ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՐՏԵՍԵԼԸ ՉԷ, ԱՅԼ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼԸ

ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՐՏԵՍԵԼԸ ՉԷ, ԱՅԼ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼԸ
16.11.2010 | 00:00

Եթե նախկինում իրական Զորգեի և մտացածին Շտիռլիցի կերպարներով ամբողջ սերունդներ էին դաստիարակվում, ապա ներկայիս ռուսաստանյան «լրտեսական առասպելապատումները», ծիծաղից բացի, ոչինչ չեն հարուցում։ Ամռանը, երբ երևան եկան առաջին հաղորդումները ԱՄՆ-ում կատարված ձերբակալությունների մասին, շատերն սկզբում համոզված էին, թե դա սոսկ ապաշնորհ կատակ է։ Այսպես, ձերբակալված «լրտեսների» գլխավոր դեմքը «կրակոտ» Աննա Չապմանն էր` «Ջեյմս Բոնդի մտերմուհու» պես մեկը, իսկ թիկնոցի և դաշույնի բոլոր ասպետները, բանից պարզվում է, ոչ միայն աշխատանքում գերադասում էին «մայոր Պրոնինի» մեթոդները, այլև, փաստորեն, ոչինչ չէին հայթայթել օվկիանոսից անդին գտնվելու երկար տարիների ընթացքում։ Ամեն ինչ թվում էր միայն ծիծաղելի ու անհեթեթ, թեև բոլոր կասկածյալներն իրենց մեղավոր էին ճանաչել։ Այնուհետև իրադարձությունները զարգացան ժանրի օրենքներով. որոշ ժամանակ անց, ինչպես բարի խորհրդային ժամանակներում, լրտեսներին փոխանակեցին Ռուսաստանում ձերբակալված «պաշտոնակիցների» հետ, Պուտինը հայտարարեց, թե դավաճանություն է եղել, նրանց հետ երգեց, ընդհատակայինների ողջ տասնյակը պետական պարգևներ ստացավ Մեդվեդևի ձեռքից։ Միայն թե ռուսաստանյան մամուլի էջերում անդրանիկ ծիծաղը հետզհետե ավելի էր վերածվում «ծիծաղի` արցունքների միջից»։ Որոշ վայ-լրտեսներ հապճեպ հայտարարեցին, թե կցանկանային վերադառնալ Արևմուտք, իսկ «գործակալ 90-60-90»-ը, ինչպես կոչել էին Չապմանին, առանց դույզն-ինչ երկյուղի ու կասկածների, սկսեց խախտել իր մասնագիտության մեջ ավանդական լռության երդումը և մերկ նկարահանվել լրագրողների առջև։ Ռուսաստանցիները տարակուսանքի մեջ էին, վրդովված և հետզհետե ավելի շատ էին հետախույզներին անվանում «ծաղրածուներ»։ Այժմ էլ` դատավարությունը. ամեն ինչից երևում է, որ Ռուսաստանի գլխավոր պետերը վերջապես որոշեցին` «նախագահը հո չի՞ կարող շքանշաններով պարգևատրել դմբոներին, իսկ վարչապետն էլ` հայրենասիրական երգեր երգել անբանների ընկերախմբում», և սկսեցին խաղարկել սերիալի հաջորդ տեսարանը։ Վերջերս «Կոմերսանտ» թերթում հայտնվեց ԱՄՆ-ում ռուսաստանյան հետախուզական ցանցի ձախողման սկզբունքորեն այլ վարկած, քան այն, ինչն առաջարկել էին ամերիկացի հակահետախույզները։
