ԵՄ-ին միանալու ջատագովները, բացի սեփական նպատակահարմարությունը, պետք է առաջին հերթին խոսեն հայկական բիզնեսի հետ։ Արդյո՞ք հաշվարկված է, թե հայկական ապրանքների արտադրության համար, ԵՄ ստանդարտներին համապատասխանելու համար առնվազն որքա՞ն ներդրում է հարկավոր, և դրա արդյունքում քանի՞ բիզնես կդիմանա նման ներդրումներ կատարելուն և արդեն բարձր ինքնարժեքով ապրանքները առանց այն էլ հագեցած եվրոպական շուկաներ արտահանելուն։
Պարզ օրինակ բերեմ. մեր արտադրած մրգային օղիների հիմնական շուկան ԵԱՏՄ-ն է, մասնավորապես՝ Ռուսաստանը։ Երբ որոշեցինք փորձել ԵՄ շուկան, պարզվեց, որ ԵՄ արտահանելն այնքան էլ դյուրին չէ, ու այդպես էլ չկարողացանք լուծել պահեստից մինչև գնորդ լոգիստիկ շղթայի հարցը, որովհետև վրացական, հունական, բուլղարական, թուրքական և այլ համանման ապրանքները ավելի մատչելի էին, և եվրոպացի գործարարները հիմնականում նախընտրում էին արդեն իսկ իրենց շուկայում հայտնի ապրանքներ։
Բերված օրինակը հիմա պրոյեկտեք մնացած ապրանքների վրա ու կտեսնեք, որ տնտեսական աննախադեպ կատակլիզմները Հայաստանը կվերադարձնեն ոչ թե 2007-2008 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամի, այլ ԱՄՆ-ի 1930-ականների Մեծ դեպրեսիայի վիճակին, եթե ստացվի այնպես, որ Հայաստանի իշխանությունները առանց շուկաների դիվերսիֆիկացիայի, առանց լոգիստիկ ենթակառուցվածքների ստեղծման, առանց ապրանքների ստանդարտների համապատասխանեցման որոշեն կատարել քայլ դեպի նոր` ԵՄ շուկա՝ դուրս մղվելով ավանդական ԵԱՏՄ, իսկ ավելի կոնկրետ՝ ՌԴ շուկայից:
Դեռ չենք խոսում, որ այսօր գնալով Իրանի ապրանքները Հայաստանում սկսում են լայն թափով ներմուծվել, և առաջիկայում այդ ծավալները ավելի կմեծանան։ Իրանական ապրանքները ծառայում են որպես արտադրական հումք, ինչպես նաև արտահանման ինքնուրույն առարկա,ուստի, հաշվի առնելով հանգամանքը, որ իրանական ապրանքների վրա սանկցիաներ են տարածվում, և դրանք տեսանելի ապագայում կպահպանվեն, ապա այստեղ ևս հայ տնտեսվարողը կզրկվի իրանական համեմատաբար էժան հումքից ու արտահանվող ապրանքներից, ինչն իր հերթին ծանր ազդեցություն կունենա տնտեսության վրա։
Եթե գանք էներգակիրներին, ապա ռուսական գազն իր գնի և ենթակառուցվածքների իմաստով չունի այլընտրանք հայկական տնտեսության համար, անգամ իրանական գազը ավելի թանկ է, իսկ մատակարարման ենթակառուցվածքը` գազատարի տրամաչափը, փոքր, ինչը ենթադրում է, որ ամբողջ ՀՀ տարածքում տեսանելի ապագայում հնարավոր չի լինի իրանական գազը ներկրել որպես այլընտրանք ռուսական գազին, իսկ եթե սրան էլ հավելենք, որ ռուսական «Գազպրոմին» է պատկանում Իրան-Հայաստան գազատարի վերահսկիչ փաթեթը, ապա «ամեն ինչ իր տեղը կընկնի»։
Բուտաֆորիկ լոզունգները այստեղ ոչինչ են, քանի որ խնդիրը կոնկրետ երկրի զարկերակին է վերաբերում, իսկ «զարկերակային» կանգը կհանգեցնի պետականության լիակատար կոլապսի, որտեղ ո՛չ Արևմուտքը, ո՛չ Արևելքը այլևս ի զորու չեն լինի կամ նույնիսկ չեն էլ ցանկանա փրկել ևս մեկ «Failed state» (ձախողված պետություն)։
Պետության կառավարումը չի սիրում պաթոսային ճառեր և գործունեություն, պահանջում է սառը ու չոր հաշվարկ։
Արա Պողոսյան