ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ՄԻԱՅՆ ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆԸ ԿՀԱՎԱՏԱ, ՈՐ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ 261 ԷՋ ՆՅՈՒԹԸ ԿԱՄ ԳՐԱՌԵԼ ԿԱՄ ԲԱՆԱՎՈՐ ՊԱՏՄԵԼ Է

ՄԻԱՅՆ ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆԸ ԿՀԱՎԱՏԱ, ՈՐ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ 261 ԷՋ ՆՅՈՒԹԸ ԿԱՄ ԳՐԱՌԵԼ ԿԱՄ ԲԱՆԱՎՈՐ ՊԱՏՄԵԼ Է
25.01.2011 | 00:00

Շտապում եմ ուրախացնել Հայաստանի մարզասերներին ու ընդհանրապես օլիմպիական խաղերի պատմությամբ հետաքրքրվողներին. լույս է տեսել «Օլիմպիական Հայաստան» 261-էջանոց հրաշալի գիրքը: Իսկապես հրաշալի և իսկապես շքեղ. թուղթը, օրինակ, կավճապատ է ու ոչ միայն աչք է շոյում կարդալիս, այլև ձեռք: Ինչպես վկայում է անոնսը` «Մենագրությունը նպատակ է հետապնդում մարզասեր հասարակությանը ծանոթացնել օլիմպիական խաղերի պատմությանը` սկսած մ.թ.ա. 4-3 հազարամյակներից մինչև մեր օրերը: Գրքում տրվում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ստեղծման և զարգացման տարաբնույթ ուղղությունները հին աշխարհի առաջին պետություններում, ինչպես նաև Հին Հայաստանում և դրանց ունեցած դերը Հունաստանում` օլիմպիական խաղերի սկզբնավորման, իսկ մյուս պետություններում` մարզամշակութային տոնախմբությունների և մարզական խաղերի կազմակերպման գործում»: Իհարկե, առաջին հարցն ինքնաբերաբար է ծնվում` այդքան ծավալուն և այդքան մասշտաբային խնդիրը ինչպե՞ս է լուծվել 261 էջում` 6000 տարվա պատմության հետ կատակ չես անի: Առավել ևս, որ տեղ-տեղ, օրինակ, առաջաբանը, չգիտես ինչու, ներկայացվում է նաև անգլերեն, որը, իհարկե, տեղին կլիներ, եթե յուրաքանչյուր գլուխ ամփոփվեր անգլերեն սեղմագրով, բայց ամբողջ գրքից անգլիախոսներին հետաքրքրողը համարվել է միայն ոչինչ չասող առաջաբանը, որին հետևում է, փա՜ռք Աստծո, արդեն միայն հայերեն, նորից մի անկապ առաջաբան` վերամբարձ ու բացարձակապես գրքի հետ կապ չունեցող:
Երբ սկսում ես կարդալ գիրքը, շատ արագ ցրվում են կասկածները, որ ազդարարված վիթխարի նյութը չի կարող այդքան սակավ էջերում տեղավորվել: Լավ էլ կարող է. այն մակերեսայնությամբ ու անհարթ շարադրանքով, որ հրամցնում է գիրքը, այդ պատմությունը կարող էր 20 էջում էլ տեղավորվել` ոչինչ չկորցնելով: Իհարկե, միամիտ ու մեծ հույսեր ունեցող մարզասեր ընթերցողը կարող էր ենթադրել նաև, որ գիրքը պետք է ձևավորում ունենա, նվազագույնը ինչ-որ լուսանկարներ, որոնք պիտի լրացնեն բովանդակությունը, լրացուցիչ գիտելիք հաղորդեն, ներկայացվող երկրների ու դարերի գեղագիտական ըմբռնումները փոխանցեն: Ասեմ միանգամից` զուր հույսեր չեն, 33 լուսանկար կա: Բայց ավելի լավ էր` չլիներ, որովհետև եղած լուսանկարներն ավելի շատ հարցեր են առաջացնում: Օրինակ` որևէ լուսանկար մակագրություն չունի` ո՞վ է պատկերված, ո՞ր թվականին, ի՞նչ իրադարձության առիթով: Կա ավելի մեծ հարցը` ի՞նչ սկզբունքով են լուսանկարներն ընտրված, ինչո՞ւ ներկայացվող մարզիկների մի մասը լուսանկարված է, մեծ մասը` ոչ: Երկար-բարակ մտածել պետք չէ` ում լուսանկարը ձեռքի տակ եղել է, բախտը բերել է, բայց նորից է հարց ծագում` տեղեկատվական տեխնոլոգիաների ներկա պայմաններում ցանկության դեպքում այլմոլորակայինների լուսանկարներ էլ կարելի է գտնել, մի՞թե օլիմպիական շարժումն ու չեմպիոններն այդքան անհասանելի են:
Գուցե սրանք մանրուքներ են, կարևորը գրքի բովանդակությունն է: Բովանդակությունն էլ, սակայն, շարադրել իմանալ է պետք: Գլխավոր ու երկրորդական տարբերելով: Քերականություն իմանալով, ցանկալի է` նաև շարահյուսություն, իսկ ոճաբանության իմացության ցանկությունը արդեն ֆանտազիա է: Հայերենի չիմացությունը փաստող մեջբերումներն ավելորդ եմ համարում, որովհետև ընտրության հնարավորություն համարյա չունեմ` բոլոր էջերն էլ կարող եք կարդալ ու եթե կարմիր գրիչ ունենաք, մի քանի էջից հաճելիորեն կարմիր գիրք կունենաք: Ոչ միայն չխմբագրված, այլև չսրբագրված, որովհետև նույն էջում այլ կերպ չես բացատրի նույն բառը կամ հապավումը ճիշտ ու սխալ գրելը:
Այսքանից հետո ինչքան էլ ջերմեռանդ մարզասեր ու հայրենասեր լինես, աղոտ կասկածներ են ծնվում. իսկ որքա՞ն են հավաստի ու արժանահավատ գրքի փաստական տվյալները:
Հարց է ծագում` ինչո՞վ է, ուրեմն, հրաշալի գրատպության բոլոր կանոններով ձախողված այս գիրքը: Հեղինակով: «Օլիմպիական Հայաստանի» հեղինակը, չզարմանաք, «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանն է: Նրա անունն է գրքի անհասկանալի-անճաշակ շապիկի վրա: Միայն վերջին էջում է պարզաբանվում, որ գրքի «գրական գրառումը և խմբագրումը» կատարել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մ. Ս. Իսպիրյանը: Եվ նորից առեղծված` այս անգամ ժանրային` ո՞վ կարող է բացատրել, թե ինչ է նշանակում «գրական գրառումը»: Ինչ բացատրություն էլ տրվի, «գրական գրառման» ներկայացված օրինակը հիանալի հակագովազդ է: Ցավոք, ո՛չ առաջինը, ո՛չ վերջինը, ցանկացած թեմայով էլ գրվում ու տպագրվում են, եթե կա հովանավոր, անգրագետ, բովանդակազուրկ ու նույնիսկ անհեթեթ գրքեր, որոնց համեմատությամբ «Օլիմպիական Հայաստանը» անխոս կատարելություն է:
Եթե Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին օլիմպիական խաղերի պատմությունն աշխարհում ու Հայաստանում ներկայացնող գիրք էր պետք, ինչը խրախուսելի ու ճիշտ նախաձեռնություն է, կարելի էր ոչ միայն պատմաբանի դիմել, այլև նվազագույնը խմբագրի, որպեսզի գիրքը գոնե հայերեն ստացվի, այլև գեղարվեստական խմբագրի, որ գիրքը գոնե դիտարժան ստացվի: Եվ շատ ավելի բնական ու ճիշտ կլիներ, եթե Գագիկ Ծառուկյանի անունը գրքի վրա հայտնվեր իբրև հովանավորի, քան հեղինակի, որովհետև միայն այլմոլորակայինը կհավատա, որ Գագիկ Ծառուկյանը 261 էջ նյութը կամ գրառել, կամ բանավոր պատմել է, իսկ Մ. Ս. Իսպիրյանը` «գրական գրառել»: Ի վերջո, ցանկացած մարդ, առավել ևս հասարակական-քաղաքական գործունեությամբ զբաղվողը, հրապարակային գործիչը պետք է պատասխանատվության ու արժանապատվության զգացումով վերաբերվի իր ստորագրությանը: Պատճառները, կարծում եմ, պարզ են: Եթե պարզ չեն, կարդացեք «Օլիմպիական Հայաստան» հիանալի գիրքը և համոզվեք անձամբ:
Եվ վերջինը` նման գիրք իսկապես պետք է ոչ միայն մարզասերներին, այլև յուրաքանչյուր հայի, որը հետաքրքրվում է իր երկրի ու աշխարհի պատմությամբ: Գրքի տպագրության գաղափարը, իսկապես, հիանալի է, անհրաժեշտ, համոզված եմ` անհաղթահարելի դժվարություններ չկան գիրքը վերահրատարակելու համար, բայց պայմանով, որ վերաշարադրվի, խմբագրվի, ձևավորվի գեղարվեստական խմբագրի ձեռքով: Ի վերջո, ամեն գործ իր մասնագետն է պահանջում, դիլետանտների հետ չես բարգավաճի: Նույնիսկ Հայաստանում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1248

Մեկնաբանություններ