ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«ԱՄՆ-Ը ՊԱՀԵԼ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ԳԵՐՄԱՆԻԱՆ` ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ` ԵՎՐՈՊԱՅԻՑ ԴՈՒՐՍ»

«ԱՄՆ-Ը ՊԱՀԵԼ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ԳԵՐՄԱՆԻԱՆ` ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ` ԵՎՐՈՊԱՅԻՑ ԴՈՒՐՍ»
23.11.2010 | 00:00

Ժամանակին ՆԱՏՕ-ի առաջին գլխավոր քարտուղար լորդ Իսմեյը հակիրճ ու զարմանալիորեն ճիշտ էր ձևակերպել Հյուսիսատլանտյան միության էությունն ու նպատակը նրա ստեղծման պահին` «ԱՄՆ-ը պահել Եվրոպայում, Գերմանիան` հսկողության ներքո, Ռուսաստանը Եվրոպայից դուրս»։ Հասկանալի է, որ ժամանակը կոչված է շտկումներ մտցնելու նույնիսկ ամենահիմնարար թվացող կանխատեսումների ու հաշվարկների մեջ։ Համապատասխանաբար, վերջին բոլոր տարիներին համաշխարհային քաղաքականության գլխավոր թեմաներից մեկը դարձել է Հյուսիսատլանտյան դաշինքի նոր տեղի ու կոչման և վաղեմի թշնամու` Ռուսաստանի հետ նրա փոխհարաբերությունների հարցը։ Եվ այժմ, եթե ժամանակն էլ չէ ամփոփելու արդյունքները, ապա ժամանակն է որոշ չափով իմաստավորելու այդ թեզիսները։ Եվ այսպես, Լիսաբոնում ավարտվեց ՆԱՏՕ-ի երկար սպասված և, ինչպես գրվում էր, «հուզիչ» գագաթնաժողովը։ Այն ոչ միայն ընթացավ «ծափողջույններով», այլև արժանացավ դրվատալից ածականների թե՛ զանգվածային լրատվամիջոցներում, թե՛ ամենաբարձր մակարդակներում։ Հայտարարվեց, թե գագաթնաժողովը «պատմական էր և ամենակարևորը` հիմնադրումից ի վեր», թե այդ հանդիպումը հաստատեց «սառը պատերազմի ավարտը», որ ՆԱՏՕ-ի երկրները «աշխարհին լավագույն ապագայի հույս» տվեցին։ Իբրև կարևոր հաղթանակներ գովազդվեցին հակահրթիռային վահանի կազմակերպման, առաջիկա տասնամյակում ՆԱՏՕ-ի նոր ռազմավարության և, վերջապես, Մոսկվայի հետ փոխհարաբերությունների հարցի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Դաշինքի բարձրաստիճան պաշտոնյաներն ուրախությամբ հայտարարեցին, որ իրենց հաջողվեց կարգավորել շփումները «երեկվա թշնամու` Ռուսաստանի հետ, այժմ էական դեր կխաղա նրանում» և որն այժմ նշված է իբրև «նախապատվելի գործընկեր»։ Առայժմ, լիսաբոնյան «տոնից» հետո, նրանց չշփոթեցրին նույնիսկ Դմիտրի Մեդվեդևի վերապահումները. «Մենք պետք է որոշենք, թե որտեղ է մեր տեղը և, անշուշտ, ելնենք այն բանից, որ մեր մասնակցությունը լինի միանգամայն իրավահավասար։ Ես կասեմ նույնիսկ ավելին. մեր մասնակցությունը պետք է լինի միայն գործընկերային»։ Նրա խոսքերով` «Կա՛մ մենք լիարժեք մասնակցում ենք, պատասխանատու ենք այս կամ այն խնդրի լուծման համար, կա՛մ չենք մասնակցում ընդհանրապես»։ Այնուհետև բազմանշանակալից հավելում էր արվել. «Իսկ եթե մենք ընդհանրապես չենք մասնակցում, ապա հասկանալի պատճառներով հարկադրված կլինենք պաշտպանվել»։ Ի դեպ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենը փորձել էր հանգստացնել նոր ռուս բարեկամին. «Սա էջը շրջելու և անցյալի ուրվականները թաղելու իրական հնարավորություն է»։