Պարզվում է` ձախողման պատճառը եղել է ոչ թե գործակալների ապշեցուցիչ ապաշնորհությունը, այլ դավաճանը` ոմն գնդապետ Շչերբակով։ Ընդ որում, նա, բանից պարզվում է, ոչ ավելի, ոչ պակաս, եղել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ամերիկյան բաժնի պետը, որը գաղտնի գործողություններ էր իրականացնում արտասահմանում։ Ասում են, թե Մեդվեդևի` ԱՄՆ ձեռնարկած այցից բառացիորեն երեք օր առաջ նա փախել էր երկրից, իսկ ներկայումս ենթադրվում է, թե ապրում է ինչ-որ տեղ` ամերիկյան իշխանությունների պաշտպանության ներքո։ Ընդ որում, ԱՀԾ-ի ղեկավարները ժամանակին, իբր, չէին նկատել, որ Շչերբակովը կարող է երկակի գործակալ լինել, որ նա թաքուն իր ամբողջ ընտանիքը տեղափոխել էր ԱՄՆ մշտական բնակության, որ անսպասելիորեն հրաժարվել էր պաշտոնի բարձրացումից։ Եվ դեռ գնալով կենացները քաղցրանում էին։ Թերթը գրում է, թե միայն այդ դավաճանության շնորհիվ էր հաջողվել մերկացնել ռուսաստանցի «սուպերգործակալին»` Միխայիլ Վասենկովին (Խուան Լազարո)։ Լրագրի աղբյուրները հույժ գաղտնի հաղորդում էին, թե «նորաոճ լուսանկարչի անվան տակ Խուան Լազարոն ոտքի տակ էր տվել ամբողջ Լատինական Ամերիկան, ծանոթություններ էր հաստատել քաղաքական գործիչների և գործարարների հետ», թե նրա կինը` Վիկի Պելաևսը, «ազդեցիկ լրագրողուհի էր», իսկ ծանոթների թվում էին «ԱՄՆ-ի ժողովրդավարական կուսակցության ձախ թևի բարձրաստիճան կուսակցական գործիչներ»։ Պարզվում է` Վասենկովն այնքան լավ էր աշխատել, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն չէր կարողացել նրա գործունեության ոչ մի ապացույց ներկայացնել։ Եվ այդժամ բանտախցում հայտնվում է «անպիտան Շչերբակովը». «Եկվորը ձերբակալվածին ռուսերեն ասում է իր անունն ու ազգանունը, կոչումը, աշխատանքի վայրը, որից հետո արտաբերում է. «Միխայիլ Անատոլևիչ, Դուք պետք է խոստովանեք և հանձնվեք»։ Բայց Վասենկովը պատասխանում է իսպաներեն, որ չի հասկանում, թե ինչ լեզվով է խոսում այդ մարդը։ Եվ միայն այն ժամանակ, երբ դավաճանն ամերիկացիներին է հանձնում Վասենկովի անձնական գործով թղթապանակը, նա «տալիս է իր իսկական անունը, ավելացնելով, որ այլևս մտադիր չէ որևէ բան ասելու»։ Ընդսմին, «իսկական հետախույզը չընկճվեց»։ Նրանից ոչինչ չկարողացան կորզել նաև կտտանքներով. ջարդվել էին այդ տարեց մարդու ոտքն ու կողոսկրերը։ Պակաս հետաքրքիր չէ նաև լրագրի այն վարկածը, թե Մեդվեդևի այցից անմիջապես հետո ձերբակալությունն իրականացվել էր միայն այն պատճառով, որ Շչերբակովը փախել էր Ռուսաստանից։ «Դրանից հետո ամերիկացիները, երկյուղ կրելով, որ մենք` կասկածելով դավաճանություն, կսկսենք ԱՄՆ-ից «հետ քաշել» մեր ընդհատակայիններին, սկսեցին նրանց ձերբակալել,- պարզաբանել է աղբյուրը։- Դա Սպիտակ տանը դրեց ծայրահեղ անհարմար վիճակի մեջ և ստիպեց նյարդայնանալ, քանզի ոչ ոք չէր ցանկանում բարդացնել Մեդվեդևի առաջին այցը Նահանգներ»։ Իսկ այնուհետև է՛լ ավելի զավեշտականն է հաջորդում։ «Մենք գիտենք, թե նա ով է և որտեղ է։ Բայց կարող եք չկասկածել. Մերկադերին արդեն ուղարկել են նրա հետևից»,- «Կոմերսանտ» թերթին ասել է անանուն կրեմլյան ներկայացուցիչը, նկատի ունենալով խորհրդային գործակալ Ռամոն Մերկադերին, որը 1940-ին Մեքսիկայում սպանել էր Լև Տրոցկուն։ Ահա այսպիսի շատ հետաքրքիր և ուսանելի պատմություն հերոսության և դավաճանության մասին։
