, որ Covid-19-ի մասին տեղեկությունների հավաքումը դարձել է ամբողջ աշխարհի հատուկ ծառայությունների գերակայությունը, մեր ելակետն է, որ նրանք ագրեսիվ օգտագործում են կիբեռլրտեսությունը պետական ու մասնավոր հատվածի նկատմամբ»՝ հաղորդում է ամերիկյան FireEye ընկերությունը:
Մայա Խոկ, Bild
Հ.Գ. Ինքնին հասկանալի է, որ հաքերների թիկունքում պետություններն են, և ոչ միայն այն պետությունները, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են փորձում ստանալ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, և այլ երկրներ, այլև այն պետությունները, որ հույս չունեն ԱՀԿ-ի միջոցով պատվաստանյութի արդար բաշխման և փորձում են բանաձևը ստանալով՝ սեփական արտադրություն ստեղծել: Տնտեսագետները, իհարկե, կարող են պատվաստանյութի մեջ փրկություն տեսնել, բայց շատ մեծ հարց է, թե ցանկացած պատվաստանյութի համար ֆանտաստիկ արագ ստեղծված ոսկե բանաձևը առողջապահական ինչ հետևանքներ կունենա մարդկանց համար: Իրո՞ք կդառնա փրկություն կորոնավարակից, թե՞ ավելի մեծ խնդիրներ կստեղծի մարդկանց համար ժամանակի մեջ: Եվ հատկապես նրանց, որ առողջական տարատեսակ խնդիրներ ունեն, առավելևս նրանց, որ խնդիրներ ունեն, որոնց մասին տեղյակ չեն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