ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ` ՀԱՆՈՒՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ` ՀԱՆՈՒՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ
28.01.2011 | 00:00

Ես միշտ մտածել եմ նրանց մասին, ում անունը չեն պահպանել ո՛չ ժամանակակիցները, ո՛չ պատմությունը, բայց ում բազկի ուժով է գրվել նույն այդ պատմությունը: Նրանք մնացել են անհայտ` հայտնի դարձնելով այլոց անունները: Նրանք մնացել են անհայտ` հայտնի թողնելով իրենց գործերը: Նրանց ընդհանրական անունը մեկն է` ԶԻՆՎՈՐ: Քաղաքակրթության պատմությունը գրվել է նրանց սրի ծայրով, գրիչներն ու պատմիչները հետո են եկել` գրառելու նրանց գործերը: Գործերը, բայց ոչ անունները, որովհետև նրանք բոլորը, որ եղել են ԶԻՆՎՈՐ, կրել են իրենց ԶՈՐԱՎԱՐԻ անունը: Իրենց ՀԱՂԹԱՆԱԿԻ ու իրենց ՊԱՐՏՈՒԹՅԱՆ անունը: Այդպիսին է պատմական արդարությունը, ավելի ճիշտ` անարդարությունը, այդպիսին է նրանց ճակատագիրը:
Որքան էլ փոխվել են ժամանակներն ու զորավարները, երկրներն ու խնդիրները, ԶԻՆՎՈՐԸ եղել է այն մարդը, որ հրամանը կատարել է առանց առարկության, նույնիսկ եթե հրամանի կատարումը եղել է կյանքի գնով: Իր կյանքի: ՈՒրիշների կյանքի:
Համաշխարհային պատմությունը վկայում է` պետությունները կայուն զարգացման ճանապարհին են հայտնվել միայն կայուն ու զարգացող բանակի առկայությամբ: Իսկ զարգացող բանակը բոլոր ժամանակներում նշանակել է ոչ միայն նորանոր զինատեսակներ ու նորանոր նորակոչիկներ: Բանակը նախ և առաջ նշանակել է պաշտպանվածություն, բայց բանակի քանակն ու որակը վկայել են պետության մակարդակը և տեղն այլ պետությունների շարքում: Այնուամենայնիվ, նույնիսկ դա չի եղել ամենակարևորը: Ամենակարևորը ցանկացած պետության ու ժողովրդի կյանքում եղել է իր բանակի առաքելությունը, ոգին, որ միշտ վճռական խոսքն է ասել ճակատամարտում կամ պատերազմում:
Թեև հազարամյակների ընթացքում փոխվել են պատերազմելու կանոններն ու միջոցները, նույնիսկ նպատակներն ու հետևանքները, անփոփոխ է մնացել մի իրողություն` բանակը մնում է հասարակության արտացոլումը: Հասարակության կյանքի լավ ու վատ կողմերը, հաջողություն-անհաջողությունները, լույսն ու ստվերը բանակում բացահայտվել են ավելի անթաքույց, պարզ ու պայծառ` վատն ավելի վատ, լավն ավելի լավ է երևացել: Այդպիսին է բանակի առանձնահատկությունը` երբ մի տեղ են հավաքվում նույն տարիքի ու նույն սեռի բազմաթիվ մարդիկ: Բանակը դառնում է հարթակ, որտեղ դու քո ճիշտ արժեքն ես պարզում` ինչի ես ունակ, ինչ չես կարող, դառնում է տղամարդկային արժեքային համակարգի փորձարկում:
Նոր ժամանակներում ընդունված է համարել, որ բանակը պետություն է պետության մեջ` իր առանձնահատկություններից ելնելով, համեմատաբար փակ կառույց լինելով: Համենայն դեպս, ոչ մի պետություն ազգային անվտանգության նկատառումներով չի բացահայտում իր զինվորների ու սպառազինությունների, ռազմական ծախսերի ճշգրիտ թվերն ու... Ճիշտ է անում:
Հայաստանի Հանրապետության ազգային բանակը, որ զինվոր առ զինվոր ու հրացան առ հրացան մեր աչքի առաջ է ծնունդ առել, առաջին օրից անցել է միակ ճշմարիտ փորձությունը` պատերազմը: Հայտնի արդյունքով: Բայց նոր ժամանակներում փորձություն է ոչ միայն պատերազմը, երբ հայտնի է թշնամիդ ու հստակ անելիքդ, այլև խաղաղությունը: Խաղաղության օրերին էլ բանակում լինում են զոհեր: Բոլոր երկրների բանակներում: Դա էլ է առանձնահատկություն: Առավել ևս մեր պարագայում, որ տասնամյակներ ապրում ենք «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակում: Ամենավտանգավորն այս պայմաններում զգոնության բթացումն է, ընտելանալը: Ամենակարևորն այս պարագայում ոչ միայն մշտապես պատերազմին պատրաստ լինելն է ռազմական առումով, այլև հասարակական գիտակցության մակարդակով: Հայ զինվորը, երկրի որ մասում էլ ծառայի, սահմանապահ է, որովհետև Հայաստանը սահմանամերձ հայրենիք է, ու «սահմանամերձ»-ը միայն տարածքի նշանակություն չունի: Գիտակցո՞ւմ ենք այս իրողությունը: Ցավոք, ոչ միշտ, ոչ ամեն տեղ, ոչ բոլորս: Դա միայն բանակի խնդիրը չէ, նախ և առաջ պետության ու ժողովրդի խնդիրն է: Բանակը հասարակության միջուկն է. ինչպիսին հասարակությունն է, այնպիսին` իր բանակը: Քաղաքական, իրավական, նյութական, ֆինանսական, կրթական, գիտական, բարոյական, հոգեբանական, առողջապահական, այլևայլ առումներով: Չի կարող անկիրթ ազգը ժամանակակից տեխնոլոգիաներով ու զինատեսակներով հագեցած բանակ ունենալ: Չի կարող անկայուն քաղաքական վիճակում գտնվող պետությունը նյութապես ու բարոյապես կայուն բանակ ունենալ: Եթե հասարակությունում ընդունված կենսակերպ են կոռուպցիան ու հեռախոսային վարչարարությունը, երբ մի զանգով հարցեր են լուծվում, բանակը չի կարող զերծ մնալ ոչ կաշառատվություն-կաշառակերությունից, ոչ հովանավորչությունից: Եթե հասարակությունում չեն գործում արդարադատության ինստիտուտները, եթե օրենքի առաջ կան հավասարներ ու ոչ հավասարներ, բանակում գործելու է նույն հիերարխիան: Եթե վճարովի են ոչ միայն բուժումը, այլև բժիշկները, առողջն ու հիվանդը վճարից է կախված... Ցավոք, այս թվարկումը կարող եմ երկար շարունակել: Ցավոտ թվարկումը:
Իրավունք ունե՞նք այս պայմաններում ավելին պահանջելու մեր բանակից:
Այո, որովհետև եթե ոչ զինվորականները թուլանալու ու արխայնանալու թեկուզ 1 տոկոսի իրավունք ունեն, բանակում այդ իրավունքը փոխարկված է նաև ոչ զինվորականների փոխարեն զգոն լինելու պարտականությամբ:
Ոչ, որովհետև ինչ ցանում ենք, այն էլ հնձում ենք: Որովհետև բանակում ավելի խտացած են հասարակական բոլոր ախտերն ու արատները, որոնք, բնականաբար, բանակում չեն կարող վերանալ, քանի դեռ ծաղկում են բանակից դուրս:
Հունվարի 28-ը Հայաստանի ազգային բանակի տոնն է: Այն մարդկանց տոնը, ովքեր երբ ասում են` «Ծառայում եմ հայրենիքին», անվանում են իրենց աշխատանքն ու իրենց կոչումը, առաքելությունն ու կարգավիճակը: Այս օրը պաշտոնական ու ոչ պաշտոնական տասնյակ շնորհավորանքներ են հնչում ու մաղթանքներ: Ջերմ, անկեղծ, հուսաշատ ու հուսադրող: Իսկ ինձ թվում է, որ ոչ միայն Հունվարի 28-ը, երբ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը ստորագրել է իր առաջին հրամանը, այլև բոլոր օրերը Բանակի օրն են` նշում ենք, թե չենք նշում: Այդպես է, որովհետև Հայաստանը սահմանամերձ հայրենիք է, այդպես է, որովհետև պատերազմը չի ավարտվել, այդպես է, որովհետև եթե որպես պետություն ու պետականություն մեզ համարում ենք կայացած, կայացել ենք, որովհետև ունենք կայացած բանակ: Թող համեմատաբար, թող դժվար, բայց ռեալ:
Հռոմեական բանակում համալրման ենթակա էր այն լեգեոնը, որ թեկուզ բոլոր լեգեոներներին կորցրել էր, բայց ողջ էին դրոշակակիրներն ու պահպանված դրոշները: Դաժան կանոն է, բայց պատերազմն ընդհանրապես դաժան է, այնուհանդերձ` մնում է քաղաքականության շարունակություն, երբ սպառվել են խաղաղ կարգավորման միջոցները:
Հաղթանակների ու հաղթելու զինվորի կամքը պետության հարատևության գրավականն է: Կարևորը դրոշներն են ու հրամանատարը, որ մտածում է ոչ միայն հակառակորդի, այլև իր զինվորի մասին: Կարևորը հանուն խաղաղության պատերազմին պատրաստ լինելն է: Կարևորը` որ զինվորին սպասեն նրա սիրելիները: Իսկ ամենակարևորը բոլոր «կարևորների» համատեղումն է հավասարության իրավունքով` և՛ գիտակցության, և՛ զգայության հարթություններում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1075

Մեկնաբանություններ