ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ՀԱԿԱՄԱՐՏՈՂ «ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ»

ՀԱԿԱՄԱՐՏՈՂ «ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ»
17.12.2010 | 00:00

Գերմանական զորքերն արագորեն մոտենում էին Ֆրանսիայի մայրաքաղաքին։ Մինչև Փարիզ մնացել էր 50 կմ-ից էլ պակաս։ Մարտերի լարվածությունը հասել էր իր գագաթնակետին, և ֆրանսիական հրամանատարությունն ամեն միջոցի դիմում էր` հակառակորդին կանգնեցնելու համար։ 1914-ի սեպտեմբերի սկզբին շուրջ 600 փարիզյան տաքսիներ, մի քանի երթ կատարելով, ռազմաճակատի գիծ հասցրին մոտ վեց հազար ֆրանսիացի զինվորի։ Եվ անգամ նման աննշան համալրումը որոշակի դեր խաղաց. Մառնա գետի մոտ գերմանացիներն անսպասելիորեն կանգ առան ու սկսեցին նահանջել։ Պատմաբանները հետագայում դա կանվանեն «հրաշք Մառնայի մոտ»։ Իրականում, սակայն, ոչ մի հրաշք էլ չկար։ Փարիզը փրկեցին տասնյակ հազարավոր սպանված ու գերի ընկած ռուս զինվորները, դրա համար վճարելով իրենց արյամբ։ Փարիզի մատույցներում ընթացող մարտերի ամենավճռորոշ պահին Արևելյան Պրուսիա ներխուժեց երկու ռուսական բանակ` գեներալներ Սամսոնովի և Ռանենկամպֆի հրամանատարությամբ։ Գումբինենի շրջանում գերմանական զորքերը տանուլ տվին մարտը, և գլխավոր հրամանատարությունը ստիպված Փարիզի ուղղությամբ հարձակվող 100 հազար զինվոր շտապ տեղափոխեց ռուսների դեմ։ Որպես «կործանվող դաշնակցին» փրկելու չնախապատրաստված հարձակման հետևանք` գերմանացիները շրջապատեցին և ոչնչացրին ռուսական բանակներից մեկը։ Գեներալ Սամսոնովը, չկարողանալով տանել նման անպատվությունը, ինքնասպան եղավ։
Իսկ ի՞նչ էին անում այդ պահին անգլիացիները։ Ինչպե՞ս էին նրանք օգնում իրենց հավատարիմ դաշնակցին։ Բառիս բուն իմաստով` ոչ մի կերպ։ Ինչպես միշտ, անգլիացիները կռվում էին ուրիշների ձեռքերով։ Որպես օգնություն Ֆրանսիային, մայրցամաք իջեցվեց գեներալ Ֆրենչի գլխավորած էքսպեդիցիոն բանակը, բաղկացած երկու կորպուսից և մեկ հեծելազորային բրիգադից` 70 հազար մարդ ընդհանուր թվաքանակով։ Ընդամենը մեկ գործողության ժամանակ ռուսական բանակի կրած կորուստներն ավելի շատ էին, քան բրիտանական ողջ էքսպեդիցիոն կորպուսինը։ Սակայն ինչո՞ւ էին սակավաթիվ բրիտանական ուժերը Եվրոպայում։ Բոլոր պատերազմող տերությունները շատ արագ իրենց դրոշների տակ զորակոչեցին միլիոնավոր զինապարտների։ Այդպես վարվեցին բոլոր երկրները, բացառությամբ... Մեծ Բրիտանիայի։ Նրա բանակը նախկինի պես համալրվում էր միմիայն կամավորներով։ Իսկ համընդհանուր զինապարտությունը Միացյալ Թագավորությունում տեղ գտավ 1916-ի հունվարի 6-ին` Համաշխարհային պատերազմի բռնկումից միայն 16 ամիս անց։ Հետաքրքիր կլիներ իմանալ` Նիկոլայ II-ի մտքով երբեք չէ՞ր անցնում, թե անվերջ իրեն օգնության կանչելու փոխարեն ինչո՞ւ նրանք չեն կռվում։
