ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ՇԱՏ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՐՈՇՎՈՒՄ ԵՆ, ԵՐԲ ՈՉԻՆՉ ՉԵՍ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ

ՇԱՏ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՐՈՇՎՈՒՄ ԵՆ, ԵՐԲ ՈՉԻՆՉ ՉԵՍ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ
01.10.2010 | 00:00

Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տուր ինձ համբերություն:
Տեղյակ չենք` Սերժ Սարգսյանը գիտե՞ հավերժ օդաչու-փոքրիկ իշխան Անտուան դը Սենտ Էքզյուպերիի այս աղոթքը, թե՞ ոչ, սակայն ակնհայտ է. կրկին հագած գորշ կարդինալի իր մունդիրը` նա համբերում է, թույլ տալով, որ ներքաղաքական դաշտը (թե՛ իշխանական, թե՛ ընդդիմության մասով) հնարավորինս զուլալվի, որից հետո չեն ուշանա նաև ապագա ընտրություններին միտված նրա մարշ-բրասոկները:
Հասկանալի է` իշխանություններն անելու են ամեն ինչ, որպեսզի ընտրություններից առաջ ունենան իրենց ցանկալի մանիպուլյացիոն քաղաքական քարտեզը: Այս պահի դրությամբ ՀՀԿ քարտեզագրմամբ առկա է հետևյալ համամասնությունը. ՀՀԿ-ն կարող է ունենալ մոտ 50, ԲՀԿ-ն` 10, ՕԵԿ-ը` 5, ՀՅԴ-ն` 7, ՀԱԿ-ը` 15 տոկոս ներկայություն ապագա պառլամենտում:
Հասկանալի է նաև, որ ՀՀԿ-ն փորձելու է առաձգականություն հաղորդել այս պատկերին և անել ամեն բան, որ վերը նշված կուսակցությունների տոկոսները «սակավվեն», դառնան վերահսկելի, իսկ իր լիդերությունը լինի անվիճելի:
Այդ իսկ պատճառով «լռելյայն», մի քանի ֆլանգներով ու խիստ «մուզմուզ» իր մարշալ-պլանն է իրականացնում. համայնքներում ու մարզերում իշխանությունը վերցնում է փաթեթով` մի դեպքում «նոն ստոպ» տարբերակով մասնակցելով ընտրություններին (իսկ մնացած կուսակցությունները, այդ թվում և` ՀԱԿ-ը, գլուխ չեն ցավեցնում տեղական իշխանություններում իրենց պակետն ունենալու համար), մյուս կողմից` նոր մարզպետներ է նշանակում, որոնք էլ պետք է խիստ սահուն ապահովեն ՀՀԿ մարշ-բրասոկը:
Հաջորդ քայլով ՀՀԿ-ն (հասկանալի է` ողջ այս քաղտեխնոլոգիական «դեղնությունը» ՀՀԿ-ի վրա իջեցվում է նախագահականից) պահեստային տարբերակներ է մշակում: Դեռ վեց ամիս առաջ, ներքին շրջաբերականով, հրահանգ է իջեցվել իշխանամերձ որոշ «տոչկաների» վրա` սկսել նոր կուսակցության ստեղծման աշխատանքներ` հարկավոր պահին դրանք պտույտի մեջ դնելու համար: Ըստ նույն հրահանգի` այդ նոր կուսակցության անդամները պետք է լինեն մաքուր, խարիզմատիկ, խելացի ու հասարակության կողմից ընդունված:
Պահեստազորայինները խաղի մեջ կմտնեն կամ թարմ կուսակցության տեսքով (հասկանալի է, որ չեն գրանցվի որպես նոր կուսակցություն. ընտրություններից երկու տարի առաջ է լոկ հնարավոր նոր կուսակցություն ստեղծել ու մասնակցել պայքարին. պարզապես լավ մոռացված մի հին կուսակցություն «տյունինգ» կարվի ու կմտցվի խաղի մեջ), կամ պահեստազորայինները «կներմուծվեն» ՀՀԿ և ՀՀԿ-ամերձ կուսակցություններ: Մինչ տարվա վերջ, երբ պաուզան ավարտված կլինի, պարզ կդառնա` պահեստային այդ «մատյան գնդերը» Տղմուտ գետի ո՞ր ափին են տեղակայվելու:
Հաջորդական քայլով ներկայանալի տեսքի են բերվում նաև «հաճախորդների» խմբերը: Այն կուսակցությունները, որոնք առանձնապես մեծ կշիռ չունեն քաղաքական խաղի տեսանկյունից, բայց կարող են որոշակի տոկոս հավաքել, հիմնականում հանդես կգան արմատական ընդդիմության «հաճախելիության» դիրքերից, նրանցից յուրաքանչյուրին «կվերագրվի» 2-3 տոկոս, վերջիններս անցողիկություն չեն ունենա, սակայն մեծ գործ արած կլինեն «հանուն հայրենիի»` իշխող կուսակցության. նրանց ստացած տոկոսներն իրար գումարելով, պառլամենտ անցած քաղաքական ուժերի վրա բաժանելով, ահագին «թիվ» կապահովեն նույն ՀՀԿ-ի համար: Գումարած` գոլորշարձակումը` ընդդիմության չեզոքացմամբ:
Հաջորդական քայլով ՀՀԿ-ն սպասում է ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի թուլացմանը: Այդ գործընթացին իշխանության «մատիկը, վզիկը, տոտիկը» առայժմ ակտիվ չեն միջամտում, թողնում են, որ քաղաքական այդ միավորները, այսպես ասած, «իրենց մահով մեռնեն», ինչը, ԲՀԿ-ի դեպքում, ուղղակի «նա բիս» է ստացվում: Իհարկե, ՀՀԿ-ի «աչքին գալիս» է, որ ԲՀԿ-ն համայնքներում, փոխանակ ընտրություններին մասնակցի, առաջին դասարանցիներին պայուսակ ու գրենական պիտույքներ է բաժանում, սերմացու է տալիս գյուղացիներին (արդեն տուկի թել բաժանելու «վախտն» էլ է... Նկատե՞լ եք` ոնց ՀՀԿ-ն առաջ ընկավ ու երկու տարի շուտ սկսեց մարզերում անվճար առողջապահական «գործողություններ» իրականացնել, և դա այն դեպքում, երբ ողջ առողջապահական ցանցը ԲՀԿ-ի տակ է` սկսած նախարարությունից վերջացրած մնացածով, համ էլ որ նախորդ ընտրություններին դա ԲՀԿ «պրիարիտետն» էր):
Ընդ որում, ԲՀԿ-ի իմիջի վրա բավականին լուրջ ազդեցություն թողեցին վերջին զարգացումները. նկատի ունենք Վարդան Բոստանջյանին պարտադրված քայլը, որով վերջինս հրաժարվեց քավորությունից:
Պահպանողական հայ մենթալ պլանը նման բաները շատ վատ է մարսում, եթե չասենք` գրեթե չի մարսում, և նման «թույլատրելիությունը» կուսակցական մակարդակով արժեզրկում է ողջ կուսակցությունն ինքնին: Էլ ավելի մեծ փորձություն է սպասվող` ԱԺ փոխխոսնակի ընտրությունը, ուր ցուցանվելու է` ԲՀԿ-ն մտածո՞ւմ է և մտածում է արդյոք քաղաքական կատեգորիաներից ելնելո՞վ, թե՞ հը՛ը: Ցուցանվելու է` ԲՀԿ-ում, ինչպես ՀՀԿ-ում, աշխատում են տասը չափել-մին կտրելո՞վ (այլապես ՀՀԿ-ն ներիշխանական հայտնի բունտի արդյունքում շատ ավելի վաղ քանդված ու փոշիացած կլիներ), թե՞ բոլորովին այլ արժեհամակարգ է ընկած ԲՀԿ գործունեության հիմքում:
Մի խոսքով` բոլորը սպասում են: Կկարողանա՞ Գագիկ Կոլյայիչը Սերժ Ազատիչի չափ ներքնատեսություն ունենալ ներկուսակցական հարցերում: Հակառակ պարագայում ամենաձեռնտու վիճակում կհայտնվի հենց ՀՀԿ-ն, որն այսուհետ ևս կարող է «մատիկը տոտիկին» չխփել և թույլ տալ, որ իր «կուսնապարնիկ» ԲՀԿ-ն թուլանա (և հաճույք ստանա) իր ցանկացածի չափ` ընտրություններին մնալով իր ողորմածության ներքո:
Անցնելով առաջ արձանագրենք` ընտրությունների գնացող ՀՀԿ-ի համար մի ուրույն գլխացավանք էլ Հայաստանում գրանցված հոգևոր կազմակերպություններն են: ՀՀԿ կորիֆեյներից մեկը մեզ հետ զրույցում վերջերս բավականին հետաքրքիր մի դիտարկում արեց. ըստ նրա` պառլամենտում այսօր առկա ուժերից մեկը 2007-ին խորհրդարանում հայտնվելու հնարավորություն ունեցավ ընդամենն ընտրությունների օրը` հետկեսօրին. «Երբ դրսից` մեկ զանգով նրանց սկսեցին աջակցել Հայաստանում առկա հոգևոր խմբերը»: Հիմնականում` եհովականներն ու մորմոնները. «Նրանք շատ կազմակերպված և մի մարդու նման գնացին ու քվեարկեցին քաղաքական այդ ուժի համար», նկատեց ՀՀԿ զրուցակիցը:
Ինչպես ասում են` «no comment»: Որովհետև այդ դեպքում արդեն շատ ավելի լուրջ ցավ ու խնդիր կա, քան ապագա պառլամենտն ու ընտրություններն են, և ՀՀԿ-ն, որպես իշխանության կրող, պետք է պատասխանատվություն կրի ոչ թե այս խնդրի քաղաքական, այլ, նախ և առաջ, հոգևոր ու անվտանգության ասպեկտների համար:
Մեկ պարբերությամբ էլ անդրադառնանք ՀՀԿ ներքին վիճակին` ասելու, որ, այո, ֆորտունան մշտապես լայնաբերան ժպտացել, եթե չասենք նույնիսկ «հռհռացել» է այս կուսակցության դեպքում` հաջողակ լինելու իմաստով:
Սակայն սպասվող 12 թ. ընտրությունները նրա համար էապես տարբերվելու են մյուսներից. մինչ այս ՀՀԿ-ն ընտրությունների է գնացել որպես վարչապետական կուսակցություն, այժմ արդեն... ոնց տեսնում եք` «նախագահականն» է նրա ահավոր: Կարելի է կարծել` դրանով ամեն բան է ասված: Բայց` ոչ:
Ճիշտ է, բոլոր ընտրությունները դրական սալդոյով ավարտած ՀՀԿ-ն («պոդրազումիվայեմ»` Սերժ Ազատիչը) այս անգամ միանձնյա կորոշի, թե «չՊպ ջՌՎց՚Ց ՐՈՍՌ», ինչո՞ւ են ձմեռում կամ չեն ձմեռում, որ հորիզոնականում և ինչ «մայկաներով» են հանդես գալու ծեր և շատակեր ՀՀԿ-իստները, «մոլոդոկարիերիստները». ասել է` եթե առաջ ՀՀԿ համամասնականը կազմելիս «դերակատարություն» ունեին նաև Քոչարյանը (բարև ձեզ, պարոն Բադալյան, պարոն Ճշմարիտյան, պարոն Այվազյան, պարոն Դավիթ Հարությունյան. վերջինիս նույնիսկ ԲՀԿ առաջնորդը չէր ցանկացել «որդեգրել» իր կուսակցությունում. Կոլյայիչը գնացել էր Քոչարյանի մոտ, թե «թագավոր ախպեր, չէ՜, է՛լի...»), թե Անդրանիկ Մարգարյանը, հիմա արդեն Սերժ Ազատիչը «րՈՎ րպոպ ՐպՋՌրրպՐ» է և համամասնական ցուցակը կգծի` «ի պատկեր յուրում»: Սա արդեն բավականին հետաքրքիր է ներՀՀԿ-ական «մոմենտներով»:
Այսօր արդեն ՀՀԿ հնաբնակները տագնապում են` դեպոն կկանգնի՞, իրենք կունենա՞ն ներկայություն «ցուցանակում», թե՞... Հիշենք, որ դեռ 2007-ի ցուցակի հետ կապված ՀՀԿ հնաբնակները «դիլխորություններ» ունեին Անդրանիկ Մարգարյանից. նրանք անչափ «հեռավոր» տեղերում էին զետեղված (Վազգեն Կարախանյանը մտել Ա. Մարգարյանի մոտ ու ահագին «դառը» բաներ էր ասել այդ հաշվով... երբ Անդոն մահացել էր, ՀՀԿ-ում վալերիանի հաստ շերտ էր կանգնել. Կարախանյանի սիրտը մի գլուխ վատանում էր, նա վալերիան էր խմում ու ցավ քաշում երևի իրեն չէր ներում դրա համար, չնայած Կարախանյանն ու նրանից հետո եղող հնաբնակները նույնքան դրական սալդոյով օրեր անց հայտնվեցին պառլամենտում. երևի` համամասնական ցուցակի ճարտարապետ-գծագրողներն ավելի լավ էին հաշվել. ինչևէ):
Ըստ ամենայնի` ՀՀԿ դիսիդենտներին, որպես պատմական բրենդ ու դիդակտիկ հուշ, ՀՀԿ-ն դեռ երկար կկրի իր դոշին` ցուցակից ցուցակ, պառլամենտից պառլամենտ տեղափոխելով նրանց:
Իսկ թե ով կղեկավարի ՀՀԿ համամասնական ցուցակը, հասկանալի է` դեռ վաղ է դրա մասին խոսելը: Բայց որ Հովիկ Աբրահամյանն այլևս չի ղեկավարի ՀՀԿ շտաբը, այդ մասին ՀՀԿ-ում կարծիքը միանշանակ է: Պատճառներին էլ չանդրադառնանք, շատ ենք գրել այդ մասին: Որոշ գնահատումներով, հարցականի տակ է նույնիսկ վերջինիս առաջնահերթ հորիզոնականներում լինելու հարցը ևս (2007-ին ոնց որ 5-րդն էր), սակայն ջուրը չտեսած չբոբիկանանք, որովհետև շատ բան ՀՀԿ ցուցակում ունենալու է նաև գեոքաղաքական «կտրվածք»:
Եվ ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանն իր ներքին-սեփական ցանկությունը միահյուսեց աշխարհաքաղաքական պահանջարկին, և արևմտամետ վարչապետին զուգահեռ` «ունեցավ» («ո՞վ չունի` կորցրե՜լ է») ԱԺ ռուսամետ նախագահ (բարև ձեզ, պարոն Աբրահամյան, բա ինչի՞ ամսի 25-ին չբացեցիք օվալը, խոստացել էիք, չէ՞): Այդպես էլ առաջիկա ներքաղաքական զարգացումներում և անգամ կուսակցական համամասնական ցուցակներում «գեոն» շատ մեծ դերակատարություն է ունենալու: Հիմնականում` ռուսական ֆակտորի տեսքով: Քոչարյանի «ֆակտուրոլոգիան» էլ ձեզ փեշքեշ:
Ըստ լավատեղյակների` Քոչարյանը հոկտեմբերին պետք է հանդես գա հարցազրույցով կամ հայտարարությամբ, որով կարձանագրի` կամ ինքը մտնում է քաղաքական դաշտ (քիչ էր մնում Քոչարյանին էլ բարևեի), որպեսզի իրեն սպասող թիմը հասկանա` ինչ է անելու, ումով է անելու, որտեղ է անելու կամ չի անելու: Կամ էլ Քոչարյանը հայտարարելու է` «մեկուսանում» է Սևանա կղզում` ազատելով բոլորին թե՛ գլխից, թե՛ գլխացավից, այն է` չի մասնակցելու որևէ քաղաքական գործընթացի (թող Օսկանյանն ու մնացածները «ոևէ» այլ բան մտածելով իրենց գլխի ճարը տեսնեն):
Իսկ մենք կարծում ենք` օրերս մոսկվաներում «ճշտվելու» մեկնած Քոչարյանը (ասում են` նա վերջերս հող է մշակում իր այգում, գլխին կեպի դրած... Լուժկովի՞) ոչ մի հայտարարությամբ էլ հանդես չի գա: Նախ` նա երբեք չի կորցնի հույսը` քաղաքական դաշտ վերադառնալու, և հետո, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, նա չի կարդացել «Գիրքը» (ինքն է ասել, «ինքը լյոխ գյուդում ա». ինքը գիրք կարդալ չի սիրում): Ասել է թե` նա անհամբեր է և չգիտի Էքզյուպերիի աղոթքի ոսկե կանոնը` «շատ խնդիրներ լուծվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում` համբերություն տուր ինձ»: Տե՜ր:
Իսկ որ Քոչարյանը չի համբերում, դա հաստատ է, և այն հաստատում են իր հետ հանդիպողները, ովքեր պատմում են, որ եթե առաջներում նա չէր խոսում իր վարչապետ դառնալու մասին, հիմա բարբառում է այդ մասին: Ավելին, ասում` խնդիրը լոկ ժամկետների մեջ է (մխիթարվե՛ք, սգավորներ)։
Իսկ մեր կարծիքով` գոնե տևական ժամանակ նա չի վերադառնա քաղաքական դաշտ (ԲՀԿ-ն պետք է սրի եղունգներն ու կազմակերպված քորի սեփական գլուխը. մյուս անհամբեր սպասողները նույն ինստրուկտաժով պետք է առաջնորդվեն), որովհետև նրա վերադարձը մեկ պայման ուներ` Պուտին Վլադիմիրի վերադարձ` նախագահի տեսքով:
Լուժկովի հետ կատարվածը (չենք խոսում Կաբաևայի` Պուտինի «ընկերուհու» և նրանց համատեղ որդի Դիմուլիկի դարդից միանձնուհի դարձած Լյուդմիլա Պուտինայի մասին) արդեն իսկ ֆիքսումն է, որ Պուտինը նույնպես, ինչպես Քոչարյանը, ըստ ամենայնի, չի վերադառնա:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1236

Մեկնաբանություններ