ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«Մենք նման ենք սեփական կենսագրությունը չիմացող մարդու»

«Մենք նման ենք սեփական  կենսագրությունը չիմացող մարդու»
18.01.2013 | 13:59

«Զգալով, որ ինչ-որ բան այն չէ, ձեռքը պարզեց, բռնեց Ժամանակը
Եվ այն դրեց իր տեղը, որպեսզի Ժամանակն ինքը հետ չմնա ընթացքից»:
Այսպես է սկսվում գրող, հրապարակախոս, քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի նախագահ ԱՐԾՐՈՒՆ ՊԵՊԱՆՅԱՆԻ «Մեգիրա» քաղաքական-էզոթերիկ վիպակը: Գրողին տրված մեր հարցերը բխում են հենց վիպակից, դրանք նաև մեր ժամանակներին առնչվող հարցեր են:

-Մարդը ամենահիմնական արժե՞քն է Հայաստանում:
-Կապիտալիզմի կայացման փուլում հանրությանը համակում է ամեն գնով հարստություն կուտակելու մոլուցքը, և մարդն արժեք չէ: Այս փուլում մարդիկ իրար «ուտում» են, ինչը հանգեցնում է սոցիալական աղետի: Դա ակնհայտ երևում է մեր իրականության մեջ: Այս փուլը հաղթահարելու համար հանրությունը պիտի ստորին բնազդները կասեցնող ավանդույթներ, սովորույթներ ունենա: Բայց քանի որ մենք պատմական պատճառներով կորցրել ենք դրանք, ապա նման ենք ծով քշվող անառագաստ նավակի:
-«Այստեղ պետությունն ավարտվում է տան շեմքին, որտեղից սկսվում է աղբանոցը»: Իսկ որտե՞ղ է ելքը, երբ մենք, աղբանոցը մաքրելու փոխարեն, պետությունը փրկելու փորձեր ենք անում:
-Մեր քաղաքացու համար պետությունը փոքրացել, դարձել է ընտանիքի սահմանների չափ: «Մենք»-ի զգացողությունը թուլացել, մարել է: Վերականգնել է պետք դա:
-«Այստեղ երազում են կորցրած հողերի մասին, որ այնտեղից էլ արտագաղթեն»: Մենք ավելի շատ ներսո՞ւմ, թե՞ դրսում պայքարի կարիք ունենք:
-Մեզ չեն գրավել, մենք ներսից ենք քայքայվել: Մենք ձևախեղվելով` մնացել ենք տեղում, իսկ պետությունը վերացել է: Եթե ներքին պայքարում վերագտնենք մեզ, մյուս հարցերը կլուծվեն:
-«Եվ կգա շուտով ժամանակ, երբ պատմական գրեթե բոլոր դեմքերի արձանները վար կբերվեն պատվանդաններից և դրանց փոխարեն կդրվեն նրանց իսկ ժամանակակից այլ անձանց արձաններ»: Պաշտոնական պատմագրությունը գրեթե միշտ ստո՞ւմ է: Պատմությունը վերագնահատելու կարի՞ք ունենք: Սրա՞ մասին է խոսքը:
-Պատասխանի համար խոսքը փոխանցեմ Րաֆֆու «Կայծեր»-ի հերոսին. «Վասակը իր ժամանակին նույնպես ամենանշանավոր մարդն էր: Եթե բոլոր հայ նախարարների գլուխները թափ տալու լինեիր, նրա կեսի չափ խելք չէր դուրս գա»:
-Բայց նա չարագործ էր ու մեծ վնասներ հասցրեց իր հայրենիքին:
-Այդպես երևում է, որովհետև նրա պատմությունը գրողները նրան հակառակ կուսակցությանն էին պատկանում: Իսկ եթե նրա խորհուրդներին հետևելու լինեին, նա մեծ օգուտներ կարող էր հասցնել իր հայրենիքին: Մենք նման ենք սեփական կենսագրությունը չիմացող մարդու:
-Գրողը հարցե՞ր է բարձրացնում, թե՞ փորձում է պատասխաններ գտնել:
-Պատասխանները պիտի գտնեին քաղաքագետները, բայց քանի որ այդ շերտը չունենք, մնում է գրողի ուսերին: Իսկ գրողներն իրենք էլ հիմնականում բանասեր են, իրենց չեն սովորեցրել խորքային վերլուծություններ անել, և դոփում ենք տեղում:
-Կարծես թե գրողը վերագտնում է իր նախկին դիրքը, քիչ թե շատ արժևորվում է գիրքը որպես նյութական և հոգևոր արժեք: Այնուհանդերձ, գրողն առանց երկրորդ մասնագիտության կարո՞ղ է ապրել:
-Եթե եկամուտը նկատի ունեք` ո՛չ: Գրականությունը մեզանում գրողի գոյատևումը չի կարող ապահովել:
-Վաճառվում է այն գրականությունը, որն արժեքավո՞ր է, թե՞ այն գրականությունը, որ լավ է գովազդվում:
-Չունեմ վիճակագրական տվյալներ:
-Ո՞վ է Ձեր ընթերցողը:
-Քիչ են իմ ընթերցողները: Կտխրեի, եթե մեծաթիվ լինեին: Ես իրենց հարգում եմ:
-Էզոթերիկ գրականության մասին երկու բառ կասե՞ք: Ի՞նչն է այս գրականության հիմքում:
-Երկար խոսակցության թեմա է: Պատկերացում կազմելու համար մի մեջբերում ներկայացնեմ «Այրվելու գնացողը» իմ վիպակից. «Այս խցում տեղի ունեցածը, ինչպես նաև Ֆելիպեի` նրան ասած մտքերն անհնար է հիշողության մեջ պահած դուրս հանել բանտի տարածքից: Բավական է դուրս գաս գավիթ, և իմացածդ ամեն բառ ջնջվում է հիշողությանդ միջից, ասես դու դրանք չես էլ իմացել: Ես կարծում եմ, որ դա իր պատճառն ունի. մարդիկ այսօր պատրաստ չեն այստեղ կատարվող դեպքերի և հատկապես Ֆելիպեի մտքերի ամբողջականացումն ընկալելու. նրանց դժբախտություն կպատահի: ... Բոլոր նրանք, ովքեր լրտեսել ու լսել են, թե ինչ է նա խոսում Մակոյի հետ, խելազրկվել են: Նրանք հիմա շղթայակապ պահվում են Նոնա աշտարակի կալանատանը: Եվ հետո, նրանք Ֆելիպեի ասած ոչ բոլոր մտքերն են կարողանում ըմբռնել. երբեմն նրանք Ֆելիպեին լսելով` ընկնում են ուշագնաց և կամ քարանում առժամանակ` զրկվելով հիշողությունից: Նրանցից երկուսը օրերս մեռան: Նրանց հերձելով` ուղեղներն այրված գտա: ՈՒ հիմա հաջորդ դժբախտն է հետևում նրա խոսքերին` գալիքից անտեղյակ»:
-Ինչո՞ւ են ավագ սերնդի որոշ գրողներ վախենում համացանցից` «չի կարելի գրականությունը մտցնել համացանց» վճռորոշ ու տագնապալի շեշտադրմամբ:
-Համակարգիչը գրքին չի փոխարինի, գիրքն ասես հոգի ունեցող էակ լինի: Ինքս համացանցն օգտագործում եմ դեպի գիրք դարձն ապահովելու համար:
-Իրականությունը համակարգչի ներսո՞ւմ, թե՞ դրսում պետք է որոնել (դժվար է ասել, թե 21-րդ դարի մարդը որ տարածքում է ավելի շատ լինում` վիրտուա՞լ, թե՞ իրական):
-Համակարգչի ներսում էլ կա, բայց այդտեղ անկեղծության պակաս կա, այդտեղ մարդիկ հրեշտակակերպ ներկայանալու թուլություն ունեն: Համացանցը մարդկանց ռոբոտացնում է:
-Մտածե՞լ եք աշխարհի վերջի մասին: Ինքնակործանման գնացող աշխարհը վախենում է իր վերջից։ Ինչո՞ւ:
-Աշխարհն ինքը չի վերջանա, այն կվերջանա մարդկային որոշ տեսակի համար: Ասում են` էլի է եղել: Կործանման զգացողություն կա, բայց քչերի մոտ:
-2013-ից ի՞նչ սպասելիքներ ունեք:
-Իրենից չունեմ, ինձնից ունեմ. քաղաքական վերլուծություններով հանդես գալս ակտիվացնելու եմ: Հին կուռքերի անկման ժամանակը, որը դեռ հինգ տարի առաջ եմ կանխատեսել, վերջապես եկավ, և հիմա նոր մտքերի գեներացիայի փուլ է:

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3635

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