ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԵՎ ԱՐևԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԵՎ ԱՐևԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
25.01.2011 | 00:00

Բալթիկ, Ադրիատիկ և Սև ծովերի միջև ընկած ընդարձակ տարածությունը միշտ էլ ձգտել է քաղաքական ու ռազմական միավորման, քանի որ հարյուրամյակների ընթացքում արտաքին լուրջ սպառնալիքներ են եղել գերմանական պետությունների, Օսմանյան և Ռուսական կայսրությունների կողմից, ինչպես նաև այլ բռնի ներթափանցումների վտանգ։ Այս տարածաշրջանի ներկայիս վիճակը կրում է անցյալի դրոշմը և չի առանձնանում պատշաճ կայունությամբ ու կանխատեսելիությամբ։ Սպասելիքներին հակառակ` ո՛չ Եվրամիությունը, ո՛չ ՆԱՏՕ-ն, առավել ևս ԱՊՀ-ն ու ՀԱՊԿ-ը, չդարձան անվտանգության և կայունության երաշխավոր։
«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը ժամանակին կազմակերպել էր «Համաշխարհային ասպարեզ ելնող նոր ազդեցիկ տերությունները» թեմայով ճեպազրույց, որին մասնակցում էին բավականին հանրահայտ քաղաքագետներ Ալեքսանդր Ռարը (Գերմանիա), Օքսանա Անտոնենկոն (Մեծ Բրիտանիա), Ջորջ Ֆրիդմանը (ԱՄՆ), Նիկոլայ Զլոբինը (Ռուսաստան-ԱՄՆ)։ ՈՒ թեև նրանց գնահատականները բավականին տարբեր էին, սակայն բոլորն էլ ընդունեցին, որ աշխարհում նոր դերի և տեղի տեսակետից հետաքրքրություն են ներկայացնում Չինաստանը, Թուրքիան և Լեհաստանը։ Պետք է ասել, որ Թուրքիան և Լեհաստանը հարուցեցին առավել շատ կասկածներ` որպես իրենց տարածաշրջաններում էական դերի հավակնող տերություններ, սակայն Լեհաստանին, անտարակույս, հատկացվում էր առաջատար պետության դեր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում։ Եվ իրոք, Լեհաստանը կարևոր, եթե ոչ հանգուցային տեղ գրավեց եվրոպական բանավեճում, հատկապես աշխարհամասի քաղաքականության մեջ քմահաճություն դրսևորելուց, համաշխարհային տնտեսական ճգնաժամն ավելի քան հաջող հաղթահարելուց հետո, ինչպես նաև վերջերս իր արտաքին քաղաքականության առողջացմամբ, արևելյան և արևմտյան հարևանների հետ հարաբերություններում գործնական մոտեցումների նախապատվությամբ։ Որքան էլ տարօրինակ է, Լեհաստանի արտաքին քաղաքականության նույնիսկ շատ կառուցողական քայլերը նյարդայնացնում են և՛ Արևելյան, և՛ Արևմտյան Եվրոպային, չնայած հանրային բնույթի զանազան դրական հայտարարություններին ու գնահատականներին։ Դա պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանն ու Գերմանիան կցանկանային Լեհաստանը տեսնել «փոքր» կամ «աննշան» պետությունների շարքում, որը չհավակներ որևէ լուրջ աշխարհաքաղաքական դերակատարության։ Մինչդեռ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պետություններից միայն Լեհաստանին հաջողվեց պոկվել «շարքային» պետությունների վիճակից և հայտարարել տարածաշրջանում իր առաջնային դերի, ինչպես նաև եվրոպական քաղաքականության վրա ներազդելու կարողության մասին։ Ընդ որում, վերջին ժամանակներս ակներև դարձավ, որ լեհական արտաքին քաղաքականության հենց գործնականությունը, առճակատումը վերացնելու ձգտումը դարձավ քաղաքական ոճի հիմքը, ինչից