ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Կոտրել կինոն կաբինետային խարդավանքներով կառավարելու ոճը

Կոտրել կինոն կաբինետային խարդավանքներով կառավարելու ոճը
04.09.2023 | 11:16

Այս օրերին, լարված գրաֆիկի պատճառով, աչքիցս վրիպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փոխնախարար Դանիել Դանիելյանի՝ Հայաստանի ազգային կինոկենտրոն կատարած այցի պաշտոնական տեղեկությունը։ Բարեբախտաբար, ընկերներս հետևել են, տեղեկացրին։ Ամփոփ անդրադառնամ։

1. Նոր պաշտոնյան այցելել է ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող ՊՈԱԿ, որը, ըստ ՀՀ սահմանադրության, օրենքից դուրս է։ ՀՀ Ազգային ժողովը երկու տարի առաջ ընդունել է Կինոյի մասին օրենք, ըստ որի, ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ը պետք է լուծարվեր։ Հետագայում սահմանվել է ՄԵԿ ՏԱՐՎԱ անցումային շրջան, որը նույնպես անցել է: Հիմա այդ կառույցը օրենքից դուրս է, բայց նոր պաշտոնյան պատվել է այցով։ Այսինքն, նա կամ տեղյակ չի ՀՀ Կինոյի մասին օրենքից, կամ գիտի ու քաջալերում է ապօրինությունը։

2. Հայաստանի ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ը արդեն 7 տարի ղեկավարում է տնօրենի պաշտոնակատար, ինչը կոպիտ հակասության մեջ է ՀՀ-ում ՊՈԱԿ-ների կառավարման մասին օրենքին, ըստ որի, ՊՈԱԿ-ը կարող է ունենալ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար առավելագույնը 6 ամիս, բացառիկ դեպքերում ՝ ևս 3 ամիս, որից հետո պետք է անցկացվի տնօրենի ընտրության ՄՐՑՈՒՅԹ։ Հուսամ, նոր պաշտոնյան տեղյակ չի ՊՈԱԿ-ների կառավարման օրենքից, ոչ թե գիտի ու քաջալերում է ապօրինությունը։

3. Հիմա կեղծ հայտարարության մասին։ Դանիելյանը նշել է, որ «նախարարությունը մշտապես պատրաստակամ է նպաստելու միջազգային արդյունավետ նախաձեռնություններին, որոնք ուղղված են համատեղ նախագծերի իրականացմանը և բխում են ոլորտի զարգացման տեսլականից»:

Նոր պաշտոնյան, հավանաբար, չգիտի, որ 2018-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ապօրինաբար կասեցրել է Հայաստանի, Բուլղարիայի և Գերմանիայի կողմից համատեղ իրականացվող «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը, ապա 2019-ին կեղծ մատնագիր է ուղարկվել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ Հայաստանի, Գերմանիայի և Լյուքսեմբուրգի կողմից իրականացվող «Բեքսթեյջ» («Թողություն») ֆիլմի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով։

Փոխնախարարին տեղեկացնեմ, որ այդ քրեական գործը կարճվել է դեռ 2020-ին՝ հանցակազմի բացակայության հիմքով, սակայն մեր ընկերությանը հասցրած վնասները մինչ օրս չեն վերականգնվել։ Մենք՝ սեփական ուժերով, միջազգային գործընկերների ու հիմնադրամների աջակցությամբ և ի հեճուկս ՀՀ ԿԳՄՍՆ կողմից մեր դեմ իրականացված արշավների, ավարտել ենք «Բեքսթեյջ» ֆիլմի արտադրությունը, շուտով կհայտարարենք ֆիլմի համաշխարհային պրեմիերայի մասին։ Տարեվերջին կկայանա ֆիլմի երևանյան պրեմիերան։ Բնականաբար, ֆիլմի բոլոր ցուցադրումները ուղեկցվելու են ՀՀ ԿԳՄՍՆ կողմից մեր միջազգային ֆիլմերի դեմ իրականացրած ապօրինի գործողությունների հանրայնացմամբ, ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային հարթակներում, այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը չի վերանայել անկախ ֆիլմարտադրող ընկերության դեմ իր քստմնելի քաղաքականությունը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը լքած նախկին պաշտոնյան լուրջ «ավանդ» է ունեցել հայկական կինոն ապականելու, թայֆայականությունը խրախուսելու, հայ կինոյի միջազգային մեկուսացումը խորացնելու հարցում։ «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» նախաձեռնության կողմից լիազորված եմ հորդորելու ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանին՝ չգնալ իր նախորդի ճանապարհով, կոտրել կինոն կաբինետային խարդավանքներով կառավարելու ոճը և լսել ոլորտի մասնագետներին՝ կինոյում որևէ դրական տեղաշարժ անելու համար։

Հովհաննես Գալստյան

Դիտվել է՝ 2324

Մեկնաբանություններ