ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«ՍԱՍՈՒՆԸ ԹԻՄԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՎԱԴԻՐ Է ԵՂԵԼ»

«ՍԱՍՈՒՆԸ ԹԻՄԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՎԱԴԻՐ Է ԵՂԵԼ»
18.12.2009 | 00:00

«2009-ին բավականին խութեր, խոչընդոտներ կային։ Քաղաքականապես ակտիվ տարի էր, ու Հայաստանը լուրջ մարտահրավերների առաջ կանգնեց, որոնք փորձեց հաղթահարել։ Ընդհանրապես քաղաքականությունը ոչ թե հաղթանակներ է արձանագրում, այլ արդյունքներ։ Այս իմաստով արդյունավետ ժամանակաշրջան էր մեզ համար»,- երեկ «Իրավունք de facto» ակումբում հայտարարեց ԱԺ հանրապետական խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ, ով, ի դեպ, մեր քաղաքական դաշտի ամենաթափանցիկ ու լրագրողների հետ բաց ոճով շփվող քաղաքական գործիչներից մեկն է, եթե չասենք` միակը։ Արտաքին քաղաքականության, մասնավորապես, հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ ՀՀԿ փոխնախագահը հետևյալ դիտարկումներն արեց. «Գործընթացը սկսված է, ու դրա բնորոշիչը միայն փաստաթղթի հաստատումը չէ։ Թուրքիան ո՛չ երեկ, ո՛չ էլ վաղը մեր գործընկերը չի կարող լինել։ Պարզապես այս պահին օգտվում ենք այն մոդելից, որ միջազգային քաղաքակրթությանն ընդունելի է։ Ընդամենն ասում ենք` սահմանները պետք է բաց լինեն։ Մնացած փուլերը կիրականացվեն, երբ Թուրքիան ցեղասպանությունը կճանաչի»։ Եթե Թուրքիան, այդուհանդերձ, չվավերացնի արձանագրությունները, ակումբի բանախոսի կարծիքով, անվստահելի պետություն կդիտվի ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային հանրության աչքում, իսկ իշխող ուժի արտաքին քաղաքականությանն ուղղված ընդդիմության քննադատությունն էլ գնահատում է դրական, քանի որ «իրենք ևս այս գործընթացում վտանգներ տեսնում են, սակայն վճռական են դրանց լուծման հարցում»։
Այնուհետև Գալուստ Սահակյանն անդրադարձավ մամուլի խնդիրներին։ «2009-ը պիտի համարել մամուլի մշակույթի անկման տարի։ Մարդիկ այսօր մամուլ կարդում են` իմանալու, թե որ հարևանն ումից է բամբասում, ում կարելի է արժեզրկել, հոշոտել։ Այնպես չէ, որ սրա համար միայն մամուլն է մեղավոր։ Մեղավոր են և՛ իշխանությունները, և՛ հասարակությունը։ Շատ դեպքերում հայկական թերթերը մեր մասին գրում են այն, ինչ թուրքականը, ադրբեջանականը։ Ընդհանրապես, անվանարկող հոդվածի համար լրագրողին պետք է դատի տալ, եթե նա իրենից իրական արժեք է ներկայացնում, իսկ երբ մրջյունն է քեզ խանգարում, երբեք չես դիմի դատարան, կկոխկրտես-կանցնես։ Ամեն մարդու չէ, որ կարելի է դատի տալ»։