մեծապես երկյուղ են կրում Ռուսաստանը և Գերմանիան։ Ըստ երևույթին, Լեհաստանի արտաքին և ներքին քաղաքականությունը ձերբազատվել է «մանկական հիվանդություններից», և եկել է նոր աշխարհաքաղաքական ձևաչափ ստեղծելու փորձերի ժամանակը, ձևաչափ, որի կենտրոնում կարող է լինել միայն Լեհաստանը։ Հարավարևելյան Եվրոպայի խնդիրները բնավ էլ սպառված չեն, ավելին՝ հիմնախնդիրներն աճում են, տարածաշրջանը լի է հակամարտություններով ու հիմնախնդիրներով։ Եվրոպան հասցրեց հարմարվել Հարավարևելյան Եվրոպայի հակամարտություններին, և Բալկաններն այլևս չեն կարող ազդեցություն ունենալ ո՛չ Արևմտյան Եվրոպայի, ո՛չ էլ Ռուսաստանի վրա։ Բալկաններում հետզհետե ավելի է զգացվում թուրքական ներթափանցումը, և ծագում են առճակատման նոր տրամաբանական սցենարներ, որոնց հիմքում ընկած են թուրքական տարածաշրջանային հավակնությունները։ Բայց այդ տարածաշրջանում Ռուսաստանի և Եվրոպայի բախում հազիվ թե հնարավոր լինի մերձավոր և միջնաժամկետ հեռանկարում, հատկապես ֆրանս-գերմանա-ռուսական դաշինքի ստեղծման փորձերի պայմաններում։ Համաշխարհային քաղաքականությանը Կենտրոնաարևելյան Եվրոպան պետք է որպես նոր փորձադաշտ` եվրոպական քաղաքականության մեջ նոր սյուժեների ծավալման համար։
Այդուհանդերձ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բառացիորեն բոլոր պետություններն արտաքին քաղաքական և ներքաղաքական քիչ խնդիրներ չունեն, որոնք, այսպես թե այնպես, անկայունության տարրեր են մտցնում ամբողջ տարածաշրջանում։ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում անդորրի առավել լուրջ խոչընդոտ է Հունգարիան, որը 1919 թվականին Վերսալի պայմանագրով բաժանվել էր մի քանի մասերի, ինչն էլ հունգարական հավակնությունների մեծացման հիմնապայման էր դարձել։ Հունգարիան չի հաշտվում պատմական հողերի «օբյեկտիվ» կորստի հետ և քայլեր է ձեռնարկում դրամատիզացնելու իրավիճակը, պահանջներ ներկայացնելու հարևաններին, որոնք առայժմ, թեպետ դժվարությամբ, տեղավորվում են իրավական նորմերի մեջ։ Ընդ որում, միանգամայն ակներև է, որ հունգարական այդ նախագիծն անհնար կլիներ ներկայացնել այսչափ լայն համատեքստում, եթե չլիներ Գերմանիայի և Ավստրիայի աջակցությունը։ Գերմանիան հակագերմանական ուժեղ տրամադրությունների և անվստահության է բախվել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պետությունների կողմից, ինչը լուրջ խոչընդոտ է գերմանական աշխարհատնտեսական կայսրություն ստեղծելու ճանապարհին։ Ամերիկա-բրիտանական նախագիծը, որը նպատակաուղղված է Գերմանիայի և Ռուսաստանի միջև հուսալի պատնեշի ստեղծմանը, ավելի քան արդյունավետ է գործում և լիովին համապատասխանում է եվրոպական խաղի կանոններին ու «իդեալներին»։ Հունգարական հիմնախնդրի ստեղծումը, որը կարող է կազմալուծել ոչ միայն Կենտրոնական Եվրոպան, այլև ամբողջ Եվրամիությունը, գերմանական կայսերապետական շահերի շրջանակներում էր։ Հունգարիան, որպես Գերմանիայի պատմական դաշնակից, միանգամայն համապատասխանում է Գերմանիայի և Ավստրիայի նկրտումներին։ Գերմանիան չի մոռացել, թե իր ռազմավարական շահերին ինչ հարված հասցվեց Հարավսլավիայում ծավալված պատերազմի հետևանքով, և խիստ երկյուղում է, այժմ արդեն Արևելքում, հերթական աշխարհաքաղաքական փակուղու հեռանկարից, ինչը պակաս վտանգավոր չի լինի, քան Բալկաններինը։
