ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԱԲԱՐ ԱՄՐԱՆԱՆՔ` ԴՐՍևՈՐԵԼՈՎ 10 ՄԻԼԻՈՆ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ»

«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԱԲԱՐ ԱՄՐԱՆԱՆՔ` ԴՐՍևՈՐԵԼՈՎ 10 ՄԻԼԻՈՆ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ»
23.11.2010 | 00:00

Աստծո անցած յոթ օրում քննություններից առաջ ոչինչ չարած ուսանողի պես պետություններն ու քաղաքական գործիչները փորձեցին մի քանի օրում անել այն, ինչ չէին արել մի քանի տարում, երևի նաև հիշել էին, որ աշունը բերքահավաքի ժամանակ է:
Մեծ Բրիտանիայի արքայազն ՈՒիլյամը 2011-ի ամռանը կամուսնանա Քեյթ Միդլտոնի հետ: Նրանք ծանոթացել են 2001-ին, Շոտլանդիայում ուսանելիս: Քեյթի ծնողներն արքայական, իշխանական, նույնիսկ ազնվական ծագում չունեն, շարքային մեծբրիտանացի միլիոնատերեր են: Արքայազնը հարսնացուին է նվիրել ադամանդներով երիզված 18-կարատանի երկնագույն շափյուղայով մատանի, որ լեդի Դիանայինն էր: ՈՒիլյամը հույս է հայտնել, որ այդ կերպ մայրը ներկա է գտնվել իր կյանքի կարևոր օրվա իրադարձություններին: Նշանադրությունից առայժմ շահել են ոսկերիչները` խիստ մեծացել է ադամանդազարդ շափյուղաների պահանջարկը: Հարսնացուի թեկնածությունը քննարկվել է ընտանեկան ու պետական ամենաբարձր ատյաններում, ՈՒիլյամը և Քեյթը գահը ժառանգելու հեռավոր, բայց ռեալ հեռանկարներ ունեն, ի տարբերություն ՈՒիլյամի հոր` արքայազն Չառլզի, որ վաղուց պատրաստ է թագադրության, բայց Եղիսաբեթ Երկրորդ թագուհին առույգ և ամուր ձեռքերում է պահում գահը: Ավանդական անգլիական պահպանողականությունը թագուհուն հնարավորություն է տալիս գահակալելու որքան ցանկանա: Մայր թագուհին 101 տարեկանում վախճանվեց: Ըստ «The News of The World» պարբերականի անցկացրած հարցման` բրիտանացիների 55 տոկոսը գահին ուզում է տեսնել ՈՒիլյամին, 64 տոկոսն այն կարծիքին է, որ Քեյթը պետք է թագուհու տիտղոս ստանա, ոչ թե իշխանուհի կոնսորտի: Չառլզին թագավոր է ուզում տեսնել հարցվածների 19 տոկոսը: Բրիտանացիները չեն ներում արքայազնին Քամիլա Պարկեր-Բոուլզի հետ ամուսնությունը` նրան համարելով իշխանուհի Դիանայի և Չառլզի ամուսնալուծության պատճառ: «The Daily Mail», «People» թերթերի հարցումները ևս նույնն են հաստատում: 1701 թ. ընդունված թագաժառանգման ակտի համաձայն` գահի առաջնակի իրավունք ունի իշխող գահակալի ուղղակի ժառանգը: ՈՒելսի արքայազնը Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ավագ որդին է և գահաժառանգը:
Հրավիրում ենք գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ուշադրությունը` Մակեդոնիայում կառավարության և հասարակական կազմակերպությունների աջակցությամբ 7 միլիոն ծառ է տնկվել մեկ օրում:
Դեկտեմբերի 19-ին Բելառուսում անցկացվելու են նախագահական ընտրություններ, գրանցվել է 10 հավակնորդ: 2006-ին նման խիզախություն դրսևորել էր 3 թեկնածու` չհաշված գործող նախագահին:
Ջեյմս Ափաթուրայը դեկտեմբերի 1-ից Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը կլինի` այդ պաշտոնում փոխարինելով Ռոբերտ Սիմոնսին:
2010-ի հոկտեմբերի 7-13-ին անցկացված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դաշտային գնահատող առաքելության հաշվետվությունը ներկայացվել է Հայաստանին և Ադրբեջանին: Տեքստը չի հրապարակվում:
ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովում ԱՄՆ-ը ներկայացնելու է պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հայտարարել է Հարավային և Միջին Ասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ռոբերտ Բլեյքը: Իրենց մասնակցությունը գագաթնաժողովին հաստատել են 61 պետությունների ղեկավարներ, թեպետ ԵԱՀԿ-ն միավորում է Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի և Միջին Ասիայի 56 պետություն:
Էներգետիկ հարցերով ԱՄՆ-ԵՄ խորհրդի նիստում ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է. «Մենք ուզում ենք Եվրոպայի համար բնական գազի նոր աղբյուրներ գտնել` ընդլայնելով համագործակցությունը մեր գործընկերների հետ Մերձավոր Արևելքում և Կասպիական ավազանում, ներառելով Ադրբեջանը: Հարավային գազային միջանցքը եվրոպական շուկայի համար կապահովի էներգիայի դիվերսիֆիկացված աղբյուրներ և կամրապնդի էներգետիկ անվտանգությունը»:
Թուրքիան դեռևս չի որոշել` ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգեր տեղակայել իր տարածքում, թե ոչ: «Առայժմ այդ ծրագիրը քննարկվում է, և վերջնական որոշում կայացված չէ»,- ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն: Նախարարը նշել է, որ տեղակայելու դեպքում հարաբերությունները կսրվեն Իրանի հետ, չտեղակայելու դեպքում` ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի: «Անկարան մտադիր չէ նախապատվություն տալ այս կան այն դաշնակցի հետ հարաբերություններին, մենք որոշում կկայացնենք` հիմնվելով մեր ազգային շահերի և հետաքրքրությունների վրա», ասել է նա: Իսկ վարչապետ Էրդողանը պայմաններ է առաջադրել դաշինքին. «Եթե ՆԱՏՕ-ն ուզում է Թուրքիայի տարածքում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայել, Անկարան պետք է մասնակցի դրա կառավարմանը»: Թուրքիան չի ցանկանում, որ համակարգի տեղակայման համաձայնագրում որևէ կոնկրետ երկիր նշվի որպես թիրախ:
Կառավարության առաջարկով` 2011-ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կսահմանվի 32500 դրամ` ավելանալով 2500 դրամով: Սպառողական նվազագույն զամբյուղը 41500 դրամ է պաշտոնական տվյալներով, որոնք բոլորովին չեն համապատասխանում իրական տվյալներին:
Նոյեմբերի 17-ին Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի նախագահները: Բացի երկկողմանի հարաբերություններից, նրանք անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մեդվեդևին հիմնախնդրի կարգավորման հարցում միջնորդական աշխատանքների համար և հույս է հայտնել, որ այդ աշխատանքները շուտով դրական արդյունքով կավարտվեն: «Շատ կցանկանայի, որ հենց այդպես էլ լիներ», պատասխանել է ՌԴ նախագահը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի երեկույթին ելույթ ունենալով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տվել է բանակցությունների ավարտի բանալին. «Ինչքան շուտ Ադրբեջանը գիտակցի, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ընդունումն իր համար այլընտրանք չունի, այնքան շուտ կավարտվեն բանակցությունները»: Նրա գնահատականով` «Պաշտպանական մեր կարողությունների մասին երկու կարծիք լինել չի կարող` մենք ուժեղ ենք, ուժեղ ենք քան երբևէ, իսկ ամեն հաջորդ օրը շատ ավելի ուժեղ ենք լինելու»: «Հայ ժողովուրդը պատերազմ չի ուզում, և այժմ էլ մենք նախահարձակ չենք լինելու, բայց և չենք անտեսի մեզ նետված մարտահրավերը: Մենք միշտ ամուր ենք եղել մեր հողի վրա, ամուր ենք այսօր, շատ ավելի ամուր ենք լինելու ապագայում»,- ասել է ՀՀ նախագահը և հավելել. «Մենք պետք է հիմնավորապես կառուցենք և վերակառուցենք մեր տունը: Նրա բնակիչները պետք է պաշտպանված լինեն ռազմական, իրավական և սոցիալական առումներով: Մենք պետք է շարունակաբար ամրանանք` դրսևորելով 10 միլիոն հայերի համերաշխությունը: Ազգային արժանապատվությունն այլ կերպ չի լինում»:
Ճեպազրույցների ժամանակ լրագրողը ցանկացել է իմանալ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի գնահատականը Ղարաբաղին առնչվող հայտարարությունների մասին, օրինակ բերելով հարցը մեկընդմիշտ ուժով լուծելու Սերժ Սարգսյանի սպառնալիքը, խոսնակ Մարկ Թոները հիշեցրել է, որ ԱՄՆ-ը ներգրավված է Մինսկի խմբում և կողմերին հորդորում է շարունակել երկխոսությունը` խուսափելով հռետորաբանությունից, որը կարող է ավելացնել լարվածությունը:
Կասպյան ավազանի երկրների նախագահների առաջին հանդիպումը կայացել է 2002-ի ապրիլի 23-24-ին` Աշգաբադում, երկրորդը` 2007-ի հոկտեմբերի 16-ին` Թեհրանում, երրորդը` Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ղազախստանի նախագահների մասնակցությամբ, կայացավ անցած շաբաթ Բաքվում. նախագահները քննարկում էին Կասպից ծովի իրավական կարգավիճակին առնչվող հարցեր: Կասպյան ավազանի երկրների նախագահները վեհաժողովի ավարտին լրագրողների համար գնահատեցին իրենց կատարած աշխատանքը: Տանտերը` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համարեց, որ վեհաժողովը կառուցողական էր և ճշգրիտ արտացոլեց համագործակցության շրջանակները: ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կարծում է, որ վեհաժողովը մեծ բարեկամության ու համագործակցության սկիզբ դրեց: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը համարում է, որ քննարկումների ընթացքում առաջընթաց է գրանցվել գլխավոր` Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցում: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը գոհ էր վեհաժողովի կոնկրետ արդյունքներից: Թուրքմենստանի նախագահ Կուրբանկուլի Բերդիմուհամեդովը ամենաքնարականն էր` նա խաղաղության ու համագործակցության ծով անվանեց Կասպիականը: Հինգ նախագահները հանդես են եկել 15 կետից բաղկացած համատեղ հայտարարությամբ, որտեղ հաստատել են նախորդ վեհաժողովների համաձայնությունները, ընդունել բարիդրացիական ոգով կառուցողական երկխոսության անհրաժեշտությունը, տնտեսական փոխգործակցության բարենպաստ պայմանների ստեղծման կարևորությունը, և այլն, և այլն... Հայտարարության 12-րդ կետն արձանագրում է. «Կոնֆլիկտները Կասպիական ծովի տարածաշրջանում կողմերը գնահատում են իբրև անվտանգության, խաղաղության և կայունության սպառնալիք և կայուն խաղաղության գլխավոր պայման համարում են այդ կոնֆլիկտների հաղթահարումը ՄԱԿ-ի կանոնադրության համապատասխան` անկախության հարգման, տարածքային ամբողջականության և պետության սահմանների անխախտության հիմքերի վրա»:
Բաքվի կասպիական վեհաժողովի շրջանակներում ծովային սահմանների ու կարգավիճակի, բնական ու կենսաբանական ռեսուրսների բաժանման խնդիրներից պակաս կարևոր չէին նախագահների երկկողմանի հանդիպումները:
Ալիև-Մեդվեդև հանդիպման ժամանակ ՌԴ նախագահն ասել է. «Ռուսաստանը պատրաստ է առաջիկայում ևս աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացմանն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»: Նա կարծում է, որ դեռ մնում են ղարաբաղյան կարգավորման սկզբունքներին առնչվող որոշ հարցեր, սակայն եթե կողմերը ջանքեր գործադրեն, Աստանայի ԵԱՀԿ գագաթնաժողովում կարելի է հասնել կարգավորման ընդհանուր սկզբունքների համաձայնեցված տարբերակի: Ալիևն էլ հույս ունի, որ կհաջողվի առաջընթաց գրանցել և ապահովել խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում: Նա համարում է, որ կարգավորումը հնարավոր է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան` հիմնվելով միջազգային կազմակերպությունների ընդունած բանաձևերի և այն սկզբունքների վրա, որոնք արտացոլված են միջազգային հռչակագրերում:
Ալիև-Ահմադինեժադ հանդիպման ժամանակ ևս անդրադարձ է եղել Ղարաբաղի հարցին: Ալիևը ԻԻՀ նախագահին տեղեկացրել է հայ-ադրբեջանական բանակցությունների ներկա փուլի մասին և հույս է հայտնել, որ Ադրբեջանը կվերականգնի տարածքային ամբողջականությունը: ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ եթե տարածաշրջանի վրա արտաքին ճնշումները վերանան, հարցը կարող է լուծվել: Ահմադինեժադը հույս ունի, որ հարցը կլուծվի խաղաղ ճանապարհով, և ողջունում է կողմերի ջանքերն այդ ուղղությամբ: «Lider» հեռուստաալիքին հարցազրույցում ԻԻՀ նախագահն ասել է. «Մենք բազմիցս հայտարարել ենք և հիմա էլ վերահաստատում ենք, որ Իրանը պատրաստ է օգնելու հակամարտության հաղթահարմանը»: Ահմադինեժադը լուծումը հնարավոր է համարում բանակցությունների, արդարության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում` առանց արտաքին ճնշումների: Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան էլ Հեյդար Ալիևի հիմնադրամում հանդիպել է ԻԻՀ առաջին տիկին Ազամ աս-Սաադատ Ֆարախիի հետ: Փոխադարձ շնորհակալություններից ու հաճոյախոսություններից հետո տիկին Ֆարախին տիկին Ալիևային հրավիրել է Թեհրան:
Ամենաինտրիգայինը Մեդվեդև-Ահմադինեժադ հանդիպումն էր, որ առաջինն էր հարաբերությունների որոշակի սառեցումից հետո, երբ Ռուսաստանը միացավ ՄԱԿ-ի ԱԽ պատժամիջոցներին և հրաժարվեց Թեհրանին Ս-300 զենիթահրթիռային համակարգերը վաճառելուց: «Հանդիպումը կարևոր էր, խոսակցությունը բացարձակապես բաց էր ու չէր շրջանցում անհաճո հարցերը»,- ասել է ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն: Քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցեր: Պրիխոդկոյի վկայությամբ` ՌԴ նախագահը խոսել է Իրանի խաղաղ միջուկային ծրագրերի շարունակման մասին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել էր Լիսաբոն` մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Աֆղանստանում ՄԱԿ-ի մանդատով ՆԱՏՕ-ի ղեկավարած միջազգային անվտանգության աջակցման ուժերին մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը հրավիրված էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա Պորտուգալիա չմեկնեց: Մամլո գրասենյակի պարզաբանմամբ` ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, համաձայն մեր երկրի ազգային անվտանգության ռազմավարության, Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացման բաղադրիչներից է: Այդ առումով հատկապես կարևորվում են Հայաստանի համար կենսական խնդիրների շուրջ ընդունվող փաստաթղթերի բովանդակությունն ու դրանցում տեղ գտած ձևակերպումները, որոնք պետք է ուղղված լինեն տարածաշրջանում անվտանգության ապահովմանը: «Հայկական կողմը բազմիցս ընդգծել է հակամարտությունների լուծման ընդհանրական ձևակերպումների անընդունելիությունը: ՆԱՏՕ-ի լիսաբոնյան համաժողովի հռչակագրի նախագծում հարավկովկասյան կոնֆլիկտների լուծման նախկին ընդհանրացված բանաձևի պահպանումը, որում հղում է կատարվում ԵԱՀԿ-ի հռչակած սկզբունքներից միայն մեկին, վատ ազդակ կարող է դառնալ և լրացուցիչ բարդություններ ստեղծել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, հատկապես վերջին շրջանում Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի և նրա ղեկավարության հայատյաց հռետորաբանության ֆոնի վրա», ասված է հաղորդագրության մեջ: Լիսաբոն են գործուղվել պաշտպանության և արտաքին գործերի նախարարները:
Նոյեմբերի 19-ին Լիսաբոնում սկսվեց ՆԱՏՕ-ի համաժողովը` 28 անդամների և գործընկեր 48 երկրների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվող հարցերի, ռազմավարական նոր հայեցակարգի ընդունման առումով լիսաբոնյան համաժողովն անվանվեց պատմական: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն առաջիկա 10 տարիների համար ընդունված դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը որակեց «գործողությունների ծրագիր, այլ ոչ թե մտադրությունների հուշագիր»: Հայեցակարգում ընդգրկվել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի տեսակետը, որ պետք է աշխատել աշխարհը միջուկային զենքից ազատելու ուղղությամբ, բայց մինչև այդ ժամանակը ՆԱՏՕ-ն կմնա միջուկային զենք ունեցող դաշինք:
Լիսաբոնում ընդունված հռչակագրում նշված է. «Եվրատլանտյան տարածքի խաղաղության առումով Հարավային Կովկասում և Մոլդովայում պահպանվող երկարատև տարածաշրջանային հակամարտությունները շարունակում են դաշինքի համար մեծ մտահոգությունների խնդիր մնալ»: «Մենք բոլոր կողմերին կառուցողական ներգրավվածության, հակամարտությունների խաղաղ լուծման համար քաղաքական կամքը ուժեղացնելու և ընթացիկ բանակցային ձևաչափերը հարգելու կոչ ենք անում,- նշում են դաշինքի անդամները:- Կոչ ենք անում բոլորին խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են խարխլել տարածաշրջանային անվտանգությունը և կայունությունը»: Հռչակագիրը հաստատում է. «Մենք հավատարիմ ենք մնում մեր աջակցությանը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետությունների տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը, շարունակելու ենք աջակցել ջանքերին տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ` հաշվի առնելով այս սկզբունքները»: Եթե հաշվի առնենք, որ անցած շաբաթվա սկզբին Բրյուսելում Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն էր առաջարկել Վրաստանին Եվրամիության անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնել, հետո էլ ասել էր. «Եվրամիությունը հստակորեն աջակցում է Վրաստանի անվտանգությանը, կայունությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Մենք ակնկալում ենք, որ նույն դիրքորոշումը կորդեգրի միջազգային հանրությունը: Եվրամիությունը չի հանդուրժում Վրաստանի որևէ տարածքի օկուպացիան», իսկ շաբաթվա վերջին Լիսաբոնում ՆԱՏՕ-ի հռչակագրում հակամարտությունների լուծման սկզբունքներից ամրագրվեց միայն տարածքային ամբողջականությունը, վրացական դիվանագիտության հաջողությունն ակնհայտ է: Նաև` ադրբեջանական: Իսկ հայկական դիվանագիտությունը գրանցում է հերթական անարդարությունը: Թեպետ կա նաև մխիթարական լուր. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասել է, որ չի կարծում, թե ՆԱՏՕ-ն կարող է դերակատարություն ունենալ Ղարաբաղի հարցում: Իսկ եթե Ռասմուսենը անկեղծ չէ՞...
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1181

Մեկնաբանություններ