Այսինքն, մենք տեսնում ենք ձախողումն արդարացնելու և ոչինչ չհաղորդած հետախուզական ցանցը պահելու համար փող վատնելն ինչ-որ կերպ բացատրելու անճարակ փորձեր։ Չէ՞ որ վաղուց հայտնի է` «խայտառակություն է ոչ թե լրտեսելը, խայտառակություն է բացահայտվելը», մանավանդ զանգվածաբար։ Առավել ևս, որ Ռուսաստանում շատերը տակավին համոզված են, թե Ամերիկայում գործակալական ցանցը մեծ տերության նույնքան անհրաժեշտ բաղկացուցիչն է, որքան միջուկային զինանոցը։ Բայց ընդսմին տարակուսանք է հարուցում այն հանգամանքը, թե ինչու է դա արվում «ձախ ոտքով», և նոր «փաստերն» ինչու են ավելի շատ հարցեր հարուցում, քան ինչ-որ բան բացատրում։ Այն դեպքում, երբ և՛ հոդվածը, և՛ վարկածը դարձել են արդեն մանրակրկիտ հետազոտման առարկա ոչ միայն օվկիանոսի երկու կողմի հանրության, այլև հետախույզների համար։ Նրանցից շատերն այժմ պնդում են, թե հոդվածն ապատեղեկատվության բոլոր նշաններն ունի, ավելի պարզ ասած, «կեղտաջուր» է, կրեմլյան «սլիվ» է։ Նախ, մասնագետներին տարօրինակ է թվում բուն փաստը, որ նման կարգի տեղեկությունը դյուրությամբ տրամադրել են «Կոմերսանտին»։ Չէ՞ որ այդ «գիտելիքին» տիրապետող աղբյուրը վտանգում էր ոչ միայն իր առաջխաղացումը, այլև ազատությունը և համապատասխանաբար, եզրակացնում են նրանք, վերևում ինչ-որ մեկին շտապ կարգով հարկավոր էր վերստին զարգացնել այդ զավեշտախաղը։
Երկրորդ` պարզվում է, որ լրագրողները նույնիսկ չեն էլ ջանացել ծայրը ծայրին հասցնել։ Այսպես, լրագիրը փախստակին անվանում է «գնդապետ Շչերբակով»։ ԱՀԾ-ն նման դեպքերում սովորաբար չի մեկնաբանում հրապարակումը։ Դեռ ավելին, նրա մամուլի ծառայության ղեկավարը` Սերգեյ Իվանովը, հայտարարել է, որ հետախուզությունը երբեք չի ընդունել տասը մարդու լրտեսության փաստը, որոնց այս ամռանը փոխանակեցին հանուն «լիաբեռնվածության» պահպանման։ Ի դեպ, Ռուսաստանի ԶԼՄ-ներում արդեն երևացել են ռուսաստանյան հետախուզության վետերանների մեկնաբանություններ, որոնք պնդում են, թե դա «դավաճանի» իրական ազգանունը չէ, թե այն հայտնի է վետերանների և ԱՀԾ-ի գործող աշխատակիցների մեծամասնությանը և սկզբունքորեն «գաղտնիք է միայն հասարակայնության համար, այն էլ` ոչ երկարատև»։ Ընդսմին, հայտարարում են նրանք, Շչերբակով անվանված մարդը ծառայել է Աֆղանստանում, ունեցել է պարգևներ, օժտված է հումորի մեծ զգացումով և սերել է Մեծ հայրենականի վետերանի և Խորհրդային Միության հերոսի ընտանիքից։ Այդուհանդերձ, Արևմուտքում գտնվող հետախույզները, օրինակ` Օլեգ Կալուգինը, վերհիշում են, որ ԱՀԾ-ում եղել է այդպիսի ազգանունով մարդ, որին անվանում էին Ալեքսանդր Վասիլևիչ։ Պարզ չեն նաև «մեղավորի» ընտանիքի հետ կապված հանգամանքները։ Հոդվածում ասվում է, որ Շչերբակովի որդին ծառայում էր թմրանյութերի վերահսկման համակարգում և վտարանդվել էր ԱՄՆ, իսկ դուստրը վաղուց է այնտեղ ապրում ու սովորում։ Սակայն թմրանյութերի վերահսկման դաշնային ծառայությունը հերքել է այն հաղորդումը, թե «դավաճանի» որդին ծառայում է այդ գերատեսչությունում։ «Կոմերսանտը» հատկապես ընդգծում է. «Մի անգամ անվտանգության խորհրդում աշխատանքից ազատել էին մեկին, քանի որ նրա հեռավոր ազգականը պատրաստվում էր ամուսնանալ արտասահմանցու հետ»։ Այդուհանդերձ, պարզվում է, որ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի դուստրերը և շատ ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների երեխաները, որոնց հայրերը «մուտք ունեն» պետական գաղտնիքների պահոցներ, ապրում են ԱՄՆ-ում, և դա ոչ ոքի չի անհանգստացնում։ Կասկած է հարուցում նաև այն հանգամանքը, թե Շչերբակովը, իբր, վախեցել է ստաբացահայտիչ փորձասարքով թեստ անցնելուց, որի պատճառով հրաժարվել էր պաշտոնի հերթական բարձրացումից։ Նախկին հետախույզները բազմիցս հայտարարել են, որ բուն ԱՀԾ-ում մշակված են մեթոդներ, որոնց միջոցով կարելի է խաբել նույնիսկ սարքին։ Դեռ ավելին, պարզվում է, որ պաշտոնը բարձրացնելիս ոչ ոք գործի չի դնի այդ սարքը։ Հետևաբար, այն զրույցները, թե ստաբացահայտիչ սարքը կարելի է շրջանցել, մտացածին է կամ էլ պաշտոնի բարձրացումից հրաժարվելն այլ պատճառներ ուներ։ Եվ արդ, միանգամայն տարօրինակ է թվում, որ ամերիկացիները որոշեցին այդ արժեքավոր գործակալին «զոհաբերել» Միխայիլ Վասենկովին մերկացնելու համար։ Ընդ որում, անհասկանալի է, թե ինչ իմաստ ունի հափշտակված փաստաթղթերի բնագրերը քարշ տալ արտասահման, երբ դրանք կարելի էր առնվազն լուսանկարել և ուղարկել առավել անվտանգ եղանակով։ Դեռ ավելին, ինչպես հայտնի է, լրտեսներին հետևել են ամբողջ տասը տարի, ուրեմն կա՛մ ամբողջ տասը տարի դավաճանն անորսալի էր, կա՛մ էլ դավաճանության մասին ամբողջ վարկածը փլուզվում է։ Այսպիսով, բոլոր հիմքերը կան համարելու, որ Շչերբակովին ավելի շուտ «դավաճան են նշանակել»։ Ի դեպ, արևմտյան մամուլում գրում են. «Եթե պարզվի, որ գնդապետ Շչերբակովի Արևմուտք փախչելու պատմությունը ճիշտ է, դա կնշանակի, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի նկատմամբ արտասովոր հաղթանակ է տարել գործակալական հետախուզության ոլորտում»։
Պակաս ապաշնորհ չի թվում նաև Միխայիլ Վասենկովին հերոսացնելու փորձը։ Ռուսաստանցի լրագրողները հավանաբար մոռացել են, որ հենց իրենք էին տպագրել ամերիկյան մեղադրանքի գունեղ տողերը, որոնք պարունակում էին մի նշանակալից մեջբերում Խուան Լազարոյի և Վիկի Պելաևսի խոսակցությունից. «Նրանք ասում են, թե իմ տեղեկությունները ոչ մի բան չարժեն, որովհետև ես աղբյուրներ չեմ նշում», ինչին տիկինը պատասխանել էր. «Իսկ դու դիր որևէ քաղաքական գործչի անունը»։ Վերհիշենք