ՀՀԿ խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև այն հանրապետական պատգամավորների ստորագրություններին, որոնցով նրանք, փաստորեն, միանում էին Սասուն Միքայելյանին ներում շնորհելու միջոցով պատժի հետագա կրումից ազատելու` Սերժ Սարգսյանին ուղղված խնդրագրին։ «Քաղաքական թիմը հենց նրա համար է, որ թիմով որոշում կայացնեն ու այդ մասին հայտարարեն։ Այս իմաստով ՀՀԿ խմբակցության այդ պատգամավորները մեր կողմից դատապարտվել են, քանի որ իրավունք չունեին այդ քայլն անելու, հատկապես Սասուն Միքայելյանի համար։ Այս ողջ գործընթացն ավելի շատ վարկաբեկեց Սասուն Միքայելյանին որպես անձի։ Իհարկե, Սասունը թիմի նկատմամբ դավադիր է եղել։ Եթե նա նման խնդիր ունենար, իր ձեռքով կդիմեր նախագահին կամ խմբակցությանը»։ Գալուստ Սահակյանը ենթադրում է, որ այս ստորագրահավաքի իրական նպատակը «պրովոկացիա սարքելն» էր, ինչը չստացվեց։ Ավելին, ակումբի հյուրը չափազանցված է համարում նաև Սասուն Միքայելյանի հիվանդության վերաբերյալ հրապարակումները։ «Փորձեցին ներկայացնել, թե ամենավտանգավոր առողջական վիճակում է, ու էս անխիղճները ոչինչ չեն անում։ Ընդամենը քթի խոռոչի վիրահատություն է արվել, որն ամեն օր ցանկացած հիվանդանոցում արվում է։ Այնպես որ, Սասուն Միքայելյանի խնամքը մեր հարգարժան լրագրողները թող մեզ թողնեն։ Մենք շատ ուշադիր ենք և թույլ չենք տա օրենքների խախտում նրա նկատմամբ»։
Սահակյանը բացեց փակագծերը և պարզաբանեց «դավադիր» որակումը։ «Ե՛վ խորհրդարանական, և՛ նախագահական ընտրությունների ծրագրերին առնչվող քննարկումների ժամանակ Սասուն Միքայելյանը, որպես խորհրդի անդամ, ելույթ է ունեցել կուրծք ծեծելով, ձեռք բարձրացնելիս առաջինն է եղել։ Երկու օրվա մեջ նա այն թիմից, որի հետ պայքարի մեջ էր մտել, դավադիր կերպով հեռացել է։ Սասունին չեմ կարող ասել հանցագործ, բայց ոչ էլ կարող եմ ասել քաղբանտարկյալ»։ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ընդդիմությանը ևս նախազգուշացրեց, որ Սասունին «թիրախ չդարձնեն», քանի որ վերջինս «վրեժխնդիր կլինի իրեն թիրախ դարձնողներից»։ «Մեր կողմից ինքը պարտք ու պահանջ չունի, ավելին, զղջման խնդիր ունի։ Չեմ կարծում, որ այստեղ նստածներից որևէ մեկը կարող է Սասունի համար ավելի շատ ցավել, քան ես, որովհետև տասնյակ տարիներ նույն կաթսայից ճաշ ենք կերել, իրար հետ քնել-վեր ենք կացել։ Այնպես որ, Սասունին չենք օտարել որպես անձ, այլ որպես բնավորություն»։ Քաղաքական գործչի համոզմամբ` հասարակությունը ճիշտ չի ընկալում «քաղբանտարկյալ» բառը։ «Մեզ մոտ «քաղբանտարկյալ» արտահայտությունը դարձել է հերոսին համարժեք։ Բավականին լուրջ ճանապահ պիտի անցնել դրա համար։ Սասունի կամ մյուսների քաղաքական գործունեությունը դուք որտե՞ղ եք տեսել, որ քաղբանտարկյալ եք ասում»։ Այն հարցադրմանը, թե երկու օրում ի՞նչը կարող էր Սասուն Միքայելյանին «ճամբարափոխ» անել, պատասխանը հակիրճ էր. «Երևի հրապույրներն այնտեղ ավելի շատ էին»։
Ի դեպ, ՀՀԿ-ԲՀԿ հակասությունն էլ հանրապետական գործիչը համարեց մտացածին։ «Որևէ խնդիր չկա, և ոչ էլ քաղաքական պայմանավորվածություններն են խախտվել»,- վստահեցրեց լրագրողներին։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1731

Մեկնաբանություններ