Փրկելով Ֆրանսիան` կայսր Նիկոլայ II-ը կործանում էր թե՛ Ռուսաստանը, թե՛ իրեն։ «Մեր ամենամարտունակ զորամասերն ամբողջությամբ ոչնչացան 1914-15 թթ. չկշռադատված հարձակումների ժամանակ, որոնց կարգախոսն էր` «Փրկիր դաշնակիցներին»,- կգրի հետագայում մեծ իշխան Ալեքսանդր Ռոմանովը։ Ամենաընտիր կործանումը կզգացվի 1917-ի փետրվարին, երբ մոխրագույն շինելներ հագած նորակոչիկները կդառնան հեղափոխության բռնկման պատրույգը։ Կարգ ու կանոն հաստատելու համար այլևս ոչ ոք չի լինի` պատերազմի հենց առաջին իսկ տարում գրեթե ամբողջությամբ գլուխը վայր դրեց գվարդիան, հսկայական կորուստներ կրեց կադրային սպայական կազմը։ Դա ևս մի պատճառ էր, որ ռուսական բանակին այդպես շտապեցնում էին հարձակվել «դաշնակիցները»։ 1905-ին հենց բանակն ու գվարդիան ճնշեցին խռովությունը երկրում։ Արևելյան Պրուսիայում հողով ծածկվող յուրաքանչյուր եղբայրական գերեզմանի հետ գահին և երդմանը հավատարիմ մարդկանց թիվը գնալով նվազում էր։
Ըստ «դաշնակիցների» հաշվարկների` Ռուսաստանը չպետք է շահեր պատերազմը, այն պետք է շատ անհաջող ընթացք ունենար։ Լոնդոնում և Փարիզում ակնկալում էին ոչ թե ընդհանուր հաղթանակ, այլ այն, որ գերմանացիները հաղթեին ռուսներին` իրենք էլ այդ ընթացքում խիստ հյուծվելով։ Արդյունքում չարչրկված Ռուսաստանում նոր հեղափոխություն կբռնկվեր, որը կտաներ նրան դեպի քայքայում ու փլուզում, իսկ քաջակորով անգլո-ֆրանսիացիները վերջ կտային Գերմանիային։ Ամեն ինչ հենց այդպես էլ հետագայում կատարվեց։
Լոնդոնյան հարմարավետ առանձնասենյակներում մշակված և հաշվարկված ռուսական հեղափոխության արմատները ձգվում են մինչև Արևելյան Պրուսիայի և Գալիցիայի դաշտերը ծածկած անթիվ-անհամար ռուս ռազմիկների աճյուններ։ Վերջին հաշվով, հենց նման վիթխարի կորուստները հանգեցրին պատերազմից ընդհանուր հոգնածության, այնուհետև ցարին և նրա կնոջը դավաճանության մեջ մեղադրանքին։ Իսկ ավարտվեց այդ ամենը երկու հեղափոխություններով ու համընդհանուր աղետով։ Ի վնաս սեփական երկրի շահերի ուրիշներին օգնելու անխոհեմ քաղաքականությունը հանգեցրեց Ռուսական կայսրության կործանմանը հենց Նիկոլայ II-ի կառավարման ժամանակ։ Ռուսաստանի անձնազոհությունը, օգնելու պատրաստակամությունը և անկեղծ հավատարմությունը դաշնակցային պարտականությանը միլիոնավոր մարդկային կյանքեր արժեցան։ Մի՞թե Նիկոլայ II-ը չէր հասկանում, որ Անտանտի իր գործընկերներին օգնելու ցանկությունն իր խելամիտ սահմաններն ունի, որից այն կողմ այն բոլորովին այլ անվանում է ստանում։ Այս հարցի պատասխանը, ավաղ, նա իր հետ իջեցրեց գերեզման։
Մենք տեսանք, թե ինչպիսի փայլուն վարպետությամբ Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության ղեկավար սըր Էդ. Գրեյը շանտաժի ու խաբեության միջոցով գերմանացիներին հրահրեց պատերազմի։ Կարճ ժամանակ անց հերթը հասավ Թուրքիային։ Ավելի լավ առիթ մի փոքր խոսելու այն մասին, թե ինչու Ստամբուլում որոշեցին մասնակցել պատերազմին, այլևս չի ներկայանա։ Այսպես ուրեմն, Ռուսաստանն ինքը ներքաշվեց պատերազմի մեջ, որպես պաշտպանվող կողմ։ ՈՒ թեև դա ինքնին շատ ծանրակշիռ դրդապատճառ էր, բայց ռուսական կառավարությունը պետք է իր առջև դրած լիներ մեկ այլ, ավելի շահադիտական նպատակ։ Այլապես, եթե որևէ պահի գերմանացիներն առաջարկեին սեպարատ հաշտություն կնքել, մեկ էլ տեսար ռուսները վերցրին ու համաձայնեցին։ Անհրաժեշտ էր գայթակղել Պետերբուրգին տարածքային որևէ խոստումով, իսկ դա կարող էին լինել միայն սևծովյան նեղուցները։ Բայց, դե, ինչպե՞ս կարող էին «դաշնակիցները» Ռուսաստանին խոստանալ Բոսֆորն ու Դարդանելը, եթե Թուրքիան այդպես էլ չմասնակցեր պատերազմին։ Եվ հետո, հենց իրենց, անգլիացիների համար հնարավոր կլիներ յուրացնել Օսմանյան կայսրության տարածքները, եթե միայն Ստամբուլը զենքը ձեռքին դուրս գար Անտանտի դեմ։ Հենց այս ամենից էլ բխում էր բրիտանական դիվանագիտության հետագա քայլերի տրամաբանությունը` նրանք ամբողջ ուժով աշխատում էին Գերմանիայի գիրկը նետել Թուրքիան։ ՈՒ իսկապես էլ, հետագայում, հաղթելով Թուրքիային, նրանք Ֆրանսիայի հետ համատեղ փառահեղ կերպով բաժանեցին վերջինի տարածքները։ Միայն թե Ռուսաստանին այդ ամենից ոչինչ էլ չէր հասնելու. Ռուսաստանի համար սըր Էդ. Գրեյը պլանավորել էր քաղաքացիական պատերազմ, քաոս և տարածքային կորուստներ։
Ի տարբերություն Լոնդոնի, Պետերբուրգին ամենևին էլ պետք չէր ավելորդ հակառակորդ։ ՈՒ հենց այդ պատճառով արտգործնախարար Ս. Դ. Սազոնովն առաջարկեց երաշխավորել Թուրքիայի անձեռնմխելիությունն ու վերադարձնել Լեմնոս կղզին։ Հետևեց անգլիացիների պատասխանը` Թուրքիայի անձեռնմխելիությունը համաձայն ենք երաշխավորելու մինչև պատերազմի ավարտը, իսկ Լեմնոսի վերադարձի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Անգլիացիները, գրեթե ընդգծված, սադրում էին թուրքերին` ընդառաջ չգնալով նրանց և ոչ մի պայմանին, ի տարբերություն գերմանացիների, որոնք պատրաստ էին համաձայնելու թուրքական կողմի ցանկացած նախապայմանի։
1915-ի հունվարին սկսվեց գերմանական հարձակումը, որը գործնականում գրեթե անընդմեջ շարունակվեց մինչև ամառվա վերջը։ Արդյունքում ռուսական զորքերը թողեցին մինչ այդ գրաված Գալիցիան և կրեցին զգալի կորուստներ։ Սակայն անդառնալի հետևանքներ այդ հարձակումը չունեցավ, և Լեհաստանի հանձնումն անգամ պլանավորված գործողություն էր` ռազմաճակատի գիծն ուղղելու նպատակով։ Գերմանական բանակը նույնպես ուժասպառ էր եղել, ռուսական ճակատը խլել էր նրանց ողջ պատրաստի ռեզերվը։
Այդ երկար ու ձիգ ութ ամիսներին, երբ ռուսական բանակն արյունաքամ էր լինում ծանր մարտերում, անգլո-ֆրանսիական հրամանատարությունը չձեռնարկեց ոչինչ նրա վիճակը մի փոքր թեթևացնելու համար։ Դրա փոխարեն նրանք անշտապ կերպով զբաղված էին սեփական ռազմական շինարարությամբ։ Գուցե տեղյա՞կ չէին մառախլապատ Ալբիոնում կամ արևոտ Փարիզում ռուսական բանակի սարսափելի ծանր դրությանը։ Հրաշալի տեղյակ էին։ Իսկական դաշնակիցներն այդպես չեն վարվում, քանի որ կենսականորեն շահագրգռված են ընդհանուր հաղթանակով։ Այդպես էր վարվում, օրինակ, Գերմանիան, որն ամենուր և ողջ ուժով սատարում էր իր ավստրիացի, բուլղար և թուրք զինակիցներին։ Սակայն անգլիացիներն ու ֆրանսիացիները դեռ մինչև պատերազմի սկիզբը ջնջել էին Ռուսաստանը հաղթողների ցուցակից և ներառել նրան այն տերությունների շարքում, որոնք չպետք է դիմակայեն այդ սպանդին։ Հենց այստեղից էլ սկիզբ է առնում գերմանական հարձակումների ժամանակ նրանց ցուցաբերած այն տարօրինակ անգործությունը, որը հարուցում է բոլոր պատմաբանների և հետազոտողների զարմանքը։