Արդյոք այդպե՞ս է իրականում։ Արդյոք անհետացե՞լ են հին «ուրվականները», թե՞ դրանք տակավին տագնապի են մատնում ուղեղները տարբեր մայրցամաքներում։ Աշխարհն արդյոք անվտա՞նգ դարձավ Լիսաբոնից հետո։ Իրականացվո՞ւմ են, արդյոք, այն ծրագրերը, որոնք հանդիսավորությամբ հռչակվում են բարձր ամբիոններից։ Ո՞րն է գովազդը, և որոնք` իրական առաջխաղացումները համապարփակ խաղաղության ճանապարհին։ Չէ՞ որ մենք հիշում ենք, որ արդեն եղել է ջերմացման շրջան, բայց հետո Ստամբուլում Ելցինը հայտարարեց, թե սկսվել է երկրորդ սառը պատերազմը, իսկ այնուհետև Մյունխենում նույնը շարունակեց Պուտինը։ Արդյոք վերստին կկրկնվի՞ անցյալը։ Հասկանալի է, որ այնպիսի համաշխարհային սպառնալիքներ, ինչպիսիք են միջուկային սպառազինությունների տարածումը, ծովահենությունն ու համակարգչագրոհները, և՛ կարևոր են, և՛ մեծապես միավորող։ Իսկ ինչ վերաբերում է «մենք չենք կարող այսուհետ էլ ապրել սառը պատերազմի կանոններով» բնույթի հայտարարություններին, ապա այստեղ հարցերն առայժմ ավելի շատ են, քան պատասխանները։ Դիմենք կոնկրետ փաստերի և փորձենք հասկանալ «Ռուսաստան-ՆԱՏՕ» մայրուղում հայտնված նոր հովերը, առավել ևս, որ վստահությունը, ինչպես միշտ, մնում է շատ փխրուն։ Նախ ընդ-գծենք, որ ՆԱՏՕ-ի առաջիկա տասը տարվա ռազմավարական նոր համադրույթի մեջ ասվում է, որ ՆԱՏՕ-ն «ոչ մի սպառնալիք» չի ներկայացնում Ռուսաստանի համար։ Որպես այդ թեզիսի շարունակություն, Ռասմուսենի խոսքերով ասած, կողմերը տեղեկատվություն կփոխանակեն Եվրոպայի երկնքում հայտնված սպառնալիքների մասին, իսկ հետագայում «կարելի է պատկերացնել, որ նրանք կսկսեն համագործակցել թռչող հրթիռը խփելու հարցում»։ Այսինքն, առաջին հայացքից հակահրթիռային պաշտպանության շուրջ վաղեմի և սուր բանավեճը, կարծես, ավարտված է։ Ռուսաստանը համաձայնեց մասնակցելու հակահրթիռային պաշտպանության համատեղ համակարգի ստեղծմանը ՆԱՏՕ-ի երկրների հետ, որն այժմ կընդգրկի դաշինքի մասնակից բոլոր երկրների տարածքը Եվրոպայում։ Բայց, ինչպես հայտնի է, սատանան թաքնվում է «մանրուքներում», և ՀՀՊ համակարգի տեղաբաշխման, համատեղ մասնակցության և, որ գլխավորն է, համատեղ հրամանատարական կետի շուրջ տարաձայնությունները դեռևս շատ լուրջ են։ «Եթե դա իրավահավասար փոխգործակցություն կլինի, սկսած այն բոլոր վտանգների համատեղ վերլուծությունից, համատեղ գնահատումներից, որոնք գոյություն ունեն հրթիռային տարածման ոլորտում, ապա նման համագործակցությունը միանգամայն հնարավոր է»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը։ Այդուհանդերձ, մի շարք ռուսաստանցի զինվորականներ ու փորձագետներ համոզված են, որ այդ ոլորտում իրավահավասար և զուգակշիռ գործընկերությունն իրատեսական չէ։ Նրանք պնդում են, որ ՆԱՏՕ-ական հակահրթիռային պաշտպանությանը Ռուսաստանի մասնակցությունը կհանգեցնի Ռուսաստանի պաշտպանության վերջնական հետընթացին ու քայքայմանը, կամ դրա հանձնմանը ամերիկյան վերահսկողությանը։ Դեռևս բնավ պարզ չեն համագործակցության ուրվագծերը, իսկ այն կարծիքները, թե «ընդհանուր», իսկ, ըստ էության, ամերիկյան «հովանոցին» միանալը Ռուսաստանի համար նշանակում է առնվազն պաշտպանական ինքնիշխանության կորուստ, դառնում են գերիշխող։ ՆԱՏՕ-ում, Ռուսաստանի ներկայացուցչի խոսքերով, դաշինքը պետք է հակահրթիռային պաշտպանության համակարգի համար սահմանի «աշխարհագրական, որակական և քանակական սահմանափակումներ», իսկ դա, հավանաբար, բավական հեռու է։
Ավելի կամ պակաս չափով հաջող ճեղքում ձեռք բերվեց աֆղանական ուղղությամբ։ Մասնավորապես կողմերը սկզբունքային համաձայնության հանգեցին ՆԱՏՕ-ի բեռները Ռուսաստանի տարածքով ոչ միայն Աֆղանստան, այլև հետ տարանցելու շուրջ։ Իսկ դա առանձնապես կարևոր է, եթե իրականացվեն մինչև 2014 թվականի տարեվերջ դաշինքի զորքերի դուրսբերումն ավարտելու մասին Համիդ Քարզայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Բացի այդ, Ռուսաստանն այժմ ուղղաթիռներ է մատակարարելու աֆղանական զորքերին, մասնակցելու է թմրանյութերի առևտրի դեմ պայքարին։ Սանկտ Պետերբուրգի մոտ բացվելու է վարժական կենտրոն` Աֆղանստանի և այդ տարածաշրջանի այլ երկրների թմրամոլության դեմ պայքարող ոստիկանների համար։ Կողմերը նաև պայմանավորվեցին զարգացնել համագործակցությունն ընդհանրապես ահաբեկիչների դեմ մղվող պայքարում։ Սակայն նկատենք, որ այդ պայմանավորվածությունները միանգամայն համապատասխանում են ոչ միայն ՆԱՏՕ-ի, այլև ռուսների շահերին, ընդ որում, շատ հավանական է` ոչ վերջին հերթին։ Հապացույց այդ ենթադրության, բերենք Քաբուլում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Ավետիսյանի խոսքերը։ Օրերս նա նախազգուշացրել է, որ պատերազմը հետզհետե ավելի է մոտենում Ռուսաստանին, և «Աֆղանստանի հյուսիսում իրադրության վատթարացումը խիստ տագնապալից է։ Դա գրեթե Տաջիկստանի և ՈՒզբեկստանի սահմանում է, ուստի մենք երկյուղ ենք կրում, որ ծայրահեղականությունը, ահաբեկչությունն ու թմրանյութերը շարժվում են մեր ուղղությամբ» - հայտարարել է նա։ Ընդ որում, նկատենք, որ ռուսների համար աֆղանական ռազմարշավին ցանկացած, առավել ևս լուրջ մասնակցությունը կտրականապես անթույլատրելի է։ «Մենք այնտեղ եղել ենք, և մեզ այնտեղ դուր չի եկել»,- ասել է Դմիտրի Ռոգոզինը, և դա ոչ միայն ղեկավարության դիրքորոշումն է, այլև ընդհանրապես բոլոր ռուսների։ Այնպես որ, տարանցման խնդրում Մոսկվայի զիջումները միանգամայն համապատասխանում են իր իսկ շահերին։ Թեպետ ռուսները, ինչպես միշտ, ընդսմին ձևացնում են, թե մեծ զոհողությունների են գնում և Արևմուտքից բարեհաճ վերաբերմունք են ակնկալում այլ հարցերում։
Ինչ վերաբերում է Ռուսաստանը ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելու տեսլականին, ինչն ուրախացնում է որոշ եվրոպացիների, ապա այսօրվա դրությամբ, նույնիսկ հեռավոր հեռանկարի առումով, դրանք եթե լիովին անհեթեթ էլ չեն, ապա մեծապես երևակայական են։ Նախ, այդ գաղափարը խորթ է ռուսներին` ինչպես քաղաքական գործիչներին, այնպես էլ բնակչությանը, ինչպես ասվում է ծագումնաբանորեն, դեռ ավելին` «բնազդային և կենդանական» մակարդակով։ Մեդվեդևի խորհրդական Իգոր Յուրգենսի այն հայտարարությունները, թե «ՆԱՏՕ-ին անդամակցելը լիովին համապատասխանում է Ռուսաստանի շահերին», թվում է, ոչ այնքան «ձայն բարբառո հանապատի», որքան ինչ-որ փորձ` «փափուկ բարձ դնելու» հոռետես Արևմուտքի գլխի տակ։ Այդ ենթադրությունը, համաձայնեք, իսկական սրբապղծություն է տերունականների համար, և ՆԱՏՕ-ն, պետք է խոստովանել, տակավին Ռուսաստանում պետք է շատերին որպես թշնամի, այլ ոչ թե գործընկեր։ Ի դեպ, այդ «խրտվիլակը» նախ և առաջ հարկավոր է ներքին կիրառման համար, և իշխանությունները, ամենայն հավանականությամբ, կփորձեն այստեղ շահերի հավասարակշռություն հաստատել։ Այսպես, արդեն տեղեկատվական արտահոսք է եղել այն մասին, որ ՌԴ-ի գլխավոր զորակայանը ցուցում է ստացել փոփոխություններ նախապատրաստելու Ռուսաստանի ռազմական դոկտրինի մեջ։ Դրանից պետք է հանվեն որոշ դրույթներ, որտեղ ՆԱՏՕ-ն նշված է որպես թիվ մեկ վտանգ երկրի համար։ Ընդ որում, ուղղումները պետք է նախապատրաստվեն շատ արագ` մինչև 2011 թվականը։ Մինչդեռ Ռուսաստանի գլխավոր զորակայանի