ԳՆ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ Գյուղատնտեսական երկուշաբթիների հանրային հարթակում այսօր քննարկվել է «Աղքատության կրճատում, եկամուտների ավելացում. ինչպես ենք ծախսում ՀԲ-ի փողերը» թեման: Գյուղական համայնքներում կուտակված խնդիրների լուծման ամենաճկուն մեխանիզմ է դիտարկվում կոոպերացիայի զարգացումը: Այս գաղափարի կենսունակությունն առաջին հերթին պայմանավորված է Հայաստանի գյուղատնտեսության առանձնահատկություններով: Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ (ԳԾԻԳ) պետական հիմնարկի տնօրեն Գագիկ Խաչատրյանը տեսացուցադրությամբ ներկայացրեց համայնքներում իրականացված աշխատանքը՝ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարում և մրցունակություն» վարկային ծրագրի համատեքստում: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին հասարակական սեկտորի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մի շարք գիտնականների, ինչպես նաև գյուղապետերի, կոոպերատիվների միության նախագահի տեսակետները կոոպերացիայի գաղափարի շուրջ: Մասնավորապես, հասարակական կազմակերպության ղեկավարներից մեկը մտավախություն հայտնեց, որ հողերը կարող են դառնալ մի քանի օլիգարխի սեփականությունը, իսկ գյուղացիները կարող են վերածվել սեզոնային աշխատողների՝ առանց սեփականության իրավունքի: Բանախոսը փաստեց, որ բոլոր գյուղացիներին տրվում է մեկնարկային հնարավորություն, և պետք է կոոպերատիվը դիտարկել որպես միջոց, ոչ թե նպատակ, առավել ևս՝ նախկին կոլխոզ,: Ըստ Խաչատրյանի, կոոպերացիան միջոց է գյուղացու աղքատության կրճատման և եկամուտների ավելացման համար: Գագիկ Խաչատրյանը նշեց, որ վերոհիշյալ ծրագրի հիմնական նպատակը գյուղացին է, նրա աշխատունակության բարձրացումը: Տեսապատկերներով ցուցադրվեց նաև կոոպերացիաների գործունեությունը՝ շինարական աշխատանքներից մինչև գյուղտեխնիկայի տրամադրում: Թեմայի շրջանակում քննարկվեցին նաև հարկային հնարավոր խոչընդոտներին ու ապահովագրությանը վերաբերող խնդիրներ: Ի պատասխան հնչեց, որ այդ ամենը մասնագիտական շարունակական քննարկումների փուլում է, և այդ մասով անհրաժեշտություն է առաջանում կոոպերացիայի մասին օրենքի ընդունումը: Տեսակետ հնչեց, որ կոոպերատիվի գաղափարը շահեկան է ոչ միայն Հայաստանի բնակչության զգալի մասին գործունակ դարձնելու առումով, այլև՝ այդ համակարգը խոստանում է լուրջ եկամուտներ ապահովել հենց երկրի ներսում` կանխելով արտագաղթի ծավալներն ու արտագնա աշխատանքի մեկնողների թիվը: Գյուղատնտեսության ԾԻԳ-ի տնօրենի հավաստմամբ` ծրագիրը, ըստ էության, սոցիալական է, նպատակաուղղված է գյուղացիների ջանքերը մեկտեղելու ճանապարհով նրանց խնդիրները լուծելուն: Իսկ ծրագրի արդյունքները, իրոք, տպավորիչ էին. 29 համայնքում ավարտվել են արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինարարական աշխատանքները (66.4 կմ ջրագիծ): 53 համայնքի սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է 290 միավոր գյուղտեխնիկա, էականորեն աճել են անասնագլխաքանակն ու կաթի ծավալները: Անասնագլխաքանակի աճի տեմպերով Հայաստանն այսօր ԱՊՀ-ում առաջատար դիրք է զբաղեցնում: