ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԷԼ ՁԵՌՆՏՈՒ ՉԷՐ ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԷԼ ՁԵՌՆՏՈՒ ՉԷՐ ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
22.12.2009 | 00:00

Ինչպես ընդունված է ասել, «ահավոր» նախաձեռնողականության շնորհիվ Հայաստանը չիջավ աշխարհի առաջատար լրատվամիջոցների «շուրթերից»:
Իսկ ներքաղաքական կյանքում գրեթե ոչինչ չփոխվեց: Գոնե` արտաքուստ: Այնուհանդերձ, այստեղ էլ հետաքրքիր և նույնքան «նախաձեռնողական» վերադասավորություններ տեղի ունեցան. ընդերքը եռաց, ահագին բան ջրի երես դուրս եկավ:
Բայց` հերթով:
Անշուշտ, հայ-թուրքական հարաբերությունների փուլ առ փուլ զարգացումն անցնող տարվա արտաքաղաքական առաջատար հիթն էր: Երբ Գյուլը եկավ Հայաստան, դեռևս շատերը չէին պատկերացնում, որ գործընթացներն այդքան արագ կզարգանան:
ՈՒ թե առաջնորդվենք մեր ունեցած ինֆորմացիայով, ապա հայ-թուրքական հարաբերություններն ինչ-որ առումով նույնիսկ կայծակնային զարգացում պիտի ունենային. փորձագետներն սպասում էին, որ Թուրքիա այցելած Օբաման հաջորդ օրն արդեն իսկ քայլելով կգնա դեպ Մարգարայի կամուրջ (հիշենք, թե ինչ արագությամբ էին այդ օրերին կամուրջը նորոգում, կառուցապատում), ու տեղի կունենա կարմիր ժապավենի կտրում, այսինքն` հայ-թուրքական սահմանի բացում: Ալիևը չգնաց Թուրքիա` Օբամայի հետ հանդիպման, նախնական պլաններն Ադրբեջանի սկսած երկարատև և մինչ այսօր շարունակվող դեմարշի պատճառով ձախողվեցին:
Ընդսմին, արագընթաց այդ զարգացումը Հայաստանին ևս ձեռնտու չէր. Հայաստանը պատրաստ չէր ստատուս-քվոյի նման փոփոխության: Ինչ վերաբերում է ընդհանուր խաղին, ապա հաջորդական` «step by step» զարգացման ողջ ընթացքում Հայաստանը մշտապես գտնվեց բարենպաստ դիրքերում, կորուստներ չարձանագրեց, կարողացավ և դեռ կարողանում է խաղն առաջ տանել` չվնասելով սեփական շահը: Այդպես էր Ցյուրիխում, երբ թուրքական կողմին հնարավորություն չտրվեց բառ իսկ արտաբերելու նախապայմանների մասին:
Ճիշտ է, Միացյալ Նահանգների հետ քրդական հարցով այդպես էլ չպայմանավորված Թուրքիան Վաշինգտոնից փորձեց «պաշտոնական» տեսք տալ նախապայմանին` ղարաբաղյան հարցն ու անվտանգության գոտու վերադարձի խնդիրն առաջ քաշելով, սակայն ակնհայտ է` հայկական կողմը, Ցյուրիխից հետո, այս անգամ ևս չի գնալու զիջման, ու ոչ միայն առաջ չի գցելու Ղարաբաղի խնդիրը, այլև զուգահեռ էլ այն «չի տանելու»:
Իսկ թե միջազգային հանրությունը, ուժային կենտրոնները Հայաստանի վրա կգործադրե՞ն այնպիսի ճնշում, որին Հայաստանը չի դիմանա և ստիպված կլինի ստորագրել «շրջանակային» համաձայնագիրը, կերևա հաջորդ տարի` դառնալով արդեն 2010-ի «հիթը»:
Այնուհանդերձ, մեզ թույլ տանք ևս մեկ անգամ պնդելու. չի ստորագրի Հայաստանը ոչ մի դեպքում նման փաստաթուղթ, և դա ոչ այն պատճառով, որ վերջին շրջանում պաշտոնական Երևանը շատ է կոշտացրել դիրքորոշումը, այլև որ հայկական կողմը չի ցանկանում նաև իմիտացիա խաղարկել և ոչինչ չասող ինչ-որ թուղթ ստորագրել, ինչի մասին անվերջ ակնարկում էին Հայաստան ժամանած թուրք լրագրողները։ Այն է` Հայաստանը Ղարաբաղի հարցում պետք է մի փոքրիկ ազդանշան տա Թուրքիային, որից հետո Թուրքիան անմիջապես կվավերացնի արձանագրությունները:
Ընդ որում, Թուրքիային «սիգնալ» չտալու քայլը ձեռնտու է մեզ մի քանի առումով. ա) աշխարհին մենք ասում ենք` պատրաստ ենք շարունակելու խաղը` ըստ նախնական պայմանավորվածության, առանց նախապայմանների, պինդ ենք կանգնում մեր տեսակետի վրա ու նույնը պահանջում ենք Թուրքիայից, իմա` «խառակտեր» ենք ցույց տալիս, ինչն այս պարագայում ուղղակի օդի նման անհրաժեշտ է: բ) Որքան ձգձգվում է «շրջանակային» պայմանագրի ստորագրումը, այնքան Ադրբեջանը կորցնում է խաղը վարելու, այն վերահսկելու կարողականությունը: Նա ստիպված նետվում է Ռուսաստանի գիրկը (Ռուսաստանն էլ անհամբեր դրան է սպասում)` ճողվածք ստանալով ԱՄՆ-Ռուսաստան տանդեմի միջև:
Հասկանալի է` Ադրբեջանը հիմնականում «ինֆրաստրուկտուրավորվել» է արևմտյան, առավել ստույգ` անգլիական, ասենք` «բրիտիշպետրոլիումական ստրուկտուրաների» հիման վրա, Բաքու-Ջեյհան է կառուցել, հիմա էլ քթի տակ է «Նաբուկոն»: Եվ ադրբեջանական խաղը դառնում է անհասկանալի այն առումով, որ Ռուսաստանի մայր գրկից նույնիսկ Հայաստանն է արդեն փորձում պոկվել ու նետվել այնտեղ, երբ Ռուսաստանից նույնիսկ Բելառուսի զահլեն է գնացել, հաստատ անմտություն է ու նոնսենս, մանավանդ որ, ըստ փորձագետների, այդ ԱՄՆ-ն էր, որ տևական ժամանակ պահեց-պահպանեց Ալիև-ավագի դին` մինչև կրտսեր-Ալիևը կարողացավ վերցնել հոր խանությունը` նույն ԱՄՆ-ի բանկերում գաղտնի «գրիֆով» պահվող Ալիևների «կոռուպցիոն» փողերով հանդերձ:
Ինչևէ, տարվա հիթ հայ-թուրքական հարաբերությունները կլինեն հաջորդ տարվա հիթը նույնպես։ Եվ կլինեն երկու կոնֆիգուրացիայով. ա) Սերժ Սարգսյանն արձանագրությունների ստորագրման համար կֆիքսի ժամկետ, ասենք` մինչև մարտ ամիս, ու եթե Թուրքիան չգնա ստորագրման, մեզանում երկարատև գործընթաց կսկսվի արձանագրությունները չեղյալ հայտարարելու, դրանով ևս մեկ ոչ պաշտոնական ժամկետ տալով Թուրքիային` խելքի գալու համար:
Նույնատիպ գործընթաց կսկսվի նաև անգլոսաքսոնական վեկտորում` գումարած Իսրայել. չմոռանանք, որ Իսրայելը հայտարարել է` ունի բավականին մեծ փաստական բազա` 15 թվի Հայոց եղեռնին վերաբերող, և պատրաստվում է դրանք հրապարակել: Նույն կերպ է «մտածում» նաև Անգլիան, որը «զղջում» և իրեն մեղավոր է համարում ցեղասպանության օրերին աչքերը փակելու, իրականությունը կոծկելու, փաստաթղթերը գաղտնի պահելու համար: Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, վերջինիս նախագահ Բարաք Օբաման գուցե դարձյալ մի պատճառ գտնի 2010-ի ապրիլի 24-ին ցեղասպանությունը կոնկրետ չորակելու համար, սակայն Կոնգրեսում այնպիսի բուռն իրադարձություններ կընթանան այդ օրերին, որ Թուրքիայի քրդական հարցով արդեն իսկ ուժեղացած գլխացավն է՛լ ավելի կուժեղանա:
Այսքանը` տարվա արտաքաղաքական հիթի մասով:
Ներքաղաքական: Սիրելի ու արժանապատիվ կլիներ այս դեպքում ֆիքսել, որ համաներումը, տղաների ազատ արձակումը, երկխոսությունը, հայ-թուրքական հարցում գրեթե նույն կերպ մտածող երկու քաղաքական ուժերի` Կոնգրեսի և Հանրապետականի միջև, կայացան: Դա կլիներ իսկական շլյագեր: Ավա՜ղ: Իշխանությունների ո՛չ կամքը, ո՛չ խելամտությունը, ո՛չ խոհեմությունը և ո՛չ էլ ներողամտության կարողականությունն այդքան չհերիքեցին:
Մնում է արձանագրել հաջորդ հիթը: Այո՛, դա դաշնակցության` կոալիցիայի տաշտակից հեռացումն ու մոռացումն էր: Ճիշտ է, վերջինիս մոտ առանձնապես լուրջ պայքար և «Մա՛հ կամ ազատություն» չի ստացվում այդ դուրսգրումից հետո, այնուհանդերձ, տաշտից թռած ՀՅԴ-ն քաղաքական նույնական կարգավիճակում է. նա տվայտում է Սերժ Սարգսյանի և Քոչարյանի արանքում: Հետաքրքիրն այս խաղում այն է, որ ՀՅԴ-ի «թռնումը» ձեռնտու էր Սերժ Սարգսյանին. նա ունեցավ վերահսկելի ազգային ուժ, որը պարտավոր է քայլել Երևանի փողոցներով` միտինգի տեսքով, նստել ԱԳՆ-ի մոտ` հացադուլի տեսքով, մասնակցել հարսանիք-քեֆ-նիստ ու կացի` «հին ընկերները չեն դավաճանում»-ի տեսքով:
Այդ դուրսգրումը ձեռնտու էր նաև Քոչարյանին` հասկանալի պատճառներով, բայց` մեկ «նո»-ով. գոնե մինչ այս պահը ՀՅԴ-իստները շատ ավելի ձեռնտու են Սերժ Սարգսյանի խաղին:
Հաջորդ մե՜ծ, իրականում շենշո՜ղ հիթն այն էր, որ Քոչարյանը չվերադարձավ (ու մինչ նա Մոզամբիկում, ներեցեք` Տանզանիայում բանահյուսություն էր ուսումնասիրում որսորդների միջավայրում, պախրա էր խփում, Պուտինը հասցրեց Դմիտրի «Մեդվեդև» ունենալ Կաբաևայից, հետն էլ իր «սև գոտիով» մտնել օլիմպիական թիմի մեջ... մենք տուռնիկի օլիմպիական թի՞մ ունենք): Պարզվում է` Ռոբերտ Սեդրակիչը, վերադառնալով Կիլիմանջարոյից (դե, Տանզանիայից, էլի), կանչել է երկրիս մոգերին և մոգապետերին, հրամայել` նայել աստղերին և տեսնել, որքա՞ն է իր վերադառնալու շանսը: Այո, որոշ փորձագետներ այս խնդիրը «փորձագիտել» են, աստղերի մոտից վերադարձել են Սեդրակիչի որսամերձակայք և ասել` չկա շանս, շեֆ:
«Սենց» տխրագույն պատկեր:
Կարծում ենք, սակայն, ներքաղաքական հաջորդ հիթն ընդհանրապես արժանատեսիլ է: Այս հիթի ողջ ներքին հմայքն այն է, որ այն «փակ կարմայի» մեջ է, դեռ չի դրսևորվել և դրանով էլ «մանիտ նաս»:
Այո, հիթն առնչվում է ներհանրապետական, ներկոալիցիոն դրսևորումներին: Այդ դրսևորումները եղել են ի սկզբանե, ընդերքում, սակայն մախաթն էլ «մեշոկում չի պարտկվում»: Մասամբ դրված է «կամ-կամ»-ի հարցը: Ասում են` Սերժ Սարգսյանն ահագին ջղայնացած է, բայց փորձում է այս և մնացած խաղերում իր ամենափորձված զենքը կիրառել` համբերել: Ընդ որում, եթե խորքային ես դիտարկում, ահագին էլ կարգին զենք է (բա չէ` Կիլիմանջա՜րո, ներեցեք` Տանզանիա) այն առումով, որ գոնե դիմացի «բունտարներն» ահավոր անհամբեր են, եթե չասենք` համ էլ չտես են: ՈՒ նյարդերի, առանց կանոնների այս կարգի մարտերում, որպես օրինաչափություն, շահում է նա, ում նյարդերն առավել ամուր են: Իսկ Սերժ Ազատիչի մասին նրա ուսուցիչ-սարատնիկներից մեկն է ասել. ինչ-ինչ` Սերժին մենք սովորեցրինք «ուդար պահելը», երբեք իրեն չմատնելը, դիմայակելը: Ի հակառակ «դիմացինների» մակերեսային, շատ հաճախ ծիծաղ հարուցող, սառցե «պլոսկստի» վրայով վազվզողների «մեծ կոմբինատորության» և «փող աշխատելու 400 ազնիվ ձևերի»:
Ի դեպ, երևի թե ժամանակն է ասելու ևս մեկ «մեծ» ճշմարտություն. Քոչարյանի ամենամերձավոր քաղաքական գործիչներից մեկը վերջերս մեզ հետ զրույցում ասաց. «Հավատա, եթե այնպես լինի, որ այդ բունտարները դուրս գան Սերժ Սարգսյանի դեմ, Քոչարյանը կկանգնի Սերժ Սարգսյանի կողքին»: «Վա՜ու,- ասացինք, որովհետև լրագրող ենք,-դրա համա՞ր եք ցանկանում տիրաժավորել այդ միտքը»: «Ոչ, որովհետև այդ մարդիկ ահավոր անլուրջ են, և եթե ներքին խոհանոցում ու շատ մոտիկից տեսնեք, թե ինչերի են նրանք ընդունակ, ինքներդ կհամոզվեք դրանում»:
Գուցե:
Մանավանդ որ «բունտարները» ցանկանում են օգտագործել Քոչարյանի ռեսուրսները, որպեսզի Սեդրակիչին հետ թողնեն ու հասնեն իրենց հիթին, իմա` նպատակին: Քոչարյանն էլ իր հերթին է շատ ցանկանում նրանց օգտագործել ու հասնել իր մուրազ-հիթին:
Հիթում են բոլորը, պարոն՛այք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1643

Մեկնաբանություններ