բարձրաստիճան սպաները, թեպետ և առայժմ սկզբունքորեն անանուն հիմունքներով, կարծիք են հայտնում, թե «մենք դարձյալ վերադառնում ենք Գորբաչովի ժամանակաշրջան, երբ եռանդագին զինաթափվում ենք հնարավոր հակառակորդի դեմ-հանդիման, փոխարենը ստանալով սոսկ մշուշապատ խոստումներ, որոնք ոչ ոք չի ձգտում կատարել»։ Ինչպես թվում է, ռուսաստանյան (և ոչ միայն ռուսաստանյան) հասարակության մեջ ցավագին կընդունվի նաև ՀԱՊԿ-ի դերի շուրջ բանավեճը։ Վերջերս ՀԱՊԿ-ի միացյալ զորակայանի պետի տեղակալ գեներալ-գնդապետ Անատոլի Նոգովիցինը պնդել է, թե «ՀԱՊԿ-ին ենթակա զինված ուժերը կսկսեն զինվել հրշեջ փողակներով, վնասահար զենքով, աղմկահարույց նռնակներով և արտասվաբեր գազով»։ Ավելին, նշվում էր, թե զորքերի վարժանքների բնույթը և աշխարհագրական տեղաբաշխումը վկայում են, որ նրանց նախապատրաստում են կռվելու ոչ թե արտաքին, այլ ներքին թշնամու դեմ։ Պաշտոնաթող գեներալ-գնդապետ և հայտնի վերլուծաբան Լեոնիդ Իվաշովը նշել է, որ ՀԱՊԿ-ի պայմանագիրը ստորագրած պետությունների շրջանում միտումը պարզ է. «Նրանք ցանկանում են օրինական իրավունք ստանալ միջամտելու իրենց դաշնակիցների ներքին գործերին», և հենց դրանով է բացատրվում ՀԱՊԿ-ի ռուսաստանյան ստորաբաժանումների սպառազինումը «ոչ մահացու» զենքով։ Թեև ՀԱՊԿ-ի ղեկավար Բորդյուժան չի դադարում կրկնելուց` «ո՞րն է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության իմաստը, եթե Ռուսաստանն ստեղծել է անվտանգության իր սեփական մեխանիզմը դաշնակիցների հետ, և եթե հավաքական անվտանգության այդ համակարգը լավ է գործում», այդուհանդերձ, լուրջ երկյուղներ կան, որ ԱՊՀ-ական ռազմական դաշինքի դերը դառնում է առնվազն անհասկանալի։
Ռուսաստանյան մտածելակերպի համար շատ բարդ կլինի ընկալել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենի այն հայտարարությունները (անգամ, եթե դրանք սոսկ ազդարարումներ են և անիրագործելի), որ Վրաստանն ու ՈՒկրաինան ՆԱՏՕ-ի մեջ ընդունելու որոշումը մնում է ուժի մեջ, իսկ հետխորհրդային տարածքում բոլոր հակամարտությունները շարունակում են հուզել դաշինքին։ Ռուսների համար շատ խնդրահարույց է նաև այն, որ դաշինքը չի ցանկանում սահմանափակվել պաշտպանության հարցերով և մտադիր է նպաստել որոշակի խնդիրների, այդ թվում` մարդու իրավունքների քաղաքական կարգավորմանը` «նախքան դրանք սպառնալիքի կվերածվեն նրա անդամների անվտանգության համար»։ Դժվար են համադրվում Ռուսաստանի իրողություններն ու ՆԱՏՕ-ի այն հիմնարար սկզբունքը, որ դաշինքի անդամները պետք է ապահովեն իրենց զինված ուժերի քաղաքացիական և ժողովրդավարական վերահսկողությունը։ Այնուհետև, թեև այժմ Իրանը, որպես գլխավոր սպառնալիք, չի նշվում դաշինքի փաստաթղթերում, այդուհանդերձ, այդ հարցն էլ է Ռուսաստանում հուզում շատերին։
Այնպես որ, ինչպես թվում է, մինչև «ՆԱՏՕ-ական գերբեռնումը» իրականում դեռ շատ հեռու է։ Ավելին, ներկայումս Ռուսաստանում հնչող այն խոսքերը, թե այդ ամենը սոսկ հերթական «ՆԱՏՕ-ական հնարանք է» և պետք է զգուշանալ «նվերներ բերող ՆԱՏՕ-ականներից», դեռ բավականաչափ կենսունակ են ռուսների մեծամասնության համար։ Չէ՞ որ այլապես նրանց ոչինչ չի մնում անելու, քան ընդունելու, որ Ռուսաստանը, ըստ էության, կդառնա պարզապես «ևս մի խոշոր եվրոպական երկիր»` առանց որևէ փրկչական առաքելության։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1084

Մեկնաբանություններ