ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«ՈՐԵՎԷ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺՈՎ ՉԻ ՍԿՍՎՈՒՄ ՈՒ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ ԵՐԿԻՐԸ»

«ՈՐԵՎԷ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺՈՎ ՉԻ ՍԿՍՎՈՒՄ ՈՒ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ ԵՐԿԻՐԸ»
28.01.2011 | 00:00

«Նախընտրական տարում իշխանական որոշ շրջանակներ այնքան ընդդիմադիր կեցվածք կընդունեն, որին առկա ընդդիմությունն անգամ ունակ չէ։ Սա քվեները փախցնելու նպատակ է հետապնդում։ Ակտիվանալու են կեղծ ընդդիմադիրները, որոնք այս տարիներին դաշտում չեն եղել ու երբեմն պայքարել են ընդդիմադիր ուժերի դեմ։ Նրանք ևս ձայներ են կորզելու ընդդիմությունից»,- երեկ «Իրատես de facto» ակումբում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ` հընթացս հավելելով, որ կեղծ ընդդիմությունն այն ուժն է, որը նախագահական ընտրությունների ժամանակ սատարել է նախագահին, կողմ է եղել հայ-թուրքական արձանագրություններին, կառավարության քայլերին, իսկ հիմա տրամագծորեն հակառակ դիրքորոշում է ընտրել։
Ըստ բանախոսի` այսօր իրական ընդդիմությունը չի կարողանում դուրս գալ «եսակենտրոնությունից, միակը լինելու կարգավիճակից», ուստի դեռ չի հաջողվում համախմբվել։ «Այս պահին անգամ որոշակի համախմբվածություն չկա։ Եթե այսօր քաղաքական ուժերն իրական փոփոխություններ չիրականացնեն, մենք ունենալու ենք երկու ճանապարհ` կառավարելի կամ ոչ կառավարելի հեղափոխություն կամ արտագաղթ»,- եզրահանգեց պատգամավորը, համոզմունք հայտնելով, թե ունենք լավ հասարակություն, որը մշտապես ցանկացել է իր իրավունքները պաշտպանել։ «Եթե քաղաքական գործիչները չեն կարողացել իրացնել հեղափոխական պահը, դա հասարակության մեղքը չէ»,- փաստեց ակումբի հյուրը, շեշտելով, որ հասարակությանը պետք է կողմնորոշել։
«Ամեն անգամ գետը գերան չի բերում, պապն էլ գաթա չի ուտում։ Իրավիճակը միշտ փոխվում է։ Եթե երեկ չի ստացվել, դա դեռ չի նշանակում, որ վաղն էլ չի ստացվելու։ Մի փոքր համբերություն է պետք ու նպատակամղված պայքար»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։ Սակայն ընդդիմադիր գործիչը չցանկացավ որևէ կանխատեսում անել հեղափոխություն իրականացնելու ժամկետների շուրջ։
Ի դեպ, «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչն ամենևին մտահոգված չի` ապագա խորհրդարանում իրենց կուսակցությունը կլինի՞, թե ոչ։ Իսկ որոշ քաղտեխնոլոգների կանխատեսմանը, թե «Ժառանգությունն» այս անգամ մանդատ չի ունենա, նա հակադարձեց, թե 2007-ին էլ էին նման կարծիք հայտնում։ «Չեմ կարծում, թե որևէ քաղաքական ուժով սկսվում ու ավարտվում է երկիրը։ Գուշակություններ չեմ կարող անել, թող նրանք կանխատեսեն, ովքեր «հմուտ» են այդ գործում, իսկ մենք, ինչպես միշտ, կաշխատենք»,- նկատեց «Ժառանգություն» խմբակցության անդամը։
Ընդդիմության հետ համագործակցելու և համախմբվելու մասով էլ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ «Ժառանգությունն» այդ առումով բազմիցս դիմել է ընդդիմադիրներին, իսկ համագործակցության դաշտում էլ անձամբ ինքը կցանկանար աշխատել ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ՆԺԿ-ի և հասարակական-քաղաքական այն ուժերի հետ, որոնք մտահոգ են երկրի ապագայով։
Ընտրական օրենսգրքի քննարկումների առնչությամբ ակումբի հյուրը փաստեց. «Երբևէ չի եղել, որ մենք աշխատանքային որևէ խմբում աշխատելուց հրաժարվենք։ Մի անգամ ես եմ հրավիրված եղել, որից հետո հրավեր չի եղել։ Նույնիսկ պատգամավորները տեղյակ չէին, որ աշխատանքային խումբ կա, ԸՕ-ի փոփոխությունների քննարկումներ։ Հրավիրում են արդեն փոփոխված ԸՕ-ի քննարկման, նույնն է թե` գնացքը գնացել է, ասում են` եկեք տոմս վերցրեք»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1046

Մեկնաբանություններ

>