Ռումինիան միանգամայն օրինականորեն մտահոգված է Մոլդովայի ճակատագրով, և ոչ ոք նրան չի կարող կշտամբել երկիրը վերամիավորելու ցանկության համար։ Միավորված Ռումինիան, անտարակույս, ռումին ազգի հեռանկարն է, որի արևելյան սահմաններն անցնում են Դնեստրով, սակայն դա ևս օրախնդիր քաղաքական հակամարտություն է տարածաշրջանում։
Ռուսաստանի վերնախավերը, ընդ որում տարբեր բնույթի, Ուկրաինան դիտում են որպես ժամանակավորապես գոյություն ունեցող պետություն և վաղուց նախագծում են կա՛մ խիստ ապակենտրոնացված դաշնություն, կա՛մ ՈՒկրաինայի անմիջական բաժանում։ Անջատականության ակտիվ քաղաքականություն է իրականացվում ներկայիս ՈՒկրաինայի ողջ տարածքում, ինչը չի կարող չհանգեցնել համաեվրոպական աղետի։
Հետաքրքիր հանգույց է Բելառուսը, ընդ որում,՝ նոր ձևաչափով, որը վերհիշել է լավ քողարկված ազգայնականությունը` ի դեմս լեհերի կամ հիմնավորապես ձուլված լեհերի, որոնք Բելառուսը համարում են ոչ թե բնակության երկիր, այլ իրենց հայրենիքը։ Բելառուսը դեռ երկար կգտնվի եվրոպական քաղաքականության կիզակետում, նրա շուրջը տևական խաղ կընթանա` Ռուսաստանից այս երկիրը հեռու պահելու ու եվրոպական աշխարհին կցելու նպատակով։
Սլովակիան բանավեճի մեջ է Հունգարիայի հետ, այս երկրի արևելքում հասունանում է ռուսինների անջատականությունը, որոնք առանձնապես ուժեղ են Անդրկարպատներում։
Բուլղարիան, թեպետ պատմական և քաղաքակրթական լուրջ աղերսներ ունի բալկանյան աշխարհի հետ, սակայն հիմնավորապես ներգրավված է եվրոպական քաղաքականության մեջ՝ դառնալով Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամ, ուստի նրանում հասունացող խնդիրները կընդունեն այլ, առավել մասշտաբային բնույթ՝ հաշվի առնելով Թուրքիայի ներթափանցումը Բալկաններ, երբ ԱՄՆ-ը տակավին եռանդուն գործողություններ չի ձեռնարկում արևմտյան ուղղությամբ Թուրքիային զսպելու համար։
Եվրոպա-եվրասիական միություն ստեղծելու «եվրոպական մեծ եռյակի»՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի փորձերը չեն կարող չանհանգստացնել ԱՄՆ-ի ցանկացած վարչակազմի, թեպետ ամերիկացիները, ասենք` ռուսները ևս, այնքան էլ չեն հավատում տվյալ միության հաջողությանը։ Ամերիկացիներն ու բրիտանացիներն ամեն ինչ կանեն այդ միությունը խարխլելու համար, այդ թվում` անթույլատրելի առճակատման եղանակներով։
Բայց ինչպիսի՞ն է ուժի մյուս համաշխարհային կենտրոնների քաղաքականությունը։
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պետություններն աչքի չեն ընկնում ժողովրդագրական և տնտեսական մեծ ներուժով, թեպետ կարևոր ավանդ ունեն եվրոպական և համաշխարհային մշակույթում։ Ցավոք, նրանք առայժմ բոլոր ոլորտներում խնդրահարույց լուրջ հարցերի են բախվում և կարիք ունեն էական արտաքին օգնության։ Այս երկրներն ակնկալվող օգնություն չստացան ո՛չ Եվրամիությունից, ո՛չ ՆԱՏՕ-ից և շարունակում են երկյուղել թե՛ Արևմուտքից, թե՛ Արևելքից, որոնք սպառնում են միավորել ջանքերը` այդ տարածաշրջանն իրենց ենթակա տարածության վերածելու նպատակով։ Տվյալ պետություններին անհրաժեշտ է առաջնորդ, նրանք առաջնորդի լուրջ կարիք ունեն։ Մեր հիշատակած բանավեճում և քաղաքական բազմաթիվ հրապարակումներում կասկածի տակ է դրվում այդ եզակի աշխարհում առաջատար դառնալու Լեհաստանի ընդունակությունը, սակայն բերվում են միանգամայն ոչ հիմնավոր փաստարկներ, ընդ որում, բանավեճին հաճախ մասնակցում են ինչպես բուն Լեհաստանի, այնպես էլ տարածաշրջանի հիմնախնդիրներին վատ ծանոթ փորձագետներ։ Ավելի շուտ տեղի է ունենում վատ քողարկված բլեֆ այն փորձագետների կողմից, որոնց տերերն առայժմ բացահայտված չեն կամ, ընդհակառակը, լավ էլ բացահայտված են։ Բացի տնտեսական, ռազմական և քաղաքական բավարար ներուժ ունենալուց, Լեհաստանը ոչ միայն պետություն է, այլև ընդարձակ աշխարհ` «Պոլոնիա» անվամբ։ Եթե նախկինում Լեհաստանի հարևանները թշնամաբար կամ երկյուղով էին վերաբերվում «Պոլոնիա» հասկացությանը, ապա այժմ աճում է այն ըմբռնումը, որ, գտնվելով գերմանական և ռուսական աշխարհների միջև, բալթյան պետությունները, ՈՒկրաինան, Բելառուսը, Մոլդովան կարող են հենվել Լեհաստանի վրա։ ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտած նոր պետություններից միայն Լեհաստանն է կոնկրետ գործողություններ ձեռնարկել իր զինված ուժերն ամրապնդելու ուղղությամբ։ Տարակույս չկա, որ Լեհաստանը կարող էր դառնալ այլընտրանքային «բևեռ» տարածաշրջանի պետությունների համար։ Ընդ որում, հենց Լեհաստանն է շահագրգռված տարածաշրջանի կայունությամբ, Արևմուտքի և Արևելքի պետությունների ազդեցության նվազմամբ, Եվրամիությունում և ՆԱՏՕ-ում իր դերի ուժեղացմամբ։ Կոմունիստական համակարգի փլուզումից հետո, առճակատման մեջ լինելով Ռուսաստանի հետ, Լեհաստանն այդպես էլ ոչնչի չհասավ, խոցելի վիճակում հայտնվեց Գերմանիայի և Ռուսաստանի միջև։ Ներկայիս լեհական քաղաքական ղեկավարությունը ճիշտ գործելաոճ է ընտրել` արժանանալով Կենտրոնաարևելյան Եվրոպայի պետությունների լուրջ ուշադրությանը։ Լեհերը միշտ էլ պատասխանատվություն են զգացել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ճակատագրի հանդեպ (1683 թվականին Յան Սոբեսկի թագավորի 77 հազար լեհերը Վիեննան, և ըստ էության, ողջ Եվրոպան փրկեցին օսմանյան ասպատակությունից)։ Ներկայիս թուլացած, կազմալուծված և իր քաղաքական վերնախավի կողմից դավաճանված Բուլղարիան աջակցության կարիք ունի` թուրքական ներթափանցման դեմ հանդիման։ 2001 թվականի վերջին մարդահամարի տվյալներով` թուրքերը կազմում էին այս երկրի բնակչության 9,4 տոկոսը (գրեթե մեկ միլիոն մարդ)։ Սրանք դավանանքով սուննի մուսուլմաններ են, ապրում են համահավաք` երկրի հարավ-արևելքում (Թրակիա). Կըրջալի քաղաքում կազմում են բնակչության 62 տոկոսը։ Շատ թուրքեր են ապրում նաև Ռազգրադ, Շումեն, Սիլիստրա քաղաքներում և երկրի հյուսիս-արևելքի գյուղական վայրերում (Հարավային Դոբրուջա)։ Մայրենի լեզուն թուրքերենն է։ Շատերը տիրապետում են նաև բուլղարերենին, ռուսերենին, գերմաներենին և այլ լեզուների։ Երկրի հարավ-արևելքի բուլղարացի թուրքերը թուրք վերաբնակների (յորյուկների) և Օսմանյան կայսրության ժամանակների Բալկաններում թուրքացած բուլղարների սերունդներն են, երկրի հյուսիս-արևելքում` ամենաբազմազան ծագմամբ թյուրքական քոչվոր ցեղերի (թուրքեր, կումաններ, պեչենեգներ, պոլովեցներ, գագաուզներ, ղրիմցի թաթարներ, ուրումներ, զանազան կարգի մուհաջիրներ և այլն) սերունդներ։ Ներկայումս «Շարժում հանուն իրավունքի և ազատության» թուրքական կուսակցությունը ներկայացված է երկրի կառավարությունում, և կարողացավ շրջափակել Բուլղարիայում հայերի ցեղասպանության ճանաչման նախագիծը։ Ընդհանրապես, բուլղարական վերնախավը հակադարձեց Բուլղարիան «ինքնավարացնելու» Թուրքիայի փորձերը՝ հենվելով թուրքական փոքրամասնության վրա։ Բուլղարիայում թուրքերը հանդես չեն գալիս երկրի ներսում ինքնավարության օգտին, քանի որ միանգամայն որոշակիորեն հավակնում են բուլղարական պետության անվանադիր ժողովրդի դերին։ Դրան հակադրվում է երկու ազգային կուսակցություն՝ ՎՄՌՕ-ն՝ Բուլղարիայի ազգային շարժումը, և «Ատակա» ազգային միությունը։ Բուլղարիան որոշ հանգամանքների բերումով հայտնվել է մեկուսացման մեջ՝ չվայելելով ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի պատշաճ աջակցությունն ու ըմբռնումը։ Դրա հետ մեկտեղ, եթե Թուրքիան նոր հաջողությունների հասնի Եվրամիության հետ միասնանալու խնդրում, ապա միլիոնավոր թուրքեր իրավական հիմունքներով կհայտնվեն ոչ թե Արևմտյան, այլ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում։ Տարածաշրջանի պետությունները չեն շտապում արտահայտվել այդ առնչությամբ՝ իրենց գործողություններում զգուշավոր հայացք նետելով Գերմանիայի և Ֆրանսիայի հակառակորդներին։ ՈՒ թեև այդ «հակառակորդներն» էլ են դեմ Եվրամիությանը Թուրքիայի անդամագրվելուն, բայց գերադասում են առայժմ փակ խաղալ։ Ներկայիս եվրոպական քաղաքականության մեջ Բուլղարիայի և Լեհաստանի դերը Եվրամիությանը Թուրքիայի անդամագրվելու հարցում պատշաճ դիրքորոշում ձևավորելն է։ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի աշխարհաքաղաքականությունը կարիք ունի լուրջ շտկումների, ավելի ճիշտ՝ տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքականություն է ձևավորվում, և գլխավոր նախաձեռնողը պետք է լինի Լեհաստանը, որը շատ կարևոր նախագծեր է ձեռնարկում Արևելյան Եվրոպայի միասնականացման նպատակով։ Այդ թեման պետք է տարածաշրջանի տարբեր երկրների քաղաքագետների ուշադրության առանցքում լինի, Լեհաստանի դերի անտեսումը կարող է անուղղելի և ցավալի հետևանքներ ունենալ մի շարք պետությունների համար։ Դրա հետ մեկտեղ լեհ քաղաքական գործիչներն էլ, Արևելյան Եվրոպայի այս կամ այն պետության շահերը քննարկելիս, պետք է խուսափեն կարծրատիպերից և «ընդհանուր շահերից»։ «Արևելյան գործընկերությունը»՝ որպես եվրոպական նախագիծ, կարող է հիմնապայման դառնալ ներտարածաշրջանային միասնացման համար, որն ավելի արդյունավետ կլինի, քան հավակնոտ, բայց նվազ գործուն համաեվրոպական նախագծերը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1355

Մեկնաբանություններ