Այդ ընթացքում, երբ ռազմական հաջողությունները երես էին թեքել Ռուսաստանից, ռուսական դիվանագետները փորձում են իրենց դաշնակիցների հետ քննարկել աշխարհի հետպատերազմյան կարգավորման հարցերը։ Ռուսաստանի համար միակ պարգև կարող էին լինել բաղձալի նեղուցները, որոնք խցանի նման փակում էին ռուսական նավատորմի ճանապարհը Սև ծովից։ Անգլիացիներից ավելի լավ դա ոչ ոք չէր հասկանում։ Հենց նրանք հարյուրամյակներ շարունակ թույլ չէին տալիս ռուսներին ջախջախել Թուրքիային և տեր կանգնել Բոսֆորին ու Դարդանելին։ Եվ ահա եկել էր պահը` օգտագործելու դրանք որպես խայծ։
1915-ի սկզբին ցարական կառավարությունը որոշում է, որ ժամանակն է պարզելու բոլոր հարցերը։ Մարտի 4-ին Սազոնովը հետևյալ հուշագիրն է հղում դաշնակից տերությունների դեսպաններին. «Վերջին իրադարձությունները Ն. Մ. կայսր Նիկոլային բերել են այն մտքին, որ Կ. Պոլսի և նեղուցների հարցը պետք է վերջնականապես լուծվի Ռուսաստանի դարավոր ձգտումների համաձայն»։ Այնուհետև թվարկվում էին ռուսական պահանջները` Կ. Պոլիսը, Բոսֆորի արևմտյան ափը, Մարմարի ծովն ու Դարդանելը, Հարավային Թրակիան մինչև Էնոս-Միդիա գիծը։
Ամբողջ կես տարի կռվելուց, 1,5 միլիոն մարդ սպանված, վիրավոր ու գերի կորցնելուց հետո վերջապես ռուսները սկսել էին հետաքրքրվել պարզելու` իսկ ինչո՞ւ ենք ընդհանրապես խառնվել պատերազմին։ Մեկը լիներ, ասեր Նիկոլայ II-ին. ախր ինչպե՞ս կարելի էր անդամակցել Անտանտին, առանց պայմանագրեր ստորագրելու, ինչպե՞ս կարելի էր դաշինքներ կնքել, առանց դրանց ճշգրիտ պայմաններն ամրագրելու։ Մի՞թե կարելի էր պատերազմել առանց ունենալու ռազմական ձեռքբերումների հստակ երաշխիքներ։ Չէ՞ որ դրանք տարրական բաներ են, քաղաքականության այբուբենը։ Կարդալով բոլոր այդ փաստաթղթերը, սկսում ես գիտակցել, թե ինչու հեղափոխությունը տեղ գտավ հենց Նիկոլայ II-ի թագավորության, այլ ոչ նրա հոր` իմաստուն ու հաստատակամ Ալեքսանդր III-ի օրոք։
Դաշնակիցների համար սևծովյան նեղուցների հարցը շատ դժվարին ու հիվանդագին հարց էր։ Տալ Ռուսաստանին համաձայնություն` տիրանալու Կ. Պոլսին և նեղուցներին, նշանակում էր թողնել նրան իրենց կենսական շահերի ոլորտ, ուր անգլիացիները ոչ մեկին թողնել չէին ցանկանում։ Սակայն Ռուսաստանին այդ հարցում մերժելը նույնպես մեծ ռիսկի հետ էր կապված. բացահայտ մերժումը կարող էր հանգեցնել Գերմանիայի հետ հաշտություն կնքելու կողմնակիցների դիրքերի ուժեղացմանը և ակտիվացմանը, ինչը շատ հնարավոր է դուրս բերեր Ռուսաստանը պատերազմից։ Այնժամ մնաս բարով, հեղափոխություն և բոլոր այն պայմանները, հանուն որոնց էլ հենց նրանք պատերազմ էին հղացել։ Այնպես որ, ուղղակի ստիպված էին հանգստացնել Նիկոլայ II-ին։
Սակայն դա նրանք արեցին շա՜տ յուրահատուկ ձևով...
Պատրաստեց Ռուբեն ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1111

Մեկնաբանություններ