Հայաստանը ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ, որոնք հիմնավորում են Թուրքիայի կողմից եվրոպական դատարանի 39-րդ կանոնի համաձայն անհապաղ միջոցներ կիրառելու հոկտեմբերի 6-ի որոշումը չկատարելը՝ հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:
Կառավարությունը դատարանին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի շարունակական, ուղղակի և անուղղակի ներգրավման մասին:
«Նաև հավաստի ապացույցներ են ներկայացվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում սիրիացի վարձկանների ներգրավման վերաբերյալ, որոնք Ադրբեջան են տեղափոխվել ու տեղակայվել թուրքական ուժերի կողմից: Միևնույն ժամանակ Թուրքիան շարունակում է իր ներգրավվածությունը՝ հակամարտության մեջ Ադրբեջանին օգնելու պատրաստակամության անթաքույց հայտարարություններով: Դատարանին ներկայացված ապացույցները առավել ամրապնդվում են նաև օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարություններով», - ասված է հաղորդագրության մեջ:
Եվրադատարանը Թուրքիային կոչ էր արել զերծ մնալ այս ռազմական գործողություններից, որոնք ոտնահարում են քաղաքացիների իրավունքները, ինչպես նաև հարգել միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։