նաև, թե ինչ էր ասվում հետախույզի դասախոսական գործունեության մասին։ Նա ամերիկացի ուսանողներին քարոզում էր Չավեսի գաղափարները, հրապարակավ իրեն հռչակում ահաբեկիչների համակիր և «անիծյալ ամերիկյան զինվորականության» անողոք քննադատ։ «Սուպերգործակալը» կարո՞ղ էր, արդյոք, այդպես ներկայանալ։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կիմանար Ռիխարդ Զորգեն, եթե ճապոնական քոլեջներում հրապարակայնորեն դասախոսություններ կարդար իմաստուն առաջնորդ Ստալինի մասին։ Դժվար է նույնիսկ պատկերացնել։ Ընդ որում, գործակալ Լազարոյի բարձրագույն նվաճումն այն էր, որ նա «հաջողեցրել էր հայթայթել ԱՄՆ-ի նախագահի արտասահմանյան այցերի ցուցակը մի քանի տարի առաջ»։ Նույնիսկ եթե նման ցուցակ էլ կա, հասկանալի չէ, թե ում և ինչի համար դա կարող է պետք գալ Ռուսաստանում։ Եվ այդ բոլոր հաջողությունների համար, ինչպես պնդում է լրագիրը, նա գեներալի ու հերոսի կոչում էր ստացել։ Թեև մասնագետներն ասում են, որ ընդհատակային առավելագույն կոչումը գնդապետն է, իսկ «ընդհատակայինին գեներալական կոչում շնորհելը ակնհայտ չափազանցություն է»։ Իսկ ինչ վերաբերում է կտտանքներին, որոնց, իբր, նա ենթարկվել էր ամերիկյան հակահետախուզությունում, ապա, նույնիսկ ռուսաստանցի արհեստավարժների ասելով, «նման բան պարզապես չէր կարող լինել»։ Իսկ մենք ձեզ հետ ակներևաբար չենք կարող հիշել, որ Վիեննայում լրտեսներին փոխանակելիս որևէ մեկին ինքնաթիռից դուրս բերեին պատգարակով կամ էլ որևէ մեկը քարշ գար հենակներով։ Այնպես որ, «ընտրագույն լրտեսը» ակնհայտ խնդիրներ ունի։ Այսպիսով, կարելի է հանգել այն հետևության, որ այդ հոդվածը բնավ էլ լրագրողական հետաքննություն չէ, այլ պարզապես «սլիվ», ընդ որում` վատթարագույն որակի։ Բայց ամենատարօրինակն այն է, որ այդ պատմությունը հաստատել է Մեդվեդևը, որը Սեուլում հայտարարել է. «Ես այդ մասին գիտեի նույն օրը, երբ դա տեղի ունեցավ, իր բոլոր հանգամանքներով ու պարագաներով»։ Եվ դա այն դեպքում, երբ պետությունների ղեկավարները պարտավոր չեն մեկնաբանելու այնպիսի նրբին բաներ, ինչպիսին հատուկ ծառայությունների պայքարն է, և հազվադեպ են դա անում։ Բնականաբար, հարցեր են ծագում. «Ո՞Ւմ է դա պետք և, որ գլխավորն է, ինչի՞ համար», «Ինչո՞ւ հրապարակվեց «Մերկադերին ուղարկելու» չարագույժ որոշումը»։ Քանզի, բացի այն, որ սպառնալիքն ամենից շատ նախազգուշացում է հիշեցնում, նաև միանգամայն հերքում է ռուսաստանյան հատուկ ծառայությունների այն պնդումները, թե իրենք արդեն վաղուց են հրաժարվել նման կարգի «թաց» գործեր ձեռնարկելուց։ Իսկ այդ նրբին հարցը մեծապես հուզում է շատերին Արևմուտքում, հատկապես Լիտվինենկոյի և Չեչնիայի նախկին նախագահ Զելիմխան Յանդարբիևի սպանություններից հետո։
Դրանք և մի շարք այլ հանգամանքներ ու իրար չկապվող երևույթներ հիմք են տալիս մտածելու, որ այդ հոդվածը հատուկ գործողության արգասիք է, որը վկայում է նախ` «գրասենյակի» ներսում հաշիվներ մաքրելու մասին, և երկրորդ` «ծաղրածուներին հերոսներ» դարձնելու մտադրության մասին։ ՈՒշադրություն դարձնենք մի շարք հետաքրքիր զուգադիպությունների։ Բառացիորեն հոդվածի հայտնվելուց առաջ հայտնի դարձավ, որ Վրաստանում 13 մարդուց բաղկացած ռուսական լրտեսական ցանց է բացահայտվել։ Դրանից հետո վրացական քարոզչությունը ծաղրալից նկատել էր, թե լավ կլինի, որ արտասահմանում ռուսաստանյան լրտեսությունը ինքնադադարեցնի իր գոյությունը։ Իսկ մինչ այդ գլխավոր հետախուզական վարչության բարձրաստիճան գեներալ Յուրի Իվանովը «զոհվում է» Սիրիայում լողանալիս, Լեհաստանի դատարանի հատուկ կահավորված դահլիճում խիստ գաղտնիության մթնոլորտում լրտեսության մեջ մեղադրվող ռուսաստանցի քաղաքացու գործով դատավարություն է ընթանում։ Այսինքն, ինչպես թվում է, ներկայիս զավեշտախաղը, նախ և առաջ, փորձ է արդարացնելու երկրի հատուկ ծառայություններին և ամեն ինչ դավաճաններին վերագրելու։ Չէ՞ որ, ի վերջո, դավաճանությունից հնարավոր չէ ապահովագրվել։ Հիշենք թեկուզ արևմտյան գործակալների համաստեղությունը, որոնք երկար ու հաջող աշխատում էին ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի օգտին։ Մի հետաքրքիր մանրամասն. այդ նույն օրերին երկար լռությունից հետո բրիտանացի երկակի գործակալ Ջորջ Բլեյքը ծավալուն հարցազրույց է տվել ռուսաստանյան ԶԼՄ-ներին։ Նա կանխագուշակել է, թե «ամերիկյան կայսրությունը» կփլվի, թե բովանդակ աշխարհում երբևէ կոմունիզմ հաստատվի, և ամենևին զղջում չի հայտնել Բրիտանիային դավաճանելու համար։
Բայց պակաս հետաքրքիր չէ նաև այն վարկածը, որ «մերկացումներից» հետո ԱՀԾ-ն վերակազմավորվելու է, և հետախուզությունը միաձուլվելու է հակահետախուզության` Անվտանգության դաշնային ծառայության հետ։ Ըստ էության, դա կհանգեցնի խորհրդային ՊԱԿ-ի` հսկայական գաղտնի մեքենայի վերածնման։ Նման նախագծի կողմնակից է Անվտանգության դաշնային ծառայության նախկին տնօրեն, Անվտանգության խորհրդի ներկայիս քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։ Պնդում են, թե դրանով կարող է շահագրգռված լինել Սերգեյ Նարիժկինը` Կրեմլի գլխավոր ադմինիստրատորն ու նախագահ Մեդվեդևի «աջ ձեռքը»։ Ընդ որում, խոսվում է ԱՀԾ-ի տնօրեն Միխայիլ Ֆրադկովի` Պուտինի նախագահության օրոք նախկին վարչապետի, անչափ հավանական շուտափույթ հրաժարականի և նրա փոխարեն «հետախուզության գործերի նկատմամբ ոչ անտարբեր» Սերգեյ Նարիժկինի նշանակման մասին։ Այդպես է, թե ոչ, սակայն ԱՄՆ-ում լրտեսական ցանցի ձախողման հետևանքով Արտաքին հետախուզության ծառայությունում ծավալուն ստուգումները շարունակվում են։ Իսկ մենք, ամենայն հավանականությամբ, պետք է պատրաստվենք «լրտեսական առասպելապատումի» նոր սերիային։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1880

Մեկնաբանություններ