«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Արտահերթ ընտրությունների հարցն օրակարգից դուրս չի եկել

Արտահերթ ընտրությունների հարցն օրակարգից դուրս չի եկել
10.02.2021 | 15:43

«Հրապարակը» գրում է.

«Մենք երեկ գրել էինք, որ «Իմ քայլում» եղել են պատգամավորներ, որ արտահայտվել են արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին: Նրանցից մեկն էլ Տաթևիկ Հայրապետյանն է: Մեր զրույցը պատգամավորի հետ:


- Մենք գիտենք, որ Դուք և մի քանի հոգի պնդել եք, որ պետք է ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնել, կասե՞ք՝ ինչու եք այդպես կարծում:
-Ես կարծում եմ, որ արտահերթ ընտրությունները ստեղծված իրավիճակից դուրս գալու լավագույն միջոցն են: Լսել եմ նաև գործընկերներիս հիմնավորումները, կարծում եմ՝ որոշումը հետաձգվել է, և ճանապարհային քարտեզից հետո արդեն քննարկումներ կծավալվեն: Ուստի ես համաձայն չեմ, թե արտահերթ ընտրությունների հարցն օրակարգից դուրս է եկել:
- Այդ դեպքում ինչո՞ւ հայտարարվեց, որ չկա հանրային պահանջ, և ընտրություններ չեն լինի:
- Եթե չեմ սխալվում՝ խմբակցության ղեկավարն էլ է երեկ այդ մասին խոսել, որ դրան կանդրադառնանք մեր ճանապարհային քարտեզից հետո:
- Խմբակցության հայտարարության մեջ հղում է արվում հանրությանը, որ չկա լայն շերտերի պահանջ, որ ընտրություններ անցկացվեն, Ձեր դիրքորոշումը, որ այս իրավիճակից դուրս գալու լավագույն միջոցը ընտրություններն են, ինչի՞ վրա է հիմնված, էլի հանրության հետ շփումնե՞րը:
- Ես ինքս իմ դիրքորոշումն ունեմ, վերլուծելով իրավիճակը, բնականաբար, նաև խոսել եմ տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ: Մարդիկ կան, որ կողմ են, մարդիկ կան, որ չեն տեսնում անհրաժեշտություն: Կարծիքները տարբեր են: Իհարկե, ամեն մարդ նաև արտահայտում է այն շրջապատի կարծիքը, որոնց հետ զրուցում է, քննարկում է անում:
-Փաստորեն, Դուք այն եզակիներից եք, որ նորմալ շրջապատ ունեք, ի տարբերություն Ձեր մյուս գործընկերների, որոնց ասելով՝ հանրությունից ազդակներ են ստացել, որ ոչինչ էլ չի եղել, ուղղակի թավիշն է շատ, պետք է թավիշից հրաժարվել:
-Ես այդպիսի գնահատական չէի տա, բայց մարդկանց կարծիքները, իսկապես, տարբերվում են: Բազմաթիվ մարդիկ նշում են, որ հիմա արտահերթ ընտրությունների պահը չէ: Ասում են, որ կան կարևորագույն խնդիրներ, առանց որոնց լուծելու անիմաստ է խոսել քարոզարշավի մեջ ներքաշվելու մասին, այս պահի դրությամբ լուծումներ չի տալիս ստեղծված իրավիճակին: Եվ ես չեմ բացառում, որ իրենք ավելի ճիշտ են, ես սխալվում եմ, դրա համար եմ ասում՝ ամեն մեկն իր դիրքորոշումն ունի:
- Ձեր ընդդիմադիր գործընկերները արտահերթ չլինելու ձեր հայտարարությունից հետո կարծիքներ հայտնեցին, որ իշխանությունը, փակելով սահմանադրական լուծումների ուղին, ճանապարհ է բացում հակասահմանադրական ուղու առջև: Կա մտահոգություն, որ այս որոշումն ավելի վտանգավոր է և անկայուն իրավիճակի կհանգեցնի:
- Ես իմ ընդդիմադիր գործընկերներին մի բան կասեմ՝ եթե իրենք տեսնում էին սա խնդրի լուծման ճանապարհ, իրենք պետք է ակտիվորեն պաշտպանեին այդ առաջարկը, որը հնչել էր վարչապետի կողմից, և իրենք ևս օժանդակեին, որ երկիրը գնա այդ ճանապարհով: Ցավոք սրտի, այդ դրական արձագանքը մենք չենք ունեցել: Կարծում եմ՝ դա էլ է պատճառներից մեկը, որ իշխանությունը միայնակ չգնաց արտահերթի: Եթե բոլորը տեսնում են՝ դա է լուծում, եկեք բոլորով, հատկապես խորհրդարանական ուժերը, որոշում կայացնենք և գնանք ընտրությունների:
-Իրենք իրենց բացատրությունն ունեն, բայց, մյուս կողմից, երկրում միայն ընդդիմադիր ու իշխանական ուժերին ձայն տվող քաղաքացիներ չեն ապրում:
-Այո, բայց քաղաքացիների մեծ մասը ձայն է տվել այս ուժերին:
-Ձեր թիմում իսկապե՞ս կարծում են, որ ոչինչ էլ չի եղել: Եվ այն, որ փողոցն այսօր լիքը չէ, չե՞ն կարծում, որ հազարավոր քաղաքացիներ սգի մեջ են, տուն են կորցրել, ու այդ մարդիկ պատրաստ են ամենավատ սցենարին: Վերջին օրերին լսեցինք, թե ինչ սպառնալից կոչեր են հնչում: Իմքայլական պատգամավորները չեն վախենում, որ մի օր կարող են դատաստանի ենթարկվել:
- Ես անձնապես վախենալու խնդիր չունեմ, բայց կարծում եմ՝ պետք է զերծ մնալ նման գործողություններից: Եթե մենք ունենք սահմանադրական ճանապարհ, կարելի է ընտրել այդ ճանապարհը և փորձել հասնել խնդրի լուծմանը: Ի վերջո, անգամ այն ընդդիմությունը, որ հանրահավաքներ էր կազմակերպում, չողջունեց արտահերթ ընտրությունների գաղափարը: Այն պարագայում, երբ իշխանություններն ապացուցել են, որ իրենք ունակ են անցկացնելու ազատ, թափանցիկ ընտրություններ, և եթե դրական լիներ, հստակ կանցկացվեին:
-Բայց որոշ ուժեր չբացառեցին արտահերթին իրենց մասնակցությունը, Ռոբերտ Քոչարյանն անգամ սպառնաց, որ «կկրի»:
-Եթե ես չեմ սխալվում, Ռոբերտ Քոչարյանը չէր հանրահավաք կազմակերպում... Ամեն դեպքում, եթե անգամ եղել է, թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, որը չի ողջունում:
-Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզի ժամկետը լրանում է հունիսին, հնարավո՞ր է, որ այդ ժամանակ էլ արտահերթի որոշում չկայացվի, այդ պարագայում ինչպիսի՞ն կլինի Ձեր դիրքորոշումը:
-Սպասենք, ժամանակը ցույց կտա: Ես իմ որոշումը կկայացնեմ: Մեր առջև խնդիրներ են դրված, որոնք պարտավոր ենք իրագործել և հաշվետու լինել քաղաքացուն, դրանից հետո ինքը կորոշի՝ ինչ ճանապարհով պետք է գնալ, և իր դիրքորոշումը կարտահայտի թե՛ ընդդիմադիր խմբակցությունների, թե՛ տարբեր այլ միջոցների: Միգուցե ասեն՝ ոչ, բավարարում է մեզ, խնդիրներին լուծում է տրվում, թողեք հանգստանանք, գնանք մեր ճանապարհով: Տարածաշրջանում էլ իրավիճակը պետք է հանգիստ լինի, որ կարողանանք գնալ քարոզարշավի, ընտրությունների»:

Դիտվել է՝ 25129

Մեկնաբանություններ