Եվրոպական թոփ առաջնությունների ներքին հանդիպումները որքան էլ հզոր, այդուհանդերձ, եվրոպական ակումբային ֆուտբոլի թիմ մեկ խաղարկությունն առանձնահատուկ կշիռ ունի։ Նշենք, թե մեկ ութերորդ եզրափակչում որ թիմերն են զույգ կազմել՝ արդեն իսկ այս փուլում ֆուտբոլասերին վերապահելով գլխավոր եզրափակչի հնարավոր բերկրանք։ Այսպես՝ ուժերով չափվելու են Մենխենգլադբախի «Բորուսիա»-«Մանչեստր Սիթի», «Լացիո»-«Բավարիա», Մադրիդի «Աթլետիկո»-«Չելսի», «Լայպցիգ»-«Լիվերպուլ», «Պորտու»-«Յուվենտուս», «Բարսելոն»-«Պարի Սեն Ժերմեն», «Սևիլիա»-Դորտմունդի «Բորուսիա», «Ատալանտա»-Մադրիդի «Ռեալ» զույգերը։
Հասկանալի է, որ այս դիմակայություններից ցանկացածը հետաքրքիր է յուրովի, բայց որ արդեն իսկ այս փուլից ճամպրուկները կապելու է կա՛մ «Բարսելոնը», կա՛մ «Պարի Սեն Ժերմենը», ցավալի է։
Առաջին խաղերի ականատեսը կլինենք արդեն նոր տարվա փետրվար ամսին։ 17-ին կմրցեն «Բարսելոն»-«Պարի Սեն Ժերմեն», «Լայպցիգ»-«Լիվերպուլ», 18-ին՝ «Պորտու»-«Յուվենտուս», «Սևիլիա»-Դորտմունդի «Բորուսիա» զույգերը։
Գլխավոր եզրափակիչը նախատեսված է մայիսի 29-ին։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