Այն ծրագրի առաջին փուլը, որ ունեցել են Թուրքիան, Ադրբեջանն ու նրանց հետևում կանգնած աշխարհաքաղաքական կենտրոնները, ամբողջովին տապալվել է։ Իսկ այդ ծրագիրը, ասում է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ, նախ՝ առաջին երեք օրվա, ապա՝ մեկ շաբաթվա, իսկ չստացվելու պարագայում մեկ ամսվա ընթացքում Արցախն ամբողջովին վերահսկողության տակ առնելն էր: ՈՒ շնորհիվ մեզ ուժեղացնող հազարից ավելի նահատակների, մեր թշնամիների հույսերը չարդարացան:
«Լույսի պես այդ տղաներին ես երբեք զոհ չեմ ասում, նրանք նահատակներ են, մեր ազգի վերնախավը, որն ապացուցել է՝ աշխարհում չկա մի ուժ, որը կարողանա մեզ իր սև ծրագրերի մասը դարձնել։ Խոնարհվում եմ նաև արցախահայության առջև, որը երեսուն տարուց ավելի ապացուցում է, որ ոչ թե ասելով, այլ ապրելով են պաշտպանում հողը: Եվ հետայսու պետք է պարծենանք ոչ միայն մեր զինվորներով ու բանակով, այլև Արցախի բնակչությամբ: Հայությունը հայտնվել է քաղաքակրթությունների բախման առաջնագծում։ Դա, երևի, առաքելություն է. մենք կերտող ժողովուրդ ենք, մեծ նպատակներ ունենք, և այդ նպատակները համընկնում են տիեզերական արդարության պատկերացումների հետ: Այս առումով, կարծում եմ, հաղթանակին ոչ թե սպասում ենք, այլ արդեն իսկ հաղթել ենք մեզ պարտադրված սցենար-ծրագրին»:
Լարիսա Ալավերդյանն այս պատերազմի հիմքում կրոնական որևէ գաղափար չի տեսնում: Ահաբեկչական ոչ մի կառույց, հավելում է, կրոնական հենք ու գաղափար չի ունենում, իսկ իսլամը միլիոնավոր մարդկանց համար սուրբ գաղափարների սկզբնաղբյուր է:
«Եվ այդ սուրբ գաղափարներով քողարկելով իրենց ամենացածր, նեղ շահերը՝ մեր թշնամիներն ուզում են պատերազմի հիմքում նաև քաղաքակրթական տարր դնել, ինչը, իհարկե, աբսուրդ է: Սա նախ և առաջ ռեսուրսի, նրանց համար տարածքի կռիվ է. չմոռանանք՝ գործ ունենք մի զանգվածի հետ, որը կերտող չէ: Նրանք իրենց զարգացումն ապահովել են ուրիշներից խլելով: Իրանն, օրինակ, արաբներից ստանալով այդ կրոնը՝ իսլամը, ամբողջովին ստեղծագործական և կերտող ազգի դիրքերից է հանդես եկել ու զարգացրել իր հավատամքի գաղափարախոսությունը: Ի տարբերություն Իրանի՝ իսլամի գաղափարախոսությունն ամբողջովին այլասերվում է ֆյուրերի ճանապարհով գնացող, լայնեզր գլխարկով նորածին սուլթանի ձեռամբ: Իր գաղափարախոսությունը նա ցանկանում է նաև Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային հանրապետությունների վրա տարածել, բայց այդ երկրները շատ ավելի խոհեմ են, ու, հուսով եմ, Էրդողանի ծայրահեղական ալիքի տակ չեն ընկնի»,- նշում է Լարիսա Ալավերդյանը:
Ինչ վերաբերում է ադրբեջանցիներին կամ կովկասյան թաթարներին, գաղտնիք չէ, որ նրանք Թուրքիայի համար ուղղակի մսաղացի նյութ են: Տիկին Ալավերդյանն անձամբ է շփվել նրանց հետ ու տեսել՝ ինչպես են թուրքերն արհամարհում կովկասյան թաթարներին։ Մյուս կողմից էլ համոզված է՝ Ադրբեջանում մարդիկ կան, որ հասկանում են՝ իրենց նսեմացրել ու շարունակում է նսեմացնել նախագահ Ալիևը, հետևաբար այս պատերազմի հիմքում իսլամի հետ որևէ առնչություն չպետք է փնտրել:
Մարդու իրավունքների առաջին պաշտպանը վստահ է՝ տարածաշրջանում ոչ միայն Թուրքիան, այլև Մեծ Բրիտանիան որոշակի նկրտումներ ունի. խարդախություններով լի նրա քաղաքականությունը կարմիր թելի նման անցնում է այստեղով: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին ու Եվրոպային, մեր զրուցակիցը վստահ է՝ ՆԱՏՕ-ն իր անդամ պետությանը՝ Թուրքիային, չի զսպելու, իսկ Եվրոպան վախվորած է: «Մենք ու մեր քաղաքական վերնախավը պետք է վերջապես հստակեցնենք՝ հաղթանակը միայն բանակի պանծալի հաղթանակով պայմանավորված չէ: Պանծալի բանակը, այո, ստեղծում է այն ժամանակահատվածը, երբ մեր ամբողջ ինտելեկտուալ ու քաղաքական վերնախավն էլ իր գործը պետք է անի: Խոսքը դիվանագիտական աշխատանքի մասին է: Մեզ համար օրհասական երկու հարց պետք է առաջնային լինի: Նախ՝ միջազգային կազմակերպություններին ու երկրներին պարտադրել պատժամիջոցներ կիրառել ՄԱԿ-ի անդամ, բայց ահաբեկչական պետությունների դեմ։ Իսկ այդպիսի պահանջ դնելուց առաջ, բացի փաստերից, պետք է մանրակրկիտ, ոսկերչական աշխատանք տանել։ Երկրորդն Արցախի անկախության ու նրա տարածքային ամբողջականության ճանաչումն է: Սրանից բխող՝ նաև ագրեսիայի ճանաչումը, որովհետև, ըստ ՄԱԿ-ի կանոնադրության, նշանակություն չունի՝ ագրեսիան ճանաչվա՞ծ, թե՞ չճանաչված պետության բնակիչների դեմ է տեղի ունենում։ Մասնագիտական առումով՝ դիվանագիտական, քաղաքական, պետական այրերը վերապատրաստվելու, վերազինվելու անհրաժեշտություն ունեն, ինչը չեմ կարող ասել, օրինակ, թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպաններ՝ Արտակ Բեգլարյանի և Արման Թաթոյանի մասին, որոնք իրենց գործը բարձր մակարդակով են անում: Բոլոր ոլորտներում պետք է այդպես հասցեական աշխատել: Եթե խնդիրը հստակ դնեն, ապա կունենանք շոշափելի արդյունքներ։ Պետք է պրոակտիվ քաղաքականություն ունենանք, իսկ մեր բարոյական որակները մեզ խիզախելու իրավունք են տալիս: Երբևէ չպետք է կասկածել, որ տիեզերական ճշմարտությունը կարող է զիջել գազանային և վայրագ դրսևորումներին: Մեր ապրելն ինքնին առաքելություն է, պայքարելը՝ մեր ունակությունը, որ մեզնից չեն խլի»։
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