Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Անշեղորեն բարդացող աշխարհում մարդկանց կառավարումը բախվում է մեծ դժվարությունների

Անշեղորեն բարդացող աշխարհում մարդկանց կառավարումը բախվում է մեծ դժվարությունների
22.09.2024 | 11:03

Առաջնորդի կամ լիդերի դերը մարդկանց նպատակային գործունեության մեջ կարող է լինել հսկայական ամենատարբեր ոլորտներում։

Դա կախված է նրանից, թե նրանց կողմից ղեկավարվող մարդկային զանգվածն ինչն է ամենից շատ հարգում ու արժեքավորում կյանքի լավացման ու դրա հարատևման տեսանկյունից։

Դրանից բացի շատ կարևոր է նաև, որ լիդերը կամ առաջնորդը իր գաղափարներով ու դրանք կյանքում կիրառելու հմտություններով յուրատեսակ սոցիալական ռեզոնանսի մեջ մտնի մարդկային մասսայի ցանկությունների ու նպատակների հետ։

Ըստ որում, այդ ընթացքում հարցի առանցքը նմանատիպ սոցիալական ռեզոնանսի ներքին օրինաչափություններն ու շարժիչ ուժերն իմանալն է։

Հատկապես կարևոր են մարդկանց վրա տարբեր տեսակի ազդակների նկատմամբ նրանց զգայունության աստիճանը ու նրանց ուղղորդելու նպատակներով կենտրոնանալը այն ազդակների ուղղությամբ, որոնց նկատմամբ մարդիկ ավելի զգայուն են՝ փոխվելու ու համապատասխան գործողությունների դիմելու իմաստով։

Այսինքն, ամեն գործում դատարկ ու աննպատակ քարոզչություն/պրոպագանդային պետք է փոխարինելու գա որևէ պրոցեսի գիտականորեն հասկացված ներքին իմաստի ու դրա հետ կապված օրինաչափությունների իմացությունը։

Վերջիններիս իմաստը հասկանալն ու դրանք որևէ նպատակային գործունեության համար օգտագործելն էլ հենց իսկական վերնախավի, այսինքն, առաջնորդների ու լիդերների հիմնական գործն է, և վայ այն մարդկային մասսային, որի վերնախավը իր հասկացողության մակարդակով չի տարբերվում սովորական մարդկանցից։

Թույլ երկրներում սովորական բան է, որ անհասկացող, բայց պարզունակ ձևով հարստության ձգտող վերնախավը ղեկավարվում է ավելի հզոր օտարների կողմից, որի հիմնական իմաստը նույն օտարի կողմից շահ ստանալն է։

Այսինքն, նման դեպքերում թույլ երկրի վերնախավը դառնում է հզորի կամ հզորների շահ ստանալու ալգորիթմի մի մասը միայն, որը ուղիղ գծով հակասում է դա իրականացնող մարդկային զանգվածի շահերին։

Եթե վերադառնանք մարդկանց կառավարելու իմաստով նպատակային ձևով տարբեր ազդակներ կիրառելուն, ապա այս հարցում ուղղորդող դեր կարող է ունենալ մարդկային համակարգերի մաթեմատիկական տեսությունը։

Այդ տեսության գաղափարական հենքը հակիրճ ձևով հետևյալն է։

Մարդկանց ամենամեծ ու անկասելի ձգտումը ապրելն է, որի իրականացումը կապված է նրանց առավելագույն անվտանգության և հնարավորինս բարեկեցիկ կյանքի հետ։

Մարդկանց կյանքի կառավարման հիմքն էլ հենց այս երկուսն են՝ անվտանգությունն ու բարեկեցությունը և դրանց հետ կապված շահն ու այն կորցնելու վախը։

Եթե մարդը դրանք գտնում է, ուրեմն ունի շահ, իսկ կորցնելու դեպքում՝ վախ։

Պատմության մեջ տաղանդավոր կառավարողները ղեկավարվել են հենց այդ սկզբունքներով, որի անունն է մտրակի ու բլիթի քաղաքականություն, որտեղ մարդկանց շահը բլիթն է, իսկ մտրակը՝ վախը։

Բայց նման մոտեցումը հատուկ է եղել եզակի տաղանդավոր կառավարողների, որոնց հետաքրքրել են նաև անձնական հարստությունից վեր բաներ ևս, ներառյալ պատմության մեջ հնարավորինս մեծ հետք թողնելու հանգամանքը, այսինքն՝ փառքը։

Ի տարբերություն նրանց, ժեխական մենթալիտետ ունեցող կառավարողներին, որոնք պատմության մեջ մեծամասնություն են, հարստությունից ու սովորական հաճույքներից վեր որևէ բան չի հետաքրքրել և չի հետաքրքրում, բայց, իրենց հնարավորությունների ու նպատակների սահմաններում, նրանք էլ են ղեկավարվել նույն մտրակի ու բլիթի քաղաքականությամբ, սակայն՝ առանց հասկանալու և սխալներով։

Ներկա անշեղորեն բարդացող աշխարհում, կյանքի վրա ազդող գործոնների մեծ թվի ու դրանց փոխադարձ կապվածության հետևանքով, մարդկանց կառավարումը բախվում է մեծ դժվարությունների հետ, քանի որ նույնիսկ տաղանդավոր մարդկանց ուղեղը չի կարող ճիշտ կողմնորոշվել պատասխանատու որոշումներ կայացնելիս, որն էլ բերում է կատաստրոֆիկ սխալների։

Նույնիսկ անզեն աչքով կարելի է տեսնել այն սխալների հեղեղը, որը ներկայում ամեն քայլափոխի ուղեկցում է մարդկությանը։

Մարդկային համակարգերի մաթեմատիկական տեսությունը, որը միաժամանակ կարող է հաշվի առնել մարդկանց կյանքի հետ առնչված հարյուրավոր գործոններ, ունի հենց այդ նպատակը, այն է՝ պատասխանատու որոշումներ կայացնելու հետ կապված հսկայածավալ ինֆորմացիայի նախնական մշակում գիտական միջոցներով, մինչև դրանք պարզեցված տեսքով կներկայացվեն վերջնական որոշումներ կայացնողներին։

Տեսության առանցքը նույն մտրակն ու բլիթն են, միայն թե՝ փոխված անուններով, այն է՝ անվտանգություն և բարեկեցություն, որոնք քանակապես նկարագրվում են մաթեմատիկական հավասարումներով։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1030

Մեկնաբանություններ